Ռեպորտաժ Ուկրաինայից այն մասին, թե ինչպես կատակերգու դերասանին հաջողվեց դառնալ նախագահ, և ինչ սպասել նրանից " />

Ուկրաինացիները կատակել են իշխանությունների հետ

Ռեպորտաժ Ուկրաինայից այն մասին, թե ինչպես կատակերգու դերասանին հաջողվեց դառնալ նախագահ, և ինչ սպասել նրանից

Թե հենց ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում այս ընտրությունների ժամանակ, այնքան էլ հեշտ չէ բացատրել, այդ թվում հենց Ուկրաինայի քաղաքացիների, անգամ նրանց համար, ովքեր քվեարկել են Զելենսկու օգտին: Ապրիլի 21-ին ընտրված Ուկրաինայի նոր նախագահն իր պարտականությունները ստանձնեց մայիսի 20-ին:

Զելենսկու ֆենոմենը

Ուկրաինայում հայտնի «Ժողովրդի ծառան» հայտնի սերիալի սյուժեն գրեթե ամբողջությամբ իրականանում է կյանքում. Վլադիմիր Զելենսկին, որը սերիալում մարմնավորվում էր պատահաբար նախագահ դարձած գյուղական ուսուցչի, իրական կյանքում ընտրություններում հաղթեց Ուկրաինայի գործող նախագահին: Նա հավաքեց ձայների 73 տոկոսը, իսկ նրա մրցակից Պետրո Պորոշենկոն՝ 25 տոկոսից մի փոքր քիչ:

Ի՞նչն է այստեղ առավել մեծ դեր խաղացել. համակրանքը սերիալի վիրտուալ կերպարի նկատմա՞մբ, թե՞ հակակրանքը գործող իշխանության նկատմամբ: Հստակ պատասխանը առայժմ ոչ ոք չգիտի:

Սերիալում Զելենսկու հերոսը՝ նախագահ Գոլոբորոդկոն, պայքարում է կոռուպցիայի դեմ, խոշոր պաշտոնյաներին բանտ է նստեցնում, պայքարում է օլիգարխների դեմ և արդյունքում հաջողության է հասնում՝ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, այդ թվում՝ իմփիչմենթ և բանտ:

«Դուք Գոլոբորոդկոն չեք,- բանավեճի ժամանակ իր ընդդիմախոսին էր դիմել նախագահ Պորոշենկոն,- Դուք այստեղ եկել եք ո՛չ հեծանիվով, ո՛չ էլ տրոլեյբուսով»:

• Մեկնաբանություն․ Ուկրաինան մաքուր էջի՞ց է սկսում

• Ի՞նչ կարող է անել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին և ի՞նչ չի կարող

Եվ իսկապես, Զելենսկին շրջում է ոչ թե հեծանիվով, այլ բավականին թանկարժեք «Ռեյնջռովերով» և թիկնապահներով: Նա ոչ միայն դերասան, հեղինակ և սցենարիստ Վլադիմիր Զելենսկին է, այլև փորձառու մեդիամենեջեր, որը ղեկավարում է (համենայն դեպս նախքան ընտրությունները) միլիոնների շրջանառություն ունեցող բիզնես: Բացի «Կվարտալ 95» ստուդիայից, դրա մեջ մտնում է նաև ֆիլմերի արտադրություն և տարբեր շոուներ:

Գլխավորը, որում Զելեսկուն մեղադրում են Պորոշենոն և նրա համախոհները, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի հետ կապն է. քարոզարշավի ժամանակ նախագահը նրան անվանել էր «խամաճիկ»: Պորոշենկոյի երբեմնի զինակից Կոլոմոյսկին, որին նախագահն ինքը 2014թ. նշանակել էր Դնեպրոպետրովսկի նահանգապետ, Ուկրաինայում շատերի կարծիքով, իսկապես փրկել է մարզը ռուսամետ անջատողականների ազդեցությունից, ընդ որում սեփական միջոցներով ֆինանսավորել է բանակը և կամավորական գումարտակաները:

Ավելի ուշ Պորոշենկոյի և Կոլոմոյսկու ճանապարհները բաժանվեցին. վիճելով նախագահի հետ պետական նավթային ընկերության վրա վերահսկողության պատճառով՝ օլիգարխը հեռացվեց  նահանգապետի պաշտոնից, իսկ հետո լքեց երկիրը: Կոլոմոյսկուն պատկանող Ուկրաինայի խոշորագույն «Պրիվատբանկը» ազգայնացվեց:

Վլադիմիր Զելենսկին Կոլոմոյսկուն անվանում է բիզնես-գործընկեր. նրա երգիծական շոուն և հեռուստասերիալը հեռարձակվել ել Կոլոմոյսկուն պատկանող 1+1 հեռուստաալիքով: Լրագրողները պարզել են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Զելենսկուն սպասարկել է Կոլոմոյսկու նույն փաստաբանը, ինչպես նաև օլիգարխի կառույցներին պատկանող մեքենաները և թիկնապահները: Բացի այդ, պարզվել է, որ Զելեսնսկին ընտրություններից առաջ մի քանի անգամ մեկնել է Իսրայել, որտեղ ապրում է Կոլոմոյսկին, ընդ որում, նրան ուղեկցել են օլիգարխին մոտ կանգնած մարդիկ:

Ինքը՝ Զելենսկին, հերքում է Կոլոմոյսկու ազդեցությունն իր վրա, իսկ նրա շտաբի ներկայացուցիչները ոչ մի վատ բան չեն տեսել քարոզարշավի ընթացքում «նախկին գործընկերների» հետ գործակցության մեջ:

Ո՞րն է գլխավոր պատճառը

Ուկրաինայում թե՛ քաղաքական մեկնաբանների, թե՛ հետազոտողների մեծ մասը ենթադրում են, որ մարդիկ ընտրություններում հիմնականում քվեարկել են գործող քաղաքականությունից ընդհանուր հիասթափությունից դրդված և որպես գործող իշխանությունների դեմ բողոքի նշան:

«Որոշ առումով Զելենսկու բարձր ցուցանիշը նրա անձնական արժանիքը չէ: Դա քվեարկություն էր մի մարդու համար, որը ոչ մի օր քաղաքականության մեջ չի եղել»,- ասում է «Ձերկալոտիժնյա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Ռախմանինը:

Նրա կարծիքով՝ հենց քաղաքական փորձի բացակայությունը, գումարած սերիալի և շոուների շնորհիվ ճանաչելիությունն են ապահվել Զելենսկուն վճռական հաղթանակ:

Բացի այդ, սեփական պարտության մեջ «ներդրում» են ունեցել հենց Պորոշենկոն և նրա շրջապատը.

«Պորոշենկոն իր շուրջը ստեղծել էր հավատարիմ, մասամբ պնակալեզների շրջապատ, որն էլ նրա համար ստեղծեց սառը լոգանքի էֆեկտ»:

Նախագահն ընտրություններից առաջ իր համար ընտրել էր փորձով իմաստնացած «ազգի հոր», հաջողակ գլխավոր հրամանատարի, ազգային գաղափարախոսության և հոգևոր արժեքների պաշտպանի կերպար: Առավել ևս, որ հենց ընտրություններից առաջ ուկրաինական ուղղափառ եկեղեցին, մեծապես նախագահի շնորհիվ, հասավ նրան, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանն ինքնուրույնություն շնորհեց նրան:

Կարճ ասած՝ տիպիկ հետխորհրդային ղեկավարի կերպարին նմանվող մեկը: Ընտրություններից առաջ նախագահն անգամ հրապարակավ գլխավորում էր նոր հրթիռի փորձարկումները, գրեթե ինչպես Վլադիմիր Պուտինը:

Պորոշենոյի արշավի գլխավոր կարգախոսն էր «Բանակ, Լեզու, Հավատ»: Ինչը առանց լրացուցիչ բացատրությունների պետք է իր կողմը գրավեր այն ընտրողներին, որոնց համար կարևոր են ազգային արժեքները:

Սակայն դա չաշխատեց:

«Ինչ տեղի ունեցավ: Ժողովրդին ձանձրացրել էին մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց կեսճշմարտություն են ասել կամ ստել են: Շատերը հոգնել էին վերջին տարիների հայրենասիրական հռետորաբանությունից: Քանի դեռ մարդկանց կյանքը չէր բարելավվել, այդ կարգախոսները լեզվի, հավատի և բանակի մասին, միջազգային թատերաբեմում հաջողությունները շատ էին նյարդայնացնում»,- ասում է հայտնի լրագրող, «Գրամադսկոյե» ռադիոյի հաղորդավար Անդրեյ Կուլիկովը, որը ընտրությունների երկրորդ փուլից առաջ մարզադաշտում վարում էր թեկնածուների միջև գլխավոր բանավեճը:

Իսկապես, լեզվից և հավատից բացի երկրում խնդիրները քիչ չեն:

Հակամարտությունը Ռուսաստանի հետ, որը հիբրիդային պատերազմ է վարում Ուկրաինայի արևելքում, շարունակվում է: Եվ չնայած Մինսկի համաձայնագիրը վերջ տվեց ակտիվ մարտական գործողություններին, դիրքային մարտերը և փոխհրաձգությունները շարունակվում են, զինվորականները շարունակում են զոհվել:

Հեղափոխությունը, իսկ հետո նաև պատերազմը հանգեցրել են տնտեսական ճգնաժամի, որն ուղեկցվում է ազգային արժույթի կտրուկ արժեզրկմամբ: Այդ ընթացքում Ուկրաինան Մոլդովայից «խլեց» Եվրոպայի ամենաաղքատ երկիր լինելու արտոնությունը:

Վերջին տարիներին զգալիորեն չի փոխվել նաև կոռուպցիայի հետ կապված իրավիճակը. այն նախկինի պես ծաղկում է ապրում: Համաձայն Тransparency International-ի 2018թ. կոռուպցայի ընկալման համաթվի՝ Ուկրաինան աշխարհի երկրների շարքում գտնվում է 120-րդ տեղում՝ դառնալով Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկը: Հետխորհրդային երկրներից կոռուպցիայի ավելի բարձր մակարդակ ունեն միայն Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի երկրները:

Երկրում նախկինի պես ծաղկում է ապրում օլիգարխիկ կառավարումը. հիմնական լրատվամիջոցները, տնտեսության ճյուղերը և անգամ կուսակցությունները վերահսկվում են օլիգարխների կողմից:

Պորոշենկոյի հեղինակությանը ուժեղ հարված հասցրին կոռուպցիոն սկանդալները, այդ թվում բանակի մատակարարումների հետ կապված, որոնցում ներքաշված էին մարդիկ նրա մոտ շրջապատից:

Որպես արժանիք՝ Պորոշենկոն իրեն վերագրել էր Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատումը և ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված քաղաքականությունը:

Սակայն Ուկրաինայի Ժուռնալիստների միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն հետաքրքիր դրվագ է պատմում վերջին ընտրական քարոզարշավի մասին. այն հեռուստաալիքները, որոնք բացահայտ ռուսամետ քաղաքականություն ունեն, երկրորդ փուլից առաջ պաշտպանում էին հենց Պորոշենկոյին, ոչ թե Զելենսկուն:

Իսկ Պորոշենկոյի կողմից վերահսկվող լրատվամիջոցները, դիմում էին քարոզչության ամենակեղտոտ մեթոդներին:

««Պրյամոյ» ազգային հեռուստաալիքը պաշտանում է նախագահ Պորոշենոյին, ֆինանսավորվում է նրա շրջապատի կողմից, մենք այն համեմատում ենք Russia Today-ի, ռուսական «Առաջին ալիքի», «Ռոսսիա 24-ի» հետ: Այն ուկրաինական հեռուստաալիք է՝ ռուսական քարոզչական չափանիշներով»,– ասում է Տոմիլենկոն:

Պորոշենկոն երկրորդ փուլից առաջ իսկական սև փիարի արշավ էր սկսել Զելենսկու դեմ: Տարածվել էին Պորոշենկոյի գովազդային վահանակներ Պորոշենկոյի և Պուտինի նկարով, որոնցում նշվում էր, որ քաղաքացիների ընտրությունը հենց այդպիսին է: Բացի այդ, փողոցներում բազմաթիվ պաստառներ քաղաքացիներին հայտնում էին, որ Զելենսկին թմրամոլ է, որ նա կխլի իրենց ներդրումները «Պրիվատբանկից», որպեսզի հանձնի Կոլոմոյսկուն և այլն:

Արդյունքում, այդ արշավը նախագահին չօգնեց:

Պորոշենկոն չի հանձնվում

Ընտրություններում պարտությունից հետո ո՛չ Պորոշենկոն, ո՛չ նրա համախոհերը չեն պատրաստվում հանձնվել. առջևում խորհրդարանական ընտրություններն են, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա աշնանը:

Ընտրություններից հետո երկրորդ օրը Պորոշենկոյի հազարավոր համախոհներ երեկոյան հավաքվել էին նրա նստավայրի մոտ՝ շնորհակալություն հայտնելու և աջակցելու նախագահին: Նրանք երկար ժամանակ վանկարկում էին՝ «Дякуемо» – «Շնորհակալություն»:   

Նախագահը դուրս եկավ կես ժամ հետո: Բազմությունը նրան վատ էր լսում և գրեթե չէր տեսնում: Բայց հստակ էր, որ դա ուրիշ Պորոշենկո է, որը տարբերվում է նախորդից. դա արդեն հասարակությունից մեկուսացած, «սառը լոգանք» ընդունած պետության ղեկավարը չէր: Դա կենդանի քաղաքական գործիչ էր՝ պատրաստ պայքարի և ժողովրդի հետ շփման:

Նա շնորհակալություն հայտնեց մարդկանց աջակցության համար և խոստացավ ապագայում նրանց հաղթանակի տանել: Մարդիկ նրան լսում էին շատ զգացմունքային՝ պարբերաբար վանկարկելով հայրենասիրական կարգախոսեր, ոմանք անգամ արտասվում էին:

Երևում էր, որ Պորոշենկոն, չնայած ընտրություններում կրած պարտությանը, արդեն կարողացել է զբաղեցնել կարևոր քաղաքական նշաձող և ստանալ արևմտամետ, ազգայնական և հայրենասիրական տրամադրություններով ընտրազանգվածի առնվազն մի մասի աջակցությունը: Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվովի մարզը, որտեղ ագզայնական տրամադրություններն ավանդաբար ուժեղ են, միակ շրջանն էր, որտեղ Պորոշենկոն հաղթել է Զելենսկուն:  

«Գլխավորը, որ արել է նախագահ Պորոշենկոն, ապահովել է Մայդանում սահմանված աշխարհաքաղաքական ընտրության պահպանումը, եվրոպական և եվրատլանտյան ուղու անշեղ կատարումը: Ուստի, չնայած բազմաթիվ խնդիրներին և վրիպումներին, նախագահի անձի և նրա մերձավոր շրջապատի հետ կապված սկանդալներին, բազմաթիվ սխալներին և չիրականացված խոստումներին՝ ես կարծում եմ, որ Պորոշենկոն անկախ Ուկրաինայի ամբողջ պատմության մեջ լավագույն նախագահներից է»,– ասում է Պորոշենկոյին պաշտպանող ոչ կառավարական կազմակերպություններից մեկի աշխատակից Պավլո Բիլակը:

Պորոշենկոյի համախոհներն ընտրություններում պարտությունից հետո անգամ ավելի են համախմվել։ Շատերն անգամ «Ֆեյսբուքում» իրենց գլխավոր նկար են դրել «25%»՝ որպես հասարակության լավագույն հատվածին պատկանելու նշան:

Չի կարելի ասել, որ Վլադիմիր Զելենսկուն աջակցել է միայն Ուկրաինայի արևելքը կամ արևմուտքը, միայն երիտասարդությունը կամ միայն ավագ սերունդը: Եվ նույնիսկ միանշանակ արևմտամետ կամ ռուսամետ ընտրողները: Նա գործնականում կարողացել է միավորել բոլոր տարիքային և սոցիալական խմբերը:

Լրագրող Սերգեյ Ռախմանինն ասում է, որ Զելենսկին բացարձակապես կոմպետենտ չէ քաղաքականության ոլորտում և նրան համեմատում է «մաքուր թղթի» հետ, որի վրա կգրեն այլ մարդիկ:

«Հասկանալի չէ՝ ինչ տեսք կունենա նրա միջուկային ընտրազանգվածը, և ինչպես նա կհարմարվի դրան: Եվ ով կլինի այն անձը կամ անձանց խումբը, որոնք ազդեցություն կունենան նրա վրա: Ուստի անգամ մոտավորապես հնարավոր չէ հաշվարկել նրա քաղաքականությունը»:

Հենց սա էլ գլխավոր մարտահրավերն է, որը ծառացած է նոր նախագահի առջև. նրա ընտրողների ակնկալիքներն այնքան տարբեր են, որ դրանք բոլորն արդարացնելը նրան հազիվ թե հաջողվի:

Շնորհակալություն ենք հայտնում Academy of Ukrainian Press-ին՝Ուկրաինա այցը կազմակերպելու համար: ս

Կարդալ ավելին JAMnews-ում