Աղբանոցը՝ բնակչության առավել անապահով հատվածի գոյատևման աղբյուր" />

Ուրիշ աշխատանք չկա

Աղբանոցը՝ բնակչության առավել անապահով հատվածի գոյատևման աղբյուր

Արևից ու կեղտից սևացած նրա ձեռքերի վրա հազիվ են ուրվածգվում մաշկից գրեթե չտարբերվող ավելի սև եղունգները: Դիմագծերը մատնում են երիտասարդ տարիքը, սական թշվառ կյանքը տարիներ է ավելացրել, հայացքին էլ տառապանքի երանգ տվել: Խնդրում է չլուսանկարել: Ձեռքի պլաստիկ շշերը փորձում է տեղավորել պոլիէթիլենային մեծ պարկում, որը մինչև վերջ լցվելու դեպքում կաշխատի իր օրվա հացի գումարը՝ 1000 դրամը:

«Ժողովուրդը ինչա՞ ուղարկում աղբանոց որ՝ հիմնականում զիբիլ, իսկ տարիներ առաջ գործը շատ ավելի լավ էր, էս աղբով ապրում էինք, իսկ հիմա մենակ պլաստիկ շշեր են, պլաստմաս: Ի՞նչ անեմ, ուրիշ տեղ չկա աշխատելու, ես էստեղ եմ կարողանում իմ օրվա հացը վաստակել»,- ասում է արդեն տաս տարուց ավել Նուբարաշենի աղբանոցում աշխատող 50-ամյա Ռիտա Գևորգյանը:

52 հա տարածք զբաղեցնող աղբանոցը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում՝ Էրեբունի վարչական շրջանում: Աղբանոցի այրվող ծուխը տեսանելի է մայրաքաղաքի ավելի բարձրադիր վայրերից, քամին երբեմն այն կողքի թաղամասերն է հասցնում: Տարիներ շարունակ աղբանոցը դարձել է «առավել անապահով» կոչվող բնակչության մի հատվածի գոյատևման աղբյուրը:

Մոտեցող աղբատար մեքենաներին անհամբերությամբ են սպասում տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, ովքեր փորձում են աղբը թափելուց հետո ինչ-որ արժեքավոր իրեր գտնել: Նրանց մեծ մասը լաթի կտորներով փակել են քիթը և բերանը, որպեսզի պաշտպանվեն գարշահոտությունից ու վարակներից, ասում են. կեղտոտ միջավայրին ու թափառող շներին արդեն սովորել են:

«Զիբիլը բերելու ժամերը գիտեն, ու մի 40 մարդ հավաքվում է… Շշերը հավաքում ենք լցնում բարդանների մեջ, հատուկ մարդիկ կան՝ գալիս են ու տանում: Պղինձն ու ալյումինը ամենաարաժեքավորն են մեզ համար, էն էլ հիմա քիչա դուրս գալիս աղբի միջից: Նայի, ձեռքիս տոպրակի մեջ մի հատ պղինձ կամ ալյումին կգտնե՞ս՝ չկա»,- ասում է երկու աղջիկների մայր Ռիտա Գևորգյանը, ով խորհրդային տարիներին աշխատել է Երևանի Ձեթօճառի կոմբինատում:

Աղբանոցից հավաքած ու վերամշակման ենթակա մեկ կիլոգրամ պղինձը հանձնում են կիլոգրամը՝ 1100 դրամով, այումինը՝ 200 դրամով:

Աղբանոցի իրերն ու գույները խայտաբղետ են՝ տոպրակներ, հին կոշիկներ, իր դարն ապրած սառնարանի ու գազօջախի կմախքներ, խոհանոցային հնամաշ պարագաններ, պլաստմասե իրեր, գունավոր մետաղներ, գրքեր, դռներ, անձրևանոցներ…

Սև ցիլինդրով, սպիտակ վերնաշապիկով ու քրքրված սպորտային կոշիկներով 50-ամյա Գառնիկ Սաղաթելյանը տարբերվում է աղբանոցի մյուս աշխատողներից: Խոսում է հանգիստ, աշխատում է մոխրագույն ձեռնոցները հագած, որպեսզի ապակե իրերը չվնասեն ձեռքերը, խոստովանում է. 8 տարուց ավել իր օրը սկսվում ու վերջանում է Նուբարաշենի աղբանոցում:

«Մի կտոր պղինձ ենք գտնում՝ ուրախանում ենք: Պղինձը հոսանքի լարերից է դուրս գալիս ավելի շատ: Չեմ նեղվում, հիմա աշխատանք է ՝ անում եմ, նեղվում եմ, երբ լրագրողները գալիս են՝ տեսախցիկներով նկարում, իսկ հետո հայտնվում ենք հեռուստաէկրաններին, հաջորդ օրն էլ հարևանները ասում են, բա քեզ տեսանք զիբլանոցում… Դե, գիտեն որ գալիս եմ էստեղ, բայց մեկա նեղվում եմ»,- ասում է երկու երեխաների հայրը, ով խորհրդային տարիներին 12 տարի աշխատել է Էլեկտրասարքավորումների գործարանում: Խոսակցությունը ընդմիջում են աղբավայր մուտք գործած բեռնատարները: Սաղաթելյանը ասում է, որ եկել են շշերով լի «բարդանները» տեղափոխելու:

Աղբանոցում անհանգստանում են, որ շուտով գուցե զրկվեն իրենց ապրուստի միակ միջոցից, քանի որ լսել են, թե հարակից տարածքում կառուցվելու է եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր:

Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ հայտարարել է, որ մինչև 2018 թիվը Նուբարաշենում կկառուցվի նոր աղբավայր, որը կունենա հոսքաջրերի հավաքման կայան, որտեղ հոսքաջրերը կմաքրվեն, նորից կօգտագործվեն, և այն չի ներթափանցի հողային շերտեր: Նոր աղբավայրը կունենա գազի հավաքման կայան, գազի այրման համակարգ և էլեկտրաէներգիայի արտադրության համակարգ:

Ըստ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի, ծրագրի արժեքը 24 միլիոն եվրո է, որից 16 միլիոնը վարկի տեսքով կտրամադրեն Եվրոպական ներդրումային ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերը: Կառավարությունն արդեն հաստատել է առաջին 8 միլիոնի վարկային պայմանագիրը: Ակնկալվում է, որ ևս 8 միլիոն եվրո էլ կտրամադրվի դրամաշնորհի տեսքով:

Վարկը, որպես ենթավարկ, ստանձնելու է Երևանի քաղքապետարանի կողմից հիմնված կազմակերպությունը, որը հետագայում աղբավայրի շահագործման, ինչպես նաև վերամշակման գործըթնացում առաջացած գումարներից կմարի վարկը: Նոր աղբավայրի կառուցման համար շուտով միջազգային մրցույթ է հայտարարվելու: Ծրագրի շրջանակում հին աղբավայրը մեկուսացվելու է, որպեսզի տարիների ընթացքում վերածվի կանաչ գոտու:

Էրեբունի վարչական շրջանի համայնքապետարանի աշխատակից Լևոն Գևորգյանը հույս ունի, որ նոր կառուցված աղբավայրում աշխատանք կառաջարկեն այս մարդկանց, քանի որ նրանք մասնագիտորեն գիտեն տարբերակել աղբը:

«Նման գործարանում աշխատող գտնելը դժվար է, էս մարդիկ լավ գիտեն իրենց գործը, նրանցից լավ ոչ ոք էլ չի աշխատի»,- ասում է Գևորգյանը և ավելացնում, որ եթե նախկինում Նուբարաշենի աղբանոց էր գալիս Երևանի աղբի հարյուր տոկոսը, այսօր ընդամենը 10 տոկոսը, մնացածը տանում են այլ աղբավայրեր, օրը 5 մենքենա է այժմ այստեղ գալիս նախկին 100-ի փոխարեն: Դրա համար էլ գործը քչացել է: Նա համոզված է. աղբավայր հասած աղբը ցույց է տալիս հասարակության կենսամակարդակը:

«Լավ չեն ապրում, եթե մի պղնձից հին կաթսա ունեն, ապա դենը նետելու փոխարեն իրենք են տանում ու հանձնում, գումարն էլ իրենց են տալիս: Վատ ապրելուց է, որ մարդիկ սկսել են շատ բան այլևս աղբավայր չուղարկել»,- ասում է Լևոն Գևորգյանը:

Թրթուռավոր տրակտորը աղբը ծածկում է հողե ծածկույթով: Տեղ-տեղ այրվող աղբից ծուխ է բարձրանում և տարածվում աղբավայրով մեկ: Գևորգյանը ասում է, որ դրանք ինքնաբռնկումների հետևանք են:
Գառնիկ Սաղաթելյանն էլ սև ցիլինդրը մի կողմ դնելով ասում է. երբեք էլ նոր աղբավայր չեն կառուցի: «Հազար տարի ասում են, բայց չեն կառուցում, կամ էլ թող կառուցեն, մենք էլ ուրիշ գործ կգտնենք»,- ասում է նա:

Ինչ որ մեկի դեն նետած բազմոցը հասել է մինչև աղբանոց: Դրա վրա նստել է 53-ամյա Ռուզան Սարիբեկյանը, դեմքն էլ ամբողջովին ծածկել է սպիտակ կտորով: Ասում է՝ որպեսզի իրեն չտեսնենք: Ծխում է ու խռպոտ ձայնով դժգոհում կյանքից, մեղադրում իշխանություններին:

«Ի՞նչ եք ուզում պատմեմ, թե ո՞նց եմ ընկել էս զիբիլի մեջ: Էդ մեր ամեն մեկիս անձնական դժբախտությունն է: Ինձ մեկ-մեկ թվում է, թե ես ինչ ծնվել եմ՝ էստեղ եմ: Էն որ տելեվիզորներով խոսում են, մենք էս կանենք, կամ էն՝ սաղ սուտա:

Կոմունիստների ժամանակ աշխատել եմ «Գարուն» կարի ֆաբրիկայում, հետո Ավտոդողերի գործարանում, վերջում Կիրովի անվան գործարանում, էն էլ ծախեցին ու կերան: Հիմա էլ մի տեղ թե հավաքարար են ուզում, դրա համար էլ անգլերենի ու համակարգչի իմացություն են պահանջում, բարետես պետք ա լինես, է… ես էլ որտեղից երիտասարդությունս հետ բերեմ, ավելի լավա զիբիլ քանդեմ»,- անկեղծանում է Ռուզանը, ով ապրում է աղբավայրի հարևանությամբ գտնվող ձորում:

Նուբարաշենի աղբի թագավորությունում ճախրում են աչք ծակող ճերմակ ճայերը, որոնք մարդկանց հետ հավասար փորձում են ինչ որ բան գտնել կուտակված աղբի միջից: Աղբը քանդողներից շատերն էլ թաքնվել են շշերով լցված մեծ պարկերի ետևում կամ իջել աղբանոցի ձորը:

«Մարդիկ ամաչում են, մեղադրելու էլ չէ, հեշտ բան չէ 10-15 տարի աղբ քանդելով ապրել, հասկանու՞մ եք»,- ասում է Գառնիկ Սաղաթելյանը, դեմքը ցիլինդրով ծածկելով:

Հրապարակվել է՝ 17.06.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում