Տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները համակարծիք են. դրանք բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա" />

Պաշտոնական Երևանն «ամենայն ուշադրությամբ» հետևում է ռուսական ռուբլու տատանումներին

Տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները համակարծիք են. դրանք բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա

ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Այս կարծիքին են Հայաստանի իշխանություններն ու ոլորտի փորձագետները:

Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետևանքով ռուբլու տատանումներ են սկսվել: Տնտեսագետները կարծում են, որ այս գործընթացը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, քանի որ ՌԴ-ն  երկրի խոշորագույն գործընկերներից մեկն է:

Ազգային ժողովի փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով, Հայաստանի 600.000-ից ավել քաղաքացի աշխատում է Ռուսաստանում, և ռուբլու տատանումները, առաջին հերթին, ազդելու են հենց նրանց վրա:

«Ռուսաստանից 1.5 մլն դոլարի չափով ֆինանսական հոսքեր են գալիս, որոնք արժեզրկված են գալու: Եվ այն ընտանիքները, որոնք այստեղ ապրում են իրենց հարազատների, ամուսինների ուղարկած գումարներով՝ ավելի քիչ ապրանքներ են կարողանալու գնել նույն գումարով, քան՝ նախկինում: Մարդկանց գնողունակությունը կնվազի»,- ասել է Միքայել Մելքումյանը:

Նա կարծում է, որ ռուբլու արժեզրկման հետևանքով գուցե փոխվեն գազի, նավթի, զենքի գները և ռազմավարական նշանակության այլ ապրանքներ: Հայաստանից արտահանվող ապրանքներն էլ ռուսական շուկայում, ըստ նրա, հնարավոր է չվաճառվեն, որովհետև ռուսական շուկան կդառնա ոչ գնողունակ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին: Նա ևս նշել է, որ ռուսական արժույթի տատանումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

«Կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ դա չի ներկայացնում, բայց մենք հետևում ենք,  ինչպես նաև կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու և քնարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են հենց ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:


Կարդալ ավելին JAMnews-ում