Կուսակցությունից հեռացել է խորհրդի նախագահը, դրա առաջնորդ Իլգար Մամեդովին մեղադրելով ավտորիտարիզմի մեջ" />

ՌԵԱԼ ընդդիմադիր կուսակցության ներքին կոնֆլիկտն Ադրբեջանի լրատվամիջոցների և սոցցանցերի ուշադրության կենտրոնում է

Կուսակցությունից հեռացել է խորհրդի նախագահը, դրա առաջնորդ Իլգար Մամեդովին մեղադրելով ավտորիտարիզմի մեջ

«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության խորհրդի նախագահ Ազեր Գասիմլին հրաժարական է տվել և հեռացել կուսակցությունից դրա առաջնորդ Իլգար Մամեդովի հետ տարաձայնությունների պատճառով։ 

Գասիմլին Մամեդովին մեղադրել է ղեկավարման ավտորիտարության մեջ, հաղորդում է Turan-ը։ 

Ցույցեր, հանրահավաքներ և կադրային վերադասավորում․ արդյո՞ք նրանց միջև կապ կա

Գահախաղ։ Ի՞նչ է տեղի ունենում Վրաց եկեղեցում

Այս կուսակցության հետ նման բան տեղի է ունենում առաջին անգամ։ Այդ պատճառով էլ կատարվածն ակտիվորեն քննարկվում է լրատվամիջոցներում և սոցցանցերում։

Մանրամասն՝ ՌԵԱԼ-ի և Իլգար Մամեդովի մասին

Հանրապետական այլընտրանքն (ՌԵԱԼ) ադրբեջանական չգրանցված ընդդիմադիր քաղաքական կուսակցություն է։ Այն գոյացել է համանուն շարժումից, որը հիմնվել է 2009 թ-ին երիտասարդ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։

Շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել 2013թ-ի նախագահական ընտրություններին, սակայն կալանավորվեց և դատապարտվեց ազատազրկման անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան խղճի գերի էին ճանաչել և մի քանի տարի պահանջում էին ազատ արձակել։ Իլգար Մամեդովը պայմանական ազատ արձակվեց 2018-ի օգոստոսին։

ՌԵԱԼ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2020թ-ի խորհրդարանական ընտրություններին։

Ինչի՞ց է դժգոհ Գասիմլին

Մի քանի օր առաջ Իլգար Մամեդովն առաջարկել է բարեփոխել կուսակցության կառուցվածքը։ Ավելի ստույգ, լուծարել կառավարող մարմինը, խորհուրդն ու վերահսկիչ-վերստուգչ հանձնաժողովը, դրանց փոխարեն միասնական կառույց հիմնել, այն պայմանականորեն կոչելով է Քաղաքական կոմիտե։

 Ազեր Գասիմլիին այդ գաղափարը բոլորովին դուր չի եկել։ Նա հայտարարել է, որ դա հարված է հավաքական որոշումների կայացման կարգին, և լքել կուսակցությունը։

 «Ոչ ոք չի կարող ստուգել կառավարման աշխատանքը։ Խորհրդի բացակայությունը նշանակում է կառույցի բացակայություն, որը կառավարման մարմինը պատասխանատվության է ենթարկելու և նրանից հաշվետվություն պահանջելու», – բացատրել է նա իր որոշումը։

Ազեր Գասիմլի (bakixeber.az) 

Ինչո՞ւ է դա կարևոր

Մինչև հիմա ՌԵԱԼ-ը շատ համախմբված կուսակցության տպավորություն էր թողնում։ Եթե անգամ դրա ներսում կոնֆլիկտներ էին լինում, ոչ լրագրողները, ոչ հանրությունն այդ մասին չէին իմանում։

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ՌԵԱԼ-ի առաջին տարաձայնությունն է, որը հանրությանը հայտնի է դարձել։

«Կողմ» և «դեմ» կարծիքներ

Կուսակցության շատ անդամներ Գասիմլիի այս քայլին բացասաբար են արձագանքել։ Սակայն կան նաև կուսակիցներ, որոնք սատարել են նրան և նույնիսկ լքել կուսակցությունը նրա հետ միասին։

Իլգար Մամեդովը դեռ չի մեկնաբանել կատարվածը։

Կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ամբողջությամբ դրա առաջնորդի կողմից է․

«ՌԵԱԼ-ը երբեք չի եղել և չի կարող մեկ մարդու կուսակցություն լինել։ Ամեն առավոտ Իլգար Մամեդովը ժամանակից շուտ է գրասենյակ գալիս և թեյ պատրաստում, կուսակցության հասարակ անդամները ցանկացած պահի կարող են նրան մոտենալ և արտահայտել իրենց բողոքներն ու առաջարկները։ Բացարձակապես տեղին չէ այդպիսի մարդուն ավտորիտարիզմի մեջ մեղադրելը։ ՌԵԱԼ-ն առաջնորդների կազմակերպություն է, որոնք միշտ կարողացել են մի կողմ թողնել իրենց անձնական նեղացածությունն ու հավակնությունները։ Այդպես եղել է և այդպես կլինի»։

Կուսակցության խորհրդի նախագահ Էրքին Գադիրլին ավելի մշուշոտ է արտահայտվել․

«Ազեր Գասիմլին ոչինչ չի կորցրել՝ ՌԵԱԼ-ից հեռանալով։ Իսկ ՌԵԱԼ-ի համար դա ավելի ծանր կորուստ է։ Այդպես պետք է լիներ։ ՌԵԱԼ-ը չպետք է ընտրության առաջ հայտնվեր․ տեղում մնալ՝ ոչինչ չկորցնելով, թե առաջ գնալ կորուստներով։ Իսկ Ազերը հեռացավ՝ կուսակցությանը նման ընտրության առաջ կանգնեցնելով։ Մեր ընկերությունը նույնպես չի կորել։ Լավ գործերը դանդաղ են արվում։ Շտապելու տեղ չունենք»։

ՌԵԱԼ-ի մարդկային ռեսուրսների հարցերի քարտուղար Թոգրուլ Իսմայիլովը նրանց թվում է, ովքեր լքեցին կուսակցությունը։

«Այսպես թե այնպես, ես ՌԵԱԼ-ի հետ իմ բարոյական կապվածությունը չեմ կորցնի։ Սակայն ես համաձայն չեմ խաղի նոր կանոններին», – ասել է նա։ 


Կարդալ ավելին JAMnews-ում