Թբիլիսիում կոշտ նարկոքաղաքականության դեմ հերթական ակցիան է անցկացվել" />

«Չի լինի ապաքրեականացում, չի լինի նաև խաղաղություն»

Թբիլիսիում կոշտ նարկոքաղաքականության դեմ հերթական ակցիան է անցկացվել

Լուսանկարը՝ Լևան Խերխեուլիձեի

Հունվարի 25-ին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է իշխանությունների կոշտ նարկոքաղաքականության դեմ հերթական ակցիան:

Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել այն բանից հետո, երբ հունվարի 23-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն արտիստ Գիորգի Գիորգանաշվիլիին դատապարտել է 8 տարվա ազատազրկման առանձնապես խոշոր ծավալի թմրանյութի ձեռքբերման և պահպանման համար: Իսկ ակտիվիստներից մեկին՝ Բեքա Ցիկարիշվիլիին՝ 14 օրվա կալանքի դատարանի շենքի մոտ կատարած խուլիգանական արարքի համար:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համարում են, որ Գիորգանաշվիլիի գործի վերաբերյալ շատ հարցեր կան, իսկ դատավճիռը կայացվել է չապացուցված փաստերի հիման վրա (այդ գործի վկաները միայն ոստիկաններն են, ձերբակալման պահին արված տեսանկարահանում չկա, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ արտիստի մոտ թմրանյութ չի եղել, և այն բերել են ոստիկանները: Նույն բանն է պնդում նաև Գիորգանաշվիլին: Նրա խոսքով՝ թմրանյութը ոստիկանության ձեռքի գործն է:

Լուսանկարը՝ Բեքա Բուխնիկաշվիլիի

Հասարակության այս վրդովմունքն առաջացնում է խիստ դատավճիռը՝ 8 տարվա ազատազրկումը, ինչը, շատերի կարծիքով, չափից դուրս է:

Ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել Գիորգանաշվիլիին և Ցիկարիշվիլիին, գործով անցնող ոստիկաններին պատժել և կարճ ժամկետներում «ռեպրեսիվ և անմարդկային» նարկոքաղաքականությունն ազատականացնել: Նրանք Վրաստանի նախագահին կոչ են արել ներում շնորհել Գիորգանաշվիլիին: Ակտիվիստներն ակցիային եկել էին հետևյալ պաստառներով՝ «Չի լինի ապաքրեականացում, չի լինի խաղաղություն», «Պատժե՛լ ոստիկաններին», «Վերջացրե՛ք»:

Լուսանկարները՝ Բեքա Բուխնիկաշվիլիի

Իրականացվող նարկոքաղաքականությանը հունվարի 25-ին անդրադարձել է ժողովրդական պաշտպանը: Նինո Լոմջարիան կարծում է, որ Գիորգանաշվիլիի գործն «առանձնահատուկ սրությամբ ի ցույց է դնում Քրեական օրենսգրքի՝ թմրանյութերի հետ կապված կոշտ և ռեպրեսիվ կարգավորումների խնդիրը»: Օմբուդսմենը նաև կոչ է արել խորհրդարանին առաջնայն խնդիր ճանաչել նարկոքաղաքականության բարեփոխումն ու «նվազագույն ժամկետներում» նոր օրենքների ընդունումը:

Նարկոքաղաքականությունն այն թեման է, որն իր արդիականությունը չի կորցնում վերջին մի քանի տարվա ընթացքում: Նախորդ տարի այդ առիթով բողոքի մի քանի ակցիա է անցկացվել: Ամենամարդաշատը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հունիսի 10-ի ցույցն էր. իշխանության նարկոքաղաքականության դեմ բողոքում էին հազարավոր երիտասարդ թբիլիսցիներ, իսկ ցույցի պատճառը «Բիրժա-մաֆիա» խմբի երկու ռեփերների կալանքն էր:

21-ամյա Գիորգի Կեբուրիան և 28-ամյա Միշկա Մգալոբլիշվիլին ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափի հոգեմետ թմրանյութերի ձեռքբերման և պահպանման համար: Կալանավորվածները, սակայն պնդում էին, որ թմրանյութերը գցել էին իրավապահները՝ փորձելով այդ կերպով հաշիվ մաքրել այն երաժշտական տեսահոլովակի համար, որում ներկայացված էր վրացի ոստիկանի ծաղրանկարային կերպարը: Պատմությունն ավարտվեց ռեփերներին ազատ արձակելով, երբ Բիձինա Իվանիշվիլիի տղան՝ Բերան, ֆեյսբուքյան իր էջում աջակցություն հայտնեց անախորժությունների մեջ ընկած երաժիշտներին:

Գիորգի Գիորգանաշվիլիի և «Բիրժա-մաֆիայի» դեմ հարուցած գործերն առանձնահատուկ ինչ-որ բան չեն, որոնց վերաբերյալ հարցեր են առաջանում ոչ միայն երկրի շարքային բնակիչների, այլ նաև հասարակական կազմակերպությունների և դիտորդների մոտ:

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թմրանյութ գցելու պրակտիկան լավ հայտնի է Վրաստանի նախագահին և նրա ընտանիքի անդամներին: Նախագահի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին, հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ոստիկանական այս գործողությունների զոհեր են հաճախ դառնում երկրի այլախոհ քաղաքացիները:

Հասարակական կազմակերպությունների կողմից Վրաստանի խորհրդարանին է ներկայացվել և արդեն քննարկվում է նարկոքաղաքականության ազատականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Սակայն գործընթացը բավականին ծանր է ընթանում, քանի որ իշխող թիմում այս հարցի վերաբերյալ կարծիքները ծայրահեղ տարբեր են:

Դեկտեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանի առողջապահության հարցերով կոմիտեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի համաձայն՝ չեղարկվում է քրեական պատասխանատվությունն անձնական օգտագործման նպատակով քիչ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելու համար: Փոփոխությունները ենթադրում են նաև վերականգնողական ծրագրի իրականացում:

Սակայն, չնայած առողջապահության կոմիտեի դիրքորոշմանը, իշխող «Վրացական երազանքի» մեծ մասը կարծում է, որ ապաքրեականացումը հակառակ արդյունք կտա և կնպաստի թմրանյութ օգտագործողների թվի ավելացմանը:

Մի քանի օր առաջ նարկոքաղաքականությանն անդրադարձավ նաև կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Սուրբծննդյան ուղերձում պատրիարքը կոչ արեց իշխանություններին վերանայել կոշտ նարկոքաղաքականությունը, որն ուղղված է պատժելուն, և դիտարկել նոր վերականգնողական կենտրոնների բացման հնարավորությունը: Սակայն միաժամանակ պարզվեց, որ պատրիարքարանը չի աջակցում ոչ կառավարական կազմակերպությունների օրինագծին, որը ներկայացվել է խորհրդարանին, և անգամ պահանջում է կասեցնել դիտարկման գործընթացը: Վրաստանում, որտեղ եկեղեցին հսկայական հեղինակություն է վայելում, հոգևորականների դիրքորոշումը հաճախ կանխորոշում է նույնիսկ իշխանությունների գործողությունները:

Հունվարի 22-ին՝ Գիորգանաշվիլիի դատավճռի հրապարակման նախօրեին, նարկոքաղաքականության հարցերով հայտարարությամբ հանդես եկավ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Ըստ նրա՝ «մարդասիրական և համալիր նարկոքաղաքականության իրականացումը միակ ելքն է», թեև թմրանյութերի իրացման և տարածման հարցում «խիստ մոտեցումը ոչ միայն պահպանվելու է, այլ նաև էլ ավելի է խստացվելու»:

Սոցցանցերում Գիորգի Գիորգանաշվիլիին արտահայտվող աջակցությանը զուգահեռ, հաճախ են հանդիպում նաև նարկոքաղաքականությունը խստացնելու կոչեր: Խորհրդարանի մոտ «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման կազմակերպած ակցիան այնքան էլ բազմամարդ չէր: Այդ ամենը վկայում է այն մասին, որ այս հարցի վերաբերյալ հասարակությունում կոնսենսուս չկա, կարծում են դիտորդները:


Կարդալ ավելին JAMnews-ում