Մոլդովայի էներգետիկ խնդիրները, որոնք շատ քաղաքական բնույթ են կրում " />

Ով գազը տալիս է, նա էլ տերն է. Մոլդովայի և Ռուսաստանի օրինակով

Մոլդովայի էներգետիկ խնդիրները, որոնք շատ քաղաքական բնույթ են կրում

Յասսի—Ունգենի գազամուղի բացումը 2014 թվականին. Լուսանկարը՝ profit.ro 

ZdG

Մոլդովան Ռումինիայով անցնող իր սեփական գազատարն ունի: Երկիրը Եվրոպական էներգետիկ համայնքի անդամ է: Եվ այնուամենայնիվ Մոլդովան շարունակում է 100 տոկոսով կախված մնալ ռուսական գազից: Ինչո՞ւ է այդպես:

Ինչպե՞ս էր ստեղծվում «Գազպրոմի մոնոպոլիան»

Մոլդովայի գազային շուկան վերահսկում է «Մոլդովգազ» բաժնետիրական ընկերությունը, որը ստեղծվել է 1999թ-ին՝ Մոլդովայի համար բավականին տխուր հետևանքներով:

 

Սկզբում «Մոլդովգազ» պետական կոնցեռնը միավորեցին ռուս-մոլդովական Aprogaztranzit-ի հետ: Հետո հարց առաջացավ, որ Մոլդովան պետք է վճարի ռուսական գազի դիմաց գոյացած պարտքը: Վճարումը տեղի ունեցավ կոմցեռնում արժեթղթեր զիջելով: Արժեթղթերի 50%-ն անցավ ռուսական «Գազպրոմին», 13.4%-ն անցավ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությանը:

Եվ Մոլդովային 35.3 տոկոս բաժնեմաս մնաց այն միակ ընկերությունում, որը երկրի շուկային բնական գազ է մատակարարում, իսկ «Գազպրոմը» դարձավ Մոլդովայի բնական գազի միակ մատակարարը:

 

Գազատար՝ Ռումինիայի տարածքով. բաց է, բայց անօգուտ

Ռուսական գազից ամբողջական կախվածությունը վաղուց է Մոլդովայի իշխանություններին խթանել ելք փնտրել: Դեռևս 2010-2013թթ-ին Մոլդովան սկսել է միանալ Ռումինիայի փոխադրիչ ցանցերին և Եվրոպական էներգետիկ համայնքին:

Եվ ահա 2014թ-ի օգոստոսի 27-ին՝ Մոլդովային Հանրապետության անկախության օրը, բացվեց Յասսի (Ռումինիա)-Ունգենի (Մոլդովա) 43 կմ երկարությամբ գազատարը, որի 11կմ-ն անցնում է Մոլդովայի տարածքով:

Սակայն երկու տարի է անցել, իսկ գազատարն այդպես էլ դատարկ է մնում: 2017թ-ին միայն 1,2մլն կուբամետր ռումինական գազ է տեղափոխվել Պրուտ գետով, իսկ դա Մոլդովային անհրաժեշտ գազի տարեկան ծավալի 0,1 տոկոսն է միայն:

Խնդիրը ֆինանսավորման բացակայությունն է. գազատար կառուցելը գործի միայն կեսն է:

«Որպեսզի Յասսի-Ունգենի գազատարն իրոք իրավիճակից ելք դառնա, խոշոր ներդրումներ են անհրաժեշտ ինչպես ռումինական, այնպես էլ մոլդովական կողմից», – ասում է Զարգացման և սոցիալական նախաձեռնությունների ինստիտուտի փորձագետ, Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության նախկին տնօրեն Վիկտոր Պարլիկովը:

Գազը որպես գեոքաղաքականություն

 Մոլդովայի իշխանությունները խոստանում են, որ ռումինական գազը կսկսի երկիր մտնել ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում: Սակայն տեղեկատվությունն այն մասին, թե որտեղից և ինչ ներդրումներ կարվեն, դեռևս լղոզված է, Եվրամիության ինչ-որ «ֆինանսական կառույցներ» են նշվում:

«Մենք ձմռան կեսին գազի անջատման դեպքեր ենք ունեցել: Եղել են նաև այնպիսի իրավիճակներ, երբ մեզ շանտաժ են արել գազի պարտքերով: Շատ առիթներ են եղել համոզվելու, որ [գազային մոնոպոլիան] ՌԴ կողմից օգտագործվում է որպես Մոլդովայի հանդեպ քաղաքական վերահսկողության գործիք», – ասում է Վիկտոր Պարլիկովը:

«Անկախ ՌԴ և Ուկրաինայի միջև հարաբերությունների էվոլյուցիայից՝ Մոլդովայի սպառողները, տնային տնտեսություններն ու արդյունաբերությունը կշահեն այլընտրանքային գազի մատակարարումից՝ անվտանգ և կանխատեսելի», – ասված է մոլդովական Expert Group և ռումինական Expert Forum համատեղ զեկույցում:

Սակայն նոր գազատարի գործարկումը ինքնին չի լուծի Մոլդովայի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման խնդիրը: Էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար Մոլդովան «Գազպրոմին» դեռևս պետք է 6,5 մլրդ դոլար վճարի, սակայն թե որտեղից այդ գումարը գտնել, Քիշնևում դեռ չգիտեն:

 6,5 մլրդ դոլար՝ տարածքային ամբողջականության համար

«Մոլդովգազ» ընկերության պարտքը «Գազպրոմի առջև» կազմում է 6,5 մլրդ դոլար, ընդ որում դրա հսկայական մասը՝ 6 միլիարդը, Մերձդնեստրի շրջանի պարտքն է:

Մերձդնեստրի Հանրապետությունը միակողմանի կերպով իր անկախությունն է հռչակել 1990-ականների սկզբին, սակայն մինչ այսօր ոչ մի երկրի կողմից չի ճանաչվել և միջազգային հանրության (այդ թվում նաև Ռուսաստանի) կողմից Մոլդովայի մաս է համարվում:

2017թ-ի հունվարին Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը Մոսկվա է այցելել և հայտարարել, որ Մերձդնեստրի «գազային» պարտքը «Մոլդովայի պարտքի» մի մասն է կազմում:

Նախագահի այդ հայտարարությունը Մոլդովայում քննադատության ալիք է առաջացրել և՛ հասարակության, և՛ կառավարության կողմից:

«Իրավաբանական տեսանկյունից դա «Մոլդովգազի» մասնավոր պարտքն է «Գազպրոմի» առջև, ընդ որում, վերջինս «Մոլդովգազի» խոշորագույն բաժնետերն է», – հայտարարել է էկոնոմիկայի նախարար Օկտավիան Կալմիկը հեռուստաեթերում:

«Մոլդովգազի» ներկայացուցիչները հրաժարվում են քննարկել այդ թեման: Այնպես որ, դեռևս հավանաբար այն կարելի է փակ համարել:


Կարդալ ավելին JAMnews-ում