Օյուբ Թիթիևն ասում է, որ թմրանյութերն իր մոտ ոստիկաններն են գցել, իսկ գործը շինծու է" />

Չեչեն իրավապաշտպանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել մարիխուանայի պահպանման համար

Օյուբ Թիթիևն ասում է, որ թմրանյութերն իր մոտ ոստիկաններն են գցել, իսկ գործը շինծու է

Օյուբ Թիթիև։ Լուսանկարը՝ «Մեմորիալի»

Ռուսաստանի կազմում գտնվող հյուսիս-կովկասյան Չեչնիայի Հանրապետության դատարանն իրավապաշտպան, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի տեղի մասնաճյուղի ղեկավար Օյուբ Թիթիևին դատապարտել է չորս տարվա ազատազրկման (գաղութ-բնակավայրում) առանձնապես խոշոր չափի թմրանյութ պահելու գործով։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», դատարանն ապացուցված է համարել Թիթիևի մեղքը թմրանյութերի պահպանման գործում, սակայն նաև մեղմացնող հանգամանքներ է հաշվի առել՝ դրական բնութագրերն ու այն փաստը, որ իրավապաշտպանը նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Դատարանը նաև վճռել է, որ Թիթիևը հասարակության համար վտանգ չի ներկայացնում, այդ պատճառով էլ նրա հանցանքը կարելի է միջին ծանրության համարել։

• Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են ոչ միայն իրավապաշտպաններին և ԼԳԲՏ-ներկայացուցիչներին, այլև դեռահասներին

• Չեչնիայում տեղի ունեցած վթարի զոհերի հարազատները հանրապետության ղեկավարին հանրային կերպով խնդրել են «ներել» մեղավորին՝ նրա ազգականին

Գաղութ-բնակավայրը քրեակատարողական հաստատությունների տեսակ է Ռուսաստանում, որտեղ պատիժ են կրում այնպիսի հանցանքների համար, որոնք կատարվել են անզգուշաբար, ինչպես նաև առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձինք։

 

Դատապարտյալները գաղութ-բնակավայրերում առանց բանտապանների են գտնվում՝ գաղութի վարչակազմի վերահսկողության տակ։ Ցերեկը նրանք օգտվում են գաղութի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքից, ղեկավարության թույլտվությամբ կարող են լքել այն։ Դատապարտյալներին կարող են թույլ տալ գաղութում ապրել իրենց ընտանիքների հետ, ինչպես նաև դրանից դուրս։ Նրանք կարող են իրենց մոտ փող պահել, սովորական հագուստ կրել և այլն։

Ավելի վաղ մեղադրող կողմը նրա համար պահանջում էր ընդհանուր ռեժիմի գաղութում չորս տարվա ազատազրկում և 100 հազար ռուբլի տուգանք։ Անցյալ շաբաթ դատարանում իր վերջին խոսքն ասելիս, Թիթիևը հերթական անգամ հայտարարեց, որ իր քրեական հետապնդումը կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ։

«Ինչպես գիտենք, նրանք, ովքեր կարել են այս գործը և ութ ամիս շարունակ կեղծ ցուցմունքներ տվել, ձգտելով, ինձ որքան հնարավոր է, երկար ճաղերի հետևում պահել, նրանք բոլորն իրենց մուսուլման են համարում։ Նրանցից ոչ ոք հետաքրքրված չէ ճշմարտությունը պարզելու մեջ։ Ես ամաչում եմ այն մարդկանց համար, որոնք իրենց մուսուլման են անվանում, բայց այդքան ցածրացել են»։

Հիշեցնենք, որ Օյուբ Թիթիևին ձերբակալել են 2018թ-ի հունվարի 9-ին Չեչնիայում, երբ նա ատամնաբույժի էր գնում։ Ոստիկանության աշխատակիցներն իրավապաշտպանի մեքենայում իբր 200 գրամ մարիխուանա էին հայտնաբերել։ Նա իր մեղքը չի ընդունում։ Նրա պաշտպանը պնդում է, որ թմրանյութերը գցվել են մեքենա, իսկ նրա դեմ գործը սարքվել է քաղաքական դրդապատճառներով՝ «Մեմորիալի» իրավապաշտպան լինելու և հետազոտական աշխատանքների պատճառով։

Ի պաշտպանություն Թիթիևի՝ բազմիցս հայտարարություններ են արել հայտնի ռուս և միջազգային գործիչներ, իսկ նրա քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով հանդես է եկել Եվրախորհրդարանն ու ԱՄՆ Պետդեպը։

Amnesty International, «Մեմորիալ» և Humans Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունները Թիթիևին քաղբանտարկյալ են ճանաչել։


Կարդալ ավելին JAMnews-ում