«Կով էի կթում, երբ հարևանուհիս ասաց, որ երեկոյան գյուղում դրամաշնորհների հետ կապված ինչ-որ հանդիպում է սպասվում: Ձի հեծնեցի ու գնացի: Այսօր ես ավելի քան 300 մեղվաընտանիք ունեմ: Այժմ պատրաստվում եմ մեկնել Ամերիկա սովորելու» " />

Ուզում էի ինչ-որ բանով զբաղվել. չորս պատմություն կին ֆերմերների մասին

«Կով էի կթում, երբ հարևանուհիս ասաց, որ երեկոյան գյուղում դրամաշնորհների հետ կապված ինչ-որ հանդիպում է սպասվում: Ձի հեծնեցի ու գնացի: Այսօր ես ավելի քան 300 մեղվաընտանիք ունեմ: Այժմ պատրաստվում եմ մեկնել Ամերիկա սովորելու»

Առաջին հայացքից նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն: Սակայն փաստ է, որ չորսն էլ զրույցը սկսեցին այսպես. «Ուզում էի ինչ-որ բանով զբաղվել»: Նատալյան և Իրինան Թբիլիսիից են, Մանանան՝ Ծալկայից, իսկ մյուս Մանանան՝ Զեմո Ալվանիից: Մեկը վարունգ է աճեցնում, մյուսը`լոլիկ, երրորդը թեյի արտադրություն ունի իր խանութով, իսկ չորրորդը զբաղվում է քոչվորական մեղվապահությամբ, միաժամանակ նաև՝ լուսավորչությամբ:

Մարտի 28-ին Frontline Georgia դիսկուսիոն տարածքում «Օքսֆամ-Վրաստանի» ներկայացուցչության նախաձեռնությամբ այս չորս կանայք հանդիպեցին իրենց պատմություններով կիսվելու համար:

Պատմություն առաջին. Նատա

Նատա Ֆարցխալաձե, “Կոնա”

Փոքր, շատ հարմարավետ սենյակ: Փայտե դարակների վրա երևում են տարբեր գույնի և ձևի թղթե փաթեթներով ինչ-որ խոտաբույսեր:

– Մեկ «Ալի և Նինո», եթե կարելի է», – բարձր պատվիրում եմ ես և մի քանի րոպեից իմ առջև հայտնվում է կավե բաժակ, որը ցնցող բույր է տարածում՝ սև թեյի, մեխակի, կակաոյի հատիկների, բոված նուշի, կոկոսի շաքարի, ալպյան վարդի, անիսոնի և բուրավետ պղպեղի:

Թբիլիսիի Ինգորովկա փողոցի թեյարանում ձեզ 12 անուն թեյ կառաջարկեն 9 համադրություններով: Յուրաքանչյուր առաջարկ առանձնահատուկ է՝ սեփական անվանումներով՝ «Արևելյան հեքիաթ», «Նայինա», «Ալի և Նինո», «Քո աստղը», տարբեր հատկություններով՝ տոնուսը բարձրացնող, հանգստացնող, հակաբորբոքային, լայմով, նանայով, նռան և նարնջի ծաղիկներով, խաղողի տերևով, վարդով, կակաչով, մորիով, կոճապղպեղով։

Այդ բոլոր խոտաբույսերը Նատալյա Փարցվալաձեի «Կոնա» ձեռնարկության արտադրանքն են:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինչ-որ բան ստեղծելու ցանկություն առաջացավ: Այնպիսին, որ վրան գրված լինի «Արտադրված է Վրաստանում» և որ արտադրական գործընթացը հաճույք պատճառի: Ես ուզում էի ֆինանսական անկախության և բարոյական բավարարվածության հասնել: Ես դրա կարիքը շատ ունեի: Դիմեցի բանկ: Մերժեցին վարկ տրամադրել: Հետո համացանցում իմացա ENPARD-ի (Գյուղի և գյուղատնտեսության զարգացման եվրոպական ծրագիր, Վրաստանում իրագործվում է 2013թ-ից – JAMnews) մասին: Հայտ ներկայացրի. խոտաբույսերով թեյի արտադրության հայեցակարգը վաղուց էր գլխումս պտտվում, այդ պատճառով էլ շատ ժամանակ պետք չեղավ այն վերարտադրելու համար: Շուտով Կասպիի շրջանի Լավրիսխևի գյուղի հայրական հին տունը վերածվեց խոտաբույսերով թեյի արտադրամասի:

Ստացած դրամաշնորհով այգին կարգի բերեցի, ոռոգման կաթիլային համակարգ քաշեցի և գործարկեցի փոքր բիզնեսս՝ այն «Կոնա» անվանելով: Բայց ժամանակ կար, որ համեմը մաղադանոսից չէի տարբերում: Մի բան է գրանտ ստանալը, սակայն պակաս կարևոր չէր այն, ինչ OXFAM-ը տվեց իր թրեյնինգներով: Դա ինձ համար պակաս կարևոր չէր: (OXFAM-ը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն աղքատությունը հաղթահարելն է, փոքր ֆերմերներին օգնելը – JAMnews):

Առաջին բերքը ստացա 2016թ-ի գարնանը: Հիմա թեյի արտադրամաս ունենք, փոքր խանութ, սրճարան, ինտեգրված վեբ-վաճառք: Ինչպես նաև՝ կոոպերատիվ, որում 5 մարդ է աշխատում:

Ես 41 տարեկան եմ: Երեք տղա ունեմ, և նրանց համար «Կոնան» լավ օրինակ է: Մենք միասին ենք հորինում ըմպելիքների անվանումները, հավաքում ծաղիկներն ու խոտաբույսերը: Ես հաճախ հիմնվում եմ համի զգացողության վրա: Հաջողությունը պետք չէ փնտրել յոթերորդ երկնքում, պետք է պայմաններ ստեղծել այստեղ և շարժվել դեպի նպատակդ»:

Պատմություն երկրորդ. Մանանա

Մանանա Բոլկվաձե, մեղվաբույծ

30-ամյա Մանանա Բոլկվաձեն Ծալկայից է: Երեք տարի առաջ նա երեք փեթակ ուներ, այսօր՝ 300: Նա պատմում է իր պատմությունը.

«Ապրում եմ Ծալկայում: Մասնագիտությամբ աշխարհագրության ուսուցչուհի եմ: Փողը ոչ մի բանի չէր հերիքում, այդ պատճառով էլ երեք տարի շարունակ ամեն ամառ անասուններին սարեր էինք տանում: Ողջ ընտանիքով էինք գնում, ապրում էինք վրանում՝ հոգ տանելով նախիրի համար, որ մի փոքր ավել կաթ ու պանիր ստանանք: Ծանր էր: Այն ժամանակ երեխաներն էլ էին շատ փոքր:

Մի անգամ ամռանը վրանի մոտ փեթակներով բեռնված մեքենա կանգնեց: Ինչ-որ մեկը որոշել էր իր մեղուներին էկոլոգիապես մաքուր միջավայր տեղափոխել: Սկզբում ուշադրություն չդարձրի: Սակայն հետո սկսեցի հետաքրքրվել: Բացի այդ, առաջարկեցին մեղվաբուծություն սովորեցնել:

Հենց ավարտում էի կովերին կթելը, պանիր գցելը, վրանը հավաքելն ու երեխաներին կերակրելը, անմիջապես գնում էի դեպի փեթակները: Գիտե՞ք՝ ինչ զգացողություն է սեփական ձեռքերով մեղվաընտանիք աճեցնելը: Երեք տարի կամավոր աշխատեցի, սարերում հետևում էի փեթակներին: Ինձ երկու մեղվաընտանիք նվիրեցին, իբր՝ պետք կգա: Իսկ երրորդը ես ինքս աճեցրի:

Մեր վրանը գյուղից 12կմ հեռավորության վրա էր: Մի անգամ ինձ ասացին, որ երեկոյան գյուղ իջնեմ, ինչ-որ հանդիպում է կայանալու կոոպերատիվների և դրամաշնորհների հետ կապված: Հետաքրքրվեցի, ձի հեծնեցի և իջա գյուղ:

Առաջին դրամաշնորհով դատարկ փեթակներ գնեցի: Գյուղում ծիծաղում էին, թե մեղվաբուծությունը կնոջ գործ չէ, դատարկ փեթակներն ինչու եմ գնել: Մեր կոոպերատիվում, որը ես հիմնեցի, սկզբում երեք մարդ կար: Հետո աստիճանաբար նոր նախագծեր հայտնվեցին, սկսեցի գումար փնտրել, քիչ-քիչ ընդլայնեցի գործը, և այսօր մեր կոոպերատիվում 19 կին կա, ոմանք՝ Ծալկայից, ոմանք՝ Աչարիից, մյուսներն էլ՝ Մառնեուլիից կամ անգամ Զեստաֆոնիից:

Այժմ իմ աշխատակցին ուղարկել եմ Չինաստան երկամսյա դասընթացների: Իսկ ինքս մայիսին Ամերիկա եմ մեկնելու ներկոոպերատիվային հարաբերությունների դիսցիպլիններ ուսումնասիրելու: Այսօր մենք ավելի քան 300 մեղվաընտանիք ունենք: Մեկ տարի առաջ նման բան երևակայել անգամ հնարավոր չէր:

Քոչվորական մեղվաբուծությամբ ենք զբաղվում, որպեսզի տարատեսակ արտադրանք ստանանք, բոլոր էկոլոգիապես մաքուր գոտիների մեղր ունենանք: Ցավոք, մեղվաբույծները կորցրել են վրացի սպառողի վստահությունը: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք կրկնակի շատ աշխատել, որպեսզի վստահեցնենք, որ բարեխիղճ մեղվաբույծներ ենք:

Իրեն շատ արդարացրեց այն, որ կրթություն ստացա, թե չէ հիմա տանը փակված կմնայի: Ինձնից ավելի աշխույժ և ընդունակ կանայք բարձրադիր շրջաններում ստվերում են մնացել, որովհետև չգիտեն իրենց հնարավորությունները: Դպրոցում իմ աշխարհագրության դասաժամերին ավելացրին նաև հասարակագիտության ժամեր: Դա ինձ շատ բան տվեց. կարողացա մասնակցել բազմաթիվ հետաքրքիր թրեյնինգների և հանդիպումների, շատ բան սովորեցի: Շնորհանդեսներից մեկի համար ստիպված էի մեր շրջանում գենդերային հավասարակշռության փոքր հետազոտություն անցկացնել: Արդյունքներն անհանգստացրին և ստիպեցին մտածել: Եվ այդ ժամանակ ես որոշեցի չներփակվել ինքս իմ մեջ, այլ ընդհակառակը, ավելի շատ հանդիպել կանանց հետ և պատմել, թե ինչպես ես հաջողության հասա, ինչից սկսեցի գործս: Հետո սովորեցի նախագծեր կազմել, այժմ ձգտում եմ ուրիշներին էլ օգնել: Անցել եմ Եվրամիության «Թրեյներների թրեյնինգ» դասընթացն ու այժմ ինքս կարող եմ զբաղվել մանկավարժների վերապատրաստմամբ:

Երբեմն այնպես եմ հոգնում, որ ինքս ինձ մտածում եմ, թե գործերից որը թողնեմ: Սակայն չեմ կարողանում: Ուզում եմ օգնել կանանց իրենց բիզնեսն ունենալ, հավատալ իրենց, իրենց ուժերին: Ցանկանում եմ, որպեսզի նրանք օրինակ լինեն իրենց երեխաների համար, որ կարողանան նրանց կրթության մեջ ներդրում անել»:

Պատմություն երրորդ. Իրինա

«Հարգելի՛ սպառողներ, ձեր խնդրանքով՝ հաղորդում ենք, թե որտեղ կարող եք ձեռք բերել մեր արտադրանքը: Այսօր առավոտյան ջերմոցներից հավաքած լոլիկը կարելի է գնել հետևյալ հասցեով…»՝ այս հայտարարությունն աչքովս ընկավ Ֆեյսբուքի «Պոմոդորնա» էջում:

«Պոմոդորնա» ջերմոցային տնտեսությունը ստեղծվել է Դուշեթիի շրջանի Բուլվաչուրի գյուղում ընդամենը մեկ տարի առաջ: 38-ամյա Իրինա Օդիշարիան մասնագիտությամբ իրավաբան-տնտեսագետ է: Կրթություն է ստացել Վրաստանում և Գերմանիայում: Հայրենիք վերադառնալուց հետո հիմնել է ազգային փոքրամասնությունների խնդիրների ոչ կառավարական կազմակերպություն և սկսել օգնել շրջաններից եկող երիտասարդությանը:

«Հետաքրքիր գործ էր: Սակայն ուզում էի ինչ-որ այլ բանով զբաղվել: Եվ մի անգամ ուշադրությունս գրավեց «Էնպարդի» գծով հայտարարությունը, դա Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը միտված է գյուղի զարգացմանը: Ես ու ընկերներս մանրակրկիտ ուսումնասիրեցինք բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկներն ու կանգ առանք ջերմոցային տնտեսության վրա: Եվ այդ ժամանակ հայտով դիմեցինք «Էնպարդին»: Եվ դա իրեն արդարացրեց:

Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և պատկերացնել անգամ չէի կարող, որ երբևէ ջերմոցային տնտեսություն կունենամ, ֆերմեր կդառնամ և սեփական ձեռքերով կսկսեմ բույսեր աճեցնել: Ես արմատապես փոխել եմ իմ կյանքը: Ընդհանրապես, կարծում եմ, որ մենք չպետք է խուսափենք բարձրաձայնել մեր ցանկություններն ու պլանները:

Մի պատմություն պատմեմ. երբ ես ու ամուսինս ամուսնացանք, մեր ընտանեկան կյանքի սկզբում աշխատանքից տուն էինք վերադառնում հոգնած, ամուսինս նստում էր հեռուստացույցի առջև, իսկ ես խոհանոցում ընթրիք էի պատրաստում: Գերմանիայում սովորելու ժամանակ ընկերներ ձեռք բերեցի, նրանց շրջանում կային նաև ծնողներ, և տեսա, որ նրանք աշխատանքից հետո միասին ընթրիք էին պատրաստում, սեղան գցում և այլն: Եվ ես հասկացա, որ իմ կյանքն ինձ այդպիսին չեմ պատկերացրել և մի անգամ ամուսնուս ասացի.

«Ես ուրիշ սպասումներ ունեմ: Ես մեր ընտանիքն այլ կերպ եմ պատկերացրել»:

«Իսկ ո՞րն է խնդիրը», – մեղմ հարցրեց նա ինձ:

Կարծում եմ, որ դա մեր գլխավոր խնդիրն է, կանանց խնդիրը. մենք ունենք հույսեր, սպասումներ, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, մեր մեջ ենք պահում: Իսկ այդ դեպքում չիրականացրած սպասումները կոնֆլիկտի համար խնդիրներ, հող են ստեղծում: Իմ աշխատանքի առաջին արգասիքները ես հանձնեցի այն խանութ, որտեղից ինքս էի առևտուր անում: Հաջորդ օրը զանգահարեցին և խնդրեցին էլի ապրանք տանել: Մենք դեռևս մեկ ջերմոց ունենք, և բերքը հավաքեցինք մարտի կեսերին:

Այժմ այն է տխրեցնում, որ երեխաների համար քիչ ժամանակ է մնում, սակայն ինձ նրանով եմ սփոփում, որ նրանք ինքնուրույն  են սովորում: Դա հավանաբար վատ չէ, որ նրանք տեսնում են իրենց մորը, որը զբաղվում է իր սիրած գործով»:

Պատմություն չորրորդ. Թինիկո, Թինիկո, Սոֆիկո, Նինո և Դալի

Կոոպերատիվում հինգ կին կա ամուսինների հետ: Սոֆիկոն և Թինիկոն հիանալի լոլիկ են աճեցնում՝ թե՛ տեսքով, թե՛ համով: Նինոն, ցանկացած, առաջին հայացքից սովորական ընտանեկան գործն ունակ է բիզնես-գաղափարի վերածելու: Իսկ Դալին հաշվապահ է, տնտեսագետ:

Նրանք ընկերուհիներ են: Ահմեթայում, Ալվանի Զեմոյի դպրոցում միասին են աշխատում: Նրանք մեծ մանկավարժական փորձ ունեն՝ 20-30 տարվա:

«Ուսումնական փուլում դեռ ոչինչ, բայց արձակուրդների ժամանակ դժվար է չորս պատի մեջ նստելը… Հատկապես, եթե ի ծնե գյուղացի ես: Անընդհատ ուզում ես բնության գրկում լինել: Աշխատավարձը չէր հերիքում: Եվ մի օր Թինիկոն, որը համացանցից դուրս չի գալիս, տեսավ տնտեսության ֆինանսավորման մասին OXFAM-ի հայտարարությունը», – պատմում է 53-ամյա Դալի Վեշագուրիձեն:

Այդ ժամանակ էլ սկսվեց. Առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը՝ դպրոց: Երեկոյան 6-9-ը՝ տնային գործեր (ճաշ, ընթրիք, մաքրություն, լվացք և այլն): Իսկ դրանից հետո՝ մինչև առավոտյան 3-4-ը, մեկի տանն աշխատանք նախագծի վրա: Այնուհետև՝ զանգ «հերթապահող» ամուսնուն, թե վերջացրել ենք, արի և բոլորիս տուն տար:

«Մեկուկես տարի այդ ռեժիմով ենք ապրել: Արդարացված էր. դրամաշնորհ տվեցին: Ջերմոց սարքեցինք, կաթիլային ոռոգում քաշեցինք, լոլիկի տնկիների համար նույնիսկ առանձին տարածք հատկացրինք: Այդ ամենի համար ֆինանսավորում գտնելն էր ծանր. ամեն ինչի համար 30 հազար լարի էր պահանջվում: Բանկերը մերժում էին, ստիպված էինք աշխատավարձով վարկ վերցնել: Ընտանիքներում այդ միտքն այնքան էլ չհավանեցին. սկզբում ոչ բոլորն էին հավատում մեր գաղափարին: Գյուղում ժողովուրդը խեթ էր նայում, կանխատեսում էին, որ շուտով կվիճենք, և ոչինչ չի ստացվի: Հարևանը՝ Օթար պապն, ասաց. «Ամենահեշտը խորհուրդ տալն է, իսկ դուք բոլորին մի լսեք»:

Այժմ  երբեմն ծիծաղում ենք. գյուղում մենք տեսարժան վայրեր չունենք, այդ պատճառով էլ ժողովուրդը մեր ջերմոցի ֆոնին է սելֆի անում: Լոլիկ ու վարունգ ենք աճեցնում: Մեզ մոտ ամեն ինչ բնական է: Հիվանդությունները բորդոյան հեղուկով ենք կանխում, պարարտանյութը եղինջի թուրմն է: 15 տոննա բերք էինք սպասում, սակայն ընդամենը 4-ն ենք ստացել: Բայց մենք գոհ ենք. գլխավորը, որ արտադրանքը բիոբնական է: Մթերքն իրացնում ենք հիմնականում մեր և հարևան գյուղերում, նույնիսկ Թբիլիսիից հարցում ունեինք, սակայն չկարողացանք ուղարկել. բանջարեղենը քիչ էր: Այժմ ուզում ենք գնել ջերմոցի մոտ գտնվող 19-րդ դարի տունը: Դա փայտյա տուն է՝ բազմաթիվ նախշաքանդակներով: Մտածում ենք այդտեղ բիոարտադրամասի մասին տարբեր թրեյնինգներ անցկացնել: Դպրոցականներն, ուսանողները կգան, նրանց հետ փորձով կկիսվենք: Մի քանի սենյակ բնակելի կդարձնենք, փոքր հյուրանոց կդառնա: Երբ հոգնեք քաղաքից, կգաք մեզ մոտ, ձեզ այդ տանը կտեղավորենք: Եվ մեզ կօգնեք, և ինքներդ կհանգստանաք:

Գիտե՞ք՝ հաջող գործի համար գլխավորը գաղափարն է, որի շուրջ միավորվում են մի քանի հոգի: Կոոպերատիվների գործակալությունը մեր կողքին է, գրանտեր փնտրելը, դոնորներ գտնելը շատ ավելի հեշտ է, էլ ի՞նչ է պետք»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում