Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար ԱՄՆ նախագահը, հնարավոր է, պատրաստ է հրաժարվել Ուկրաինային աջակցելուց և համագործակցել Մոսկվայի հետ" />

Թրամփը, ենթադրաբար, Ուկրաինայից կոմպրոմատ է պահանջում իր մրցակից Բայդենի դեմ

Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար ԱՄՆ նախագահը, հնարավոր է, պատրաստ է հրաժարվել Ուկրաինային աջակցելուց և համագործակցել Մոսկվայի հետ

Donald Trump

ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում, որի կենտրոնում է նախագահ Թրամփը, ընտրություններին նրա հավանական մրցակից Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

The Washington Post թերթի տեղեկությունների համաձայն՝ նախագահ Թրամփը կարող է փորձած լինել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուց կոմպրոմատ ստանալ գալիք ընտրությունների նախօրեին իր պոտենցիալ մրցակից Ջո Բայդենի մասին։

Խոսքը գնում է Ուկրաինայում գազային գործարքներին Բայդենի որդու մասնակցության մասին այն ժամանակ, երբ նրա հայրն Օբամայի օրոք փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում։

Ուկրաինայում այժմ այդ գործարքների հետաքննությունն է ընթանում, և նախագահ Թրամփը ծայրահեղ հետաքրքրված է այդ նյութերն ունենալու հարցում, քանի որ Բայենը Դեմոկրատական կուսակցությունից իր ամենահավանական մրցակիցն է։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020թ-ի նոյեմբերին։

Ըստ թերթի տեղեկությունների՝ Ուկրաինայի նոր ղեկավարության հետ այդ հարցերի քննարկման համար Կիև է ուղարկվել Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին։ Միաժամանակ նախագահ Թրամփի հրահանգով սառեցվել է 250 մլն դոլարի ռազմական օգնությունն Ուկրաինային։

Ենթադրություններ կան, որ դա գուցե արվել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար։

Միաժամանակ հայտնի է դարձել հետաքննության մասին, որն անցկացնում է ԱՄՆ Ազգային հետախուզությունն իր աշխատակցի բողոքի հիման վրա, որի անունը չի նշվում։ Նա իր ղեկավարությանը հաղորդել է, որ նախագահ Թրամփն արտասահմանյան առաջնորդներից մեկի հետ զրույցում «կասկածներ հարուցող ինչ-որ պարտավորություններ» է իր վրա վերցրել։

Թե արտասահմանցի որ առաջնորդի մասին է խոսքը, չի հաղորդվում, սակայն հայտնի է այդ զրույցի ամսաթիվը՝ հուլիսի 31։ Այդ օրը նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։

Սպիտակ տունը հրաժարվում է մեկնաբանել սկանդալային լուրերը, սակայն հստակ հայտնի է Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ Թրամփի հայտարարություններից մեկի մեջբերումը․

«Դրանում ոչ մի իմաստ չեմ տեսնում, դա միայն վատթարացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները»։


Կարդալ ավելին JAMnews-ում