Երկու տարի է անցել այն պահից, երբ կառավարությունը որոշել է ավելի ակտիվ զարգացնել ոչ նավթային հատվածը" />

Պատմություններ դաշտից, որտեղ «սպիտակ ոսկի» են հավաքում. արդյո՞ք բամբակը կփրկի ադրբեջանական տնտեսությունը

Երկու տարի է անցել այն պահից, երբ կառավարությունը որոշել է ավելի ակտիվ զարգացնել ոչ նավթային հատվածը

Ադրբեջանում երկար ժամանակ ընդունված էր նավթը սև ոսկի անվանել, իսկ բամբակը՝ սպիտակ: Ադրբեջանը հաջողությամբ ապահովում էր Խորհրդային Միությունը թե՛ մեկով, թե՛ մյուսով: Բամբակ հավաքելու ժամանակ դաշտեր էին ուղարկում գրեթե ողջ երկրի բնակչությանը՝ այդ թվում՝ ուսանողներին և գիտնականներին:

Խորհրդային Միության փլուզումից հետո երկար տարիներ բամբակն Ադրբեջանում ուշադրության կենտրոնում չէր, ի տարբերություն նավթի: Իրավիճակը փոխվեց 2015թ-ին: Այդ ժամանակ երկու բացասական իրադարձություն համընկավ. Ադրբեջանում ռեկորդային քիչ բամբակ հավաքվեց, իսկ համաշխարհային շուկայում կտրուկ անկում ապրեց նավթի գինը, ինչը հանգեցրեց մանաթի արժեզրկմանը:

Այդ նույն տարում ադրբեջանական կառավարությունը հայտարարեց բամբակագործության վերածննդի արշավի մեկնարկի մասին: Հայտարարվեց, որ մինչև 2022թ-ն Ադրբեջանում տարեկան մինչև 500 հազար տոննա բամբակ է հավաքվելու, ի տարբերություն 2015թ-ի 35 հազարի և նոր աշխատատեղեր են ստեղծվելու, ինչը կօգնի երկրի շրջաններին:

Ինչպե՞ս է իրեն զգում բամբակագործությունը երկու տարի անց:

«Փառք Աստծո, արևը դուրս եկավ: Ինչ լավ է: Կարելի է 5-10 մանաթ աշխատել: Իսկ եթե անձրև գա, ամեն ինչ կորած է: Եվ նույնիսկ եթե դադարի գալ, պետք է մի քանի օր սպասել, որպեսզի բամբակը չորանա, և հետո միայն հավաքել»:

Տարվա այս եղանակին Բարձրյալին արևի համար շնորհակալություն հայտնելով՝ 55-ամյա Նազլի Մամեդովան հագնում է իր մաշված զգեստն ու ժակետը: Կապում է իր հին գլխաշորն այնպես, որ բաց են մնում միայն աչքերը: Հետո հագնում է ամուսնու ձեռնոցներն ու որդու երկարաճիտ կոշիկները՝ դա գյուղի համար սովորական կոշիկ է: Իր հետ վերցնում է երկու խաշած ձու, 5-6 կտոր հաց, թերմոսով թեյ և մի քանի կոնֆետ: Դուրս է գալիս բակ, անկյունում դրված բրիչն ու մեծ պարկն ուսը գցում և գնում դեպի ճանապարհը:

Առավոտյան 8-ին «ՊԱԶ» հին ավտոբուսը Նազլիին և գյուղացի ևս մի քանի կնոջ տանում է բամբակի դաշտ:

Կանայք գլուխներն են տարուբերում. ձյունն «արդեն դրել է», իսկ դաշտում դեռևս սպիտակին է տալիս չհավաքած բամբակը: Վզից կախելով պարկ-գոգնոցը՝ նրանք սկսում են աշխատել:

Ադրբեջանում 2015-2017թթ-ին բամբակի արտադրությունն աճել է ավելին, քան կրկնակի:

Տնտեսագետ Թորգուլ Մաշալին ասում է, որ այնուամենայնիվ բամբակագործությունը դեռ հեռու է «տնտեսություն փրկելուց».

«Բամբակագործության դերն աստիճանաբար աճում է, սակայն այնուամենայնիվ բամբակի արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 0.36 տոկոսը: Մեկ այլ խնդիր է նաև այն, որ չմշակված բամբակի վաճառքով շատ գումար չես վաստակի. երկրում պետք է տեքստիլ արյունաբերություն և մանածագործություն լինի:

Ադրբեջանում միայն երկու խոշոր ընկերություն կա, որոնք զբաղվում են բամբակի վերամշակմամբ և արտահանմամբ՝ CTS-Agro-ն և MКТ-ը: Դա նշանակում է, որ ֆերմերը չի կարող բամբակը երրորդ մեկին վաճառել»:

Նազլին և գյուղացի այլ կանայք ամբողջ օրը դաշտում են անցկացնում՝ բամբակ հավաքելով, որը ֆերմերին են հանձնելու կիլոգրամը 10 կոպեկով: Շուրջը ոչ մի ձայն չի լսվում թփերի շրշյունից բացի: Երբեմն կանայք միմյանցից ինչ-որ բան են հարցնում և վերադառնում աշխատանքին: Դա հեշտ գործ չէ, և երեկոյան ամենաշատը 100կգ կհավաքվի: Մեկ օրում նրանցից յուրաքանչյուրը կարող է առավելագույնը 10 մանաթ վաստակել, որը տավարի 1կգ ոսկորով մսի գին է:

Սակայն Նազլին և մնացածը ստիպված են այստեղ աշխատել, քանի որ այլընտրանք չեն տեսնում. նրանք ասում են, որ կանանց համար ուրիշ աշխատանք շրջանում չկա:

Միջին տարիքի տնային տնտեսուհի Զարիֆան ասում է, որ դաշտ է եկել անելանելի վիճակից. «Սա իսկական ճորտի աշատանք է: Առավոտից մինչև երեկո մեջք ես կորացնում: Ոտքերիս նայիր, ցեխով ծածկված են: Բայց ի՞նչ անեմ: Վաստակի այլ տարբերակ չունեմ: Այդ պատճառով էլ գալիս եմ այստեղ, հավաքում, որ գոնե թեյ և շաքար գնեմ տան համար»:

Բամբակ հավաքողներից ևս մեկի՝ Գյուլարի խոսքով՝ նրանց ամենամեծ ցանկությունը վարձատրության բարձրացումն է. «10 կոպեկը շատ քիչ է: Լավ կլիներ, որ գոնե 20-25 կոպեկ վճարեին: Կիմանայինք, որ ինչ-որ բան ենք տուն տանում: Իսկ այդ 5-10 մանաթը ինչի՞ն կարող է հերիքել»:

Նազլին ու նրա գործընկերները բամբակը ֆերմերին են հանձնում 10 կոպեկով (մոտ 6 ցենտ), ֆերմերն այն վաճառում է 50 կոպեկով (մոտ 30 ցենտ) երկու խոշոր «բամբակային» ընկերություններից մեկին, իսն նրանք արդեն բամբակը վաճառում են արտասահմանում: Բամբակի մեկ կիլոգրամի միջին գինը համաշխարհային շուկայում, ինչպես բացատրում է Թորգուլ Մաշալին, 1.36 դոլար է:

Ընդհանուր առմամբ, բամբակագործության ողջ համակարգը դեռևս ոչ զգալի եկամուտ է բերում տնտեսությանը, ոչ արժանի վաստակ՝ բամբակագործությամբ զբաղվողներին:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին կարծում է, որ դա ամբողջ երկրի խնդիրն է, այլ ոչ թե որևէ մեկ օղակի.

«Խնդիրը կոլտնտեսությունը վերադարձնելու կառավարության ցանկությունն է: Բաքվից հրամայում են այսքան հեկտար բամբակ ցանել: Այդ կերպ ստեղծված մոդելն իմաստ չունի տնտեսության տեսանկյունից: Նախագահը բազմիցս ասել է, որ բամբակագործության զարգացումը կարևոր գործոն է աշխատատեղերի ստեղծման համար: Իրականում այդպես չպետք է լինի: Ամերիկայում բամբակի 12 հեկտարին մեկ աշխատող է բաժին ընկնում, իսկ մեզ մոտ 10 հեկտարի վրա 24 մարդ է աշխատում:

Որքան շատ է օգտագործվում ձեռքի աշխատանքն, այնքան ընկնում է շահութաբերությունը»:

Ադրբեջանական գյուղերում ռեպորտաժներ պատրաստելու ժամանակ կանայք հաճախ չեն ցանկանում, որպեսզի նկարահանեն իրենց դեմքը: Սակայն այս անգամ այլ կերպ էր: Բոլորը համաձայնեցին լուսանկարվել: Որովհետև լուսանկարում երևում է միայն նրանց աչքերը:


Կարդալ ավելին JAMnews-ում