Այս, ինչպես նաև «Մալոռոսիայի» ստեղծման գաղափարների անթույլատրելիությունը նա քննարկել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների հետ " />

Ուկրաինայի նախագահն առաջարկում է երկիր մտցնել ՄԱԿ խաղաղապահներին

Այս, ինչպես նաև «Մալոռոսիայի» ստեղծման գաղափարների անթույլատրելիությունը նա քննարկել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների հետ

Հրոմադսկոեի նյութերի հիման վրա

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի կոնֆլիկտի կարգավորման հարցերի շուրջ:

Բացի այդ, զրուցակիցները լսել են Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման առաքելության նախագահի և նրա տեղակալ Ալեքսանդր Հուգի զեկույցը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, երկու ժամ տևած զրույցի ժամանակ Պորոշենկոն ընդգծել է Դոնբաս ՄԱԿ խաղաղապահ առաքելություն մտցնելու կարևորությունը: Ինչպես Հրոմադսկոեին փոխանցել են աղբյուրները նախագահի վարչակազմում, եթե Ռուսաստանը վետո դնի այդ որոշման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդին, դա «ողջ աշխարհին» ցույց կտա, որ նա ագրեսոր է և կոնֆլիկտի կողմ: Նա այդպես արդեն արել է՝ վետո դնելով МН17-ի տրիբունալի վրա: Ընդ որում, Հրոմադսկոյեի զրուցակիցները ճշտել են, որ ուկրաինական կողմը չի հրաժարվել ԵԱՀԿ զինված առաքելությունից:

Բացի այդ, բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են համաձայնեցնել անվտանգության վերաբերյալ վերջնական քայլերը և շարունակել աշխատանքը Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհային քարտեզի վրա: Այդ նպատակով օգոստոսի երկրորդ կեսին պետք է կայանա «նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների արտաքին քաղաքականության գծով խորհրդականների հանդիպում:

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները նշել են այսպես կոչված «Մալոռոսիայի» ստեղծման մասին հայտարարությունների անթույլատրելիությունը: Այդպիսին էր պատասխանն ինքնահռչակ «ԴԺՀ» ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հայտարարությանը:

Ուկրաինան հերթական անգամ պնդում է, որ բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն, այդ թվում նրանք, ովքեր ապօրինի պահվում են Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև պետք է ամբողջությամբ դադարեցվի կրակը, դուրս բերվի ծանր զինամթերքն ու ԵԱՀԿ մշտադիտարկման հատուկ առաքելության կողմից իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում անցկացվի:

Դոնբասում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը Հրոմադսկոեին տված մեկնաբանությունում պատմել է, որ «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդներին ներկայացրած հաշվետվությունում խոսվում էր Դոնբասի տարանջատման գծում իրավիճակի վատթարացման և դիտորդների աշխատանքի խոչընդոտների մասին, նման դեպքերի զգալի մասը գրանցված է ինքնահռչակ «ԼԺՀ» և «ԴԺՀ» զինյալների կողմից:

«Ուղիղ երկխոսություն հստակ գործողությունների համար: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ Բեռլինի, Փարիզի, Մոկսվայի համատեղ աշխատանքի հաստատում», – գրել է Ֆրանսիայի նախագահը «նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո:

Հուլիսի 7-8-ը գերմանական Համբուրգում կայացավ Մեծ քսանյակի գագաթնաժողովը: Հանդիպումների ժամանակ Մերկելը, Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են Մինսկի համաձայնագրերի կատարման շարունակման մասին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակում Համբուրգում համաձայնել են նորմանդական ձևաչափում հերթական հեռախոսազրույց ունենալու անհրաժեշտությանը:


Կարդալ ավելին JAMnews-ում