Վիրավորների և ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում։ Մի քանի ցուցարար զրկվել է տեսողությունից " />

Ջարդ Թբիլիսիի կենտրոնում։ Ի՞նչպես դա կատարվեց։ Ֆոտոռեպորտաժ

Վիրավորների և ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում։ Մի քանի ցուցարար զրկվել է տեսողությունից

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեծ ցույցը սկսվել է հունիսի 20-ին 19:00-ին։ Դրա առիթն այն էր, որ առավոտյան խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որը Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղից բացել էր Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Դա առաջացրել էր, ոչ միայն ընդդիմության, այլ նաև հասարակության վրդովմունքը։ Մարդիկ տարերայնորեն սկսել էին հավաքվել Ռուսթավելու պողոտայում։

Ըստ լրագրողների գնահատականի՝ ակցիային ոչ պակաս, քան 30 հազար մարդ էր հավաքվել։ Այն քաղաքական գործիչների կողմից չէր կազմակերպվել, սակայն դրան ներկա էին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու քաղաքացիական ակտիվիստները։

•Թե ինչպես ռուս պատգամավորը հայտնվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, և ինչով դա ավարտվեց

•Թբիլիսիում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք

Ցուցարարների մի մասը փորձում էր խորհրդարանի շենքի բակ ներխուժել այն բանից հետո, երբ լրացավ վերջնագրի ժամկետը, որն առաջադրել էր ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան (շարժումը ստեղծվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից)։ Մելիան պահանջել էր խորհրհդարանի նախագահի, ՆԳՆ և պետանվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը։

Սկսվեցին առաջին բախումները։ Ոստիկանությունը մահակներ և ռետինե փամփուշտներ կիրառեց, ավելի ուշ սկսեց արցունքաբեր գազ կիրառել։ Այդ ժամանակ արդեն մարդկանց մեջ նկատվեցին առաջին վիրավորները։ Ցուցարարները խլեցին որոշ հատուկ ջոկատայինների վահաններն ու մահակները, նաև մի քանի հատուկ ջոկատայինի նրանք բռնեցին և դուրս բերեցին ցույցի սահմաններից դուրս։

Մի քանի ժամ հատուկ ջոկատայիններն ապարդյուն փորձում էին ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքից գազի և ռետինե փամփուշտների օգնությամբ։ Դրանից հետո ոստիկաններն ու տեխնիկան սկսեցին մաքրել Ռուսթավելու պողոտան։

Ցուցարարները հատուկ ջոկատայինների վրա սկսեցին քարեր նետել։ Ոստիկանությունը շարունակեց նրանց հետապնդել Ռուսթավելու պողոտայի երկայնքով։

Արդյունքում, լուսադեմին հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ հեռացրին ցուցարարներին պողոտայից։ Ցուցարարներից շատերը ձերբակալված են։ Նրանց հստակ թիվը հայտնի չէ։

Հայտնի չէ նաև վիրավորների հստակ թիվը, այն հարյուրների է հասնում։ Ըստ բժիշկների՝ նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Ռետինե փամփուշտների հետևանքով դեմքի վիրավորում ստացած մի քանի մարդ, հավանաբար, զրկվել է տեսողությունից։

 


Կարդալ ավելին JAMnews-ում