Ուկրաինայում ֆրանսիացի մաքսանենգի գործի լսումներն են ընթանում" />

Պատերազմն Ուկրաինայում զենքի հերթական շուկան է ստեղծել՝ և արտահանման, և ներկրման համար

Ուկրաինայում ֆրանսիացի մաքսանենգի գործի լսումներն են ընթանում

Ուկրաինայում արդեն մեկ տարուց ավել է, դատում են Ֆրանսիայի քաղաքացի Գրեգուր Մուտոյին: Նրան մեղադրում են մաքսանենգ ճանապարհով լեհ-ուկրաինական սահմանով զենքի և պայթուցիկ նյութերի անցկացման համար:

2016թ-ի մայիսին Մուտոյին կալանավորել են սահմանին: Նրա մեքենայից առգրավել են կալաշնիկովի 5 ինքնաձիգ, 2 նռնականետ, ավելի քան 5 հազար փամփուշտ, 125կգ տրոտիլ և 100 դետոնատոր:

Ուկրաինայի անվտանգության ծառայության վարկածի համաձայն՝ Մուտոն աջ-արմատական և ազգայնական հայացքներ ունի: Նա պատրաստվում էր 2016թ-ի ամռանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ այդ զենքն օգտագործել Ֆրանսիայում մզկիթի, սինագոգի և հարկային ոստիկանության գրասենյակի դեմ ահաբեկչությունների համար:

Ապօրինի զենքը Մուտոն գնել է Դոնբասում տեղակայված ուկրաինական «Ազով» կամավորական գումարտակի մարտիկից: Այդ ստորաբաժանման մարտիկները հայտնի են իրենց աջ-արմատական ազգայնական հայացքներով, նրանցից շատերը ֆուտբոլասերներ են: Սակայն զենքը վաճառողը Մուտոյի հետաքրքրվելու մասին հայտնել է ուկրաինացի իրավապահներին, որոնք զենքի վաճառքի հատուկ գործողություն են իրականացրել (իրականում Մուտոն գնել է մուլյաժ, այլ ոչ թե մարտական զենք) և կալանավորել նրան:

Մեղադրյալը, որին ուկրաինական օրենսդրությամբ կարող է մինչև 12 տարվա ազատազրկում սպառնալ, հրաժարվում է ցանկացած մեկնաբանությունից: Նա խոստանում է բոլոր մանրամասները պատմել դատական գործընթացի ավարտին:

Ֆրանսիացի քննիչները, որոնց դիմել են ուկրաինացի գործընկերները, խուզարկել են Մուտոյի բնակարանն ու հարցաքննել նրա ընկերներին: Սակայն, նրանք ահաբեկչական դավադրության հետքեր չեն գտել: Ավելի հավանական է, կարծում են նրանք, որ եվրոպացի արմատականներն ու ազգայնականներն օգտագործում են Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությունն ու մաքսանենգության համար այնտեղ ապօրինի զենքի հասանելիությունը հարստացման նպատակով: Այդ պատճառով էլ Ֆրանսիայում Մուտոյին տարբեր մեղադրանքներ են առաջադրում. մի կողմից՝ խմբակային ահաբեկչության նախապատրաստում, մյուս կողմից՝ մաքսանենգ ճանապարհով զենքի առքուվաճառքի փորձ:

Hromadske TV-ի կողմից հարցված փորձագետները նշում են, որ վերջին ժամանակներս հակառակ միտում է նկատվում. ավելի շատ ապօրինի զենք է Ուկրաինա մտնում, քան արտահանվում Արևմուտք: Դա կապված է երկրում հանցավորության աճի հետ: Օրինակ, Կալաշնիկովի ինքնաձիգ կարելի է ապօրինի գնել Ուկրաինայում նվազագույնը 500 USD-ով, այն դեպքում, երբ Բրյուսելում այն արժե 350 դոլար:

Սակայն ոչ ոք չի կասկածում, որ պատերազմը Ուկրաինայի հարավ-արևելքում, այդ տարածաշրջանը վերածել է բարձր վտանգի աղբյուրի, որը գրավում է ինչպես սովորական մաքսանենգների, այնպես էլ էքստրեմիստների, որոնք պատրաստ են ահաբեկչական ակցիաների: Թե որքան արագ մեկը կգտնի մյուսին, ժամանակի հարց է:

Դոնբասը նմանատիպ առաջին շրջանը չէ: Վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում տարածվող ապօրինի զենքի աղբյուր հետևողականորեն դարձել է Մերձդնեստրը, Չեչնիան և Բալկանները:


Կարդալ ավելին JAMnews-ում