Մոտ բարեկամներին հասցված ծեծը վարչական պատժի ենթակա կլինի" />

Պետդուման վերջնականապես օրենք է ընդունել ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին

Մոտ բարեկամներին հասցված ծեծը վարչական պատժի ենթակա կլինի

Ռուսաստանի Դաշնության Պետդուման վերջնական երրորդ ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին աղմկահարույց օրինագիծը:

Երրորդ ընթերցմանը  «կողմ» է քվեարկել 380 պատգամավոր, դեմ՝ երեքը: Չի քվեարկել ՌԴ Կոմունիստական կուսակցությունը:

Օրինագիծը ՔՕ 116-րդ «Ծեծ» հոդվածից հեռացնում է  «հարազատների հանդեպ» բառերն ու այդպիսով քրեական պատասխանատվությունից դուրս  է բերում բարեկամներին ծեծի ենթարկելը: Օրենքի համաձայն, ընտանիքում բռնության առաջին դեպքի համար, որն առողջությանը վնաս չի հասցրել, վարչական պատիժ կսահմանվի տուգանքի կամ 15 օրվա ազատազրկման տեսքով:

«Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Իսաևն ընդգծել է, որ խոսքը գնում է ոչ թե ընտանեկան բռնությունը  թույլատրելու կամ հաստատելու մասին, այլ ընդամենը «ապտակների». «Եթե միայնակ մայրը որդուն ապտակում է, նա հանցագործ է դառնում: Իսկ օտար տղամարդուն վարչական տուգանք է հասնում», – Իսաևի խոսքերն է մեջբերում «Մեդուզան»:

Ինչպես իր հերթին հայտարարել է կոմունինստ Յուրի Սինելշչիկովը, «այս օրենքը կամրապնդի բռնությունը որպես վարքի նորմա»:

Օրինագծի հեղինակները «Միասնական Ռուսաստանի» պատգամավորներն են Օլգա Բատալինայի գլխավորությամբ, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Ելենա Միզուլինան և ևս մի քանի սենատոր:

Այս նախաձեռնությունը ՔՕ-ում նախորդ տարվա հունիսին կատարած փոփոխությունների պատասխանն է, երբ դրանց համաձայն ապաքրեականացվել է ծեծի ենթարկելը: Սակայն բացառություններից մեկը մոտ բարեկամների հանդեպ ծեծն էր, որի համար քրեական պատասխանատվություն էր սահմանվում:

Սենատոր Ելենա Միզուլինան միանգամից հանդես եկավ այդ փոփոխությունների դեմ՝ հայտարարելով, որ դրանք «հակաընտանեկան են»: «Օրենքն արգելում է հաշտեցումն ու ներելն ընտանիքում: Սակայն ներելու ունակությունն ազգային ավանդույթի, մասնավորապես, ուղղափառ ավանդույթի մաս է: Եվ այդ իմաստով «ապտակների մասին օրենքը» ընտանիքի հանդեպ ատելության ակտ է դարձել», – ամբիոնից վրդովվում էր Միզուլինան:


Կարդալ ավելին JAMnews-ում