Հյուսիսային Օսիայում բողոքում են 2004թ-ի ահաբեկչության տուժածները" />

«Պուտին՝ Բեսլանի դահիճ»

Հյուսիսային Օսիայում բողոքում են 2004թ-ի ահաբեկչության տուժածները

Հյուսիսօսական Բեսլանում 2004թ-ին դպրոցում սպանված 186 երեխաների ողբերգությունը կրկին ռուսական լրատվամիջոցների առաջին էջերին է: Այժմ Բեսլանում ձերբակալում և ծեծում են այդ երեխաների մայրերին:

Ամեն ինչ կտրուկ սրվեց այս տարվա սեպտեմբերի 1-ին, երբ 5 կին «Բեսլանի ձայնը» կազմակերպության նախագահ Էլլա Կեսաևայի գլխավորությամբ մուտք գործեցին այն նույն մարզադահլիճը, որտեղ 2004-ին տեղի ունեցավ կոնֆլիկտային Կովկասի ամենասարսափելի ողբերգություններից մեկը:

Այն ժամանակ ահաբեկիչների խումբը դպրոց էր գրավել սեպտեմբերի 1-ի տոնական արարողության ժամանակ, որին այս կամ այն կարգավիճակում մասնակցում էր 1 128 մարդ: Այնուհետև նրանց բոլորին 3 օր պահել էին դպրոցում առանց սննդի ու ջրի, որից հետո ռուսական հատուկ ջոկատայինները գրոհ էն սկսել: Արդյունքում 334 մարդ զոհվեց, այդ թվում՝ 186 երեխա: 783 մարդ վիրավորվեց:

«Պուտին՝ Բեսլանի դահիճ»

Էլլա Կեսաևայի աղջիկը՝ Զարինան այն դպրոցից կենդանի էր դուրս եկել: Ինչպես գրում է «Մեդուզա» կայքի հեղինակներից մեկը՝ Իլյա Ազարը, – «հնարավոր է՝ այդ պատճառով էլ Կեսաևան ուժ ու եռանդ ունի «Բեսլանի ձայնը» հասարակական կազմակերպությունը գլխավորելու»:

Այս տարվա սեպտեմբերի 1-ին նա և 4 այլ կանայք մտել են մարզադահլիճ ավանդական սգո արարողությանը և հանել իրենց բաճկոնները, որոնց տակից հագած են եղել «Պուտին՝ Բեսլանի դահիճ» գրությամբ սպիտակ վերնաշապիկներ:

Կանանց ձերբակալել են, ընդ որում նրանցից մեկի մեջքին այնքան ուժեղ են խփել, որ նա փսխել է: Նույն օրն, ավելի ճիշտ սեպտեմբերի լույս 2-ի գիշերը նրանք բոլորը դատապարտվել են հասարակական աշխատանքի և 20 հազար ռուբլի տուգանքի [մոտ $300].

Նույն վայրում ձերբակալել էին նաև մոսկովյան լրագրողներ Ելենա Կոստյուչենկոյին, որը «Նովայա գազետայի» թղթակիցն է, և «Տակիե դելա» կայքի աշխատակցին: Նրանց շուտով ազատ են արձակել: Սակայն 2 օր անց նրանց վրա «Հակաահաբեկչություն» գրությամբ վերնաշապիկներովմարդիկ են հարձակվել, ընդ որում՝ Կոստյուչենկոյի վրա կանաչաներկ են լցրել:

 «Կավկազսկի ուզելի» տեսանյութը

Բոլոր ձերբակալվածները տուն են վերադարձել, սակայն պատմությունը նոր շարունակություն է ստացել:

Ինչպես գրում է «Կավկազսկի ուզելը», սեպտեմբերի 14-ին Էլլա Կեսաևայի տանը մի քանի մեքենա է մոտեցել, որոնցից ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով 15 տղամարդ է դուրս եկել:

Նրանք չեն ներկայացել, չեն նշել իրենց այցի պատճառը, սակայն կտրուկ պահանջել են, որպեսզի Կեսաևան դուրս գա: Նրանցից մեկն այդ ընթացքում տեսանկարահանելիս է եղել:

Կեսաևայի բարեկամը հայտնել է, որ նա տանը չէ, և դուռը փակել նրանց առջև:

«Բեսլանի ձայնը» կազմակերպության առաջնորդ Էլլա Կեսաևան այժմ մտադիր է բողոքել Հյուսիսային Օսիայի ՆԳՆ ղեկավարությանը:

Պատարագ Բեսլանի №1 դպրոցի մարզադահլիճի շենքում, 2016թ-ի սեպտեմբերի 5: Լուսանկարը՝ Իլյա Ազարի, «Մեդուզա»

Ի՞նչ են ուզում զոհված և տուժած երեխաների մայրերը

«Մենք ուզում էինք Բեսլանի թեման բարձրացնել, քանի որ դրա մասին սկսել են մոռանալ», – «Մեդուզային» տված հարցազրույցում սեպտեմբերի 1-ի բողոքի ակցիայի իմաստն է բացատրել մասնակիցներից մեկը՝ Սվետլանա Մարգիևան: 2004թ-ին նրան դստեր հետ ահաբեկիչները պահել են հենց այդ մարզադահլիճում:

«Պուտինն իր իշխանությունն ամրապնդեց մեր երեխաների արյամբ: Աղջիկս ձեռքերիս մեջ մահացավ, իսկ քանի դեռ կենդանի էր, ասում էր. «Պուտինը մեզ կօգնի՞, մամ»: Մնացած երեխաներն էլ էին այդպես ասում: Մենք հույսներս Պուտինի վրա էինք դնում, իսկ նա մազ անգամ չշարժեց մեր երեխաներին փրկելու համար», – ասում է Մարգիևան: 

«Մենք գիտենք, որ նախագահն, ով նաև գերագույն հրամանատարն է, մեղավոր է: Նրան ոչ մի անգամ չհարցաքննեցին՝ չնայած մեր հայտարարություններին: Բեսլանի հարցով նա օրենքից դուրս է», – ավելացնում է Էլլա Կեսաևան:

Այս կազմակերպության կանայք վստահ են, որ ռուս ուժայինները ոչ միայն ոչինչ չարեցին 2004-ի ահաբեկչությունը կանխելու համար, այլ նաև հենց իրենք են մեղավոր երեխաների մահվան համար:

Նրանց վստահությունը հիմնված է ոչ միայն ականատսների անձնական փորձի վրա, այլ նաև որոշ անկախ հետաքննությունների արդյունքների: Պաշտոնական պետական քննության զոհվածների մայրերն այդպես էլ ականատես չեղան. քրեական գործը պաշտոնապես փակված չէ, սակայն որևէ աշխատանքի նշան այդ գործով չի նշմարվում: Արդեն 12 տարի է:

«Բեսլանի ձայնը» ահաբեկչությունից տուժածների և նրանց հարազատների ստեղծած միակ հասարակական կազմակերպությունը չէ և նույնիսկ ամենաբազմամարդը չէ: Գոյություն ունի նաև «Բեսլանի մայրեր» կազմակերպություն, և նրանց միջև հարաբերությունները լարված են:

«Բեսլանի ձայնի» ակտիվիստներն անձամբ Պուտինին ու ռուսական ղեկավարությանն են մեղադրում 2004թ-ին երեխաների սպանության համար: «Բեսլանի մայրերը» կարծում են, որ իշխանությունները գլխավորապես մեղավոր են, որ թույլ են տվել պատանդներ վերցնել:

«Արդեն 12 տարի մենք պահանջում ենք գործի օբյեկտիվ քննություն: Մենք դա օրինական մեթոդներով ենք անում, հանդիպում ենք կառույցների ղեկավարների, պատգամավորների հետ: Կամաց-կամաց առաջ ենք շարժվում: Մենք սպասում ենք, որ նախագահը կամ պատգամավորական կորպուսը կգիտակցեն, որ դասեր է պետք քաղել և սխալների ուղղման աշխատանք տանել», – «Մեդուզային» ասել է «Մայրերի» կոմիտեի նախագահ Սուսաննա Դուդիևան:

«Բեսլանի մայրերը» քննադատել են «Բեսլանի ձայնի» ակտիվիստների այս ակցիան և ընդհանրապես Կեսաևային խմբին կասկածում են քաղաքական դրդապատճառներ ունենալու համար:

«Դա սգո վայր է, և այժմ ցավը գոչյուններով փակելը ստորություն է, – ասել է Դուդիևան «Մեդուզային»: – Ցանկացած կարծիք կարելի է հայտնել այդ շենքից դուրս՝ չխախտելով դրա աուրան»:

«…Այդ մեթոդները ձեռնտու են ռուսական և արտասահմանյան ընդդիմադիր կազմակերպություններին: Մոսկվայում ինչ-որ տեղ, Ամերիկայում, Եվրոպայում բոլորը դրանով ուրախացան: Շատերը ձեռքերը շփեցին՝ ասելով. «Այդպես էլ պետք է դրան»», – կարծում է Դուդիևան:

Իրենց հերթին ակցիայի մասնակիցները կտրականապես հերքում են քաղաքական մոտիվները, այդ թվում նաև այն ասեկոսեներն, իբր ակցիան կապված է գալիք խորհդարանական ընտրությունների հետ:

Իսկ Դուդիևայի խմբի դիրքորոշումը նրանք հետևյալ կերպ են բացատրում. «Բեսլանի մայրերը» կորցնելու բան ունեն, քանի որ նրանք բոլորն աշխատում են նախարարություններում («Մեդուզա»):

Բեսլանի №1 դպրոցի նախկին մարզադահլիճում զոհվածներին նվիրված հուշարձան: Լուսանկարը՝ Իլյա Ազարի, «Մեդուզա»

Ի՞նչ են կատարվածի մասին մտածում Բեսլանի բնակիչները

«Մեդուզայի» թղթակիցը Բեսլանում մի քանի պաշտոնյաների շրջանում հարցում է անցկացրել և գրում է, որ նրանք բոլորը վերոհիշյալ ակցիայի մասին արտահայտվում էին, որպես «անհարիր սադրանքի»: Ռուսական իշխանությունների հասցեին զոհված երեխաների մայրերի մեղադրանքների հետ նրանք համաձայն չեն:

Ինչպես ցույց է տվել «Մեդուզայի» հարցումը՝ մոտավորապես նույն կարծիքն ունեն նաև քաղաքացիներից շատերը. որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան, և որ ակցիան հովանավորվել է ինչ-որ ընդդիմադիրների կողմից:

Էլլա Կեսաևան «Մեդուզայի» հետ զրույցում նշել է, որ մարդիկ նման կերպ են մտածում, քանի որ, առաջին հերթին, վախենում են անկեղծանալ, երկրորդ հերթին, պրոպագանդայի ազդեցության տակ են:

«Դպրոցներում երեխաներին քարոզում են, որ հատուկ ջոկատայինները հերոսներ են, – պատմել է նա «Մեդուզային»: – …Սակայն մեզ մոտ միայն վերնաշապիկով հասարակ տղամարդիկ էին երեխաներին փրկում, իսկ նրանց հանդեպ բացարձակ ուշադրություն չկա»:

«Բեսլանի ձայնի» կանայք վստահ են, որ քաղաքում շատերն իրականում իրենց հետ համերաշխ են, սակայն այդ մարդիկ դեռևս պատրաստ չեն հանրային կերպով արտահայտել դա:

Ինչպես «Մեդուզային» հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սվետլանա Մարգիևան, «Շատերն էին սեպտեմբերի 1-ին ցանկանում մեզ պաշտպանել, սակայն նրանց թույլ չեն տվել: Փոխարենը մենք լսել ենք, թե ինչպես են մարդիկ գոռում. «Բա՛ց թողեք նրանց: Դուք ոստիկա՞ն եք, թե՞ ահաբեկիչ»»:

Մուտք դեպի Բեսլան, 2016թ-ի սեպտեմբերի 4: Լուսանկարը՝ Իլյա Ազարի, «Մեդուզա»
Հրապարակվել է 17.09.2016
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում