Նինիա Կակաբաձե, Թբիլիսի" />

Պետությունը՝ ծայրահեղականների հետ կողք-կողքի

Նինիա Կակաբաձե, Թբիլիսի

Նրանք ամենուր են, հետևում են ամեն ինչին, ոչինչ չի վրիպում նրանց ուշադրությունից: Ծայրահեղականները կարող են խանգարել համալսարանական կոնֆերանսներ և ցուցահանդեսներ, ներխուժել մասնավոր բնակարաններ, որտեղ վարպետության դասեր են անցկացվում, հաշվեհարդար տեսնել մարդկանց նկատմամբ՝ սոցիալական կայքերում արտահայտած կարծիքի համար:

Նրանք տարբեր անուններ են կրում: Ոմանք որոշ կազմակերպությունների անդամներ են և վճարվում են սպառնալու և ագրեսիայի արտահայտման համար: Մյուսները՝ բացարձակ անաչառ ոգևորությամբ «սուրբ գաղափարի» են ծառայում:

Իրենք իրենց հայրենասեր և քրիստոնյա են կոչում: Ասում են, որ հայրենիքն ու դրա պաշտպանությունն են իրենց հիմնական գաղափարը:

Հայրենիքը պաշտպանում են բոլոր նրանցից, ովքեր տարբերվում են իրենցից ցանկացած բանով, կլինի դա էթնիկ պատկանելիություն, սեռական ինքնություն կամ դավանանք:

Հանուն հայրենիքի և քրիստոնեության նրանք պատրաստ են մահու աստիճան քարկոծել բոլոր նրանց, ովքեր կույս կամ խոնարհ կին չեն, հավաքույթներին կենացներ չեն ասում կամ այլ կերպ են հագնվում:

Եթե դուք նրանց նման չեք, ապա ոչ միայն անհարմարություններ կստեղծեն ձեզ համար, այլև կարող են ֆիզիկական բռնությամբ սպառնալ:

Նախորդ շաբաթ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում պետք է կայանար գենդերային և սեռական հարցերի ուսումնասիրման կոնֆերանս, որը կազմակերպել էր Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուտը «Ինքնություն» կազմակերպության հետ համատեղ:

Այս տեղեկատվության տարածումից հետո Ֆեյսբուքը բառացիորեն ալեկոծվեց համալսարանում ԼԳՊՏ պրոպագա թույլ չտալու կոչերով: Սկսեցին ակցիաներ նախաձեռնել, սպառնալիքներով լի նամակներ տարածվեցին: Հասավ նրան, որ կազմակերպիչները ստիպված էին չեղյալ հայտարարել միջոցառումը՝ կոնֆերանսի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Ո՛չ համալսարանի ղեկավարությունը, և որ ամենակարևորն է, ո՛չ էլ պետությունը, չեն կարողացել ապահովել բուհում կոնֆերանսի անվտանգ անցկացումը:

Հերթական նման դեպքն եղավ Իլյայի համալսարանում սուբալտերնի թեմայով քննարկմանը:

Հայրենասեր ծայրահեղականները քիչ էր մնում սպանեին «Ստուդիո կամպուս» կազմակերպության տնօրեն Միխայիլ Խունդաձեին, ով իր բնակարանում «Նիցշեն ուսանողների համար» թեմայով սեմինար էր անցկացնում: Նրա հարևանությամբ ապրող երիտասարդները՝ բաց պատուհանից մի քանի արտահայտություն լսելով, որոշել էին, որ դա «սատանիստների» հավաք է: Նրանցից մեկը ներխուժել է Խունդաձեի տուն և դանակով հարվածել նրան: Բարեբախտաբար գիտնականը կենդանի էր մնացել:

Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում էքստրեմիզմն ավելի ու ավելի է ամրապնդվում Վրաստանում, և ինչ էլ որ ասեն, մեզնից շատերը վախենում են այդ ագրեսիվ մարդկանցից, ովքեր ամենաքիչը կարող են փոխել մեր օրակարգը: Որևէ միջոցառում ծրագրելուց առաջ մտածում ենք, թե ինչպես դրան կարձագանքեն ծայրահեղականները:

Այն բանից հետո, երբ հոգևորականներն ու «հայրենասերները» 3 տարի առաջ՝ 2013թ. մայիսի 17-ին խաչերով, փայտե աթոռակներով ու անեծքներով ցրեցին հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված խաղաղ ակցիան, մենք չենք համարձակվի այդ օրը կրկին երթ անցկացնել: Վախեցած նստած ենք տանը կամ փոքր գրասենյակներում կոնֆերանսներ ենք անցկացնում, նկարները թաքցնում ենք, քանի որ դրանց բովանդակությունը ծայրահեղականների համար կարող է ընդունելի չլինել:

Միակ տեղը, որտեղ մենք նախկինի պես քիչ թե շատ ազատ ենք, սոցիալական ցանցերն են, այնտեղ, չնայած անձնական փոստին ուղարկվող սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներին, կարող ենք մեզ պաշտպանված համարել անմիջական ֆիզիկական հաշվեհարդարից:

Ինչո՞ւ ենք վախենում մենք, երբ նրանք պետք է վախենան:

Բանն այն է, որ պետությունը մեր ազատ արտահայտման իրավունքը չի պաշտպանում: Խնդիրը հենց այստեղ է: Ծայրահեղականներն ու ագրեսորները գիտեն, որ անպատիժ կմնան: Իր անգործությամբ պետությունը նրանց թույլ է տալիս մեր դեմ բռնություն կիրառել, սահմանափակել ազատությունը և մեզնից խլել կոնֆերանս դահլիճները:

Բոլորն են համաձայն, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը կրթությունն է:

Սակայն ի՞նչ կրթության մասին է խոսքը, եթե նախարարները խորհրդակցում են պատրիարքարանի հետ, թե երեխաները ինչով պետք է սովորեն դպրոցում, իսկ դասագրքերը կազմվում են պատրիարքարանի գրաքննությանը համապատասխան:

Մենք գիտակցում ենք, որ կրթական բարեփոխումները, որոնք իրականում դեռ չեն էլ սկսվել, երկարաժամկետ գործընթաց են: Այդ պատճառով էլ կարծես ամեն ինչի վրա ձեռքներս թափ ենք տվել: Սակայն դա ճիշտ դիրքորոշում չէ:

Տվյալ պահին դպրոցների ներսում բարեփոխումներ անցկացնելու համար ուժ ու միջոցներ չունենալով՝ մենք գոնե կարող ենք երեխաներին հանդուրժողականություն սովորեցնել դրանց պատերից դուրս, որպեսզի աշակերտները տեսնեն, որ իրենցից տարբերվող մարդիկ էլ կան, ում նրանք նույնպես կարող են սիրել: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է քաղաքացիական ակտիվությունը, հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը խաղաղ ակցիաների անցկացումը, կրթական ցուցահանդեսներն ու կոնֆերանսները: Այն, ինչ չի անում պետությունը, պետք է անենք մենք՝ քաղաքացիական հասարակությունը:

Պետությունը միշտ լռում է, սակայն այն հատկապես լուռ է ընտրություններին նախորդող տարվա ընթացքում: Ինչու՞:

Վրաստանն այժմ ղեկավարող թիմն իշխանության է եկել ատելության ալիքի շնորհիվ: Իրենց նախընտրական ելույթներում առաջնորդներն ու խոսնակները խոստացել են հայրենիքը պաշտպանել «արվամոլությունից» ու «մարմնավաճառությունից», այսինքն՝ այն ամենից, ինչը նպաստում է «վրացու ինքնության կորստին»:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչների նման հռետորաբանությունը հաշվի առնելով՝ պետք չէ զարմանալ, որ ագրեսորներն իրենց ապահով են զգում: Չէ՞ որ իշխանության զգալի հատվածը կիսում է էքստրեմիստների կարծիքը: Իր անգործությամբ կառավարությունը բարոյապես և իրավաբանորեն օրինականացնում է այդ մարդկանց ագրեսիվ «գործունեությունը»:

Մնացած իշխանավորները, որոնք ժողովրդավարություն են խաղում, ակտիվություն են ցուցաբերում միայն սոցկայքերում կամ հանդես գալով որոշ լրատավամիջոցներում: Դատապարտելով կրոնական ու հայրենասիրական էքստրեմիզմը՝ նրանք միայն սահմանափակվում են հայտարարություններով, գրառումներ են կատարում Ֆեյսբուքում ու բլոգերում, համերաշխության լուսանկարներով են կիսվում՝ դրա դիմաց «սրտիկներ» ստանալով:

Ի՞նչ ունենք մենք ի վերջո: Արդյունքում մենք դանդաղ, քայլ առ քայլ կորցնում ենք մեր ազատությունը, գնում ենք զիջման, որպեսզի պաշտպանվենք բռնություն կիրառողներից: Մենք այլևս մայիսի 17-ին փողոց դուրս չենք գալիս և կոնֆերանսներ չենք կազմակերպում: Մենք անհետանում ենք, թաքնվում, վախենում, մինչդեռ նրանց շարքերը համալրվում են: Իսկ չզարգացած ու չկայացած պետությունը պաշտպանում է հայրենասեր ծայրահեղականներին, քանի որ նրանք ավելի շատ են: Չէ՞ որ առջևում ընտրություններ են:


Կարդալ ավելին JAMnews-ում