Միջազգային լրագրողական հետաքննություն Մակեեդոնիայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության փորձերի մասին " />

«Չեզոքացում» գործողությունը

Միջազգային լրագրողական հետաքննություն Մակեեդոնիայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության փորձերի մասին

Նյութի ամբողջական տարբերակը «Նովայա Գազետայի» կայքում

Մակեդոնիայի հակահետախուզության փաստաթղթերը ցույց են տալիս. ռուսական հատուկ ծառայությունները փորձում են արգելափակել ՆԱՏՕ-ին երկրի անդամկացումը և  ցանկանում Բալկաններում չեզոք երկրների գոտի ստեղծել։

Մակեդոնիայի կառավարությանը մոտ աղբյուրն անանունության պայմանով տասնյակ գաղտնի հաշվետվությունների արխիվը փոխանցել է Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) միջազգային կոնսորցիումի լրագրողներին: Համատեղ հետաքննությանը մասնակցել է նաև մակեդոնական NOVA TV հեռուստաալիքն ու KRIK սերբական պարբերականը:

Փոխանցված փաստաթղթերը կազմված են հեռախոսազանգերի գաղտնալսման, արտաքին տեսագրությունների և աղբյուրների պատմածների հիման վրա: Եվ դրանցում ասվում է այն մասին, որ Արտաքին հետախուզության ծառայության ու Գլխավոր հետախուզական վարչության ռուս սպաները Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների հետ միասին փորձել են ազդել Մակեդոնիայի և այլ բալկանյան երկրների ներքին քաղաքականության վրա ՆԱՏՕ-ին անդամակցումը թույլ չտալու և Ռուսաստանի շահերը զարգացնելու համար: «Նովայա Գազետան» պատմում է OCCRP հետաքննության գլխավոր կետերի մասին:

«Ավերիչ պրոպագանդա»

Վերջին տարիներին Ռուսաստանն ուժեղացրել է իր ազդեցությունը Բալկաններում, մասնավորապես՝ Մակեդոնիայում, ասված է Մակեդոնիայի հակահետախուզության հաշվետվություններում:

Ռուսաստանի հետախուզական  գործունեությունն ակտիվացել է այն բանից հետո, երբ մի քանի բալկանյան երկիր հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Այս տարվա ապրիլին Չեռնոգորիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն: Իսկ Մակեդոնիան ու Բոսնիա և Հերցեգովինան անդամակցելու թեկնածուների կարգավիճակ են ստացել:

«ՌԴ-ն օգտագործում է այսպես կոչված «փափուկ ուժի» մեթոդները որպես Բալկաններն Արևմուտքից մեկուսացնելու ռազմավարական միջոց: «Բացի այդ, ռուսական արտաքին քաղաքականությունը սերտ փոխազդեցության մեջ է էներգետիկ ռազմավարության հետ, որի նպատակն է երկրի ռազմավարական էներգետիկ ռեսուրսների հանդեպ վերահսկողություն ստանալը», – ասված է հաշվետվություններում:

Այդ պլանի վերջնական նպատակը «Մակեդոնիան ռուսական քաղաքականությունից ամբողջապես կախված դարձնելն է», ենթադրում են մակեդոնացի հակահետախույզները:

Արտաքին հետախուզության ծառայության ու Գլխավոր հետախուզական վարչության գործակալները

Ռուս գործակալները երկար տարիներ զբաղվել են մակեդոնական բանակի և ոստիկանության նախկին ու ներկա աշխատակիցների հավաքագրմամբ «ռազմական պատրաստվածությամբ մարդկանց կրիտիկական զանգված ստեղծելու և հարկ եղած քաղաքական պահին նրանց ռուսական շահերին ծառայեցնելու համար», ասված է հաշվետվություններում:

Բացի այդ, Ռուսաստանի ներկայացուցիչները փորձել են ազդել մակեդոնական լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա և դրամական միջոցներ են առաջարկել նրանց երկրում ռուսական քաղաքականությունը զարգացնելու համար:

Դեսպան Օլեգ Շչերբակը (ձախից) հանդիսավոր արարողությանը: Լուսանկարը՝ Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպանատան

«Ռուսաստանը զարգացնում է պանսլավոնական ինքնության և միասնական ուղղափառ հավատքի գաղափարը», ասված է փաստաթղթերում: Մակեդոնիայում ռուսական դեսպանության նախաձեռնությամբ վերջին ժամանակներս «բարեկամության մոտ 30 ասոցիացիա» է բացվել: Բացի այդ, դեսպանատունը հովանավորում է ողջ երկրում ուղղափառ եկեղեցիների շինարարությունը:

Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը

Ռուսաստանի և Սերբիայի համատեղ գործողություններն, ըստ մակեդոնացի հակահետախույզների, Մակեդոնիայում հանգեցրել են բարդ քաղաքական ճգնաժամի՝ հիմնական կուսակցությունների դիմակայության, որն ավարտվել է անկարգություններով խորհրդարանում: Այդ քաղաքական ճգնաժամն ուժեղանում է նաև ալբանական փոքրամասնության հետ էթնիկ տարաձայնություններով. ալբանացիները Մակեդոնիայի բնակչության մեկ քառորդն են կազմում, և ինքնավարություն հռչակելու նրանց նախորդ փորձերը քիչ էր մնացել քաղաքացիական պատերազմի բերեին:

2016թ-ի դեկտեմբերին երկրում արտահերթ ընտրություններ կայացան, որոնք պետք է վերջ դնեին քաղաքական ճգնաժամին: Սակայն նման բան տեղի չունեցավ: Կոալիցիոն կառավարությունը խորհրդարանի կողմից հաստատվեց միայն նախորդ շաբաթ՝ մայիսի 31-ին: Իսկ երկրի վարչապետ դարձավ Զորան Զաևը՝ «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

Կոալիցիա կազմելու նախորդ փորձերը հանգեցրին ազգայնականների կողմից խորհրդարանի գրոհի. անկարգությունների արդյունքում այս տարվա ապրիլի 27-ին Զաևն ու տասնյակ այլ անձինք վնասվածքներ ստացան:

Ռուսաստանի իշխանությունները մեղադրեցին ԱՄՆ-ին և ԵՄ երկրներին Մակեդոնիայում իշխանափոխության կազմակերպման և Զաևին աջակցելու համար:

Հակահետախուզության հաշվետվություններից մեկում բերված է այս տարվա ապրիլի 7-ին ռուս դեսպան Օլեգ Շչերբակի և Մակեդոնիայի ԱԳՆ աշխատակցի միջև տեղի ունեցած զրույցը:

Ռուսաստանի դեսպանն, ըստ փաստաթղթի, խոստովանում է արտասահմանյան գործընկերոջը, որ Ռուսաստանի նպատակը «Բալկաններում չեզոք երկրների գոտու ստեղծումն է»՝ Չեռնոգորիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Սերբիայի մասնակցությամբ:

Շչերբակն իբր նաև դժգոհություն է հայտնել, որ երկրում ռուսական քաղաքականությունն ու երկրի ներքին քաղաքական գործընթացներին «արտասահմանյան միջամտության» մասին ռուսական հայտարարությունները բավականաչափ աջակցություն չեն ստանում:

Շչերբակը չի բացառում, որ եթե մակեդոնական իշխանությունները չսկսեն հրապարակայնորեն աջակցել Կրեմլին, դա կհանգեցնի տնտեսական և դիվանագիտական համագործակցության դադարեցման:

Ռուս դիվանագետները հրաժարվել են պատասխանել OCCRP-ի հարցերին:

Մզկիթ Սկոպիեում: Լուսանկարը՝ journeywonders.com-ի

Սերբիայի օգնությունը

Գաղտնի փաստաթղթերի արխիվը ներառում է նաև BIA սերբական հետախուզության որոշ աշխատակիցների զրույցների գաղտնալսումը: Հաշվետվություններում ասված է, որ սերբ հետախույզներն ակտիվորեն օգնել են ռուս գործընկերներին իրականացնելու նրանց պլանները Մակեդոնիայում:

2013թ-ից ի վեր հակահետախույզները հետևել են BIA աշխատակից Գորան Ժիվալժևիչին, որն ակտիվորեն աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտա Մակեդոնիայի եվրաինտեգրացիան: Փաստաթղթերը խոսում են այն մասին, որ Ժիվալժևիչը ուղղորդումներ է տվել Մակեդոնիայի խորհրդարանի ռուսամետ անդամ Իվան Ստոիլկովիչին՝ սերբերի Դեմոկրատական կուսակցության առաջնորդին:

Ստոիլկովիչը նաև բազմիցս հանդիպել է հարևան Չեռնոգորիայի քաղաքական գործիչների հետ, որոնք դեմ են հանդես եկել իրենց երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այդ քաղաքական ուժերի թվում են եղել նաև նրանք, ում մակեդոնացի հակահետախույզները ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ էին անվանում:

Գաղտնի փաստաթղթերը խոսում էին նաև այն մասին, որ Ստոիլկովիչը BIA սերբական հետախուզության աշխատակիցների հետ համաձայնեցրել է Սերբիայում Զորան Զաևի մասին քննադատական հրապարակումները: Սերբական լրատվամիջոցներն իրոք ակտիվորեն քննադատում էին Զաևին և գրում, որ Արևմուտքի միջամտությունն, ինչպես նաև ալբանացիների քաղաքական պահանջները կարող են պատերազմի բերել:

OCCRP լրագրողները զանգահարել են Ստոիլկովիչին:

«Երբ դուք ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, ես ձեզ այդ մասին հարցնո՞ւմ եմ: Դուք պետք է ամաչեք: Դուք ինձ վիրավորում եք», — պատասխանել է նա լրագրողներին:

Սերբական հետախուզության աշխատակից Ժիվալժևիչը հրաժարվել է հարցերի պատասխանել: Ռուսական իշխանություններից և հատուկ ծառայություններից մեկնաբանություններ նույնպես դեռևս չկան:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում