Թբիլիսիում ոչ միանշանակ են ընդունել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը" />

Ռասմուսենը Վրաստանին առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամակցության գերմանական մոդելը

Թբիլիսիում ոչ միանշանակ են ընդունել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը

«Կարծում եմ, որ Վրաստանում պետք է քննարկումներ սկսվեն, թե արդյոք Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում դաշինքի կանոնակարգի հինգերորդ պարագրաֆը տարածելու», – ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այս հայտարարությունը Թբիլիսիում իրարանցում է առաջացրել։

ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչը Վրաստան էր եկել՝ Now What? Հինգերորդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու, որը կազմակերպվել է Տնտեսական քաղաքականության կենտրոնի և Մակքեյնի ինստիտուտի կողմից։

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության  հեռանկարների մասին զրույցի ընթացքում Ռասմուսենը հայտարարել է, որ ժամանակն է՝ կողմերը այնպիսի մեխանիզմ ստեղծեն, որը թույլ կտա Վրաստանին դաշինքին անդամակցել, և որպեսզի ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ կետը տարածվի երկրի այն հատվածում, որը վերահսկվում է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից։

Դա անհրաժետ է, որպեսզի Վրաստանի օկուպացված տարածքները խոչընդոտ չդառնան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ընդգծել է Ռասմուսենը։

Ի՞նչ է նշանակում ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ պարագրաֆը

 

ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ կետը հայտնի է որպես «Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունք և ռազմական դաշինքում հիմնարար է համարվում։

 

Հինգերորդ կետի համաձայն, ՆԱՏՕ-ի պետություններից յուրաքանչյուրի վրա ռազմական հարձակումը հավասարազոր է դաշինքի բոլոր դաշնակիցների վրա հարձակման։ Միաժամանակ, ըստ դրա, պաշտպանության հավաքական  գործողությունները, այդ թվում՝ «ռազմական ուժի» կիրառումը, պետք է կատարվեն, խստորեն պահպանելով անհրաժեշտության սկզբունքը։

«Վրաստանը կատարում է ՆԱՏՕ-ի բոլոր կարգադրությունները և համապատասխանում է դաշինքին անդամակցելու բոլոր չափանիշներին՝ բացառությամբ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների առկայությունը։ Կարծում եմ, պետք է քննարկումներ սկսեք, թե որքանով է ընդունելի ձեզ համար ՆԱՏՕ-ին անդամակցելն այնպես, որ ՆԱՏՕ-ի կանոնակարգը չտարածվի Թբիլիսիի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա։ Դա պետք է որոշի Վրաստանը․ արդյո՞ք նրա համար ընդունելի է ՆԱՏՕ մտնելն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Եվ դրական որոշման դեպքում իրազեկել ՆԱՏՕ-ին և սպասել իր շարքերն ընդունելու հարցով ՆԱՏՕ-ի որոշմանը», – հայտարարել է Ռասմուսենը։

«Ինտերպրեսնյուս» գործակալության հարցին, թե արդյոք Վրաստանի կառավարությունը պատրաստ է նման որոշում կայացնել, Ռասմուսենը հայտարարել է, որ վրացական իշխանությունների դիրքորոշման մասին ոչինչ չգիտի։

Ռասմուսենն առաջարկված սխեման անվանել է «ռիսկի ճանապարհ» և ևս մեկ անգամ նշել, որ այս թեմայով քննարկումներ պետք է սկսվեն հենց Վրաստանում։ Նրա խոսքով՝ եթե Թբիլիսին ընդունի այդ որոշումը, Պուտինն արդեն չի կարողանա խանգարել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Լուսանկարը՝ REUTERS/YvesHerman

«Դա պետք է ներքին որոշում լինի, քանի որ առաջարկվող ճանապարհը ռիսկային է։ Թեև ես կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ հնարավոր լինի խուսափել Պուտինի կողմից ստեղծվելիք խոչընդոտներից։ Նա գիտի, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն ուզում, որ խնդիրները [օկուպացված տարածքների խնդիրները – JAMnews] տեղափոխվեն դաշինք։ Հենց այդ պատճառով էլ նա [Պուտինը] շարունակում է Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան։ Սակայն եթե Վրաստանը հայտարարի, որ պատրաստ է դրան, որ հինգերորդ կետը գործի միայն վրացական իշխանությունների կողմից վերահկսվող տարածքների վրա, այդ ժամանակ մենք կարող ենք վստահ լինել, որ Պուտինն այլևս չի կարողանա խանգարել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին», – հայտարարել է Ռասմուսենը։

Նրա խոսքով՝ միայն այդ մի քայլով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի լուծվի, սակայն Վրաստանի իշխանությունների նման որոշումը կարող է հիմք լինել տվյալ թեմայով իրական բանակցությունների վերսկսման համար։

«Դա կլինի այդ որոշման իրականացման ուղղությամբ առաջին և իրական քայլը, որը ՆԱՏՕ-ն ընդունել է դեռ 2008թ-ին․ խոսքն այն մասին է, որ Վրաստանն անպայման համալրելու է դաշինքի շարքերը, եթե համապատասխանի դրա չափանիշներին», – հայտարարել է Ռասմուսենը։

«Ի՞նչ ասել մարդկանց, որոնք այդ հնարավոր որոշումը կգնահատեն որպես օկուպացված տարածքների վերջնական կորուստ», – հարցրել է Ռասմուսենին «Ինտերպրեսնյուսի» թղթակիցը։

«Հենց այդ պատճառով է այս ընտրությունը ռիսկային», – պատասխանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

«Բնականաբար, դա ռիսկ է։ Այդ պատճառով էլ այս առաջարկը պետք է քննարկվի Վրաստանում, և Վրաստանը պետք է որոշի, թե ինչպես վարվել։ Սակայն հարցը հետևյալ կերպ կարելի է ձևակերպել․ ի՞նչն է ավելի ռիսկային․ ներկայիս դրությո՞ւնը, թե՞ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցի շուրջ նոր բանակցություններ սկսելը», – ասել է Ռասմուսենը։

Միաժամանակ, պատասխանելով «Ամեիկայի ձայնի» նույն հարցին, Ռասմուսենը մեկնաբանել է, որ նման նախադեպ արդեն կա, և հիշեցրել Գերմանիայի մասին։

«Գերմանիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1955թ-ին։ Նրա արևմտյան մասը։ ՆԱՏՕ-ի կանոնակարգը չէր տարածվում Արևելյան Գերմանիայի վրա։ Սակայն 1991թ-ին Գերմանիայի միավորումից հետո կանոնակարգը սկսեց տարածվել Գերմանիայի նաև արևելյան տարածքների վրա։ Բնականաբար, այս հարցերը քննարկման կարիք ունեն ինչպես Վրաստնում, այնպես էլ ՆԱՏՕ-ում։ Թեև, կարծում եմ, մենք պետք է նաև ապացուցենք այն, որ հակառակ դեպքում նախագահ Պուտինին իրավունք ենք տալու դե ֆակտո վետո դնելու ՆԱՏՕ-ին Վրաստանի, Ուկրաինայի և այլ բարեկամական երկրների անդամակցության վրա՝ արդեն առկա հակամարտությունների նման հակամարտություններ հրահրելով», – հայտարարել է Ռասմուսենը։

Բացի այդ, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ռասմուսենն ասել է, որ 2008թ-ին դաշինքը սխալմունք է թույլ տվել, երբ Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան չի տրամադրել։

Արձագանքը Ռասմուսենի առաջարկին

Ինչպես և սպասվում էր, Ռասմուսենի հայտարարությունը Թբիլիսիում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։

Իշխանությունների ներկայացուցիչները Ռասմուսենի առաջարկն անընդունելի են անվանել․ Վրաստանը չի կարող ՆԱՏՕ-ին անդամակցել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։

«Վրաստանի անդամակցությունը ցանկացած կազմակերպության պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով այն տարածքներն ու սահմանները, որոնք ընդունված են միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կողմից», – Ռասմուսենի առաջարկին պատասխանել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, իշխող «Վրացական երազանքի» անդամ Գիա Վոլսկին։

Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը երբեք չպետք է կասկածի տակ դրվի, և Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա՝ իր կազմում ունենալով Աբխազիան և Հարավային Օսիան։ Նրա խոսքով՝ Ռասմուսենի առաջարկը Վրաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով երբեք չեն դիտարկի։

«Այս թեման պաշտոնապես երբեք չի դիտարկվել, միայն փորձագետների կարծիքների մակարդակով», – ընդգծել է Սեսիաշվիլին։

Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի խոսքով՝ Վրաստանի բարեկամներից ոչ ոք երբեք չի ասել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցի առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Ըստ Խիդաշելիի, Անդերս Ֆոգ Ռասմուսենը խոսել է այն մասին, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ ներառյալ օկուպացված տարածքները, միայն թե դաշինքի կանոնակարգի հինգերորդ կետը չի տարածվի այդ տարածքների վրա։

«Բոլոր նրանք, ովքեր այլ տեղեկություններ են տարածում, լավագույն դեպքում ապատեղեկատվությամբ են զբաղվում կամ պարզապես Վրաստանի թշնամիներն են։

Դա պրագմատիկ և ընդունելի ձև է․ անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն այնպես, որ կանոնակարգի հինգերորդ կետը չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա։ Այսինքն, Վրաստանն ամբողջությամբ, ներառյալ օկուպացված տարածքները, դառնում է դաշինքի անդամ։ Սակայն, հնարավոր է, որ հավաքական անվտանգության մասին կանոնակարգի հինգերորդ կետը չտարածվի օկուպացված տարածքների վրա։ Հենց այս մասին է խոսում Ռասմուսենն ու Վրաստանի մյուս բարեկամները», – ասել է Խիդաշելին։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան, ասում է, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջարկը համապատասխանում է Վրաստանի շահերին։

«Նույն մարդիկ, ովքեր մեր քաղաքացիներին վախեցնում են Ռուսաստանի հետ պատերազմով (բնականաբար, ոչ ոք պատերազմ չի ուզում, և պետք է դրանից ամեն կերպ խուսափել), միաժամանակ խոսում են Աբխազիայում ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ կետի տարածման անհրաժեշտության մասին։ Սակայն դա պատերազմ է նշանակում, և հենց այդ պատճառով է դա փաստարկ դառնում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության արգելափակման համար։ Ռասմուսենի խոսքերը համապատասխանում են Վրաստանի շահերին, այդ դեպքում Վրաստանի չօկուպացված մասը պաշտպանված կլինի, ինչն ընդհանուր առմամբ ավելացնում է տարածքային ամբողջականության վերականգնման հնարավորությունը։ Այդպես էր Գերմանիայի (թեև սա ոչ ամբողջական անալոգիա է) և մի շարք այլ երկրների դեպքում», – ասում է Բոկերիան։

«Այն, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է այդ մասին, նշանակում է, որ Արևմուտքում արդեն հասունանում է Վրաստանին դաշինքում տեսնելու պատրաստակամությունը, քանի որ երկիրն արժանի է դրան, և դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ», – այսպես է Ռասմուսենի հայտարարությունը գնահատել «Ռոնդելի» հիմնադրամի աշխատակից Զուրաբ Բատիաշվիլին։

«Սա դրական հայտարարություն է, քանի որ ՆԱՏՕ-ում սկսել են էլ ավելի խորը գիտակցել, որ 2008-ին Վրաստանին և Ուկրաինային անդամակցության պլան չտրամադրելու որոշումը այնքան էլ հիմնավորված և արդար չէր, և դա, ըստ էության, Ռուսաստանի համար սխալ ազդակ էր ագրեսիայի համար, ինչն էլ պայմանավորեց նրա ագրեսիան մեր նկատմամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ օկուպացված տարածքների վրա չի տարածվելու ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ կետը, ապա դա շատ կարևոր զսպող գործոն է Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի անդրադարձման առումով», – կարծում է Բատիաշվիլին։

Կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին նույնպես համաձայն է Ռասմուսենի հետ այն հարցում, որ Վրաստանի համար եկել է ժամանակը քննարկումներ սկսելու այս հարցով․

«Այո, քննարկումներ պետք է սկսվեն, պետք է դիտարկել այն, թե ինչ ձևով մեզ կընդունեն ՆԱՏՕ։ Եթե հինգերորդ կետը չվերաբերի Աբխազիային և Հարավային Օսիային, դրանում ոչ մի վատ բան չկա։ Ընդհակառակը, նույնիսկ լավ է, քանի որ նման տարբերակը հանգստություն կբերի տարածաշրջան․ բոլորը կհանգստանան, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, քանի որ այդ դեպքում մենք դաշինքից չենք խնդրի կամ պահանջի ռազմական օգնություն, մեզ միայն խաղաղ աջակցություն է անհրաժեշտ»։

Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, լիովին ընդունելի է, եթե Վրաստանին ՆԱՏՕ ընդունեն այնպես, որ հավաքական անվտանգության հինգերորդ կետը չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների վրա, սակայն վրացական հասարակությունը դեռ պետք է գա համաձայնության այս հարցի շուրջ։

«Վրացական հասարակությունը պետք է որոշի, թե արդյոք մենք պետք է ՆԱՏՕ-ին անդամակցենք այնպես, որ նրա կանոնակարգի հինգերորդ կետը չվերաբերի Աբխազիային և Ցխինվալին, և ՆԱՏՕ-ին արդեն անդամակցած Վրաստանը վերսկսի երկրի վերամիավորման և օկուպացված տարածքների վերադարձի շուրջ աշխատանքը։ Գլխավորն այն է, որ հաշտեցման հարցը չսկսի կասկածներ առաջացնել, և երկխոսությունը չդադարի», – հայտարարել է Զաքարեիշվիլին։


Կարդալ ավելին JAMnews-ում