Վրացի դեռահասների մի մասը հարկ եղած աջակցությունը չի ստանում ծնողներից իր կյանքի ամենաբարդ շրջաններում" />

«Ուզում եմ մորս հետ ընկերություն անել»։ UNICEF-ի հետազոտությունը Վրաստանում երեխաների և ծնողների հարաբերությունների մասին

Վրացի դեռահասների մի մասը հարկ եղած աջակցությունը չի ստանում ծնողներից իր կյանքի ամենաբարդ շրջաններում

REUTERS/Բրայն Սնայդեր

«Դեռահասներ և ծնողներ»․ այսպես է կոչվում հետազոտությունը, որը Վրաստանում անցկացրել է ՄԱԿ Մանկական հիմնադրամը։ Դրա արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 11-ին։

Վրաստանի ողջ տարածքում անցկացված հետազոտությանը մասնակցել են 10-17 տարեկան դեռահաս, նրանց ծնողներն ու խնամակալները։ Այն ցույց է տվել որ

վրացի դեռահասների մի մասն անհրաժեշտ աջակցություն չի ստանում իր կյանքի ամնաբարդ և հուզական փուլերում;

ծնողների մեծ մասը երեխաներին դաստիարակում է ատորիտար ոգով՝ սահմանափակելով նրանց ազատությունը;

ծնողներն ու դեռահաս-երեխաները հաճախ ընկերներ չեն;

Վրաստանում ծնողների մեծ մասը նախկինի պես համարում է, որ տղաները պետք է դաստիարակվեն «փողոցային ակադեմիայի» օրենքներով, իսկ չափահասության հասնելուն պես պետք է մարմնավաճառի մոտ գնան։

JAMnews-ը՝ Վրաստանում ծնողների և դեռահասների հարաբերությունների առավել կարևոր միտումների մասին․

 

______________________

«Չեմ ուզում տանը խոսել խնդիրների մասին»

UNICEF-ի հետազոտությանը մասնակցած տղաներն ու աղջիկները միաձայն հայտարարել են, որ ուզում են ծնողների հետ ընկերական հարաբերություններ ունենալ։

«Ուզում եմ, որ մայրս ու ես ընկերներ լինենք», – հայտարարել է Կախեթիի շրջանում կազմակերպված ֆոկուս-խմբի դեռահասներից մեկը։

Միաժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ իրականում ամեն ինչ բոլորովին այլ կերպ է։

6 գործոն, որոնք վկայում են Վրաստանում երեխաների հանդեպ անտարբեր վերաբերմունքի մասին

Երեխան համացանցում։ Ի՞նչ անել։ ՄԱԿ Մանկական հիմնադրամի հաշվետվությունը

Թբիլիսիում մանկապարտեզներ կան, որտեղ երեխաների խումբը 60 հոգուց է բաղկացած։ Այս և UNICEF-ի հայտնաբերած այլ խնդիրներ

Քիչ չեն դեպքերը, երբ դեռահասն իր ամենաբարդ և էմոցիոնալ շրջանում չի զգում ծնողների աջակցությունը։

«Չեմ ուզում տանը խոսել խնդիրներից։ Որովհետև հենց ինձ կմեղադրեն դրանց համար», – քննարկման ժամանակ հայտարարեց դրա մասնակիցներից մեկը։

Խիստ հայր

«Երբ երեխան դուրս է գալիս որոշակի շրջանակներից, ինչպե՞ս զսպել հույզերդ», – հարցրեց հետազոտությանը մասնակցող հայրերից մեկը։

Դեռահասների մեծ մասը հենց հայրերին են առավել ավտորիտար ծնող համարում։ Ինչպես աղջիկներն, այնպես էլ տղաները խոստովանել են, որ հոր ներկայությամբ իրենց այլ կերպ են պահում՝ սովորականից ավելի զուսպ։

Հայրերին բնորոշելիս դեռահասները հետևյալ արտահայտություններն են օգտագործում․ «նրանք ավելի խիստ են», «նկատղություն են անում», «բացատրությունն են պահանջում», «պատժում են վատ արարքի համար»։

Տղան պետք է «փողոցի ակադեմիա» անցնի։ Ինչպե՞ս են ծնողներն իրենց երեխաներին պաշտպանում բռնությունից

Ծնողների մեծ մասը չի կարողանում համբերատարությամբ և աջակցությամբ պատասխանել իրենց երեխայի հետ կատարված բռնության պատմությանը։ Արդյունքում, երեխաները հետագայում նախընտրում են ավելորդ անգամ ոչինչ չպատմել նրանց։ Ավելին, հաճախ ծնողները, հատկապես հայրերն են բռնություն և ագրեսիա սադրում։

Օրինակ, հարցման մասնակիցների մեկը խոստովանել է

«Հայրս երջանիկ կլիներ, եթե ես հաշիվներս մաքրեի նրա հետ, ով ինչ-որ մեկին նվաստացնում է»։

Որոշ հայրեր իրենք են իրենց տղաներին դրդում պատասխան բռնության։ Հայրերը վախենում են, որ իրենց տղաներին կարող է ինչ-որ մեկը նվաստացնել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հայրերը հաճախ իրենց տղաների համար կարևոր են համարում, որպեսզի նրանք անցնեն այսպես կոչված «փողոցային ակադեմիա»։

«Տղան պետք է «փողոցային ակադեմիա» անցնի և պետք է իմանա, որ ոստիկանություն պետք չէ դիմել», – ասել է Բաթումից մի դեռահասի հայր։

Ծնողների մեկ այլ խումբ, ընդհակառակը, իրենց երեխաներին խնդրում է «չապստամբել» բռնության դեպքում։

«Ես ծնողներիս ոչինչ չեմ պատմում։ Քանի որ գիտեմ, որ նրանք հենց ինձ էլ մեղավոր կհանեն ամեն ինչում։ Կասեն, որ եթե ինչ-որ մեկը վիրավորական ինչ-որ բան է ասել, պետք է դիմանալ։ Իսկ ես չեմ պատրաստվում դիմանալ», – ասում է Թելավիից մի դեռահաս։

«Երբ գոռում եմ, բոլորը հանգստանում են»։ Ինչպե՞ս են Վրաստանում պատժում երեխաներին

Սեփական հեղինակությունն ամրապնդելու համար ոչ միայն հայրերն, այլև շատ վրացի մայրեր են դիմում պատժի ֆիզիկական և հոգեբանական մեթոդին։

Դեռահասության տարիքում ֆիզիկական պատիժը հազվադեպ է կիրառվում, ավելի շատ էմոցիոնալ մանիպուլյացիա է օգտագործվում։

«Կարող եմ ձայնս բարձրացնել։ Երբ գոռում եմ, բոլորը լռում են», – ասում է դեռահասներից մեկի մայրը։

Հարցման մասնակիցներից մեկը պատմել է, որ երբ մայրն ափերից դուրս է գալիս, սպառնում է նրան գյուղ ուղարկել։

Պատժի պոպուլյար մեթոդ է դարձել բջջային հեռախոսից զրկելը։

«Մենաստան եմ ուղարկելու»։ Եկեղեցու դերը դեռահասների դաստիարակության մեջ

Հետազոտության ընթացքում հետաքրքիր միտում է հայտնաբերվել։

Պարզվում է, որ երեխաների չենթարկվելուց զայրացած ծնողները, հատկապես հայրերը, օգնություն են խնդրում հոգևորականներից։ Հաճախ այդ պրակտիկային դիմում են Թբիլիսիի բնակիչները։ Նրանց կարծիքով, մենաստանի կյանքը կուղղի որդուն։

«Ես դեռ երկու տարի առաջ երեխային մենաստան կուղարկեի, սակայն ինձ ասացին, որ մենաստանում կյանքը շատ ծանր է, հատկապես Մեծ պահքի օրերին», – պատմել է «բարդ» դեռահասներից մեկի հայրը։

«Ընկերս իրեն տգեղ պահեց, և հայրս ասաց, որ նրան էլ տուն չբերեմ»։ Ո՞վ է հեղինակությունը

Տարածված կարծիք կա, որ թինեյջերների համար իրենց տարիքում կարևոր են միայն հասակակիցների հետ հարաբերություները։ Սակայն հետազոտությունն այլ միտում է հայտնաբերել դեռահասների համար ավելի կարևոր է մոտ հարաբերություններ ունենալ ծնողների հետ, քան հասակակիցների։

Իսկ դեռահասների և ծնողների միջև մոտ հարաբերություններն ուղղակիորեն կախված են նրանից, թե ինչպես է նրանց երեխան զարգանում։

Ծնողների հետ մոտ հարաբերություններ ունեցող դեռահասներն ավելի հանգիստ և վստահ են զգում իրենց, նրանք վստահ են իրենց ուժերի վրա։

Իսկ այն դեռահասները, որոնք ավելի քիչ են կապված ծնողների հետ, հաճախ են անտեսում սեփական զգացմունքները, զրույցներում սեփական խնդիրներին չեն անդրադառնում և որպես հետևանք՝ ներամփոփ են դառնում։

Դեռահասները կարծում են, որ պետք է ավելի շատ ազատություն ունենան, և պետք է ավելի մեծ վստահություն զգան ծնողների կողմից։

Դեռահասի համար ծայրահեղ կարևոր է հարգանք վայելելն իր հասակակիցների շրջանում։ Իսկ ծնողները իրենց երեխայի այդ պահանջմունքը գնահատում են որպես սպառնալիք իրենց սեփական հեղինակությանը։ Օրինակ, թբիլիսցի մի աղջիկ այսպիսի բան է պատմել

«Երբ մի անգամ ընկերուհիս ինձ հյուր էր եկել, նա ինչ-որ պահի իրեն այնքան էլ կիրթ չպահեց։ Հայրս զայրացավ և արգելեց ինձ նրան հյուր կանչել»։

«Նրանք իրենց հանդուգն են պահում ծնողների ուշադրությանն արժանանալու համար»։ Ինչո՞ւ է կորում ծնողների և դեռահասների միջև կապը

Ծնողների և դեռահասների միջև թույլ կապերը պայմանավորված են բազմաթիվ գործոններով։ Սակայն եթե ծնողների և երեխայի միջև կոնտակտ չկա, մեղավոր են ծնողներն, այլ ոչ թե երեխաները, վստահ են մասնագետները։

Երբեմն դա ծնողների մշտական զբաղվածության, աշխատանքային ծանր գրաֆիկի հետևանք է։

Հետազոտության մասնակից ծնողներից մեկը բողոքում էր, որ երեխաների հետ իր հարաբերությունները փոխարինել է համացանցը։ Նրա խոսքով՝ երեխաներն ավելի քիչ են սկսել կապ պահել ծնողների հետ, և իրենց բոլոր հարցերի պատասխանները փնտրում են համացանցում։

Կապի բացակայության առավել հաճախ հանդիպող պատճառը երեխաների զգացմունքների և պահանջմունքների հանդեպ անուշադրությունն է․ ծնողներից շատերը կարծում են, որ երեխաների խնդիրներն իրոք «մանկական են», և կարելի է դրանց վրա առանձնապես ուշադրություն չդարձնել։

Աղջիկներից մեկը վստահ է, որ հենց ծնողների անտարբերությունն է պատճառ դառնում, որ դեռահասները սկսում են ինքնասպանության մասին մտածել

«Այդպիսի դեպքերը խոսում են այն մասին, որ նրանք բավականաչափ սեր չեն ստանում  ոչ ընտանիքում, ոչ էլ դրանից դուրս»։

Իսկ ահա թե ինչ է ասում ևս մեկ դեռահաս

«Երեխաները նեղանում են, երբ ծնողներն իրենց ուշադրություն չեն դարձնում կամ չեն հետաքրքրվում, թե ինչով են իրենք զբաղված․․․ Երբեմն նրանք սկսում են վատ բաներ անել, որպեսզի ծնողների ուշադրությանն արժանանան․․․ Օրինակ՝ եթե մինչև կեսգիշեր տուն չվերադառնան, ծնողները, բնականաբար, սկսում են զանգահարել, հետաքրքրվել, թե որտեղ են նրանք»։

«Սա տղամարդու գործ է, իսկ սա՝ կնոջ»։ Գենդերային դաստիարակություն

Գենդերային կարծրատիպերը հաճախ հանդիպում են գյուղերում, քան քաղաքներում։ Սակայն պետք է նշել, որ պահպանողական նորմերը նախորդ տարիների համեմատ այսօր թուլանում են։

Օրինակ, գյուղական բնակավայրից մի կին հայտարարեց

«Ես նույնատիպ առաջադրանքներ եմ տալիս և աղջկաս, և տղայիս։ Դա վերաբերում է տունը հավաքելուն, ափսեները լվանալուն։ Դրանով զբաղվում է ոչ միայն աղջիկս, այլև տղաս»։

Սակայն ծնողների մեծ մասը հարցին, այնուամենայնիվ, այլ կերպ է վերաբերվում։

Ծնողների մեծ մասը համամիտ է, որ կրթությունը կարևոր է ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար, սակայն ոմանք հստակեցնում են, որ տղաների համար դա առավել արդիական է։ Վաղ տարիքից դեռահասների գիտակցությունում ներդրվում է, որ որոշ մասնագիտություններ տղամարդու են, որոշները՝ կնոջ։

«Ընտանիքների մեծ մասում ուրախանում են, երբ աղջիկը ֆիզիկայից 10 բալ է ստանում։ Սակայն միաժամանակ եթե նա որոշի ֆիզիկոս դառնալ, կարող է հանդիպել ծնողների դիմադրությանը, որը գալիս է հիմար կարծատիպից աղջիկը չպետք է ֆիզիկոս դառնա», – ասում է բաթումցի մի աղջիկ։

Ծնողներն ավելի շատ են վերահսկում աղջիկներին, քան տղաներին։ Գրեթե բոլոր աղջիկները նշել են, որ իրենց վերահսկողությունը մայրերի գործառույթն է։

«Մայրս կարող է թույլ չտալ ինչ-որ տեղ գնալ, եթե, օրինակ, սանրվածքս դուրը չգա», – բողոքում է մի աղջիկ Թբիլիսիից։

«Ոչ ոքի սեքսի մասին չեմ հարցնելու, ավելի լավ է գուգլել»

Սեքսն ու վերարտադրողական առողջությունը մի թեմա է, որը Վրաստանում ծնողների մեծ մասն անտեսում է։ Որպես կանոն, ծնողներն ու երեխաներն այդ թեմաները չեն քննարկում, չեն անդրադառնում սեքսուալության հարցերին, դրանց ուղեկցող ռիսկերին, վերարտադրողական առողջությանը, սեռական նույնականացմանը։ Ծնողները կարծում են, որ այդ մասին ժամանակից շուտ խոսելը կարող է սեքսի հանդեպ վաղաժամ հետաքրքրություն առաջացնել։

Իրենց կողմից դեռահասների համար անհարմար է ծնողների հետ սեքսից խոսելը։ Նրանք անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրում են համացանցում կամ ստանում հասակակիցներից։

«Ոչ ոքի սեքսուալության հետ կապված հարցեր չեմ տալու։ Կգուգլեմ, եթե չգտնեմ, ինչ ուզում եմ, կդադարեմ որոնել», – հարցման ժամանակ ասել է Թելավիից մի աղջիկ։

Սեքսուալ հասունության, դաշտանին, մարմնի ձևափոխման մասին աղջկան անպայման պատմում է մայրը։ Միայն մի քանի հայր է պատրաստակամություն հայտնել երեխաների հետ ցանկացած թեմայով զրույցներ վարել, հատկապես՝ սեքսուալ։

Ինչ վերաբերում է տղաների սեքսուալ լուսավորման մասին, ապա դա հոր գործն է համարվում։ Դրա տակ, որպես կանոն, ենթադրվում է մարմնավաճառի մոտ գնալը։ Այդպիսի առաջին այցի նախաձեռնողը հաճախ հայրն է լինում։ Նա էլ վճարում է։ Սակայն, ինչպես ցույց է տվել հարցումը, նման «դասը» հազվադեպ է պարունակում պաշտպանվելու և անվտանգ սեքսի մասին զրույցներ։

Աղջիկների մոտ ամեն ինչ ավելի հեշտ է։ Վրացական ընտանիքների մեծ մասում ամուսնությունից առաջ աղջկա սեռական կապերը չեն քննարկվում, դրանք անընդունելի են համարվում։

«Ամուսնանալ մարմնի թելադրանքով»

Հետազոտության հեղինակները մատնանշում են, որ գյուղական բնակավայրերում դեռահասի դաստիարակությունն ավելի կոլեկտիվ գործ է, քան քաղաքում։ Գյուղում, օրինակ, դեռահասին կարող է նկատողություն անել հարևանը, ընկերոջ ծնողները, երբեմն էլ բառացիորեն ապտակել։

Դաստիարակման առանձնահատկություններ կան նաև ազգային փոքրամասնությունների մոտ։ Վրաստանում ազգային փոքրամասնությունների ընտանիքներում հոր դերն առավել ուժեղ պետք է լինի, քան վրացական ընտանիքներում։ Այստեղ հայրերը կարևոր որոշումներ կարող են կայացնել իրենց աղջիկների փոխարեն, օրինակ, վճռել նրանց ամուսնության հարցը, գտնել, իր կարծիքով, համապատասխան փեսացուի և ամուսնացնել աղջկան նրա հետ։

«Ես կիսով չափ գնչու եմ։ Իսկ գնչուների մոտ վաղ ամուսնություններն ընդունված են։ Երբեմն նույնիսկ 12 տարեկանում են ամուսնանում։ Դեռ երեխա են, բայց եթե հայրն այդպես է որոշել, ապա աղջիկը պետք է ենթարկվի և ամուսնանա։ Նույնիսկ եթե բնավ չի ցանկանում», – պատմել է մի աղջիկ Թելավիից։

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում