Սի Ցզինպինը կարող է իշխանության ղեկին մնալ անսահմանափակ ժամկետով" />

Չինաստանը գնում է Ռուսաստանի և Ադրբեջանի ուղով

Սի Ցզինպինը կարող է իշխանության ղեկին մնալ անսահմանափակ ժամկետով

Հուշանվեր-ափսեներ Չինաստանի ներկայիս և նախկին ղեկավարների դիմանկարներով՝ այդ թվում լեգենդար Մաո Ցզեդունի: REUTERS/Ջեյսոն Լի

Մինչև բոլորովին վերջերս 21-րդ դարի երկու երկիր չեղարկել է պետական բարձրագույն պաշտոնը մեկ մարդու կողմից զբաղեցնելու ժամկետների սահմանափակումները՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը: Այժմ նրանց է միացել նաև երրորդ երկիրը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը գրեթե միաձայն քվեարկել է բարձրագուն պետական պաշտոնը՝ ՉԺՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամկետի սահմանափակումը չեղարկելու օգտին: Ժողովի գրեթե 3 հազար անդամներից միայն երկուսն են դեմ քվեարկել այդ որոշմանը, հաղորդում է Բի-Բի-Սին:

Ժողովի քվեարկությունն ընդամենը ձևական նշանակություն ուներ, քանի որ քչերն էին կարծում, որ այդ մարմինը չի հաստատի Չինաստանի կոմկուսի Կենտկոմի այս նախաձեռնությունը:

1993թ-ից Չինաստանում երկրի նախագահի պաշտոնում լինելու սահմանափակում էր գործում: Մեկ մարդը կարող էր պաշտոնավարել երկու հնգամյա ժամկետ, որից հետո պետք է զիջեր իր պաշտոնը: Սի Ցզինպինի նախորդ երկու գործընկերներն այդպես էլ արել էին:

Չինաստանի ներկայիս ղեկավարն իշխանության է եկել 2013թ-ին և, հետևաբար, կարող էր պաշտոնավարել մինչև 2023թ-ը: Իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նա հակակոռուպցիոն արշավ էր ծավալել և ակտիվորեն ճնշում էր այլախոհությունը:

Պաշտոնավարման ժամկետի սահմանափակումից զատ, ժողովը քվեարկել է նաև, որ Չինաստանի սահմանադրությունում ամրագրվեն «Սի Ցզինպինի մտքերը նոր դարաշրջանում չինական նմուշի սոցիալիզմի մասին»: Դրանով իսկ Սի Ցզինպինն, ըստ էության, հավասարեցվել է Մաո Ցզեդունին՝ Չինաստանի Կոմկուսի հիմնադրին:

Այժմ ՉԺՀ նախագահին ոչ ոք  ըննդիմություն դառնալ չի կարող, քանի որ նրա հայացքներն  ամրագրված են երկրի Սահմանադրությամբ:

Փորձագետները համակարծիք են, որ Չինաստանում օրենսդրական փոփոխություններն ավելի ու ավելի քիչ տարածք են թողնում երկրի զարգացման մասին երկխոսության համար: Այժմ ՉԺՀ-ում պետական գաղափարախոսություն կա, որը պարտադիր է բոլորի համար:


Կարդալ ավելին JAMnews-ում