«Պոբեդա» ընկերությունը Գյումրիի օդանավակայանին մեղադրում էր վառելիքի թերլիցքավորման համար" />

Ռուսական լոուքոսթերը վերադառնում է հայկական «Շիրակ» օդանավակայան։ Թարմացում

«Պոբեդա» ընկերությունը Գյումրիի օդանավակայանին մեղադրում էր վառելիքի թերլիցքավորման համար

Թարմացում

«Պոբեդա» ավիաընկերությունը որոշել է վերսկսել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտարարել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը։

Օգոստոսի սկզբին ձմռան սեզոնի տոմսերի վաճառքը կասեցվել էր տարաձայնությունների պատճառով «Շիրակ» օդանավակայանի հետ, որը գտնվում է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում։ «Պոբեդան» տեղի օդանավակայանին մեղադրել էր վառելիքի թերլիցքավորման մեջ։

«Այսօր մենք վերականգնում ենք դեպի Գյումրի չվերթների տոմսերի վաճառքը․ օդանավակայանը խոստացել է բոլոր միջոցները ձեռնարկել վառելիքի լիցքավորման գործընթացի վերահսկման ուղղությամբ։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի են թռչելու», – հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Իրավիճակը մեկնաբանել է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն։ Նա օդանավակայանի անունից ներողություն է խնդրել միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորները կպարզվեն և կպատժվեն»։

«Մենք ապագայում նման միջադեպերի բացառման լիակատար երաշխիք ենք տալիս», – ասել է Վենդեն։

2019 թ-ի օգոստոսի 8

Ձմռանը կարող են դադարեցվել Հայաստանի միակ ռուսական լոուքոսթեր «Պոբեդայի» չվերթները, որը Ռուսաստանից Գյումրի և հակառակ ուղղությամբ չվերթներ է իրականացնում։

Ցածր գներով ավիափոխադրումներ իրականացնող այս ընկերությունը «Շիրակ» օդանավակայանը մեղադրում է վառելիքի թերլիցքավորման մեջ։ Մինչդեռ, Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում հայտարարում են, որ լոուքոսթերն իր չվերթները չի պատրաստվում կասեցնել։

Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում, և արդյո՞ք ձմռանը հնարավոր կլինի Ռուսաստան մեկնել հենց Գյումրիից։

Ապագայի բազում գրավիչ նախագծեր, սակայն քիչ լավ բան՝ այժմ․ Հայաստանի քաղավիացիայի մասին

Գյումրի․ նոր առաջարկություն Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա

Որո՞նք են մեղադրանքները

Ամեն ինչ սկսվեց ռուսական լրատվամիջոցների հրապարակումներից  այն մասին, որ ռուսական լոուքոսթերն, այսինքն՝ բյուջետային փոխադրումներ իրականացնող ավիաընկերությունը, դադարելու է Գյումրի թռչել։ Եվ որպես պատճառաբանություն նշվում էր տեղի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորումը։

Ավելի ուշ տարածվեց ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովայի հայտարարությունն այն մասին, որ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու Գյումրի միայն մինչև հոկտեմբերի վերջ։

«Բազմիցս «Պոբեդան» դիմել է օդանավակայանի ղեկավարությանն իրավիճակը պարզելու պահանջով։ Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցները բավարար չեն, և վառելիք լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան։

«Պոբեդան» կդիտարկի տոմսերի վաճառքի վերսկսման հարցը միայն այն դեպքում, եթե օդանավակայանը հստակ միջոցներ ձեռնարկի՝ փոխհատուցի թերլիցքավորված վառելիքի արժեքն ու ապագայում վառելիքի թերլիցքավորման բացառման երաշխիքներ տա», – հաղորդել է մամուլի քարտուղարն Ազատություն ռադիոկայանին։

Հակասական տեղեկություններ

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարում է, որ «Պոբեդա» լոուքոսթերը չի պատրաստվում դադարեցնել չվերթները դեպի Գյումրի հոկտեմբերից հետո։

Ռևազյանի խոսքով՝ շուտով պետք է հանդիպում կայանա ավիաընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կպարզվեն բոլոր հարցերն, այդ թվում՝ վառելիքի ենթադրյալ թերլիցքավորման հետ կապված։

Այդ ընթացքում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, որի մեջ է մտնում «Շիրակ» օդանավակայանը, պաշտոնապես հայտարարել է, որ «երբևէ  ավիավառելիքի  սպասարկման  հետ  կապված որևէ խնդիր չի եղել»։ 

Ի՞նչ են ասում կառավարությունում

Իրավիճակն արդեն մեկնաբանել է Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Նա վառելիքի թերլիցքավորման փաստարկն «անհիմն» է անվանել  և բացատրել, թե ինչու․

«Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: Նախ, բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Հետո, նրանք Գյումրիում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը»։

Ի՞նչ է կատարվում

Դեռևս իրարամերժ հայտարաությունների ֆոնին Գյումրի-Մոսկվա չվերթների հետագա ճակատագիրը դեռ հարցականի տակ է։

JAMnews-ը փորձել է Գյումրի-Մոսկվա ուղղությամբ առցանց տոմս գնել 2019թ-ի դեկտեմբերի և 2020թ-ի հունվարի տարբեր օրերի համար։ Բոլոր փորձերն անհաջող էին։ Հավելվածն անվերջ նույն պատասխանն էր բերում․ «Թռիչքի տարբերակներ չեն գտնվել»։

Դա հաստատում է, որ Գյումրի քաղաքից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք չվերթների ճակատագիրը ձմռան փուլում դեռ կասեցված է։

«Պոբեդա» լոուքոսթերի մասին

«Պոբեդան» ռուսական «Աերոֆլոտի» դուստր ընկերություն է։ Այն համեմատաբար էժան տոմսեր է առաջարկում և իրականացնում է Մոսկվա-Գյումրի և հակառակ ուղղությամբ չվերթներ 2016-ի դեկտեմբերից։ 2018թ-ի ապրիլից թռչում է նաև դեպի Սանկտ Պետերբուրգ։


Կարդալ ավելին JAMnews-ում