Ադրբեջանի ձախողված բլից-կրի՞գ, թե՞ Ռուսաստանի «թաքուն ձեռքը»" />

Չորսօրյա պատերազմ

Ադրբեջանի ձախողված բլից-կրի՞գ, թե՞ Ռուսաստանի «թաքուն ձեռքը»

Թալիշ. ավերված պատմություն

1992-ից ի վեր հայկական Թալիշ գյուղը երկու անգամ ավերվել է և երկու անգամ տեղահանվել: Առաջին տեղահանության ժամանակ Արամ Օհանյանը փրկում էր իր երեխաներին, իսկ մի քանի օր առաջ՝ իր թոռներին:
«Ես թոռներիս պահել էի իմ մարմնով, որպեսզի նրանց կյանքը փրկեմ կարկուտի նման թափվող ռումբերից: Հիմա հավաքել եմ անվնաս մնացած իրերը և տեղափոխվում ենք այլ վայր»,- ասաց Օհանյանը:

Լեռնային Ղարաբաղի ամենահին ու խոշոր բնակավայրերից մեկը՝ Թալիշը, 1992-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրեց գյուղը, և Օհանյանը շրջակայքի շուրջ 40 հազար հայերի հետ փախավ ու կարողացավ փրկել իր ու երեխաների կյանքը:

Գրեթե երկու տարի Թալիշը մնաց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ: 1994-ի ապրիլին, երբ հայկական ուժերը հակառակորդին ստիպեցին նահանջել, Օհանյանը և մյուս գյուղացիների մի մասը վերադարձավ և վերականգնեց ավերված տունը:

2016-ի ապրիլի 2-ի գիշերը, երբ ադրբեջանական զինուժը սաստիկ հրետակոծեց Թալիշը, Օհանյանները՝ ամուսին և կին, հարսը երեք երեխաների հետ՝ փոքրը չորս ամսեկան, քնած էին իրենց սենյակներում: Որդին զինվորական է, այդ գիշեր դիրքերում էր:

«Երեխաները չէին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ռումբերի պայթյունից վախեցած բարձրաձայն լացում էին: Հարսս գրկել ու մարմնով ծածկել էր չորս ամսեկան փոքրիկին, ես ու կինս՝ մյուս երկուսին»,- իր ավերված տան մեջ կանգնած պատմում էր Օհանյանը:

Թալիշը Լեռնային Ղարաբաղի ծայր հյուսիսային հատվածում է՝ սահմանակից ադրբեջանական գյուղերի: Ռմբակոծությունից մի քանի ժամ հետո գյուղի բնակչությունը տարհանվեց: Գյուղի ծայրամասում գտնվող տներում մնացել էին մի քանի ծերեր: Ապրիլի 2-ի առավոտյան գյուղ էր մտել ադրբեջանական դիվերսիոն խումբ: Ադրբեջանցիները գնդակահարեցին երեք ծերերի, կտրեցին նրանց ականջները։

Ադրբեջանական զինուժը գրավեց հայերի մի քանի ռազմական հենակետեր, որոնք մի քանի օր անց հայերը վերագրավեցին: Ադրբեջանական զինուժին հաջողվեց շփման գծի հարավ-արևելյան հատվածում գրավել Լելե թեփե բլուրը և հինգ ռազմական հենակետեր:

Ինչպես սկսվեց 4-օրյա պատերազմը

Ապրիլի 1-5-ի պատերազմը, որ պատճառ դարձավ հարյուրավոր զոհերի ու վիրավորների հայկական ու ադրբեջանական կողմերից, անակնկալ չպետք է համարել, քանի որ 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր հակամարտության կողմերը մտել էին սպառազինությունների մրցավազքի մեջ, բանակցային գործընթացը, լայն հաշվով, փակուղում էր, իսկ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում էր հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր վճռականության մասին:

Չորսօրյա պատերազմի արդյունքում մարդկային կորուստներից բացի կողմերը տվեցին նյութական և զինական բավականին մեծ կորուստներ: 1994-ի մայիսին հաստատված ստատուս-քվոն, սակայն, չփոխվեց, բացառությամբ մի աննշան տարածքի, որն անցավ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:

Ինչպե՞ս սկսվեց չորսօրյա պատերազմը: Ներկայացնենք հիմնական չորս սցենարները:

Առաջին սցենար. դիվերսիոն գործողությունից՝ լայնածավալ ռազմական գործողություններ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցեց Թալիշ, սակայն ջախջախվեց: Խմբին օգնության շտապեց ադրբեջանական Mi 24/35 ոււղղաթիռը, որը խոցվեց Մռավ լեռան արևելքում: Այսպես, ռազմական գործողությունները ծավալվեցին և ընդգրկեցին ԼՂ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքը: Կողմերը օգտագործեցին ծանր հրետանի, այդ թվում՝ Սմերչ և Գրադ համազարկային համակարգեր:

Գնդակոծվում էին ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական օբյեկտները: Չի բացառվում, որ եթե ադրբեջանական կողմին հաջողվեր գրավել Թալիշ և հարևան Մատաղիս գյուղերը, ապա, ոգևորված ձեռք բերված հաջողությունից, նրանք հետևակի ռազմական գործողություններով առաջ շարժվեին շփման գծի տարբեր հատվածներից, հիմնականում՝ Աղդամ-Ստեփանակերտ ուղղությամբ:

Երկրորդ սցենար. ձախողված բլից-կրիգ

Ադրբեջանը փորձեց բլից-կրիգ իրականացնել և գրավել հայկական բնակավայրեր կամ շրջաններ: Այդ տարբերակի օգտին է խոսում այն իրողությունը, որ ադրբեջանական կողմը ապրիլի 1-ի նախօրեին շփման գծի երկայնքով իրականացրել է ծանր տեխնիկայի և անձնակազմի ինտենսիվ տեղաշարժ:

Այդ տեղաշարժի մասին, ինչպես մամուլի ասուլիսում պնդեց ԼՂ առաջնորդ Բակո Սահակյանը, ղարաբաղյան կողմը ունեցել է համապատասխան տեղեկատվություն հակահետախուզության աշխատանքի շնորհիվ: Ադրբեջանական բլից-կրիգը ձախողվեց:

Երրորդ սցենար. Ռուսաստանի «թաքուն ձեռքը»

Այս օրերին արևմտյան, մասամբ նաև հայկական լրատվական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը ակտիվորեն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի Ռուսաստանը հրահրել է ռազմական բախումներ, որպեսզի կողմերը ռազմական գործողությունները դադարեցնելու համար դիմեն Մոսկվային, իսկ վերջինս կազմակերպի հանդիպում, որի արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվեն, իսկ հետագայում հակամարտության գոտում տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր:

Եվ իրոք, Կրեմլի միջնորդությամբ Մոսկվայում կայացավ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր սպայակույտերի պետերի միջև և ռազմակական գործողությունները դադարեցվեցին:

Չորրորդ սցենար. Թուրքիայի «թաքուն ձեռքը»

Հայկական, մասամբ նաև՝ ռուսական լրատվական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ակտիվորեն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի ԼՂ-Ադրբեջան շփման գծում ապրիլյան առաջին օրերի պատերազմական գործողություններում շահագրգռված է Թուրքիան: Թե այս վարկածը ինչպիսի հիմքեր ունի, միանշանակ դժվար է ասել, սակայն փաստ է, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է և աջակցում Ադրբեջանին:

Հայաստանի հակառուսական օրերը

Հայաստանը ապրում է հակառուսական օրեր: Շատերի համար սա կարող է անհավատալի ու զարմանալի թվալ, բայց դա է իրականությունը: Երկրի նախագահն ու վարչապետը մտահոգություն են հայտնում, որ Ադրբեջանը Ղարաբաղի դեմ օգտագործում է այն զենքը, որ Բաքուն գնել և շարունակում է գնել Մոսկվայից: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ռուսական զենքի վաճառքը Մոսկվային որակեց անբարոյականություն:

Ռուս պաշտոնյաները, այդ թվում վարչապետն ու փոխվարչապետը, հայտարարում են, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին՝ համաձայն կնքած պայմանագրերի: Ռուս պաշտոնյաներն ու լրատվամիջոցները ավելի հաճախ են խոսում հայկական ուժերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այդ շրջանները հայկական ուժերի վերահսկողության տակ են անցել հիմնականում 1993-ին, երբ Ադրբեջանում իշխանության էր Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը:

Թվում է, Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է դժվար կացության առաջ: Իր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, զինում է Ադրբեջանին և քարոզչական ճնշում բանեցնում, որ հայկական ուժերը հեռանան Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից:

Սերժ Սարգսյանի և Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Հավանաբար այդ դժվարություններն են, որ ստիպեցին Սերժ Սարգսյանին հանդիպել վերջին տարիների իր ամենախիստ քննադատողին ու անհաշտ հակառակորդին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպումը կայացավ առաջին նախագահի բնակարանում, քննարկվեցին բացառապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է՝ 13.04.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում