Արդարադատության նախարար․ մենք երաշխիքներ ենք ստացել Ռուսաստանի դատախազությունից, որ Ռամզան Ախիադովին մարդկայնորեն են վերաբերվելու " />

Չեչեն բանտարկյալը, որին Վրաստանը Ռուսաստանին է փոխանցել

Արդարադատության նախարար․ մենք երաշխիքներ ենք ստացել Ռուսաստանի դատախազությունից, որ Ռամզան Ախիադովին մարդկայնորեն են վերաբերվելու

Ձերբակալված ցուցարարի ձեռքը ոստիկանության ավտոբուսումРука задержанного протестующего в полицейском автобусе

Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն Ռամզան Ախիադովին, որը հետախուզվում էր ռուսական իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, մարդկանց Իսլամական պետության շարքերը հավաքագրելու, ինչպես նաև 2013-2015թթ-ին Իսլամական պետության շարքերում մարտական գործողությունների մասնակցելու մեղադրանքով։

Վրաստանում Ախիադովի արտահանձնումը մեծ արձագանք է առաջացրել․ վրացի քաղաքական գործիչներն ու իրավապաշտպաններն իշխանություններին մեղադրել են եվրոպական կոնվենցիաների խախտման և Կրեմլի հրամաններն առանց առարկության կատարելու համար։

Իսկ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ ՌԴ դատախազությունից երաշխիքներ են ստացել առ այն, որ Ախիադովին մարդկայնորեն են վերաբերվելու։

_________________

1979թ-ին ծնված Ռամզան Ախիադովին Մոսկվան փնտրում էր Ինտերպոլի միջոցով։

Ախիադովը Մոսկվա է արտահանձնվել սեպտեմբերի 19-ի առավոտյան։

Ախիադովի մասին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հայտարարությունից քիչ բան կարելի է իմանալ։ Ցուլուկիանին ասել է, որ Ախիադովը Վրաստան է եկել Թուրքիայից, որտեղ «նույնպես օգնել է ահաբեկչական կազմակերպության»։

«Այս գործի մասին ավելին չեմ կարող ասել», – հայտարարել է նախարարը։

Կարծիք․ երկու հայրենիք։ Ո՞րն է Ռուսաստանի և Ուկրաինայի տարբերությունը

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշեք նրա պատերազմները»

JAMnews-ը զրուցել է Ախիադովի փաստաբան Ալեքսանդր Թաթելիշվիլիի հետ։

Նա հաղորդել է, որ Ռամզան Ախիադովն իր ընտանիքով բնակվում էր Քութայիսիում 2016թ-ից։ Փոքր բիզնես ուներ, Վրաստանը չէր պատրաստվում լքել և քաղաքացիություն ստանալու մտադրություն ուներ։

Ալեքսանդր Թաթելիշվիլին ասում է, որ վրացի իրավապահները կալանավորել են Ախիադովին բոլորովին պատահաբար․ ինն ամիս առաջ նրան Քութայիսիում ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան սխալ կայանելու համար, և հենց այդ ժամանակ է պարզվել, որ նա Ինտերպոլի գծով հետախուզման մեջ է։

Վերջին ինն ամիսն Ախիադովն անցկացրել է Ռուսթավի քաղաքի վեցերորդ քրեակատարողական հաստատությունում։ Ռուսաստան արտահանձնելու հարցը քննարկվել է նրա կալանավորման հետ միաժամանակ։

Ախիադովը դիմել է Վրաստանի իշխանություններին իրեն Ռուսաստանին չփոխանցելու խնդրանքով։ Իր խնդրագրում նա նշել է, որ Ռուսաստանում նա արդար դատաքննության հույս չունի, իսկ բանտում իրեն սպասում են կտտանքներ և անմարդկային վերաբերմունք։

Վրաստանի միգրացիոն ծառայությունը մերժել է ձերբակալվածին փախստականի կամ հումանիտար այլ կարգավիճակի տրամադրման հարցում։ Ախիադովը բողոքարկել է դատարանի այդ վճիռը, սակայն գործը տանուլ է տվել։

Փաստաբանի խոսքով՝ Ախիադովի գործում հարցերը շատ են։ Նա պնդում է, որ գործում կարված են միայն Ռուսաստանի դատախազության վճիռները, և Ախիադովի մեղքի ոչ մի ապացույց չկա։

«Խնդիրն այն է, որ արտահանձնումն իրականացվել է միայն Ռուսաստանի դատախազության որոշումների հիման վրա։ Գործում ուրիշ ոչինչ չկա՝ ոչ վկաների ցուցմունքներ, ոչ որևէ ֆոտո- և տեսանյութեր, ոչ ապացույցներ, օրինակ, Սիրիայի սահմանը հատելու փաստի վերաբերյալ։

Ոչ մի ուրիշ փաստաթուղթ, բացի Ռուսաստանի դատախազության որոշումները։ Ոչ ոք ռուսական կողմից նույնիսկ չի պահանջել Ախիադովի մեղքի լրացուցիչ ապացույցներ։ Նույն հաջողությամբ կարելի է հետախուզման և մարդուն արտահանձնելու ցանկացած որոշում ուղարկել։

Սակայն չէ՞ որ անհրաժեշտ է պահպանել փաստաթղթավորված ենթադրությունների գոնե նվազագույն չափանիշներ։ Մի՞թե այդպես կուրորեն կարելի է վստահել Ռուսաստանին։ Միջազգային կոնվենցիաները մեզ պարտավորեցնում են ավելի մեծ զգուշություն ցուցաբերել, երբ իրավիճակը վերաբերում է մարդկանց արտահանձնմանը», – ասում է փաստաբանը։

Երաշխիք Ռուսաստանի դատախազի կողմից

Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ասում է, որ Ախիադովին Ռուսաստանին փոխանցելուց առաջ «վրացական կողմը ՌԴ-ից գրավոր երաշխիքներ է ստացել առ այն, որ, չնայած ծանր հոդվածներով մեղադրանքներին, Ռամզան Ախիադովը մարդկային պայմաններում է գտնվելու»։

Նա կարծում է, որ գրավոր երաշխիքներ ստանալուց հետո հիմքեր չկան համարելու, որ Ախիադովին Ռուսաստանում որևէ բան է սպառնում։

«Ստրասբուրգյան չափանիշները թելադրում են, որ նման երաշխիքները չի կարելի կասկածի տակ դնել», – հայտարարել է Ցուլուկիանին։

Ահա ամբողջական մեջբերումը․

«Անձամբ ինձ՝ որպես Ստրասբուրգի դատարանի նախկին իրավաբանի համար յուրաքանչյուր չեչեն, յուրաքանչյուր կիստինացի (Վրաստանի էթնիկ չեչեն), մեր քաղաքացին, կամ ուրիշ կողմի քաղաքացին եղել է և շարունակում է առաջնահերթություն լինել։ Այդ պատճառով էլ մենք Ռուսաստանի Դաշնությունից գրավոր երաշխիքներ են ստացել, որտեղ ասվում է, որ, չնայած մեղադրանքի ծանր հոդվածներին, Ախիադովը բանտում նորմալ պայմաններում է պահվելու։

Նրան չի սպառնում այն խնդիրը, որը որակվում է որպես եվրոպական կոնվենցիայի խախտում։ Խոսքն այն հոդվածի մասին է, որը ենթադրում է կտտանքների արգելք, կյանքի իրավունքի պաշտպանություն և այլն»։

«Մարդուն ուղարկել են կտտանքների»

Ի տարբերություն արդարադատության նախարարի՝ ռուսական դատախազության երաշխիքներին չի հավատում ոչ Վրաստանի ընդդիմությունը, ոչ իրավապաշտպանները։

Ախիադովի փոխանցումը Ռուսաստանին առաջացրել է հասարակության քաղաքականապես ակտիվ մասի սուր արձագանքը։

«Դեռ երեկ այդ մարդն այստեղ էր, իսկ հիմա նա Ռուսաստանում կտտանքների է ենթարկվում։ Նրան չպաշտպանեցին։ Չենք ներելու դա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ելենա Խոշտարիան։

Նրա խոսքով՝ դա «Վրաստանի իշխանությունների ևս մեկ բացահայտ ռուսամետ և անմարդկային որոշումն է»։

«Մարդու իրավունքների կենտրոն» նախագծի ղեկավար Ուչա Նանուաշվիլին JAMnews-ի հետ զրույցում հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում է կոնվենցիայի անդամ պետություններին նման դեպքերում ուսումնասիրել բոլոր ռիսկերը, որոնք պարունակում է արտահանձնումը, իսկ վրացական կողմի դեպքում դա չի արվել։

«Ահա այդպես առանց առարկության, առանց մեղքի ապացույցների ուսումնասիրման, միայն դատախազության հարցման հիման վրա նման բան անելը մարդու իրավունքների խախտում է», – ասում է Նանուաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունների շարժառիթներն այնքան անհասկանալի են, որ մնում է ենթադրել, որ «իշխանությունը բացահայտորեն կատարում է Կրեմլի պահանջները՝ ձգտելով չնյարդայնացնել նրան»։

«Այնտեղ, որտեղ կտտանքների կիրառման հավանականություն կա, մարդուն չեն փոխանցում», – ասում է Նանուաշվիլին։

Ի՞նչ է կատարվում ռուսական բանտերում

Ռուսական բանտերում կտտանքները սովորական բան են, ինչը հաստատվում է միջազգային կազմակերպությունների հաշվետվություններով։

Եվրախորհրդի հաշվետվության համաձայն, դատապարտյալների շրջանում մահացության թվով Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում․ այստեղ յուրաքանչյուր 1000 դատապարտյալի բաժին է ընկնում 6 մահվան դեպք։

Մի քանի թարմ փաստեր․ հուլիսի 20-ին անկախ «Նովայա գազետան» հրապարակել է Յարոսլավլի №1 գաղութի աշխատակիցների կողմից դատապարտյալ Եվգենի Մակարովի խոշտանգման տեսագրությունը։ Նրա ձեռքերը կապված են, և նրա կրունկներին հարվածում են մահակներով։ Ժամանակ առ ժամանակ նրա վրա ջուր են լցնում, այնուհետև ստիպում հանել տաբատն ու ներքնազգեստը։

Հուլիսի 22-ին Բրյանսկի համար 6 գաղութում բանտարկյալը մահացել է ստացած հարվածներից։ Բանտի աշխատակիցը պարզապես խեղդել է նրան։

Ռուս իրավապաշտպան, «Русь сидящая» ( նստած Ռուսասատան) հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովան ասում է, որ ռուսական բանտերում կտտանքներն այնքան սովորական և առօրեական գործ են դարձել, որ անգամ պետական հեռուստաալիքները չեն խորշում դրանք ցուցադրել։

«Բավական է YouTube-ի որոնման տողում գրել «կտտանքներ, բանտ, գաղութ, Ռուսաստան» և հարյուրավոր հղումներ կհայտնվեն։ Այս մասին, ի դեպ, նաև պետական հեռուստաալիքներն են բազմիս ասել։ Օրինակ, վերջերս Չելյաբինսկի բանտում կատարվող կտտանքների մասին մի ամբողջ հաղորդում են ցուցադրել տեղական շրջանային հեռուստատեսությամբ», – ասում է Ռոմանովան։

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանի քրեակատարողական համակարգը փակ է, ինչպես երբեք։

«Ոչ ոք այդ այլանդակության համար պատիժ չի կրում մի քանի պատճառով։ Առաջին հերթին, դա խիստ փակ համակարգ է։ Անկախ դիտորդներին այդ համակարգ ընդհանրապես չեն թողնում մտնել։ Ոչ մի վերահսկողություն չկա։ Շատ դժվար է գաղութ մտնել ստուգելու համար, թե որքանով են այնտեղ պաշտպանված մարդու իրավունքները։ Եվ այդ համակարգն ավելի ու ավելի է փակվում համատարած կոռուպցիայի պատճառով», – ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ բնակչությունը կարծես նույնպես արդեն սովորել է բանտերից ստացվող սարսափելի նորություններին․

«Դրան բոլորը սովորել են։ Դրանք արդեն սովորական կանոններ են նախնական կալանքի կենտրոններում, գաղութներում, ոստիկանության և ԱԴԾ-ի բաժանմունքներում։ Կարող եք թեկուզ թարմ նորություններ լսել․ «Ցանցի» գործը Պենզայում, գործարար Պշենիչնիի սարսափելի մահը Սանկտ Պետերբուրգի նախնական կալանքի բանտախցում․ նրա ողնաշարն էր կոտրված, իսկ բերանում՝ այսպես կոչված «եռուցիչ»», – ասում է Ռոմանովան։


Կարդալ ավելին JAMnews-ում