«Ես վերադարձա Վրաստանի իմ անցյալ, որպեսզի հանդիպեմ իմ վախերին», - ասել է Գվասալիան:" />

Պատերազմն Աբխազիայում և մութ 90-ականները: Վրացի դիզայներ Դեմնա Գվասալիայի ամենաանձնական հավաքածուն

«Ես վերադարձա Վրաստանի իմ անցյալ, որպեսզի հանդիպեմ իմ վախերին», - ասել է Գվասալիան:

«Վրաստան», «Աստված, թողություն շնորհիր», «Սուխումի». վրացերենով այս գրառումներով Փարիզի պոդիումով քայլում էին մոդելները, որոնք ներկայացնում էին Vetements նորաձևության բրենդի նոր հավաքածուն, որի հիմնադիրն ու կրեատիվ տնօրենը վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան է:

Vetements-ի գարուն-ամառ 2019 հավաքածուն այս անգամ նվիրված էր դիզայների հայրենիքին՝ Վրաստանին: Դեմնան հանրությանը ծանոթացրեց իր մանկության պատմությանը: Հավաքածուն նվիրված էր վրացական 90-ականներին՝ ծանր շրջանին, որում նա մեծացել է:

Ուշադրության կենտրոնում վրաց-աբխազական հակամարտությունն էր, քաղաքացիական պատերազմն ու ժամանակակից Վրաստանը:

Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը հաճախ է հարցազրույցներում ընդգծում, որ ծնվել է Սուխումիում, և ռազմական կոնֆլիկտի ժամանակ նրա ընտանիքն այլ վրացիների հետ մեկտեղ ստիպված էր փախչել իրենց տներից: Հենց այդ հիշողություններն են հիմք դարձել նորաձև հավաքածուի ստեղծման համար:

Նկարագրելով ցուցադրությունը՝ Դեմնա Գվասալիան լրագրողներին հայտարարել է, որ «ցանկացել է մի պատմություն պատմել», որը նվիրված է «ընտանիքին ու պատերազմին»:

Ըստ նրա՝ ինքը «փորձել է հասկանալ իր տրավմայի էությունը, որը ստացել է պատերազմներով կեղեքվող Վրաստանում մեծանալու ժամանակ, որտեղ նրա տունը ռմբակոծվել է, իսկ իր տատը՝ սթրեսից ժամանակավորապես կորցրել հիշողությունը»:

«Ես վերադարձել եմ Վրաստանի իմ անցյալ, որպեսզի բախվեմ վախերիս և ցավոտ պահերին, որոնց ես երբեք չեմ անդրադարձել 90-ականների պատերազմից հետո», — ասել է Գվասալիան:

Vetements-ը հայտարարել է նաև հավելվածի թողարկման մասին, որով հնարավոր կլինի իրերի QR-կոդերը սկանավորել 1992թ-ին Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին իմանալու համար:

Ցուցադրությունը կայացել է Փարիզում՝ կամրջի տակ, փողոցում: Որպես պոդիում են ծառայել խնջույքի երկու սեղան, իսկ հյուրերը նստել են շղարշաձև գործվածքով կապկպած սպիտակ պլաստիկե աթոռների վրա:

Պոդիումի համար Վրաստանում 40 մոդել են ընտրել. նրանց մեծ մասն, ինչպես ընդունված է Vetements-ի ցուցադրություններին, պրոֆեսիոնալ մոդել չէ:

Սվիթշոթներ և հուդիներ՝ սադրող գրառումենրով, խալաթների տեսքով թրենչեր, «բանդիտական» կաշվե վերնազգեստներ, քրեական դաջվածքներով և եկեղեցական թեմաներով վերնաշապիկներ, Վիկտոր Ցոյի պատկերով հագուստներ: 

Հավաքածուում շատ է վրացական այբուբենը: Հուդիների, սվիթշոթերի և բոմբերների վրա վրացերեն բառեր և կարգախոսներ են՝ «Բավական է», «Աստված, ներիր մեզ»: Վերջին արտահայտությունը հեգնական հղում է Վրաստանում եկեղեցու վիճելի գործողություններին:

Գվասալիան արձագանքել է նաև Թբիլիսիում երիտասարդության վերջերս անցկացրած բողոքի ցույցերին և հիշեցրել «գիշերային ակումբների փակման մասին»: Բոմբերներից մեկի վրա գրված է «We dance together, We fight together»՝ վրաց երիտասարդության կարգախոսը, որը մայիսին, երբ Թբիլիսիում թմրանյութի վաճառքով զբաղվողներին բռնելու պատրվակով գիշերային ակումբներ էին փակում, բողոքի ցույց էր անում, ռեյվեր կազմկերպում խորհրդարանի շենքի մոտ:

Գվասալիայի հավաքածուն բացարձակ հիթ է դարձել սոցցանցերի վրացական հատվածում: Ֆեյսբուքի օգտատերերը շնորհակալություն էին հայտնում դիզայներին անկեղծության և հիշելու համար:

Այս վերնաշապիկը հենց այնպես չէ նկարազարդած: Վրաստանում այդպիսի ավանդույթ կա. բարձր դասարանների շրջանավարտները Վերջին զանգի օրը իրենց ցանկություններն են գրում միմյանց տոնական ճերմակ վերնաշապիկների վրա: Հուշանվերը հետո խնամքով պահում են երկար տարիներ: 


Կարդալ ավելին JAMnews-ում