Համերգից հետո երգիչը քաղաքական հայտարարություններ է արել, որոնք Աբխազիայում վիրավորական են համարվել" />

Ռուսաստանաբնակ վրացի օպերային երգչի համերգն Աբխազիայում սկանդալով է ավարտվել

Համերգից հետո երգիչը քաղաքական հայտարարություններ է արել, որոնք Աբխազիայում վիրավորական են համարվել

Ռուսաստանաբնակ վրացի օպերային երգիչ Գեորգի Տոդուան Աբազիայի Գալ քաղաքում համերգ է տվել վրացական համայնքի համար: Հանդիսատեսը հիացած էր. այդպիսի իրադարձությունը ծայրամասային քաղաքում հազվադեպ բան է: Հատկապես, որ երիտասարդ կատարողը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնին կից ակադեմիայի մենակատարներից է:

Սակայն նորությունների թեման այս համերգը չէր, այլ հարցազրույցը, որը Տոդուան համերգից հետո տվել էր վրացական Livepress.ge առցանց պարբերականին:

Երգիչը, մասնավորապես, պատմել էր, որ իր ընտանիքը Գալից է, և այնտեղ են հիմա բնակվում իր հարազատներից շատերը: Ինքն այնտեղ է անցկացրել իր մանկության մի քանի տարիները, այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստան:

 

Հայրը շարունակել է ապրել Գալում, այնտեղ է մահացել և այնտեղ էլ թաղված է: Տոդուան լրագրողներին ասել է, որ դեռևս հոր մահվանից առաջ նա խոստացել էր հորը, որը տեղի բնակիչների համար համերգ կտա:

 

Այնուհետև նա, մասնավորապես, ասել է.

«Գալ մեկնելուց առաջ ես իմ սեփական պայմաններն ունեի, ինձ համար դա հարազատ հողում հայտնվելու հնարավորություն էր, վերադարձ դեպի տուն, ոչ թե Աբխազիայի հանրապետություն»:

«Ես ծանոթ չեմ աբխազական կողմի պաշտոնատար անձանցից ոչ մեկի հետ և ցանկություն էլ չունեի ծանոթանալու»:

«Ամեն կերպ փորձում եմ նրանց հետ կապի մեջ չլինել»:

«Համերգի մեկնարկից առաջ նրանք ինձ ասացին, որ պետք է պաշտոնատար անձանց հետ հանդիպում լինի, սակայն ես հրաժարվեցի»:

«Գալում գտնվելու ժամանակ ինձ առաջարկեցին Սուխումում համերգով հանդես գալ, սակայն ես հրաժարվեցի: Քաղաքականությունն իմ գործը չէ, սակայն Սուխումում ես համերգ կտամ միայն այն ժամանակ, երբ կարողանամ այնտեղ գնալ արժանավոր կերպով: Ես ցանկանում եմ իմ տուն այցելել, ինչպես Վրաստանի մյուս հատվածները»:

Այս արտահայտություններն Աբխազիայում մեծ սկանդալ առաջացրին: Գալի ադմինիստրացիայի ղեկավարը ստիպված եղավ արդարանալ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսին, որին ներկա էին բոլոր առաջատար աբխազ լրագրողները: Իսկ ընդդիմությունը կրկին հանդես եկավ Աբխազիայի նախագահի հրաժարականի պահանջով:

Պատասխանելով լրագրողների հարցերին Սուխումիում լրագրողների հետ հանդիպմանը, որն արտակարգ կերպով հրավիրել էր ԶԼՄ աշխատակիցների ասոցիացիայի Գալի ադմինիստրացիայի ղեկավար Թիմուր Նադարայան, Գեորգի Տոդուային սադրիչ անվանեց և հայտարարեց, որ այժմ «նրա համար ճանապարհը դեպի Աբխազիա փակ է»:

«Տոդուան սրանից առաջ բազմիցս Աբխազիա է եկել ռուսական անձնագրով, և մենք ոչ մի դատապարտելի բան չտեսանք նրանում, որ Մարիինյան թատրոնի ներկայացուցիչը, որի ղեկավարը մեծն Գերգիևն է, օպերային արիաներ երգի Գալում», – ասաց Նադարայան:

Լրագրողների մոտ արդարացավ նաև Գալի ադմինիստրացիայի մշակույթի բաժնի պետ Վադիմ Էխվայան:

«Տոդուան նախապես ինձ ներկայացրել էր իր երգացանկը, և նրա միակ խնդրանքը մեգրելերենով մի երգ կատարելն էր: Իսկ մեզ մոտ արգելված չեն մեգրելական երգերը: Ելույթի ժամանակ և դրանից հետո Տոդուան հանդիսատեսի հետ ոչ մի քաղաքական զրույցներ չի վարել: Նա հարցազրույց էր տվել նաև Գալի հեռուստատեսությանը, որի ժամանակ ոչ մի նման բան չէր ասել: Համերգի բոլոր կազմակերպիչները ցնցված են նրանով, թե ինչ էր նա ասել վրացի լրագրողներին», – ասաց Էխվայան:

Գալի ադմինիստրացիայի ղեկավարներն ընդգծեցին, որ Գեորգի Տոդուան Աբխազիա էր եկել Սոչիից Պսոու հսկիչ անցակետով, և ասացին, որ դա իրենց «ոչ բափականաչափ զգոնության» պատճառներից մեկն է եղել:

«Չէ՞ որ Վրաստանում օրենք կա, որն արգելում է Աբխազիա մտնել Ռուսաստանի կողմից Պսոու անցակետով [այսինքն՝ շրջանցելով Վրաստանի տարածքը]», – հիշեցրել է Թիմուր Նադարայան:

Նա խոստացել է բողոքի պաշտոնական նամակ ուղղել ՌԴ մշակույթի նախարարությանն և Մարիինյան թատրոնի ղեկավարությանը, ինչպես նաև առաջարկ ներկայացնել Աբխազիայի ԱԳՆ-ին բողոքի նոտա հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին:

Սակայն դրանով չբավարարվեց Աբխազիայի ամենախոշոր ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցությունը, որը միավորում է 1990-ականների վրաց-աբխազական պատերազմի վետերաններին:

Կուսակցությունը հայտարարեց, որ Գալի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարն ու Աբխազիայի մշակույթի նախարարը մեղավոր են ազգային շահերի դավաճանության համար և պետք է պատժվեն:

«Մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ նախագահ Հաջիմբայի վաղաժամ հրաժարականի մեր պահանջները լիովին հիմնավորված են և օրինական: Եվ մենք դրանցից չենք հրաժարվի», – ասված էր «Ամցախարայի» հայտարարությունում:

[/divider]

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում