2019թ-ին Մոլդովայում իշխանությունը փոխվելուց հետո, այստեղ քրեական գործ հարուցվեց այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք որոշում էին կայացրել ուսուցիչներին Թուրքիա արտաքսելու մասին" />

Ուսուցիչն արտաքսվել է Մոլդովայից Թուրքիայի պահանջով, այժմ այնտեղ դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման

2019թ-ին Մոլդովայում իշխանությունը փոխվելուց հետո, այստեղ քրեական գործ հարուցվեց այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք որոշում էին կայացրել ուսուցիչներին Թուրքիա արտաքսելու մասին

Թուրք ուսուցիչը, որը Մոլդովայից արտաքսվել է Թուրքիա 2018թ-ին, դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման թուրքական ծագման ամերիկացի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար, որին Թուրքիայում համար մեկ ահաբեկիչ են համարում, հաղորդում է մոլդովական News Maker կայքը։

Քիշնևն առավոտյան։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Orizont վարժարանի նախկին տնօրեն Ֆերիդունա Թուֆեքչին Մոլդովայից արտաքսվել էր Թուրքիայի քաղաքացի վեց այլ ուսուցիչների հետ 2018թ-ի սեպտեմբերին։

Ո՞վ է Ֆեթուլլահ Գյուլենը

Մոլդովայի «էրդողանացումը». ինչպե՞ս և ի՞նչ է երկիրը սովորում Թուրքիայից

Վրաստանում թուրքական դպրոցները կապված են թուրք դիսիդենտ Գյուլենի հետ և կարող են քաղաքական ճնշման զոհ դառնալ

Նրանք բոլորը մեղադրվում էին քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար, որին թուրքական իշխանությունները համարում են 2016թ-ի ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման կազմակերպիչ։

Մինչ այդ արդեն դատապարտվել էին Մոլդովայից արտաքսված մյուս հինգ ուսուցիչները։ Նրանք տարբեր ժամկետների են դատապարտվել՝ 6-12 տարի։

2019թ-ի հունիսի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մոլդովային մեղավոր էր ճանաչել ուսուցիչների՝ ազատության և անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի խախտման համար։ Վճռի մեջ հատուկ ընգծվում էր Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության, միգրացիայի և ապաստանի բյուրոյի գործողությունների ապօրինի լինելը։

Սեպտեմբերի վեցին՝ Մոլդովայից ուսուցիչներին արտաքսելուց մեկ տարի անց, Քիշնևում ձերբակալվեց Տեղեկատվական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Ալեքսանդր Բալտագան։ Ուսուցիչների ապօրինի արտաքսման գործով հետաքննություն է սկսվել նաև Միգրացիայի և փախստականների բյուրոյի տնօրեն Օլգա Պոալելունժի դեմ, որին արգելվել է լքել երկիրը։

«Գյուլենականների» հետապնդումները ողջ տարածաշրջանում

Թուրքիայում 2016թ-ի պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները դրա պատասխանատվությունը դրեցին ամերիկաբնակ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի վրա։ Թուրքիայում կալանքների և աշխատանքից հեռացնելու ալիք սկսվեց այն անձնանց նկատմամբ, ովքեր կասկածվում էին Գյուլենի և նրա շարժման հետ կապերի մեջ։ 2017թ-ին Թուրքիայում փակվեցին Գյուլենի բոլոր ուսումնական հաստատությունները (Գյուլենի հովանու ներքո գործող ուսումնական հաստատություններ կան ողջ աշխարհում), նրա հազարավոր կողմնակիցներ ճաղերի հետևում հայտնվեցին։ Նմանատիպ գործողություններ էին թուրքական իշխանությունները պահանջում նաև բարեկամ երկրներից։

Արդեն 2016 թ-ի հուլիսին Ադրբեջանում փակվեց մասնավոր Կովկասյան համալսարանը, որը, ենթադրաբար, կապված էր Գյուլենի հետ, այն երկրում համարվում էր լավագույնններից մեկը։ 2017թ-ին Վրաստանում փակվեց Թբիլիսիի Դեմիրելի անվան հեղինակավոր վարժարանն ու Շահինի անվան դպրոցը Բաթումում։ Երկու ուսումնական հաստատություններն էլ ասոցացվում էին Գյուլենի հետ, իսկ որպես պատճառ իշխանությունները նշեցին դրանց կողմից թույլ տրված խախտումները։

Վրացական իրավապահ մարմինները Թուրքիայի պահանջով կալանավորեցին Դեմիրելի վարժարանի կառավարիչ Էմրե Չաբուկին։ Նրան Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրանք առաջադրվեց, Թուրքիան Վրաստանից պահանջեց արտահանձնել նրան։ Սակայն նախնական կալանքի տակ մի քանի ամիս մնալուց հետո Չաբուկն ազատ արձակվեց և Թուրքիային չհանձնվեց։

2018թ-ին Սևծովյան համալսարանը, որը Վրաստանի ամենահեղինակավոր մասնավոր բուհերից է, զրկվեց ուսանող ընդունելու իրավունքից։ Որպես առիթ նշվում էին բուհի կողմից իբր թույլ տրված խախտումները։ Այդ համալսարանը նույնպես ասոցացվում էր Գյուլենի շարժման հետ։ Ավելի ուշ որոշումը չեղարկվեց։


Կարդալ ավելին JAMnews-ում