Հարգվում են միայն իշխանության համար յուրայինների իրավունքները " />

Չկան մարդու այնպիսի իրավունքներ, որոնք Հայաստանում չեն խախտվել. տարին ամփոփում են իրավապաշտպանները

Հարգվում են միայն իշխանության համար յուրայինների իրավունքները

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews

Հայաստանում ամեն օր խախտվում են մարդու բոլոր տեսակի իրավունքները: Նման տեսակետ են հայտնել իրավապաշտպանները՝ ամփոփելով 2017թ.-ը մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների պաշտպանության տեսանկյունից:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամփոփելու համար ճիշտ կլինի ասել, թե որ իրավունքները չեն խախտվել: Թերևս չկան այնպիսի իրավունքներ, որոնք չեն խախտվել: Եթե մենք մեր ողջ ռեսուրսը ներդնենք իրավունքների պաշտպանության վրա, անգամ այդ պարագայում, չենք կարողանա հասցնել իրականացնել այդ աշխատանքը: Ավելի հեշտ է թույլ չտալ, որ մարդու իրավունքները խախտվեն, քան զբաղվենք իրավունքների խախտման հետևանքները վերացնելով»,- ասել է իրավապաշտպան, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա, մարդու իրավունքների պաշտպանությունը անհնար է, երբ չկա արդար դատաքննության իրավունք:

«Եթե մարդը կարիք ունի դատական պաշտպանության իրավունքի, արդեն իսկ խախտված է  նրա արդար դատաքննության իրավունքը Հայաստանում, որովհետև Հայաստանում ստեղծված չեն արդյունավետ կառուցակարգեր այդ իրավունքի պաշտպանության համար: Ինչպես էլ անեն այս իրավունքը խախտված է: Դատավորները քիչ են, չեն հասցնում քննել բոլոր գործերը, և սա ևս մեծ խնդիր է»,- ասում է Արտակ Զեյնալյանը:

Անցնող տարին Հայաստանում ընտրական էր. տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորի կարծիքով, ազատ ընտրությունների բաղադրատարրերից մեկը՝ ազատ կամքի արտահայտությունը, խախտված է եղել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ մարդու իրավունքների վիճակը չի փոխվել ու չի փոխվելու.

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է ժողովրդավարության վիճակից, օրենքի գերակայությունից: Որպեսզի պետության մեջ մարդու իրավունքները հարգվեն, չոտնահարվեն, նախ քաղաքացիները պետք է ընտրեն իշխանություններին, ապա դատական անկախ համակարգ լինի: Սա այբուբենն է: Այնինչ, Հայաստանում ընտրություններ չեն լինում, այս տարվա ընտրություններն էլ քվեարկություն էին, դրանք ընտրություն չէին: Դատարանը անկախ չէ, նախագահը ամեն օր հրամանագիր է ստորագրում՝ ազատում է մի դատավորի, նշանակում է մյուսին: Սրանով ամեն ինչ ասված է»:

Իրավապաշտպանը շեշտում է, որ այս տարի Հայաստանում խաղաղ հանրահավաքների կամ բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքները չեն ոտնահարվել, որովհետև հանրահավաքներ ու բողոքի ցույցեր չեն եղել:

Փորձագետները կարծում են, որ մարդու իրավունքների խախտման համար մեղավորները շարունակում են անպատիժ մնալ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասում է, որ երկրում արդարադատությունը ընտրողաբար է կիրառվում, իշխանությունները յուրայինների նկատմամբ օրենսդրությունը չեն կիրառում, իսկ ոչ յուրայիններին, օրինակ, ընդդիմադիրներին, խիստ պատժում են:


Կարդալ ավելին JAMnews-ում