«Ինքնաթիռի տղաների» մասին ֆիլմի ցուցադրությունը վրացական կինոթատրոններում սկսվում է ապրիլի 20-ից:" />

«Պատանդներ», կամ երբ պարզ է ավարտը

«Ինքնաթիռի տղաների» մասին ֆիլմի ցուցադրությունը վրացական կինոթատրոններում սկսվում է ապրիլի 20-ից:

«Պատանդները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինի  67—րդ կինոփառատոնում: Ապրիլի 20-ին Ռեզո Գիգինեիշվիլիի ֆիլմը վրացական վարձույթում կհայտնվի: Սյուժեի հիմքում ինքնաթիռի առևանգման ողբերգական պատմությունն է, որը տեղի է ունեցել 1980-ական թվականներին խորհրդային Վրաստանում:

«Պատանդներն» իրական դեպքերի մասին ֆիլմ է: 1983թ-ի նոյեմբերին տեղի ունեցած դեպքի: Այդ օրը յոթ երիտասարդ վրացի փորձել են Թբիլիսիի օդանավակայանից առևանգել ՏՈւ-134 ինքնաթիռը, որը Բաթում էր ուղևորվում: Պլանը հետևյալն էր. զինված առևանգողները պետք է Թուրքիայում վայրէջք կատարեին, իսկ այնտեղից տեղափոխվեին Արևմուտք: Նրանց այնտեղ լավ կյանք էր սպասվում՝ ազատություն, Ամերիկա:

Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Առևանգողները փոխեցին պլանը՝ հայտնաբերելով, որ թռիչքից մի քանի ժամ անց ինքանթիռը վայրէջք է կատարել ոչ թե Թուրքիայում, այլ ետ է վերադարձել Թբիլիսի: Հատուկ ջոկատայինները գրոհեցին ինքնաթիռը, որում 57 ուղևոր կար: Դաժան փոխհրաձգության արդյունքում զոհվեց 7 մարդ, նրանց թվում՝ առևանգողներից երկուսը: Քրեական գործում գրված է, որ ինքնաթիռի ուղղությամբ 108 գնդակ է արձակվել:

Առևանգողների թվում էր 22-ամյա դերասան Գեգա Կոբախիձեն և նրա ուսանողուհին ու կինը՝ Թինա Պետվիաշվիլին: Ինքնաթիռի հափշտակումից մեկ օր առաջ նրանք հարսանիք էին արել:

Առևանգիչներից երկուսը զոհվել էին փոխհրաձգության ժամանակ: Մնացածների համար դատարանն ընտրել էր պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն: Մահապատժից խուսափել է միայն Թինա Պետվիաշվիլին՝ առևանգիչներից միակ կինը: Նրան 14 տարվա ազատազրկման են դատապարտել:

Ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին 8 տարի ուսումնասիրել է թեման. նյութեր է հավաքել, ՆԳՆ և զոհվածների ընտանիքների արխիվային նյութերն է կարդացել, սցենարի հեղինակ, դրամատուրգ Լաշա Բուգաձեի հետ միասին լսել հին հարցազրույցները, հարցաքննության արձանագրությունները:

Չնայած այն բանին, որ ռեժիսորի առջև փաստագրական ֆիլմ ստեղծելու խնդիր դրված չի եղել, փակ շրջանից անհնար է եղել դուրս գալ: Քանի որ «ինքնաթիռային տղաների» թեման բազմիցս քաղաքական շահարկումների թեմա է դարձել և դառնալու է: Դրա հետ կապված շատ հարցերին մինչ օրս պատասխան չկա, և այդ առթիվ կարծիքներն այսօր էլ կտրուկ հակասական են, ինչպես 34 տարի առաջ:

Մի քանի երիտասարդ: Ֆրագմենտների տեսքով: Մակերեսորեն: Նրանց մասին շատ բան չես իմանա, դրա համար ոչ ոք ժամանակ չունի: Լաշան (Գիորգի Խուրցիլավան) և Իրակլին (Վախո Չաչանիձեն) ընկերներ են և բժիշկներ: Բացի այդ, …չգիտեմ, նրա անունն Օտո է (Գիորգի Թաբիձեն խաղում է իր հոր՝ Գիա Թաբիձեի դերը), նա փոքր երեխա ունի, միայն դա է հասկանալի: Նաև Սանդրոն (Գիորգի Գրձելիձե) և Կոկան (Գիգա Դաթիաշվիլին): Շուտով Նիկայի (Իրակլի Կվիրիկաձե) և Թինայի (Թինա Դալաքիշվիլի) հարսանիքն է: Նրանք պատրաստվում են հարսանիքին: Առաջին հայացքից այլևս ոչինչ տեղի չի ունենում: Զննում ես դեմքերը՝ փորձելով մի բան հասկանալ…

Ֆիլմի գլխավոր կերպարները Նիկան (Իրակլի Կվիրիկաձե) և Թինան (Թինա Դալաքիշվիլին) են:

Հարսանիքին նախորդող մի քանի օր, հարսանիք, ինքնաթիռի հափշտակում, ֆիլմում ամեն ինչ պտտվում է այդ երեք էպիզոդների շուրջ:

Նշանակություն չունի՝ նայում ես վերջին տեսարանը, որտեղ իրավապահները տանում են վախից գունատ, արյունաշաղախ ապսամբներին՝ ինքնաթիռի առևանգիչներին, կամ հարսանիքի կադրերը, որին պարում են երջանիկ հարսն ու փեսան. ողջ ֆիլմի ընթացքում քեզ ճնշող  չարագուշակ մթնոլորտ է պարուրում:

Էմոցիոնալ և ոճային առումով ֆիլմն իրոք շատ սուր կերպով փոխանցում է պատմությունը, հիշվում են այդ մանկական, ինքնավստահ դեմքերը, որոնց վրա մեկ քաջույթուն, մեկ երբեմն վախ է արտացոլվում: Սակայն առանց կոնտենտի վերլուծության այն մնում է պատմություն տղաների մասին, որոնք 80-ականներին փորձել են ինքնաթիռ առևանգել: Փորձել են և վերջ:

Հնարավոր է, որոշակի անավարտության զգացողություն է հայտնվում հենց այն պատճառով, որ ահռելի բազմաշերտ նյութը հանգում է ինքնաթիռի հափշտակման դրվագին, և դա վերլուծելու և ֆիլմն ամբողջ ծավալով տեսնելու հնարավորություն չի տալիս:

Ո՞վ է իրականում պատանդ: Նա, ով թեկուզ բռնության ճանապարհով փորձում է դուրս պրծնել աքցանների՞ց, թե՞ նա, ով պատանդ է առևանգված ինքնաթիռում: Չնայած որ ֆիլմի անվանումը երկիմաստ պատասխան է տալիս այդ հարցին, շեշտադրում է արվում մանկամտության, հերոսների մեջ խուճապային վախի վրա, ֆիլմի վերջում, երբ Թինան զրուցում է Նիկայի մոր հետ, հասկանում ես, որ հեղինակները չեն կարողացել ամբողջությամբ հեռանալ իրենց հերոսներից: Չնայած պատմության եզրով զգույշ անցնելու փորձին՝ առասպելականության որոշակի երանգ այնուամենայնիվ զգացվում է:

Հիշում ես դրվագ. ւինքնաթիռը ստիպողաբար իջեցնում են Թբիլիսիում, առևանգիչները բաց չեն թողնում պատանդներին: Երկու առևանգիչ արնաքամ է լինում, կան վիրավորներ: Որոշում են, թե պատանդներից ում բաց թողնել, որ հաղորդագրություն փոխանցի:  Ինքնթիռում միապաղաղ ձայներ են լսվում: Հանկարծ փոքրիկ ձեռքեր ես տեսնում, պատանդ տղան նստած է մթության մեջ և էլեկտրոնային «Դե սպասիր» խաղալիքով է խաղում՝ զաբյուղի մեջ ձվերն է հավաքում: Զուգահեռ՝ աչքերից գետեր պես արցունք է հոսում:

Իսկ ամենաառանձնացող տեսարանը հարսանիքի հաջորդ օրն է: Երեկո: Նիկայի տունը: Սենյակում հյուրեր են հավաքվել, շարունակում են տոնել, միաժամանակ նորապսակներին ճանապարհում են դեպի օդանավակայան: Նիկան և Թինան մտադիր են իրենց մեղրամիսը Բաթումում անցկացնել: Տնից դուրս գալիս Նիկայի դեմքը մռայլվում է, նա, կարծես ինչ-որ բան հիշելով, տուն է վերադառնում: Նա մոտենում է բոլորին, ինչ-որ մեկին համբուրում է, մյուսին ինչ-որ բան է ասում, կատակում է, ծամածռություններ անում, անգամ սեղանի տակ է մտնում: Տեսախցիկը գնում է նրա ետևից և ֆիքսում էմոցիաների յուրաքանչյուր արտահայտումը: Ֆոնային երաժշտություն է լսվում, ավելի ճիշտ՝ խառնաղմուկ, որը հիշեցնում է նվագախմբի աղմուկը փորձից առաջ, անհարթ կակոֆոնիա: Նայում ես այդ դրվագը, լսում այդ աղմուկն ու անհանգստության աննկարագրելի զգացողություն է առաջանում:

Անթերի ստեղծված կլաուստրաֆոբային միջավայր և այդքան մոտ Խորհրդային Միություն վաղուց չէի տեսել: Դա անկասկած ֆիլմի նկարիչ Կոտե Ջափարիձեի և օպերատոր Վլադիսլավ Օպելյանցի ավանդն է: Լավն է նաև դերասանական կազմը, հատկապես՝ Դարեջան Խարշիլաձեն, որը Նիկայի մոր դերն է խաղում: Բացի այդ, ռիթմը, որը 103 րոպե շարունակ թույլ չի տալիս թուլանալ:

«Պատանդները» դրամա է: Դրամա՝ առանց կատարսիսի:


Կարդալ ավելին JAMnews-ում