Աբխազիայի առևտրաարդյունաբերական պալատը ցուցահանդեսին գրանցվել է որպես մասնավոր ընկերություն" />

Չեխ և վրացի քաղաքական գործիչները բողոքում են, որ Աբխազիան Պրահայում ցուցահանդեսի է մասնակցել որպես անկախ պետություն

Աբխազիայի առևտրաարդյունաբերական պալատը ցուցահանդեսին գրանցվել է որպես մասնավոր ընկերություն

Աբխազիայի ներկայացուցիչները փետրվարի 15-18-ը Պրահայում մասնակցել են Holiday World-2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին որպես անկախ պետության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին որպես «Աբխազիայի առևտրաարդյունաբերական պալատ» ներկայացված պատվիրակությունը գովազդային նյութեր էր բերել Աբխազիայի զբոսաշրջային ներուժի մասին, ինչպես նաև ցուցադրվել են տեղական ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանք:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Չեխիայում որքան հնարավոր է շատ մարդ իմանա Աբխազիայի մասին, – ասել է պատվիրակության ներկայացուցիչը, որը որպես Իրադա է ներկայացել, – մեր տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ է»:

Չեխիայում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Միխեիլ Չխիկվաձեն ասել է, որ վրացական կողմը ձեռնարկել է բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտա նման կարգավիճակում Աբխազիայի մասնակցությունը, սակայն դա արդյունք չի տվել, քանի որ, ըստ նրա, Holiday World-ը կազմակերպել է մասնավոր ընկերություն, որի որոշման վրա չէր կարող ազդել ոչ վրացական, ոչ չեխական կողմը:

«Այսպես կոչված «Աբխազիայի առևտրաարդյունաբերական պալատը» ցուցահանդեսին գրանցված է եղել որպես մասնավոր ընկերություն», – հայտարարել է դեսպանատան առաջին խորհրդականը:

Աբխազիայի մասնակցությունը հարուցել է նաև որոշ չեխ քաղաքական գործիչների դժգոհությունը:

«Դա Չեխիայի խայտառակությունն է, – ասել է չեխ խորհրդարանական Յարոմիր Շտետինան լրագրողներին: – Ես ամաչում եմ Չեխիայի տարածաշրջանային զարգացման նախարարության համար, որը թույլ է տվել նրանց մասնակցությունը ցուցահանդեսին այդ կարգավիճակում, և ես կարծում եմ, որ այն պետք է ներողություն խնդրի [վրացական կողմից]»:

«Սա դասական սադրանք է», – իրավիճակը մեկնաբանել է չեխական «Գոսպոդարսկիե նովինի» թերթի միջազգային տեսաբան Օնդրա Սոուկուպը:

Նրա կարծիքով՝ աբխազական պատվիրակության մասնակցության նախաձեռնողը մի խումբ է, որին «սնում է Կրեմլից ինչ-որ մեկը»:

Աբխազիան Վրաստանից անկախություն է հռչակել 1990-ականներին: Վրաստանը կտրականապես պնդում է, որ Աբխազիան Վրաստանի մի մաս է: Աբխազիայի անկախությունն այսօրվա դրությամբ ճանաչել են Ռուսաստանն ու երեք այլ պետություն:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերըտեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցներիկարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանություններըորոնքկգնահատվեն որպես վիրավորականկպարունակեն բռնության կամսպառնալիքի կոչերկամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն

 


Կարդալ ավելին JAMnews-ում