Մեկը մասնակցել է պատերազմին 90-ների սկզբին, երկրորդը՝ 2016-ի ապրիլին, երրորդը ռազմական վարժարանում է սովորում՝ հույսով, որ գիտելիքները պետք չի լինի կիրառել կյանքում" />

Երեք կնոջ պատմություն Ղարաբաղից՝ պատերազմի և խաղաղության մասին

Մեկը մասնակցել է պատերազմին 90-ների սկզբին, երկրորդը՝ 2016-ի ապրիլին, երրորդը ռազմական վարժարանում է սովորում՝ հույսով, որ գիտելիքները պետք չի լինի կիրառել կյանքում

1988-1994  թթ.-ին Արցախյան պատերազմին մասնակցել է 200 կին, որոնցից 42-ը զոհվել են մարտի դաշտում: Արցախյան պատերազմի երկրորդ ամենաթեժ փուլին՝ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյային, կանանց մասնակցության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Սակայն կան այլ տվյալներ. ապրիլյան թեժացումից հետո ռազմական կրթության դիմող աղջիկների թիվը գրեթե կրկնապատկվել է:

Պատերազմ առաջին. Կուկլա բաբո

Երևանից Արցախ վեց ժամվա ճանապարհ է: Ինձ պատերազմող խաղաղությունից վեց ժամ է բաժանում: Վարորդը ձեռքը տանում է գրպանը.

«Տասն օր առաջ մի ընտանիք էի Ղարաբաղ բերում: Հետները աղջիկ երեխա կար՝ ականջից է ընկել: Գրպանումս եմ պահում, որ վերադարձնեմ»,- ասում է միջին տարիքի տղամարդը`մատների արանքում կապույտ ծաղկե փոքր ականջօղը պտտելով:

Չգիտեմ, արդյոք գտա՞վ վարադն այդ ընթանիքին, մենք Շուշիում ուրիշ գեղեկուհու էինք փնտրում՝ Եվգենիա Արուստամյանին:

Սպիտակ, ալեխառն, կարճ մազերի ու կնճիռների տակ քաղաքի հայտնի գեղեցկուհին է ապրում՝ Բաբոն, որին դեռ Կուկլա են ասում:

Մեծ, լուսավոր տան մաքրությունն ապշեցնում է: Թվում է` հյուրերի է սպասել: Անկախ կորստից ու ցավի մեծությունից՝ իր բաժին աշխարհը սիրուն պիտի լինի:

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը շփման գծում

• Հայաստանի ռազմական բյուջեն մեկ քառորդով ավելացել է

Հեռուստացույցի կողքին երկու լուսանկար է` մեկի վրա ինքն է 16 տարեկանում, մյուսի վրա՝ տղան:

«Արմենս է: Փոքրս: Աչքերի գույնը տես` ի՜նչ սիրուն է: Երկու տարի առաջ մահացավ»,- ասում է բաբոն:

Ծանր է տանում իր համար դեռ չպարզված հանգամանքներում որդու կորուստը, չի համակերպվում, որ նույնիսկ պատերազմը խնայեց իրեն, պատահարը՝ ոչ: Փորձում եմ շեղել խոսակցությունը. «Բաբո, քեզ շատ էին սիրահարվո՞ւմ»:

«Չէ, ռիսկ չէին անում: Շատ կոպիտ էի: Սիրած տղա ունեի… Ես էլ անսեր ամուսնացա, ինքն էլ: Մեր ճակատագիրն էր, ի՞նչ արած»,- պատմում է կինը:

Անսեր ամուսնությունից տիկին Եվգենիան երեք որդի ունեցավ:

«Այն ժամանակ դեմոկրատիա չկար: Իմ ամուսինն իմ «խազեինն» էր: Մայրս արդեն չկար, օգնող չունեի: Ես աշխատում էի, երեխաներս`մեծանում իրենք իրենցով: Մեծ տղերքս պատերազմի հաշմանդամ են՝ երկուսն էլ մարտական վիրավորում ստացած: Մեկը Լենինգրադ գնաց ու հետ չեկավ, մյուսը մինչև հիմա ծառայության մեջ է: Ամուսնուս մահից հետո ես ու Արմենս իրար հետ մնացինք: Ինչ տեսնում ես էս տանը, Արմենիս արածն է: Չվայելեց»,- ասում է բաբոն` չոր լաթով մաքրելով լվացքի մեքենայի փոքրիկ դռնակը: Այդպես է անում ամեն լվացքից հետո. Արմենն է նվիրել, հանկարծ չփչանա:

1992 թ.-ին երկու որդիները կամավորագրվեցին, չորս եղբայրները՝ ևս:

«1992-ին կազմավորվեց և մեր ջոկատը: 12 հոգի էինք` բոլորս կին: Ջոկատում ընդամենը մի ԴԴՀ (Դրագունովի դիպուկահար հրացան) ունեինք, մյուսները ավտոմատով էին կռվում: Ես դիպուկահար էի: 1993-ի օգոստոսի 23-24-ի հին Կուբաթլույի մոտ գործողության էինք: Այդ օրը աղջիկներից մի զոհ ունեցանք, երկու վիրավոր՝ մեկը ես էի»,- պատմում է կինն ու բարձրացնում շորի փեշը:

Ծնկներից վերև անխնամ արված կարկատաններ են ողջ մարմնով` մինչև կուրծքը:

«Երեք օր գործողության էինք, երեք օր`տանը: Գալիս էի տուն, ուտելու բան պատրաստում, լվացք անում: Կռվի ժամանակ էլ գիշերները աչք չէի փակում: Լինում էր`վիրավորներին գրկում էի, սեղմում ինձ, որ հարմար լինի, վերքերը չցավեն: Ամբողջ գիշեր նստած էի անցկացնում: Ի՞նչ անեի: Երկու զինվոր էլ ես ունեի կռվում»,- ասում է բաբոն:  

Մի տոպրակ իր հավաքած բույսերից է լցնում` թեյի համար, մի կապոց` թխվածքաբլիթ ու կոնֆետ: Գիտի`զորամաս ենք գնալու հետո:

Պատերազմ երկրորդ. Նարինե

Նայում եմ Նարինեին, պատերազմ գնացած այս փոքրամարմին, ժպտերես աղջկան: Մեքենան մեզ տանում է Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր: Այստեղ է ապրում Նարինե Վարդանյանը: Հակառակորդի դիրքերն անզեն աչքով են երևում:

Նայում եմ Նարինեին ու պատկերացնում. ինչպե՞ս է ուսին զենք կախել, հաստատ փողը ծնկից ցածր է եղել:

«Տես, սա բացառիկ մեքենա է: Երկու տանիք ունի. մեկը հիմնական, մյուսը՝ ժամանակավոր: Հիմնականը ծակ է, սնարյադից: Ժամանակավորը ձյան ու անձրևի ժամանակ ենք դնում, որ ներսը չթրջվի: Հայրիկն այս մեքենայով գնում է խաղողի այգի, բերքը հավաքելու: Դե այգին էլ հենց ադրբեջանական դիրքերի տակ է. երևի բոլոր դիպուկահարները մեր մեքենան գիտեն՝ կարմիր, տանիքին՝ մեծ անցք»,- ասում է Նարինեն, երբ արդեն գյուղում ենք:

Ապրիլյան պատերազմի սկսվելու օրն էլ հենց տանն ասաց, որ «Արծիվ» մահապարտների հետ կամավոր գնում է Արցախ:

«Այս պատերազմը ծորակի նման է, որ պինդ չեն փակել. կաթ-կաթ-կաթ… սպառվում ենք, հասկանո՞ւմ ես, վերջանում ենք: Վատ բան է պատերազմը, սխալ բան»,- ասում է Նարինեն:

«Սահմանի տարբեր կողմերում մենք իրար գիտենք միայն գրքերից: Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինձ թվում էր, որ թուրքը ինչ-որ վախենալու էակ է, ոչ մարդ: Վստահ եմ՝ նույնն էլ սահմանից այն կողմ է: Հենց հասկանանք, որ մեր առաջ միս ու արյունից, մեր նման, նման երազանքներով, նման վախերով մարդիկ են կանգնած, գուցե ինչ-որ բան փոխվի: Գիտե՞ս, ապրիլին մի անգամ կրակեցի իրենց դիրքերի վրա. ուրախ եմ, որ գիշեր էր. հաստատ վրիպել եմ»,- ասում է երեխան, որ պատերազմ էր գնացել:

Ննջասենյակի պատուհանից համարյա լույս չի ընկնում. հայրիկն է փակել կիսով չափ: Մի մեծ քար ու մի տախտակ: Այս պատուհանը պարզ երևում է հակառակորդի դիրքերից: Մի քանի անգամ դիպուկահար կրակ է եղել, մի փամփուշտը դեռ պատուհանափեղկի մեջ է: Նարինեն մահճակալի դիրքը չի փոխում.

«Երկու տարի առաջ՝ օգոստոսին, երբ սահմանին ահավոր լարված էր, մարդիկ փորձում էին իրենց երեխաներին գոնե ապահով պատսպարել: Կրակում էին անդադար, գիշեր-ցերեկ: Մերոնք չկարողացան ինձ տանից դուրս հանել: Միայն մի անգամ պապիս տուն տարան՝ մեր տնից մի 50 մետր հեռու: Ես գիտեի՝ եթե այդ պահին տնից դուրս գամ, հետ չեմ կարողանա գալ: Կամաչեմ»:

«Նար, պատկերացնո՞ւմ ես խաղաղությունը»,- հարցնում եմ ես:

«Խաղաղությունը՞: Այսօր չկրակեցին, ուրեմն խաղաղ է: Մի օր անկրակ, անզոհ… մեր իմացած կիսատ խաղաղությունն է սա, – ասում է նա: – Ես կուզենայի, որ հարցը լուծվեր բանակցությունների միջոցով: Խնդիրն այն է, որ մեր երկու հասարակությունները հստակ չգիտեն՝ ինչի՞ մասին են դրանք: Բանակցություններին սահմանին ապրողները հետևում են միայն մի պատճառով. գիտեն՝ այդ օրերին իրենց տները կրակի տակ են լինելու… Ես միայն գիտեմ՝ խաղաղություն եմ ուզում, ուզում եմ մի օր արթնանալ առանց վախի, վախի, որ ինչ-որ բան կորցրած եմ արթնանալու»: 

Պատերազմ վերջին կամ խաղաղություն. Եվա

Եվան առաջինն էր Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական վարժարանում: Երկու տարի առաջ վարժարանում առաջին ընդունելությունն էր աղջիկների համար: Հիմա դասակի տղաների հպարտությունն է:

«Հստակ գիտեի՝ ուզում եմ ռազմական իրավաբան դառնալ: Հետո պարզվեց, որ այդ գծով բարձրագույն ռազմական կրթություն դեռևս չեմ կարող ստանալ. Ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում այդ մասնագիտությամբ դեռ ընդունելություն չկա աղջիկների համար: Ստիպված եմ Հակաօդային պաշտպանությունն ընտրել»,- ասում է Եվան:

Նա միակն է վարժարանի աղջիկ սաներից, ում ընտանիքը դեմ չէր դստեր ընտրությանը: Հայրը, քեռիները՝ բոլորը զինվորական են:

«Ես խաղաղություն չեմ տեսել: Մենք սահմանի վրա ենք. մի օր լավ, մի օր վատ… Մեզ համար  «առաջին աստիճանի մարտական պատրաստության» ռեժիմը երբեք չի դադարում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն օր զոհերի ու վիրավորների մասին էինք լսում: Իմ տարիքի տղաներ, մեկ-երկու տարի մեծ: Ահավոր էր: Հայրս ու քեռիներս սահմանի վրա էին… Հունվարի 28-ին միջոցառում էինք կազմակերպել մեր վարժարանի զոհված սաների հիշատակին նվիրված: Նրանցից մեկի նկարն իմ ձեռքին էր: Միջոցառումից հետո այդ տղայի մայրն եկել էր, գրկել ինձ ու լաց լինում: Չգիտեի, ինչ ասել նրան»,- պատմում է Եվան:

Հանգստի ժամին փոքրիկ սենյակում երկհարկանի մահճակալների արանքում ոչ զինվորական եռուզեռ է: Աղջիկներից մեկը մյուսի մազերն է հյուսում, երրորդը հեռախոսով երգեր է միացնում: Կրկնվող երկու երգ անընդհատ հաջորդում են իրար:

Եվան դասավորում է հաստ թղթապանակի մեջ խնամքով հավաքված պատվոգրերը: Մեկը լավ երգելու համար է, մյուսը` սպորտային ձեռքբերումների: Հագնում է տաք վերնազգեստն ու դուրս գալիս վարժարանից: Ավտոբուսը կանգնում է ճիշտ դիմացը: Զինվորական համազգեստով փոքրիկ աջկան արդեն ընտելացել են: Սկզբում էին տարօրինակ դիտում: Եվս մի քանի րոպե՝ և արդեն տանն է:

Սովորաբար ընթրում են մոր ու քրոջ հետ: Հայրը դեռ սահմանին է: Ընտանեկան հին ալբոմների նկարների վրա էլ երեքով են` մոր ու քրոջ հետ: Հոր անձնագրի փոքր նկարը հետո է սոսնձվել դրանցից մեկի վրա՝ իրենց կողքին:

«Պապան տանը քիչ էր լինում, աշխատում էր: Շատ էի կարոտում»,- ասում է Եվան՝ հարցիցս առաջ ընկնելով:

Տան դուռը բացվում է. Հայրն է, մեկ օրով է եկել դիրքերից: Զուսպ բարևում է բոլորին ու միայն Եվային սեղմում թևերի մեջ:

«Եվա, ինչի՞ համար ես սովորում: Պատերազմի՞»,- հարցնում եմ ես:

«Պատրաստ լինելու… ու հույսով, որ սովորածս պետք չի գա գործնականում: Ես պատերազմ չեմ ուզում, բայց քաղաքական, իրավական հարթության վրա այս հարցը չի լուծվում երկու տասնամյակից ավել: Այս պատերազմն ինձանից մեծ է»,- ասում է Եվան ու նորից ժպտում:

Դռան ապակուց այն կողմ հոր ուրվագիծն է: Այսօր իրենց տանը հրադադար է՝ մինչև առավոտյան ժամը 6:00-ն, երբ պատերազմը հորը նորից դիրքեր կտանի, իրեն`ռազմական վարժարան` խաղաղության համար սովորելու:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:


Կարդալ ավելին JAMnews-ում