Շերեմետի գործով կալանավորվածների թվում են մարտական գործողությունների վետերաններ և կամավորներ։ Հավանական շարժառիթը երկրում ապակայունություն ստեղծելն է" />

Ուկրաինայում կալանավորվել են հայտնի լրագրողի հնարավոր մարդասպանները։ Թե ով է պատվիրատուն, հայտնի չէ

Շերեմետի գործով կալանավորվածների թվում են մարտական գործողությունների վետերաններ և կամավորներ։ Հավանական շարժառիթը երկրում ապակայունություն ստեղծելն է

Կիևում հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանությունից գրեթե երեքուկես տարի անց Ուկրաինայի ՆԳՆ-ն ու Ազգային ոստիկանության ղեկավարը հայտարարել են, որ այս գործով կասկածյալները ձերբակալված են։

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաընկերությունը, կասկածյալները հինգն են՝ Դոնբասի պատերազմի վետերաններ ամուսիններ Իննա և Վլադիսլավ Գրիշչենկոները, ռազմական բուժքույր Յանա Դուգարը, մանկական վիրաբույժ Յուլյա Կուզմենկոն և երաժիշտ ու զինծառայող Անդրեյ Անտոնենկոն։

Քննության գլխավոր վարկածի համաձայն՝ սպանության շարժառիթը երկրում իրավիճակի ապակայունացումն է եղել։

Ապացուցված է․ ռուս լրագրողներին մեկ տարի առաջ սպանել են նրանց հետաքննության, այլ ոչ թալանելու համար

Սաուդյան Արաբիային լրագրողի սպանության համար կոշտ պատժամիջոցներ են սպառնում

Սլովակիա․ լրագրողի սպանությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել

Շերեմետի սպանությունը

Պավել Շերեմետը բելառուս ընդդիմադիր լրագրող էր, որը երկար տարիներ Ռուսաստանում էր աշխատում, իսկ մահվանից երկու տարի առաջ Ուկրաինա էր տեղափոխվել։ 2016 թ-ի հուլիսի 20-ին նրա նկատմամբ մահափորձ կատարվեց Կիևում, նրա մեքենայի մեջ պայթուցիկ էր տեղադրվել։

Շերեմետը տեղում մահացել էր։

2017 թ-ին մայիսին «Հրոմադսկոյե» ուկրաինական հեռուստաընկերության «Слідство.Інфо» հետաքննությունների խմբագրությունը OCCRP հետաքննող լրագրողների միջազգային ցանցի գործընկերների հետ միասին ֆիլմ-հետաքննություն էր ներկայացրել Պավել Շերեմետի սպանության մասին։

Լրագրողները պնդում էին, որ բազմաթիվ հետաքրքիր փաստեր են գտել, որոնց վրա, հավանաբար, ուշադրություն չի դարձրել քննությունը։ Այդ թվում, տեսանկարահանման տեսագրություններ, որոնցում երևում են հավանական մարդասպանները։

Ապացույցներ ու վարկածներ

Ըստ ուկրաինական ոստիկանության ղեկավարության հայտարարությունների՝ հենց այդ տեսագրություններն են քննության համար կառչելու առիթ դարձել, ինչը թույլ է տվել հայտնաբերել կասկածյալներին։

Բացի այդ, հատուկ ճեպազրույցի ժամանակ աուդիոձայնագրություն է ներկայացվել, որում հնչող ձայնն իբր պատկանում է կասկածյալ Յուլյա Կուզմենկոյին։ Ձայնագրության մեջ նա զրուցակցի հետ քննարկում է երկրում իրավիճակի ապակայունացման անհրաժեշտությունն ու «սրբազան զոհ» գտնելու կարևորությունը։

Կալանավորվածներից ոմանք Ուկրաինայում հայտնի անձինք են, որոնք հարգանք են վայելում մարտական գործողությունների վետերանների և կամավորների շրջանում։

Այն հարցի, թե այդ մարդկանց ինչին էր պետք նման ձևով «երկրի ապակայունացումը», քննությունը դեռ պատասխան չունի։

Ինչպես նաև վարկածներ չկան հավանական պատվիրատուի վերաբերյալ։ Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ներկա էր ճեպազրույցին, «հավանական մարդասպաններն այսօր ձերբակալվել են»։

«Մենք բոլորս շատ պատասխաններ ենք ստացել, ինքներդ եք տեսել։ Սակայն կա ևս մեկ հարց․ ո՞վ է պատվիրատուն։ Վստահ եմ, որ այս հարցի պատասխանն անպայման կգտնվի հաջորդ անգամ», – ասել է նա։

Սպանության հնարավոր «ռուսական հետքի» մասին հարցին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը պատասխանել է, որ այդ վարկածը նախկինի պես չի բացառվում։


Կարդալ ավելին JAMnews-ում