Կենդանության օրոք՝ գերեզման։ " />

Չ՛զոհվածը

Կենդանության օրոք՝ գերեզման։

Հայաստանաբնակ  Հրաչ Աբրահամյանի կյանքը բաժանվում է երկու մասի. նախքան գերությունն ու գերությունից հետո։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմում գերությունից հետո անհայտ կորած համարվող Հրաչ Աբրահամյանին կենդանության օրոք վիճակվել է ունենալ իր սեփական գերեզմանը, որը նա հայտնաբերում է տուն վերադառնալուց հետո։

 
Լուսանկարում Եռաբլուրն է, որտեղ հուղարկավորված են Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկները (հայերն ազատամարտիկ են Ղարաբաղյան պատերազմի մասնակից կամավորներին), ինչպես նաև պատերազմից հետո մահացած զինվորական կամ քաղաքական գործիչներ:
Հրաչ Աբրահամյանը իր տան բակում, կնոջ՝ Ալվարդ Աբրահամյանի և ամենափոքր թոռնիկի հետ:
Հրաչ Աբրահամյանի ամենափոքր թոռնիկը՝  2 տարեկան Ալվարդը:
Հրաչ Աբրահամյանը ցույց է տալիս զինվորական համազգեստն ու տասնյակից ավելի շքանշանները:
Հրաչ Աբրահամյանի շքանշանները:
Հրաչ Աբրահամյանի ատրճանակի պատյանը, որը նա օգտագործել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին

Լուսանկարում՝ ձախից  առաջինը Հրաչ Աբրահամյանն է ԼՂ պատերազմի տարիներին:

Հրաչ Աբրահամյանի կինը՝ Ալվարդ Աբրահամյանը, ցույց է տալիս ամուսնու երիտասարդ տարիների լուսանկարները:

Հրաչ Աբրահամյանը զինվորական համազգեստով:

Գերությունից 27 տարի անց, Հրաչ Աբրահամյանը շաբաթը մեկ անգամ այցելում է զոհված ընկերներին՝  Եռաբլուր մարտական ընկերների, հարազատների կամ թոռների հետ:

Հրաչն ասում է, որ ինքն էլ կարող էր այստեղ թաղված լինել, մինչդեռ կյանքը հաղթեց իր մեջ:

1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսված պատերազմը մինչ օրս շարունակում է լինել Հարավային Կովկասի զարգացումը խոչընդոտող և չլուծված հակամարտություններից մեկը։

Հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.-ին, սակայն կոնֆլիկտը մինչ օրս էլ շարունակում է մարդկային կյանքեր խլել:

Ըստ հետազոտող-լրագրող Թաթուլ Հակոբյանի տվյալների, Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչպես նաև 1994-2017 թթ․ ընկած ժամանակահատվածում  հայկական կողմն ունեցել է 9000 -ից ավելի զոհ։

Հրաչի գերությունը սկսում է 1991 թ. մայիսի 19-ին։ Նա մասնակցում էր ռազմահետախուզական գործողությունների, որի ընթացքում էլ գերի է ընկնում Հայաստանի Տավուշի մարզի մոտ գտնվող ադրբեջանական մի գյուղում։

Գերության մեջ անցկացնում է 4 օր, սակայն տուն է վերադառնում շուրջ 3 ամիս անց` 1991 թ. օգոստոսի 30-ին:  

«Հիշում եմ, երբ դուռը ծեծեցի, բացեց կնոջս հայրը ու ապշած ինձ էր նայում: Մտա ներս, երեխաներս վազեցին ինձ մոտ, բայց կինս սառած հայացքով ինձ էր նայում, չէր կարողանում խոսել: Հետո հայացք նետեցի հեռուստացույցի գլխին, տեսնեմ սև շրջանակի մեջ իմ նկարն է դրած, դիմացը վառվող մոմեր: Հարցրեցի կնոջս սա ի՞նչ է, ասաց, բա քեզ թաղել ենք: Ո՞նց թե թաղել եք, հարցրեցի ես ու անշարժացա»,-պատմում է 66-ամյա Հրաչ Աբրահամյանը:

«Հրաչը, որ մտավ տուն, ինձ թվաց երազիս մեջ եմ: Ձեռք էի տալիս նրա դեմքին, ձեռքերին, որ հավատամ: Հետո նայեցի, տեսնեմ վիրավորված չի ու ապշած հարցրեցի՝ դու ո՞ղջ ես: Չէի հասկանում` ինչ է կատարվում»,-ասում է Ալվարդը Աբրահամյանը:

Հրաչ Աբրահամյանի կինը՝ Ալվարդ Աբրահամյանը:

Շարունակելով կնոջը՝ Հրաչը պատմում է, որ հաջորդ օրն առավոտյան մարտական ընկերների և ընտանիքի հետ գնացին իր գերեզմանին:   

«Գնացի, տեսա Եռաբլուրում գերեզման են սարքել, հողը լցրել ու երկաթից ցուցանակ դրել, վրան էլ գրել անուն ազգանունս՝ Աբրահամյան Հրաչ, ծնված՝ 1952 թ., զոհված՝ 1991 թ.: Որ տեսանք, սկսեցինք ծիծաղալ, մարտական ընկերներս սկսեցին կատակներ անել, թե բա Հրաչը մեռել է, մենք էլ խաբար չենք»,-հիշում է նա:

Հետագայում` 1992 թ.-ին, նա իր համար նախատեսված գերեզմանում հուղարկավորում է պատերազմում զոհված ընկերոջը`Հրանտ Ասատրյանին:

Հրաչ Աբրահամյանը իր գերեզմանի մոտ, որտեղ այժմ թաղված է նրա ընկերը՝ Հրանտ Ասատրյանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից եղել է ավելի քան 4500 անհայտ կորած, որոնց մեջ ներառված են և՛քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ: 2015-ին ԿԽՄԿ-ն հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների թարմացված ցուցակը:

Իսկ 2014-ից ԿԽՄԿ-ն սկսել է իրականացնել անհայտ կորածների հարազատների  կենսաբանական նմուշների հավաքագրումը: Մինչ օրս 298 անհայտ կորածների արյունակից հարազատներից հավաքվել է 778 նմուշ, որոնցից 195-ն անցել է ԴՆԹ պրոֆիլի և որակի ստուգում։  

Ղարաբաղյան պատերազմի մասնակից Հրաչ Աբրահամյանը ծնվել է Բաքվում՝ հայ ընտանիքում, սակայն 4 տարեկանում մոր մահից հետո, տեղափոխվել է Ղարաբաղ՝ Շուշիի մանկատուն: Նա պատմում է, որ հայրը երկրորդ անգամ է ամուսնացել և ինքը մնացել է տատիկի խնամակալության ներքո:  8 տարի ապրելով Շուշիի մանկատանը՝ նա կրկին վերադարձել է Բաքու սովորելու ինտերնատում, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակ:

Հրաչը տիրապետում է ադրբեջաներեն լեզվին, և երբ 1991թ.-ին գերի է ընկնում,  առաջին հերթին փորձում են պարզել իր ինքնությունը:

«Ստիպում էին խոստովանել, որ հայ եմ, հետո, որ շորերս հագիցս հանեցին, տեսան, որ թևիս վրա նակոլկա ունեմ, վրան հայերեն տառերով գրված՝ «Սեր իմ Ալվարդ»: Հասկացան, որ հայ եմ ու մեկ էլ մեջքիս ուժեղ հարված զգացի: Ուշքս գնաց ու էլ բան չեմ հիշում»,-պատմում է Հրաչը:

Հրաչ Աբրահամյանը ցույց է տալիս թևի վրայի դաջվածքը «Սեր իմ Ալվարդ»՝ նվիրված իր կնոջը:

Գերության մեջ նա պարբերաբար ծեծի է ենթարկվում, մարմնի տարբեր հատվածներում ստանում վնասվածքներ ու կոտրվածքներ, որոնց հետքերը վաղուց արդեն անցել են, բայց հիշողությունները մնացել:

«Հիշում եմ մեկը մի օր հաց բերեց, գցեց գետնին, տրորեց ու հահոյելով ասաց դե կեր: Մտածեցի, մեկ է, ուտեմ խփելու է, չուտեմ էլի խփելու է ու որոշեցի ուտել, սոված մեռնում էի: Մի երկու հատ ծամեցի հացը, մեկ էլ քացով խփեց կոկորդիս: Դրանից հետո չէի կարողանում խոսել, ձայնալարերս վնասվել էին»,-պատմում է Հրաչը:

Չորրորդ օրը նա խնդրում է, որպեսզի իրեն ուղեկցեն զուգարան: Տանում են և հենց այդ ժամանակ էլ Հրաչը դիմում է փախուստի:

«Զուգարանից որ դուրս եկա, տեսա ադրբեջանցիները բարձր-բարձր խոսում են, իմ կողմ չէին էլ նայում: Որոշեցի փախնել: Ոտքերիս մեջ ուժ չկար, դեմքս այլանդակված, կոկորդս վնասված, աչքերս ուռած, արյան ու կապտուկների մեջ կորած, բայց փախնում էի: Այդպես էլ ինձ չտեսան, ես փախա ու մի 20 մետր հեռավորության վրա մի հին զուգարան գտա: Մինչև վիզս մտա էդ զուգարանի կղանքի մեջ ու թաքնվեցի»,-պատմում է Հրաչը:

Այդպես մի քանի ժամ մնում է մինչև դադարում են լսվել իրեն փնտրող մարդկանց ձայները: Ողջ գիշեր քայլում է, անցնում անտառների միջով ու լուսադեմին հասնում հայկական կողմը։

«Կյանքը շատ թանկ է: Գերության ժամանակ, որ ինձ ծեծում էին, մտածում էի հեսա կմեռնեմ, բայց մինչև վերջին շունչը ուզում էի ապրել, չէի հանձնվում: Հետո որ փախա, ու այս պատմությունը շատերը իմացան, ինձ հարցնում էին, թե ոնց եմ զուգարանում` կղանքի մեջ, էդ տհաճ հոտին 4 ժամ թաքնված մնացել: Բայց ես էդ 4 ժամը մնացել եմ հանուն ապրելու, հանուն կյանքի, ամեն մի վայրկյանը թանկ էր ինձ համար: Էդ պահին մտածում էի ավելի լավ է սոված մնամ, վատ ապրեմ, բայց հիմա դիմանամ, որ շարունակեմ ապրել»,-ասում է Հրաչը:

Հայկական կողմում հայտնվելուց հետո նա 3 ամիս բուժում է ստանում Իջևանի  հիվանդանոցում: Այդ ընթացքում  հեռախոսազանգով մեկ անգամ տեղեկացնում են նրա կնոջը, որ Հրաչը գտնվում է մահամերձ վիճակում:

«Ես միանգամից ուշաթափվեցի, երբ ստացա այդ լուրը: Ես հասկացել էի, թե ամուսինս գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում ու մեր բարեկամները սկսեցին փնտրել նրան Երևանի բոլոր հիվանդանոցներում ու անատոմիկներում: Բայց ոչ մի տեղ չգտանք ամուսնուս դիակը,-պատմում է տիկին Ալվարդը,- Անցան օրեր ու լուր չկար, հարևաններն էլ ասում էին, թե Հրաչը դավաճան է, անցել է ադրբեջանցիների կողմը ու էլ հետ չի վերադառնա: Երեխաներս դասի չէին գնում, ամբողջ օրը լացում էին ու ամաչում, որ իրենց հորը դավաճան են անվանում: Մեր հարազատները որոշեցին  գերեզման սարքել Հրաչի համար՝ մտածելով որ նրան սպանել են: Հունիսի 18-ին`  նրա գերությունից մեկ ամիս անց, մենք գերեզման սարքեցինք ամուսնուս համար, իր շորերը, կոշիկները դրեցինք դագաղի մեջ ու թաղեցինք Եռաբլուրում»:

Հրաչը պատմում է, որ ինքը բուժման 3 ամիսների ընթացքում անգիտակից է եղել, կոտրվածքներ ստացած, ձայնալարերը վնասված, նույնիսկ չի կարողացել խոսել հարազատների հետ կապ հաստատելու համար: Եվ միայն ապաքինվելուց հետո, կարողացել է վերադառնալ տուն` Երևան:

«Պատերազմի դաշտում ինչ դաժանություն ասես, որ չեմ տեսել, մոտ ընկերներ եմ կորցրել, վիրավոր ընկերոջս կյանքը փրկել, գերի ընկած հայի հետ բերել,  ադրբեջանցի երեխայի կյանք փրկել: Ես չէի ուզի, որ պատերազմ լիներ ու Աստված չանի կրկնվի: Մարդը, ով անցել է  պատերազմի միջով, կհասկանա ինչ արհավիրք է դա»,-ասում է Հրաչը:

Հրաչ Աբրահամյան:

Այսօր նա աշխատում է՝ որպես պահակ, Երևանի նորակառույց շենքերից մեկում, իսկ ազատ ժամանակը նվիրում է տան առջևի փոքրիկ այգին մշակելուն: Հրաչը ապրում է Ազատաշեն գյուղում կնոջ, տղայի ու թոռների հետ: Պատմում է, որ պատերազմից հետո հիմնականում զբաղվել է շինարարությամբ:

«Այսպիսի մի խոսք կա «ոչ կենդանի, ոչ մեռած»: Ես ինձ հաճախ այդպես եմ զգումՃիշտ է, ապրում եմ, քայլում եմ, շնչում, բայց հասարակության մեջ իմ տեղը լիարժեք չեմ գտնում: Պատերազմի հետքը մնում է մինչև կյանքի վերջ: Ես խաղաղություն եմ ուզում»,-ասում է Հրաչ Աբրահամյանը:

Չլսված ձայներ» նախագիծը InternationalAlert’s կազմակերպությանԼեռնային Ղարաբաղի հակամարտությանը 
վերաբերող աշխատանքի մաս է կազմումԱյնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների 
աշխատանքի և «ոչ պատերազմիոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը 
լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն էՆախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն էև’ սե փականհասարակության մեջև’ հակամարտության հակառակ կողմումընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից`«Եվրոպական գործընկերությունհանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության 
խաղաղկարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողներըդրանք պարտադիր չէոր արտացոլեն «International Alert»-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունըՄեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններինորոնց կարելի է ծանոթանալ այստեղ

Կարդալ ավելին JAMnews-ում