Վրաստանում սգո օր է հայտարարվել" />

Չորս զոհ․ Թբիլիսիի բնակելի կորպուսում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել

Վրաստանում սգո օր է հայտարարվել

Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայանի

Թբիլիսիում բնակելի կորպուսում բնական գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այդ թվում՝ չորս տարեկան երեխա։

Վրաստանում այսօր սգո օր է։

Տարբեր վնասվածքներով 8 մարդ բուժում է անցնում Թբիլիսիի հիվանդանոցներում։

Աղետի հետևանքով ավելի շատ հիվանդ  է ընդունել Իաշվիլիի մանկական կլինիկան հինգ երեխա, որոնք թեթև վնասվածքներ են ունեցել, արդեն դուրս են գրվել։

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հետվիրահատական վերականգնման համար շարունակում են մնալ  4 տարեկան և 6 ամսական երկու աղջիկ։ Կլինիկան հայտարարում է, որ փոքրիկ հիվանդի առողջական վիճակը կայուն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ երեկոյան կորպուսի բնակիչները տարհանվել են։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք հնարավոր է շարունակել ապրել այդ շենքում։ Փորձագետները սկսել են ուսումնասիրել կորպուսի վիճակը։

Ո՞րն է ողբերգության պատճառը

Պայթյունը տեղի է ունեցել Դիդի Դիղոմի թաղամասի Ավթանդիլի փողոցի №8 շենքում ժամը 20:00-ին։

Պայթյունն այնքան ուժեղ էր, որ մոտակա շենքերի բնակիչները Ֆեյսբուքում գրել էին, որ երկրաշարժ են զգացել։

Բնական գազը ենթադրաբար պայթել է վեցերորդ հարկում։ Թե հստակ որտեղ է եղել արտահոսքը և ինչն է եղել անսարքության հետևանքը, դեռ հայտնի չէ։

Կորպուսի բնակիչներն ասում են, որ ողջ օրը գազի հոտ են զգացել։ Նրանք զանգահարել են «Կազտրանսգազ» ընկերություն, որը պատասխանատու է Թբիլիսիի գազաապահովման համար։ Ընկերությունը դեպքի վայր է ուղարկել մասնագետների բրիգադ։ Նրանք զննել են շենքը, սակայն չեն գտել որևէ անսարքություն և բնակիչներին ասել են, որ անհանգստանալու ոչինչ չկա։

Նրանց հեռանալուց մի քանի ժամ անց տեղի էր ունեցել պայթյունը, որը չորս մարդու կյանք էր խլել։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել շինարարության կամ շահագործման անվտանգության նորմերի խախտման մասին հոդվածով։

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեռ երեկոյան հարցաքննել են «Կազտրանսգազի» աշխատակիցներին, որոնք զննել էին շենքը։ Մյուս մանրամասները դեռ հայտնի չեն։

Թեժ գիծ

Դիդի Դիղոմիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետարանը թեժ գիծ է գործարկել, որն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով։

Քաղաքացիները, որոնց օգնություն է պետք, կամ նրանք, ովքեր ուզում են տեղեկություն ստանալ կատարվածի մասին, կարող են զանգահարել 237 45 31 հեռախոսահամարով։

Վրաստանում սգո օր է հայտարարվել

Երեկ երեկոյան առողջապահության նախարարի և Թբիլիսիի քաղաքապետի հետ մեկտեղ դեպքի վայր էր ժամանել նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ըստ վարչապետի որոշման՝ Թբիլիսիում հունվարի 17-ին աղետի կապակցությամբ սգո օր է հայտարարվել։ Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականը դեռ երեկ է ստորագրել։

Ըստ նրա հանձնարարության՝ սգո օրվա կապակցությամբ Վրաստանի տարածքում բոլոր վարչական շենքերի և արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի պետական դրոշները կխոնարհվեն։


Կարդալ ավելին JAMnews-ում