Հարյուրավոր տեղացիներ բողոքի ակցիա են անցկացրել Պանկիսիում: Նրանք հարցեր ունեն՝ կապված վրացի ուժայինների անցկացրած հատուկ գործողության հետ" />

Պանկիսիի բնակիչները պահանջում են «օբյեկտիվ» հետաքննություն

Հարյուրավոր տեղացիներ բողոքի ակցիա են անցկացրել Պանկիսիում: Նրանք հարցեր ունեն՝ կապված վրացի ուժայինների անցկացրած հատուկ գործողության հետ

Պանկիսիի կիրճի բնակիչները դիմել են Վրաստանի իշխանություններին և անհանգստություն հայտնել հատուկ գործողության վերաբերյալ, որն անցկացվել է անվտանգության ուժերի կողմից դեկտեմբերի 26-ին և որի արդյունքում կալանավորվել է Պանկիսիի 5 բնակիչ, հաղորդում է civil.ge-ն:

Ձերբակալվածներից մեկը՝ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին, գլխի վիրավորում է ստացել հատուկ գործողության ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց: Պետանվտանգության ծառայությունը հաղորդել է, որ իրավապահները Մաչալիկաշվիլիի վրա կրակել են այն պահին, երբ վերջինս փորձել է նռնակ գործի դնել: Սակայն Մաչալիկաշվիլիի ազգականները պնդում են, որ նա քնած է եղել, երբ իրավապահները ներխուժել են նրա սենյակ:

Պանկիսիի կիրճի ավագանին, որն այդ հարցի կապակցությամբ արտակարգ ժողով է հրավիրել Դուիսի գյուղում, ավագանու և Պանկիսիում տեղակայված հասարակական կազմակերպությունների անունից հակիրճ հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ «մենք՝ Պանկիսիի կիրճի բնակիչներս մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջերս ծավալվող իրադարձություններին, որոնք կապված են վրացի ուժայինների կողմից այստեղ անցկացրած հատուկ գործողության հետ»:

«Ստեղծված իրավիճակում մենք համակարծիք ենք, որ իշխանությունների նպատակը երկրում կարգուկանոն սահմանելն է, և այդ տեսանկյունից ոչ ոք դեմ չէ անցկակցված միջոցառումներին: Սակայն մեր դժգոհությունը ուղղված է այն մեթոդներին, որոնց կիրառման արդյունքում մի երիտասարդ՝ Թեմիրան Մաչալիկաշվիլին, ծանր վիճակում է գտնվում, և նրա փրկությունը հարցականի տակ է», — ասվում է ավագանու հայտարարությունում:

Ավելի ուշ մի քանի հարյուր տեղացի բողոքի ակցիա է անցկացրել Պանկիսիում: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Մուրադ Գոդերձիշվիլին լրագրողներին ասել է, որ Մաչալիկաշվիլիի հանդեպ անվտանգության ուժերի գործողությունները «ողջ Պանկիսյան կիրճում մեծ վրդովմունք են առաջացրել»: Նա բողոք է հայտնել նաև այն կապակցությամբ, որ որոշ փորձագետներ Պանկիսին ասոցացնում են ահաբեկչության և հանցավորության հետ:

Գոդերձիշվիլին հույս է հայտնել, որ «գործը օբյեկտիվորեն կհետաքննվի, և հանցագործն անպայման կպատժվի: Հակառակ դեպքում կդիտարկենք, թե ինչ կարող ենք անել օրենքի շրջանակում»։

  • Իրավապահների տեղեկատվության համաձայն՝ Պանկիսյան կիրճում ձերբակալվածները կապ են պահել Թբիլիսիում անցկացրած հատուկ գործողության ընթացքում չեզոքացված Չատաևի և նրա համախոհների հետ: Հենց նրանք են օգնել ահաբեկիչներին ապօրինի հատել Վրաստանի սահմանը, գտնել և վարձակալել բնակարան Թբիլիսիում, զենքով ապահովել:
  • Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-22-ը Թբիլսիի Գաբրիել վանականի փողոցում անցկացրած հատուկ գործողության արդյունքում 3 մարդ է չեզոքացվել, մեկը կալանավորվել է: Ավելի ուշ ՊԱԾ ներկայացուցիչները հաստատել են, որ զոհվածներից մեկն Ահմեդ Չատաևն է; Նա մեղադրվում էր Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման համար:

Կարդալ ավելին JAMnews-ում