Ռուսաստանում քաղաքական շարժառիթներով Ուկրաինայի մոտ 70 քաղաքացի է դատապարտված: Ովքե՞ր են այդ մարդիկ և ինչո՞ւ են նրանք քաղբանտարկյալ համարվում:" />

Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը մահանում է ռուսական բանտում ավելի քան մեկամսյա հացադուլից հետո

Ռուսաստանում քաղաքական շարժառիթներով Ուկրաինայի մոտ 70 քաղաքացի է դատապարտված: Ովքե՞ր են այդ մարդիկ և ինչո՞ւ են նրանք քաղբանտարկյալ համարվում:

Ըստ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների՝ ռուսական բանտերում Ուկրաինայի 64-70 քաղաքացի է պահվում, որոնք զրկվել են ազատությունից քաղաքական դրդապատճառներով: Նրանց առաջադրած պաշտոնական մեղադրանքները հիմնականում ահաբեկչությունն է կամ կողոպուտը:

Ամենահայտնի քաղբանտարկյալը

Հունիսի 22-ին ուղիղ 4 տարի է լրացել, որ ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը գտնվում է ռուսական բանտում: Մեկ ամիս առաջ նա անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա ռուսական իշխանություններից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին:

Օլեգ Սենցովը՝ 2015թ-ի դատական նիստի ժամանակ: Լուսանկարը՝ REUTERS/Սերգեյ Պիվովարով

Սենցովին դատապարտել են 2014թ-ին Ղրիմի մի քանի քաղաքներում ահաբեկչության նախապատրաստման և իրագործման մասնակցության մեղադրանքով: Ռեժիսորին դատապարտել են 20 տարվա ազատազրկման, նա իր մեղքը չի ճանաչել: Շատ իրավապաշտպաններ Սենցովի գործը շինծու և քաղաքականապես մոտիվացված են համարում:

Այս 4 տարվա ընթացքում ռեժիսորին աջակցություն են հայտնել մի շարք կինեմատոգրաֆիստներ և ոչ միայն: Նրանց թվում են ռուս և եվրոպացի ռեժիսորներ Անդրեյ Զվյագինցևն, Ալեքսանդր Սոկուրովն, Ակի Կաուրիսմյակին, Վիմ Վենդերսն, ամերիկացի դերասան Ջոնի Դեփը:

Ռուսական իշխանությունները չեն արձագանքել Սենցովին ազատ արձակելու խնդրանքներին:

Ուկրաինացի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան լրագրողներին հաղորդել է, որ ուկրաինական կողմը հստակ տեղեկատվություն չունի Օլեգ Սենցովի առողջության մասին: Ըստ իրենց ունեցած տեղեկությունների, նշել է օմբուդսմենը, «Սենցովը գտնվում է անմարդկային պայմաններում, և նրան բռնի կերակրում են»:

Օլեգ Սենցովը ծնվել է 1976թ-ին Սիմֆերոպոլում: Նրա «Gamer» փաստագրական ֆիլմը կինոփառատոններին մի քանի մրցանակ է ստացել: Նա Մայդանի ակտիվիստ է եղել: Երկու երեխա ունի:

Դատավճիռը կարդալու պահին Օլեգ Սենցովն ու Ալեքսանդր Կոլչենկոն, որը նույն գործով է դատապարտվել, երգեցին Ուկրաինայի օրհներգը.

Քանի՞ ուկրաինացի քաղբանտարկյալ կա ռուսական բանտերում

Երբ Սենցովը հացադուլ էր հայտարարում, նա իր պահանջներով գրություն էր փոխանցել գաղութի պետին: Դրանում ասված էր, որ Սենցովը կդադարեցնի հացադուլը, երբ ռուսական բանտերում պահվող բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Սակայն ուկրաինացի քաղբանտարկյալների թիվ և անուններ Սենցովը չէր նշել:

Ըստ տարբեր տվյալների՝ քաղաքական դրդապատճառներով Ռուսաստանում դատապարտված 63-71 ուկրաինացի կա:

Ովքե՞ր են այդ մարդիկ

«ՕՎԴ-ինֆո» իրավապաշտպան պորտալի տվյալներով՝ նրանք հենց 71-ն են, և պարբերականը ներկայացրել է նրանց անվանական ցուցակը՝ քրեական գործերի վերաբերյալ մեկնաբանություններով: Միաժամանակ «ՕՎԴ-ինֆոն» գրում է, որ նրանցից մի քանիսի մեղադրանքների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:

Ընդհանուր առմամբ, ուկրաինացի քաղաքացիները ռուսական բանտերում պահվում են հետևյալ պատճառներով:

28 ուկրաինացի դատապարտվել է ռուսական դատարանի կողմից այն բանի համար, որ «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» արմատական իսլամիստական կուսակցության անդամ է: Կուսակցությունը Ռուսաստանոնւմ արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն մինչ այն պահը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, «Հիզբ ութ-Թահրիր» կուսակցությունն օրինական էր գործում թերակղզու տարածքում: Նրանցից շատերն, ում դատապարտել է ռուսական դատարանը, Կրեմլի քաղաքականության ակտիվ քննադատներ էին և ձգտում էին նրան քաղաքական դիմադրություն ցուցաբերել: Նրանց մեծ մասը դատապարտվել է 5 տարով:

Այդ նույն հոդվածով դատապարտվել է ևս երեք ուկրաինանցի: Նրանք «Թաբլիգի Ջամաաթ» իսլամական կազմակերպության անդամ էին: Նրանց նույնպես մեղադրել են Ռուսաստանում արգելված կազմակերպությանն անդամակցելու համար:

Ուկրաինայի ևս 3 քաղաքացի գտնվում է քննության տակ Ռուսաստանում նույնպես արգելված «Աջ հատված» կազմակերպությանն անդամակցելու համար:

Ուկրաինայի 8 քաղաքացի ձերբակալվել և դատապարտվել է այսպես կոչված «Ղրիմի դիվերսանտների գործով»: Նրանց մեղադրում են Ղրիմում 2016թ-ին մի քանի զինվորական և քաղաքացիական օբյեկտներում պայթյուններ նախապատրաստելու համար: Ըստ քննության վարկածի՝ նրանք գործել են ուկրաինական հետախուզության առաջադրանքով: «Ղրիմի դիվերսանտներին» դատապարտել են 3-6.5 տարվա ազատազրկման:

Օլեգ Սենցովի հետ մեկտեղ ահաբեկչության նախապատրաստման և կատարման համար դատապարտվել են ևս երկուսն՝ Ալեքսանդր Կոլչենկոն (10 տարի) և Ալեքսեյ Չիռնին (7 տարի): Կոլչենկոն և Սենցովը բազմիցս հայտարարել են քննության ժամանակ իրենց հանդեպ կիրառվող խոշտանգումների մասին:

«Սենցովի ցուցակում» ներառված ևս 5 մարդ դատապարտվել է կամ քննության տակ է սոցցանցերում արված գրառումների և մեկնաբանությունների համար: Նրանց մեղադրում են էքստրեմիզմի և ատելության սերմանման համար:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն (աջից) և բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն Օլեգ Սենցովի դիմանկարով վերնաշապիկ են պարզել: 2015թ-ի սեպտեմբեր: Լուսանկարը՝ REUTERS

Ռուսական իշխանությունների արձագանքը

Օլեգ Սենցովն, ըստ ամենայնի, պատահական չէ հացադուլը սկսել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես առաջ: Նա հավանաբար նպատակ ուներ այդպիսով միջազգային հանրության ավելի մեծ ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ առաջնությունն անցկացվում է մի երկրում, որում ոտնահարվում են մարդու իրավունքները:

Հունիսի 7-ին ավանդական «ուղիղ գծի» ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առցանց հարց տվին, թե արդյոք հնարավոր է ազատ արձակել Օլեգ Սենցովին կամ նրան փոխանակել «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինայի» գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու հետ, որը 2018թ-ի մայիսին կալանավորվել է Կիևում պետական դավաճանության մեղադրանքով:

Պուտինն ասել է. «Մենք այդ մասին դեռ չենք մտածել»:

None found


Կարդալ ավելին JAMnews-ում