Զբոսաշրջային հոսքը դեպի Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտի տարեցտարի աճում է" />

Չեռնոբիլը որպես բիզնես

Զբոսաշրջային հոսքը դեպի Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտի տարեցտարի աճում է

HBO ալիքը ցուցադրել է իր «Չեռնոբիլ» մինի-սերիալի հինգերորդ ավարտական սերիան, որը նվիրված է 33-ամյա վաղեմության աղետին։ Արևմուտքում ֆիլմը չափազանց լավ է ընդունվել, Ռուսաստանում՝ ավելի զուսպ, բայց, միևնույն է, ողջ պատմության ընթացքում ռեկորդային վարկանիշներով։

Է՞լ ով է բիզնես անում Չեռնոբիլի հաշվին The Republic-ի հրապարակումը

Կայուն հետաքրքրություն

Հետաքրքրությունն այն բանին, թե ինչ է տեղի ունեցել Չեռնոբիլի ատոմակայանում, երբեք չի նվազել։

Չեռնոբիլ մեկնող զբոսաշրջիկների քանակը տարեցտարի աճում է։ Եթե երկու տարի առաջ այն ողջ աշխարհից 50 հազար մարդ է այցելել, ապա 2018թ-ին՝ արդեն մոտ 75 հազար։ Այս տարի, կանխատեսումների համաձայն, Չեռնոբիլ կայցելի մինչև 100 հազար մարդ, ասում է CHERNOBYLwel.come սլովենական զբոսաշրջային ընկերության մենեջեր Միխալ Կրայչիրը։

Բիզնեսի մեկնարկը

Չեռնոբիլը սկսել է ողջ աշխարհում հայտնի զբոսաշրջային ուղղության վերածվել 2010թ-ի սկզբին, երբ ուկրաինական իշխանությունները զբոսաշրջիկների համար (2011թ-ին) բացեցին օտարման գոտին, և խոշոր անգլալեզու լրատվականները սկսեցին գրել դրա՝ որպես ամենահետաքրքիր վայրի մասին այն մարդկանց համար, ովքեր սիրում են արկածներն ու «մռայլ» զբոսաշրջությունը։

Արդեն 2017թ-ին, ըստ Չեռնոբիլի զբոսաշրջության ասոցիացիայի (Ուկրաինա) նախագահ Սերգեյ Միրնիի գնահատականով, չեռնոբիլյան գոտին ուկրաինական բյուջեին մոտ 200 հազար դոլար է բերել։ Ընդ որում, այցի արժեքը համեմատաբար մեծ չէ․ մեկօրյա էքսկուրսիաներն արժեն 50-100 դոլար, երկօրյա այցերը՝  200-300 դոլար՝ կախված ծառայություններից (օրինակ՝ սննդի առկայությունից)։ Խմբային տուրերից բացի օպերատորներն առաջարկում են նաև մասնավոր էքսկուրսիաներ և օտարման տարածքում ինքնաթիռով թռիչքներ։

Կինոն՝ որպես առևտրի շարժիչ ուժ

HBO-ի սերիալի ցուցադրությունն իրական զբոսաշրջային բում է առաջացրել, էքսկուրսիաների կազմակերպիչները հաղորդում են Չեռնոբիլի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճի մասին։ Ուկրաինական երկու ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ մոտակա երեք ամսվա ամրագրած տուրերի քանակն աճել է 30-40%-ով։ Մեկ օրում կարող է մինչև երկու հազար այցելու գալ։

Զբոսաշրջիկների մեծ մասն արտասահմանցիներ են։ Նախորդ հարցազրույցներում Միրնին պատմել է, որ արտասահմանից ժամանածները կազմում են զբոսաշրջային հոսքի մոտ երկու երրորդը (մնացածներն Ուկրաինայի քաղաքացիներ են)։ Այժմ օտարման գոտու կառավարման պետական գործակալությունն արտասահմանցիների մասնաբաժինը գնահատում է որպես այցելուների ընդհանուր թվի ութսուն տոկոսը։ Մինչև 2014թ-ը զբոսաշրջիկների կեսից ավելին Ռուսաստանից էր գալիս, սակայն այսօր նրանք «բացառություն են»․ իրենց դերն են ունեցել այս հարցում երկրների միջև վատթարացած հարաբերություններն, ասում է Միրնին։

Միջին վիճակագրական չեռնոբիլյան զբոսաշրջիկը 25-40 տարեկան է, սիրում է արկածներ և անսովոր տպավորություններ է ուզում։ Այցելուների մեկ երրորդը կանայք են։

Ի՞նչ տեսնել

Գլխավոր տեսարժան վայրերը Պրիպյատ ուրվական քաղաքն է, «Աղեղ» ռադիոլոկացիոն կայանը, որը կառուցվել է միջկոնտինենտալ հրթիռների վաղ հայտնաբերման նպատակով, և հենց կայանը։

Զբոսաշրջիկներին թույլատրվում է այցելել նաև կայանի վարչական շենքը, տեղի թանգարանը, «ոսկե միջանցքը» (այն անցնում է կայանի բոլոր էներկաբլոկներով)։ Այցելուներին ցույց են տալիս առաջին ռեակտորի կառավարման վահանակը, ինչպես նաև ույլ են տալիս դրսից մոտենալ չորրորդ էներգաբլոկի սարկոֆագի պատերին, որտեղ և տեղի է ունեցել վթարը։ Զբոսաշրջիկների համար հասանելի գոտիներում ռադիացիայի մակարդակը վտանգավոր չէ առողջության համար կարճաժամկետ այցելության դեպքում։

Տպավորություններ

Դատելով զբոսաշրջային կայքերում գրվող արձագանքների քանակից՝ այդ ամենն իրոք մեծ տպավորություն է թողնում։

«Շատ ազդեցիկ վայր է, արժե այցելել, 10-ից 10»; «Սյուռռեալիստական փորձ է, որը նման չէ ոչ մի այլ բանի»; «Նույնիսկ չեմ կարող արտահայտել, թե դա որքան անհավանական էր։ Էական չէ, թե արդյոք պատմությունը գիտեք, տեղյակ եք այն ամենից, ինչ այդտեղ կատարվել է, տպավորություններն այդ վայրից երկար ժամանակ չեն մարում»․ այսպես են հազարավոր մարդիկ նկարագրում չեռնոբիլյան իրենց այցելությունը։

Սակայն գոտու ոչ բոլոր այցելուներն են հիացմունք արտահայտում․ ոմանց թվում է, որ տուրերի կազմակերպիչները չափազանց ակնհայտ են շահարկում զբոսաշրջիկների վախերն ու սպասումները։

«Ես պատմաբան եմ, ինձ հետաքրքիր է, – գրում է TripAdvisor-ի այցելուներից մեկը։ – Սակայն հինգ ժամ էքսկուրսիայից հետո ուզում էի Կիև վերադառնալ։ Շատ են կանգառներն ու անցումները, նախանշված երթուղին և փլատակներում հմտորեն տեղադրված տիկնիկները․․․ չափազանց են»։


Կարդալ ավելին JAMnews-ում