Թրամփի մամուլի ասուլիսի մասին և դրան նախորդած իրադարձությունների կարճ տեսություն։ Իրան-ԱՄՆ․ 40 տարվա կոնֆլիկտ" />

Պատերազմը Մերձավոր Արևելքում հետաձգվո՞ւմ է։ ԱՄՆ-ն ու Իրանը, հնարավոր է, կանգ առնեն հրթիռային հարվածներով փոխանակվելուց հետո

Թրամփի մամուլի ասուլիսի մասին և դրան նախորդած իրադարձությունների կարճ տեսություն։ Իրան-ԱՄՆ․ 40 տարվա կոնֆլիկտ

Մերձավորարևելյան ճգնաժամում իրադարձությունների զարգացումը հունվարի 8-ին։

Լուսադեմին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի քան 10 հրթիռ է արձակել Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Այդպես է Թեհրանը պատասխանել հունվարի երեքին ամերիկյան անօդաչու սարքով իր ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։

Երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է անցկացրել Սպիտակ տանն ու այն սկսել բավականին խաղաղասիրական նոտայով՝ հաշվի առնելով վերջին օրերի նրա ագրեսիվ արտահայտությունները։

«Ամերիկյան ժողովուրդը կարող է գոհ լինել։ Ամերիկացիների և իրաքցիների շրջանում կորուստներ չկան», – ասել է Թրամփը։

Իրաքի՝ հրթիռակոծման ենթարկված բազաներում էին գտնվում նաև Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Լեհաստանի զինծառայողներ։ Այդ երկրների ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ ոչ ոք չի տուժել։

____________________________________________________________________________________________

 Ղասեմ Սոլեյմանի։ Ո՞վ էր նա։ Եվ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա մահը

• Ղասեմ Սուլեյմանիի մահը․ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի գնահատականը և համաշխարհային հանրության արձագանքը

____________________________________________________________________________________________

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ

Այնուհետև իր ելույթում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։

Դոնալդ Թրամփն ասել է, որ անհրաժեշտ է համարում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։ Նա նաև կոչ է արել Թեհրանին դադարել սատարել աշխարհի տարբեր ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ Լիբանանի «Հեզբոլլահին»։

Այնուհետև ԱՄՆ նախագահը դիմել է «Իրանի առաջնորդներին և ժողովրդին» և ասել, որ պատրաստ է կոնֆլիկտի խաղաղ լուծմանը։

Նա հիշեցրել է, որ Ամերիկան ու Իրանը միասին մասնակցել են այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ պայքարին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսին՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած հարվածից հետո։ 2020 թ-ի հունվարի 8։ REUTERS/Kevin Lamar

Իրադարձությունների նախորդ զարգացումները՝ կետերով

•2019 թ-ի դեկտեմբերի 27․ Իրաքի Քիրքուք քաղաքի մերձակայքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծում։ Զոհվել էր բազայի մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել էին։ Վաշինգտոնում հայտարարել էին, որ հարձակումն իրականացրել են Իրաքում գործող իրանամետ ռազմականացված խմբավորումներն, ու պատասխան հրթիռային հարվածներ էին հասցրել Իրաքում և Սիրիայում իրանական օբյեկտներին։

•2019 թ-ի դեկտեմբերի 29-31․ մեծ ամբոխը փորձել էր գրոհել Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, հարձակումն անդրադարձվել էր ծովային հետևակի զինծառայողների կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ։ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր անկարգությունների կազմակերպման մեջ։

•2020 թ-ի հունվարի 3․ ամերիկյան հրթիռային հարվածի հետևանքով Բաղդադում սպանվել էր «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի իրանցի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Զոհվել էր նաև նրա մի քանի մերձավոր և Իրաքում գործող «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» իրանամետ խմբավորման առաջնորդ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։ Հարվածը հասցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։

•Նույն օրն Իրանը հայտարարել էր, որ դաժան վրեժ է լուծելու Սոլեյմանիի սպանության համար։ Նախագահ Թրամփը պատասխանել էր, որ Իրանի կողմից գրոհների դեպքում ԱՄՆ արձագանքը կարող է «անհամաչափ» լինել։ «Նա հրեշ էր, որը մեզ վրա դաժան հարձակումներ էր պատրաստում։ Նա այլևս հրեշ չէ, նա մահացել է», – ասել էր Թրամփը Սոլեյմանիի մասին։

Հունվարի 8-ին Իրանի տարածքից բալիստիկ հրթիռներով հարված էր հասցվել Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկնաբանելով այս գրոհն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր․ 

«Ամերիկացիները պոկել են գեներալ Սոլեյմանիի ձեռքը [տեղեկություններ կան, որ գեներալի մարմնից միայն ձեռքն է մնացել], իսկ հիմա Իրանը կկտրի Ամերիկայի ոտքը, որի վրա նա հենվում է մերձավորարևելյան տարածաշրջանում»։

Սակայն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի միաժամանակ արված թվիթը բոլորովին այլ կերպ էր հնչում․

«Մենք պատերազմի չենք ձգտում, սակայն մտադիր ենք պաշտպանվել ցանկացած ագրեսիայից»։

Reuters գործակալությունն առաջարկել էր ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես է Իրանի հեռուստատեսությունը հաղորդել ԱՄՆ բազաների հրթիռակոծման մասին․

«Այժմ նրա [գեներալ Սոլեյմանիի] վրեժը լուծված է, և նա կարող է խաղաղությամբ ննջել»։

Գործակալության տեսաբանները կարծում են․ ԱՄՆ-ին հաջողվել է խուսափել հրթիռակոծման հետևանքով զգալի կորուստներից, հետևաբար, Վաշինգտոնն ու Թեհրանը հնարավորություն ունեն աստիճանաբար դուրս գալ ներկայիս առճակատումից։

Թեհրանի փողոցներում մարդիկ տոնում են Իրաքի ամերիկյան ռազմաբազաներին Իրանի տարածքից հասցված հրթիռային հարվածը։ 2020 թ-ի հունվարի 8։ Nazanin Tabatabaee/WANA (West Asia News Agency) via REUTERS

Իրան-ԱՄՆ․ 40-ամյա կոնֆլիկտ

•1979 թ-ին Իրանում տեղի էր ունեցել իսլամական հեղափոխություն։ Թեհրանում գերեվարվել էր 52 մարդ, որոնց ազատ էին արձակել ավելի քան մեկ տարի անց։

•Հետագա տասնամյակների ընթացքում Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցներ էին գործում։

•1990-ականների կեսերին Իրանը սեփական միջուկային ծրագիր էր սկսել։

•2015 թ-ին միջազգային հանրության և Իրանի միջև գործարք էր կնքվել, որի նպատակը տնտեսական պատժամիջոցների աստիճանաբար չեղարկումն էր Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման ծրագրից հրաժարվելու դիմաց։

•Իրանի հետ գործարքի չեղարկումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր 2016 թվականին։

•Թրամփի կողմից՝ ԱՄն նախագահ ընտրվելուց հետո Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ էին կիրառվել մերձավոր Արևելքում ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված ռեժիմներին և կազմակերպություններին Իրանի աջակցությանն ի պատասխան։ 

•2020 թ–ի հունվարի 3-ին ամերիկյան անօդաչու սարքով գրոհի հետևանքով սպանվել էր Ղասեմ Սոլեյմանին, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում պատասխանատու էր արտասահմանում գաղտնի գործողությունների և Իրանում բողոքի արտահայտումների ճնշման համար։

 


Կարդալ ավելին JAMnews-ում