Որոշումը կայացրել է Գերագույն Ռադան, նորընտիր նախագահին դուր չի եկել ամսաթիվը" />

Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալությունը կկայանա մայիսի 20-ին

Որոշումը կայացրել է Գերագույն Ռադան, նորընտիր նախագահին դուր չի եկել ամսաթիվը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը կայանալու է մայիսի 20-ին՝ երկուշաբթի։ Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, այս մասին որոշումն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադան։

Ավելի վաղ պատգամավորները մերժել էին  երդմնակալությունը մայիսի 19-ին՝ կիրակի անցկացնելու մասին առաջարկը, որն արել էր նորընտիր նախագահը։ Նրա կողմնակիցները բողոքի ակցիա էին անցկացրել Ռադայի մոտ՝ պահանջելով արորողությունը կիրակի անցկացնել։

REUTERS/Վալենտին Օգիրենկո

Վլադիմիր Զելենսկու շտաբը քննադատել է խորհրդարանի այս որոշումը։ Ինչպես հայտարարել է Զելենսկու քաղաքական հարցերով խորհրդական Դմիտրի Ռազումկովը, «պատգամավորների մի մասը որոշել է ցանկացած ուղի ընտրել, միայն թե չաջակցել երկրի նախագահի և Ուկրաինայի այն քաղաքացիների առաջարկին, որոնք նրան սատարել են ընտրություններին»։

Ռազումկովը նշել է, որ երդմնակալությունը երկուշաբթի նշանակելով՝ պատգամավորները խնդիրներ են ստեղծել՝ արտասահմանյան հյուրեր հրավիրելու հետ կապված, քանի որ միջազգային պատվիրակությունների համար այցը կիրակի օրն իրականացնելն ու իրենց գրաֆիկները համապատասխանեցնելն ավելի հեշտ կլիներ։

Բացի այդ, Ռազումկովը կարծում է, որ խորհրհդարանը մեծ անհարմարություն է ստեղծել Կիևի բնակիչների համար՝ երդմնակալությունը ոչ թե հանգստյան օր նշանակելով, այլ աշխատանքային շաբաթվա առաջին օրը։

Ինչպես կարծում են Ուկրաինայի վերլուծաբանները, Զելենսկու համար սկզբունքային էր երդմնակալությունը նշանակել մինչև մայիսի 27-ն այդ օրվանից հետո նա էլ հնարավորություն չի ունենա Գերագույն Ռադան ցրելու, քանի որ դրա լիազորությունների ավարտին վեց ամսից պակաս ժամանակ կմնա։

Զելենսկին խորհրդարանի նոր կազմում կողմնակիցներ չունի, և նրա համար, ըստ ամենայնի, դժվար կլինի իրեն անհրաժեշտ օրենքների ընդունման հասնել։ Սակայն նորընտիր նախագահը դեռ խորհհրդարանը ցրելու ցանկություն չի հայտնել։

Ինչպե՞ս են անցել նախագահական ընտրություններն Ուկրաինայում

Վլադիմիր Զելենսկին ընտրվել է ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 73%-ը։ Նրա մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հավաքել էր 24%-ից մի փոքր ավելին։

41-ամյա շոումեն, դերասան և կատակերգու Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում հայտնի է դարձել որպես «Ժողովրդի ծառա» սերիալի գլխավոր դերակատար (նախագահ)։ Ավելի վաղ նա երբեք չի մասնակցել քաղաքական կյանքին, պետական ծառայող չի եղել։

2019թի հունվարին լրագրողական հետաքննություն էր հրապարակվել, որում ապացույցներ կային. Զելենսկին Ռուսաստանում երեք ընկերություն ունի։ Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, այս տեղեկությունն, ըստ սոցիոլոգների, Զելենսկու օգտին է եղել։

Այս թեկնածուի գլխավոր կարգախոսներն են եղել պայքարը կոռուպցիայի և օլիգարխների դեմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միջազգային բանակցությունների միջոցով։

Նրա բարձր վարկանիշնի պատճառներից մեկն էր համարվում երկրում տիրող բողոքի տրամադրություններն ու քաղաքականությունում նոր մարդկանց պահանջարկը։ Վլադիմիր Զելենսկին ունի, առաջին հերթին, երիտասարդության և Ուկրաինայի ռուսախոս շրջանների բնակիչների աջակցությունը։

Հեռացող 52-ամյա նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրա կարողության աղբյուրը հրուշակեղենի արտադրության բիզնեսն է։

2019թի փետրվարին «Bihus. Info»-ի լրագրողները կոռուպցիոն սխեմա էին բացահայտել պաշտպանական համակարգում։ Սխեմայում ներգրավված է նախագահի մտերիմ ընկերոջ՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեգ Գլադկովսկու որդին։ Պորոշենկոն ազատել է Գլադկովսկուն և կոչ արել հետաքննել «ռեզոնանսային հրապարակումները»։

Պորոշենկոյի ընտրարշավն այն բանի վրա էր կառուցվում, որ նրա պաշտոնավարման տարիներին ամրապնդվել է բանակի մարտունակությունը, ստորագրվել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագիր, իսկ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ինքնավարություն է ձեռք բերել։

Պորոշենկոյի հակառակորդները նրան, նախևառաջ, մեղադրում են կոռուպցիան չհաղթահարելու համար։

 
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում