Վլադիմիր Զելենսկին լյուստրացիայի մասին նոր օրինագիծ է առաջարկել" />

Ուկրաինայի նախագահը պատրաստվում է արգելել նախկին նախագահին և նրա հետ աշխատած չինովնիկներին պաշտոններ զբաղեցնել

Վլադիմիր Զելենսկին լյուստրացիայի մասին նոր օրինագիծ է առաջարկել

REUTERS/Hannibal Hanschke

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է առաջարկում, որով նախատեսվում է ընդլայնել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի, ինչպես նաև նախարարների կաբինետի և գերատեսչությունների նախկին անդամների վրա լյուստրացիայի մասին օրենքի տարածումը։

• Ուկրաինացիները կատակել են իշխանության հետ

Ինչպես հաղորդում է «Հրոմադսկոյեն», նախագահի թիմն օրինագիծ է մշակել, որով առաջարկվում է իշխանության մաքրման մասին օրենքի գործողությունը տարածել բոլոր բարձր պաշտոնյաների և պատգամավորների վրա, որոնք իրենց պաշտոնները զբաղեցրել են 2014թ-ի փետրվարի 23-ից մինչև 2019թ-ի մայիսի 19-ը՝ այսինքն մինչև Զելենսկու երդմնակալությունը։

«Ես ամեն օր գլուխ եմ կոտրում, թե ինչ անել նրանց (պաշտոնյաների) հետ։ Միգուցե նրանց բոլորին փոխանակել մեր գերիների հե՞տ։ Միգուցե անսարք զրահաբաճկոններ հագցնել, որոնք նրանք գնել են և ուղարկել առաջնագի՞ծ։ Կարծում եմ, ամենաքիչը որ կարելի է անել, պետության կառավարմանը մասնացելու հնարավորությունից նրանց բոլորին զրկելն է», – գրել է Ուկրաինայի նախագահն իր ֆեյսբուքյան էջում։

Իշխանության մաքրման (լյուստրացիայի) մասին օրենքն Ուկրաինայում ընդունվել է 2014թ-ին Եվրամայդանի հաղթանակից հետո տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Օրենքը մեխանիկորեն որոշակի պաշտոններում աշխատելու արգելք է ենթադրում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասը տարվա ընթացքում այն անձանց համար, որոնք 2010թ-ի փետրվարի 25-ից մինչև 2014թ-ի փետրվարի 22-ը (Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում) մեկ տարուց ավելի որոշակի պետական պաշտոններ են զբաղեցրել կամ Եվրամայդանի դեմ որևէ գործողություն կատարել։

2019թ-ի ապրիլի 21-ին Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին՝ հավաքելով 73% ձայն։ Նրա մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն (ընտրվել էր 2014-ին), հավաքել էր 25% ձայն։

Զելենսկու քննադատները պնդում են, որ նախագահը խախտել է լյուստրացիայի մասին օրենքն՝ իր վարչակազմի ղեկավար նշանակելով Անդրեյ Բոգդանին, որը պետական պաշտոն է զբաղեցրել նախագահ Յանուկովիչի նախագահության տարիներին։ Սակայն նախագահի թիմը նշել է, որ նախագահի վարչակազմի պետը պետական պաշտոնյա չէ, հետևաբար, նրան լյուստրացիայի մասին օրենքը չի վերաբերում։


Կարդալ ավելին JAMnews-ում