«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այսօրվա Հայաստանի ամենակայացած մշակութային բրենդն է " />

Ուշադրության կենտրոնում ոչ միայն կինոն է, այլև մարդն ինքնին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այսօրվա Հայաստանի ամենակայացած մշակութային բրենդն է

Երևանյան անտանելի ամառային շոգին քաղաքը կարծես արթնանում է, սկսում շփվել, խոսել, քննարկել ու վիճել: Մարդիկ դուրս են գալիս իրենց պատյաններից ու դառնում հանրային շղթայի փոքր օղակներ, և այս պարագայում հանկարծ գիտակցում են, որ փոքր լինելը այդքան էլ վատ չէ:

Իրականում «Ոսկե ծիրանը» ֆենոմեն է: Փոքր տեղական այս փառատոնը անցկացվում է մի երկրում, որը ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնեցնել իր կինոարտադրությունը, սահմանափակ քանակի կինոդահլիճներ ունի, բայց կարողանում է բերել աշխարհի լավագույն ֆիլմերն ու սփռել իր լսարանի առջև որպես բնական ձեռքբերում ու երկխոսության առիթ:

Իսկ թե ինչ է անում այդ ձեռբերման հետ հասարակությունը, բոլորովին այլ հարց է:

«Ոսկե ծիրանը» աշխարհի միակ փառատոնն է, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում կարելի է տեսնել վերջին տարում հաղթած ֆիլմերը՝ Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Ռոտերդամի, Լոկառնոյի և այլ հայտնի կինոփառատոններից:

Հետաքրքիրն այն է, որ երբ վերջին տարիներին զգալիորեն նվազեց փառատոնի ֆինանսավորումը և կազմակերպիչները կրճատեցին ավելորդ ծախսերը, ֆիլմերի ու երկխոսության որակն ավելի բարձրացավ:

Ստիպված խմբագրվեց կարմիր գորգերի ու համաշխարհային աստղերին հրավիրելու թանկ ավանդույթն ու ավելի բյուրեղացվեց հենց երկխոսության դերը:

Ընդհանրապես «Ոսկե ծիրանը» դիրքավորում է իրեն որպես ջերմ, մտերմիկ ու հյուրընկալ փառատոն, որտեղ հյուրերի համար գեղեցիկ հյուրասիրություններ են կազմակերպում ու տեսարժան վայրերը ցուցադրում: Այս տարի փառատոնը հայտնվեց իր համար նոր ու թերևս ավելի հեռանկարային դերում: Այն ցույց տվեց հայաստանյան հասարակության թե՛ պահպանողական, թե՛ մոդեռն տեսանկյունները:

Փառատոնից դուրս մնաց «Հայացք դրսից և ներսից» արտամրցութային ծրագիրը, որտեղ ընդգրկված էին ԼԳՏԲ թեմային անդրադարձող երկու ֆիլմ: Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվեց դրանք ցուցադրել, իսկ «Ոսկե ծիրանը»՝ չցանկանալով մասնատել արդեն ընտրված ֆիլմացանկը, որոշեց հրաժարվել ամբողջ ծրագրից:

«Մեծ հարձակումներ ու միջամտություններ եղան երկու ֆիլմերի հանդեպ: Փառատոնը ինքնակամ չէր կարող հանել իր ծրագիրը, քանի որ դա կնշանակեր, որ կտրում ենք սեփական ձեռքը»,- ասաց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, Հարություն Խաչատրյանը փառատոնն ամփոփող ասուլիսի ժամանակ:

Այս դեպքն օգնեց հասկանալ, թե որքանով է հասարակության համար կարևոր անհատի արժանապատվությունն ու ազատ ընտրության իրավունքը:

Հայաստանը որպես կինոսպառող

Ինչպես էլ պտտվենք և ուր էլ գնանք, քննարկելու ենք բախումները (թեկուզ անտեսանելի ու դեռ չձևակերպված)՝ հասարակության ու անհատի, մեկուսացման ու հանրային ցավի, անցյալի կոդերի ու ներկայի վերաիմաստավորման, բացիկային կյանքի ու դժոխային իրականության միջև:

Լավ կինոն միշտ սանդրիչ ու խթանող է:

Հանդիսատեսը վիզուալ ու իմաստային մեծ լիցքեր է ստանում, երբ մեծ էկրանին ցուցադրվում են, ասենք, շվեդ կինոռեժիսոր Ռուբեն Էսթլունդի, Կաննում լավագույնը ճանաչված «Քառակուսի» (The Square) երգիծական ֆարսը՝ արվեստի ու կոմունիկացիայի թեմայով, հունգարուհի Իլդիկո Էնյեդիի, Բեռլինում հաղթած «Հոգու ու մարմնի մասին» (On Body and Soul) նրբագեղ ու շոկային դրաման՝ սոցիոպատ սիրահարների մասին, կորեացի Կիմ Կի Դուկի «Ցանցը» (The Net) ֆիլմը՝ փոքր մարդու ու մեծ հավակնություններ ունեցող պետական համակարգի մասին,  Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» (The Double Lover) էրոտիկ-հոգեբանական թրիլերը, Սերգեյ Լոզնիցայի «Հեզը»  (A Gentle Creature) ֆիլմը, որի համբերատար ու հնազանդ հերոսուհին փորձում է ըմբռնել բանտային համակարգի տրամաբանությունը:

Այս համաշխարհային պրեմիերաների առանցքում մարդն է ու իր միջավայրը: Որոնող մարդը, որի համար իր սեփական ոտնատեղն այս մեծ աշխարհում բարդ է տրվում, քանի որ ենթարկվելու/ընդվզելու ներքին պայքարը ոչ մի վայրկյան չի դադարում:

Այս տարի «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթում հաղթած խաղարկային ֆիլմը նույնպես շատ սիմվոլիկ է:

Հնդիկ Սանալ Կումար Սասինդհարանի «Ցանկալի Դուրգան» («Sexy Durga») ֆիլմը Հնդկաստանում չի ցուցադրվել ու չի էլ ցուցադրվելու: Ինչպես ասաց «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի նախագահ, ամերիկացի ռեժիսոր Հյու Հադսոնը, «բոլոր տեսակի պետական գրաքննությունն անընդունելի է, և ես շատ ուրախ եմ, որ այս ֆիլմը որքան հնարավոր է շատ մարդ դիտի»:

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

Ֆիլմի հերոսները  երկյուղով լի ճամփորդություն են կատարում երկրի մի հատվածից մյուսը, իսկ ողջ ընթացքում հանդիսատեսին պարուրում է տագնապի զգացումը: Բռնությունն ու վտանգը տարալուծված են օդում, մտքերում, անգամ՝ հինավուրց ավանդույթներում:

Կինոքննադատների՝ FIPRESCI-ի միջազգային ժյուրին այս տարի լավագույնը ճանաչեց իրանցի Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» (A Man of Integrity) ֆիլմը, որի հերոսը բախվում է ճյուղավորված կոռուպցիայի հետ ու փորձում պահպանել ոչ միայն իր տունն ու ձկնաբուծական ֆերման, այլև պարզ մարդկային արժանապատվությունը: Երբեմն, հանձնվելն ավելի բարդ է, քան պայքարելը…

Հայաստանը որպես կինոարտադրող

Փաստն այն է, որ Հայաստանում շատ ավելի որակյալ է լսարանը, քան ազգային կինոն:

«Ոսկե ծիրանը» գոյություն ունի 14 տարի, և 14 տարի շարունակվում է այն վեճը, թե արդյոք Հայաստանին պետք է կինոփառատոն, երբ ազգային կինոարտադրությունը խաթարված և շատ դեպքերում հնաոճ է թե՛ գաղափարապես, թե՛ որակապես:

Փառատոնի ամենաակտուալ հարցին՝ «Ի՞նչ դիտել այսօր»-ին (որն ավանդապես  տալիս են միմյանց բացարձակապես անծանոթ մարդիկ ու ստանում սպառիչ ու էմոցիոնալ պատասխաններ) սովորաբար ավելանում է ևս մեկը՝ «Իսկ հայկականների՞ց»:

«Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցույթը հիմնականում կազմվում է ոչ թե լավ ֆիլմերից, այլ գրեթե բոլոր ֆիլմերից, որոնց ստեղծման գործում առնվազն փոքր հայկական մասնակցություն կա: Որպես կանոն դա անհարթ մրցույթ է, որի նախընտրական փուլը խիստ չէ:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը հաճախ է ասել, որ փառատոնը կամուրջ է միջազգային կինոհոսանքի ու ոտքի կանգնող հայաստանյան կինոարտադրողների միջև: Եվ շատ ծրագրեր, վարպետության դասեր ու նախագծերի համատեղ քննարկումներ միտված են հենց հայ կինոյի զարգացմանը:

Այս տարի հայկական լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց ամերիկահայ սցենարիստ, ռեժիսոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» (Donald Cried) սակավաբյուջե կամերային դրաման երկու ընկերների մասին, որոնք մանկությունից ձգվող ցավ ու բարդույթներ են բերել-հասցրել հասուն տարիք:

Ֆիլմն առաջին հերթին առանձնացավ իր ամուր սցենարով, որը, կարծես, սկիզբ է առել անգլիական դրամատուրգիայի լավագույն նմուշներից:

«Հայկական համայնապատկերի» լավագույն վավերագրական ֆիլմի հեղինակը համարվեց ֆրանսիահայ Թամարա Ստեփանյանը, որի «Ձյուն կար» (Those from the Shore) երկարաձիգ պատմությունը ներգաղթյալների մասին է: Մարդիկ՝ որոնելով ավելի ապահով կյանք, հասնում են Մարսել ու հայտնվում բյուրոկրատական ու հոգեբանական թակարդում: Փախուստ չկա…

Փոխարենը կա ընտրություն:

Եվ դա ամենալավ ուղերձն է, որը «Ոսկե ծիրանը» փոխանցում է թե՛ հանդիսատեսին, թե՛ հայ կինոստեղծողներին, թե՛ փառատոնի հյուրերին:

Ազատ ընտրության հնարավորությունը թույլ է տալիս բացառել կոմպրոմիսները, որոնք հաճախ ոչնչացնում են արվեստը՝ դարձնելով այն դատարկ փուչիկ: Իսկ հանդիսատեսին՝ զոհ:

Եվ այս տարի էլ «Ոսկե ծիրանը» նպաստեց, որ քննարկվի ոչ միայն կինոն, այլև մարդն ինքնին:


Կարդալ ավելին JAMnews-ում