Հարկադիր տեղահանվածների բնակավայրում այժմ ոչ ոք լույսի համար չի վճարում, միայն թե նրանցից երկուսը բանտում են" />

Ովքե՞ր են ադրբեջանցի «լույսի կալանավորները» և ինչո՞ւ են նրանց կարեկցում

Հարկադիր տեղահանվածների բնակավայրում այժմ ոչ ոք լույսի համար չի վճարում, միայն թե նրանցից երկուսը բանտում են

Մեղադրյալների հարազատները՝ դատարանի առաջ

Լուսանկարը, տեսանյութը. Իզոլդա Ագաևա

Իմիշլի ադրբեջանական քաղաքում՝ Ջեբրաիլի շրջանային դատարանում, վերջերս կայացվել է հինգ երիտասարդի, ինչպես նրանց ժողովուրդն է կոչում «լույսի կալանավորների» գործի վերաբերյալ դատավճիռը: Նրանք ձերբակալվել էին անցած տարվա վերջին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, որի ժամանակ պահանջում էին էլեկտրականության անխափան մատակարարում: Ակցիան անցկացվել էր Բիլյասուվար բնակավայրում (Բաքվից 153 կմ հեռավորության վրա)՝ Ղարաբաղի Ջեբրաիլ շրջանից հարկադիր տեղահանվածների բնակության վայրում՝ շրջանային գործադիր իշխանության շենքի դիմաց:

Այստեղ պետք է պարզաբանել, որ շրջանների պետական կառույցները, որոնք անցել են Հայաստանի վերահսկողության տակ 1991-1994թթ. պատերազմական գործողությունների արդյունքում, ինչպիսիք են՝ դատարանները, դպրոցները, գործադիր իշխանությունը, շարունակում են իրենց աշխատանքը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Ջեբրաիլից հարկադիր տեղահանվածների թիվն ի սկզբանե շուրջ 77 հազար էր, նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Բիլյասուվարում:

Բիլյասուվարում լույսն անջատել էին այն պատճառով, որ բնակիչները չէին վճարել էլեկտրաէներգիայի համար: Մարդիկ էլ ասում էին, որ պատրաստ են վճարել, սակայն ի վիճակի չեն մարել ողջ պարտքը:

Ժողովուրդը հավաքվեց գործադիր իշխանության շենքի առջև, իսկ հավաքվածներից մեկն էլ քար նետեց՝ ուղիղ ոստիկանի աչքին:

Ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվեցին: Նրանք բանտում անցկացրին շուրջ 10 ամիս:

Այս տարվա օգոստոսի 19-ին մեղադրյալներից երեքը՝ Գյուլագա Ալմամեդովը, Ջալալ Գուլիևը, Իլքին Իսկենդերովը, պայմանական ժամկետներ են ստանում և ազատ արձակվում: Ուլվի Գուլիևը և Զաուրա Ֆեյրուզլուն դատապարտվում են 1.5 տարվա ազատազրկման:

Լրագրողներին և հասարակության ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին՝ ոչ բավարար տեղերի պատրվակով, չնայած դատավարությունն անցկացվել է Իմիշլի քաղաքի դատարանի նոր վերանորոգված շենքում, որը հարմարավետ սրահներ ունի: Հենց ոչ բավարար տեղերի պատճառով Բիլյասուվարի շրջանային դատարանից նիստը տեղափոխվել էր Իմիշլի:

«Լույսի կալանավորները» մեղադրվել են գույքը միտումնավոր փչացնելու, հասարակական կարգը խախտելու, օրենքի ներկայացուցիչների հանդեպ բռնի գործողություններ կատարելու մեջ: Ձերբակալվածները հերքել են բոլոր մեղադրանքները և ասել, որ ոչ մեկին վնասվածք չեն հասցրել:

«Դատարանում ոչ ոք նրանց դեմ վկայություն չի տվել, բոլոր տուժածներն ասել են. այս հինգից ոչ մեկին չգիտենք: Մութ էր, թեկուզ աչք հանեին, չենք տեսել՝ ով է քար նետել: Բայց իմ տղային, միևնույնն է 1.5 տարի տվեցին»,-ասում է Զաուրա Ֆեյզուլաևի հայրը՝ Թեբրիզ Գաջիևը:

Դատավճիռը կարող էր ավելի խիստ լինել ներկայացված մեղադրանքների հիման վրա՝ մինչև 7 տարի, այնպես որ դատապարտյալների հարազատներն ասում են, որ «էժան են պրծել»:

Փեբրիզ Գաջիևը թոռների հետ: «Լույսի բանտարկյալ» Զաուր Ֆեյրուզլուի կրտսեր աղջիկը ծնվել է, երբ հայրն արդեն անազատության մեջ էր

 

Ադրբեջանական հասարակությունը դժգոհություն է արտահայտել այս իրավիճակի կապակցությամբ: Առաջինը՝ շատերը կասկածում են, որ դատավճիռը արդար է եղել:

Լրագրող և իրավապաշտպան Սամիր Քյազըմլը. «Եթե դատական գործընթացը, լինելով բաց, ինչպես պաշտոնապես հայտարարել էին, անցկացվել է դռնփակ, լրագրողներին և հասարակության
ներկայացուցիչներին թույլ չեն տվել մուտք գործել սրահ, ինչպե՞ս կարող է դատավճիռն արդար համարվել:

Այս գործը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն: Կառավարությունն ընդլայնում է բռնաճնշվածների շրջանակը, լրագրողներից և հասարակական գործիչներից բացի ներառելով նաև հասարակ, աղքատ քաղաքացիներին: Իշխանությունները ցանկանում էին վախեցնել մարդկանց, որպեսզի բողոքները, որոնք անխուսափելի են նման խորը ճգնաժամում, զանգվածային բնույթ չկրեին»:

Երկրորդ՝ իշխանությունների ներկայացուցիչներն անըդհատ ասում են, որ պետք է հոգ տանել հարկադիր տեղահանվածների և փախստականների մասին: Որպես ղարաբաղյան պատերազմից տուժածներ, նրանք ապահովվել էին բնակարաններով և որոշակի արտոնություններ էին ստացել: Հարկադիր տարհանվածները մինչ այս երբեք հանդես չէին եկել մեղադրյալի դերում աղմկահարույց դատական գործընթացում: Նրանց դժբախտ վիճակն ինդուլգենցիայի պես մի բան էր:

Հասարակական դժգոհության կրակի մեջ յուղ է լցրել Ջեբրաիլի շրջանի պատգամավոր Աստան Շահվերդիևի մեկնաբանությունը: Անցած տարի «լույսի կալանավորների» ձերբակալությունից հետո չինովնիկը նրանց անվանել է «թմրամոլների և հարբեցողների հավաքածու»: Սոցցանցերում զայրացած մեկնաբանություններ են եղել այն մասին, որ փախստականների հետ պետք չէ այդպես վարվել: Դժգոհության ալիքն այնքան մեծ էր, որ պատգամավորը ստիպված էր ներողություն խնդրել:

Երրորդ՝ եթե իրավունքի տեսանկյունից Բիլյասուվարի բնակիչների՝ «անվճար լույս տալու» պահանջները մասամբ անօրինական են, ապա բիլյասուվարցիներն այլ կերպ են կարծում, քանի որ այս հարցը երկար նախապատմություն ունի:

Խնդիրն այն է, որ 1994թ. ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի հաստատումից հետո առաջին 10 տարիներին ադրբեջանցի փախստականները և հարկադիր տեղահանվածները ազատված էին
կոմունալ ծառայությունների համար վճարներից: Այնուհետև նրանց համար չափ է սահմանվել. անվճար լույս և գազ՝ որոշակի ծավալով, որը սպառելուց հետո պետք է վճարել:

Բայց շատ վայրերում, որտեղ կոմպակտ բնակվում են փախստականները, գազ ընդհանրապես չի եղել, ուստի անվճար հոսանքի չափը նրանք շատ շուտ սպառում էին: Այդպես էր նաև Բիլյասուվարում: Հաշվի առնելով գործազրկությունը, որի մակարդակը բարձր է շատ վայրերում, որտեղ նրանք ապրում են, շատ փախստականներ և հարկադիր տեղահանվածներ գնալով համալրում են բնակչության անապահով խմբերի շարքերը: Ոստի շատ հաճախ նրանք չէին կարող վճարել լույսի համար և միևնույն ժամանակ կարծում էին, որ պետությունը անվճար գազ է «պարտք»: Իսկ լույսի վարձի խնդիրները լուծվել են «ոչ պաշտոնական» ձևով. այսինքն՝ «Ազերիշըգ» ընկերության (ձեռնարկություն, որը էլեկտրաէներգիա է մատակարարում Ադրբեջանի բնակչությանը) աշխատակիցներին կաշառելու միջոցով: 5-10 մանաթի դիմաց վերջիններս համաձայնվում էին «ջնջել» հաշվիչների ցուցմունքները՝ պատմում են տեղի բնակիչները:

«Սկզբում կարելի է ասել միշտ լույս կար: Այնուհետև սկսեցին յուրաքանչյուր ընտանիքից 5-10 մանաթ հավաքել, իբր թե գերազանցում եք սահմանված չափը, ստացվում է ծանրաբեռնվածություն և նման բաներ: Մենք ոչինչ չէինք ասում, համաձայնվում էինք: Բայց հոկտեմբերից սկսած ավելի հաճախ սկսեցին անջատել լույսը, իսկ վերջին 15 օրերին, կարելի է ասել ամեն օր անջատում էին՝ ցերակվա ժամը 1-2-ից մինչև երեկոյան 7-8-ը: Մարդիկ էլ ասում էին. կամ գումարը մի՛ հավաքեք կամ լույսը մի՛ անջատեք: Այդ երեկո բոլորը դուրց եկան ցույցի հենց այս պատճառով»,- JAMnews-ին պատմել է Մագոմեդ Բայրամովը՝ պայմանական դատապարտված Իլքին Իսկանդերովի պապը:

Ինչո՞ւ «Ազերիշըգ»-ի «փոխզիջման գնացող» աշխատակիցները հանկարծ որոշեցին նման սահմանափակում կիրառել ջեբրաիլցիների հանդեպ:

Խնդիրը կայանում է նրանում, որ տեղի ունեցածից առաջ Ալի Հասանովը՝ փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով կոմիտեի ղեկավարը, կառավարությունում ելույթ ունենալիս հայտարարել է, որ այժմ հարկադիր տարհանվածները կվճարեն կոմունալ ծառայությունների դիմաց, իսկ էլեկտրաէներգիայի և գազի «արտոնյալ» ծավալը կփոխհատուցվի դրամով: Նոր հրամանն ուժի մեջ էր մտնելու 2017թ. հունվարից:

Տնտեսագետ, փորձագետ Թորգուլ Մաշալլին կարծում է, որ իշխանությունների նման որոշումը կարող էր համալրել բյուջեն. «Հաշվիչ պալատի տվյալներով, եթե հարկադիր տեղահանվածների վրա ծախսերը նախկինում կազմել են 95-94 միլիոն մանաթ, ապա 2017թ. նախատեսվում էր ծախսել 54-55 միլիոն: Հարկադիր տեղահանվածները ծախսերի ևս մ եկ հոդված ունեն. գումար, որը շնորհվում է նրանց սննդի համար: Այս նպատակով տարեկան տրամադրվում է 117-128 միլիոն մանաթ: Այս գումարն անփոփոխ է մնացել: Չեղարկելով արտոնությունները՝ հացի համար տրվող 19 մանաթ 96 կոպեկը նախատեսում էին դարձնել 36 մանաթ՝ միավորելով կոմունալ ծախսերի հետ: Արդյունքում բյուջեն շահում էր»:

Ինչ վերաբերում է «խղճի կալանավորների» գործով պետական դիրքորոշմանը, ապա մեզ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ փախստականների և հարկադիր տեղահանվածների գործերով պետական կոմիտեից: Պաշտոնյաների տեսակետը 2016թ. բողոքի ակցիայից հետո modern.az-ին ներկայացրել է Ջեբրաիլի գործադիր իշխանության առաջին տեղակալ Արիֆ Ֆարզալիևը: «Հարկադիր տեղահանվածները մեծ պարտքեր ունեն: Քաղաքացիները գերազանցել են էլեկտրաէներգիայի ծախսի սահմանված չափը: Այդ պատճառով Իմիշլիի շրջանային էլեկտրացանցն անջատել է լույսը: Բայց տեղի ունեցած բանակցություններից հետո ամեն ինչ կարգավորվել է: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, ամեն ինչ հանգիստ է, անկարգություններ չկան»:

Կառավարամետ ԶԼՄ-ները վերջերս կայացրած դատավճիռը լուսաբանել են որպես սովորական դեպք քրեական օրակարգից՝ շեշտը դնելով մեղադրանքի հոդվածների վրա:

Ի՞նչ տեղի ունեցավ հետո էլեկտրաէներգիայի, Ջեբրաիլի փախստականների և արտոնությունների հետ 2017թ. սկզբին բողոքի նոր ակցիաներ են տեղի ունեցել հարկադիր տեղահանվածների շրջանում, բայց արդեն Բաքվում: Մարդիկ 36 մանաթը (սնունդ՝ գումարած կոմունալ ծառայություններ) համարեցին արտոնությունների ոչ ադեկվատ փոխարինում:

Այս անգամ ձերբակալվածներ չեղան, ավելին, մեկ ամիս էլ չէր անցել, երբ նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց նախորդ հրամանագրում ուղղումներ կատարելու մասին կարգադրություն, ըստ որի հարկադիր տեղահանվածները բաժանվում էին կատեգորիաների: Նրանցից ոմանք հետ ստացան արտոնություններն ամբողջ ծավալով: Ներկա պահին փախստականները և հարկադիր տեղահանվածները, որոնք ապահովված չեն բնակարաններով, չեն վճարում կոմունալ ծառայությունների համար: Չեն վճարում էլեկտրաէներգիայի համար նաև նրանք, ովքեր գազ չունեն և շարունակում են ստանալ «հացի փող»:

Նրանք, ովքեր բնակարան ունեն, ամսական ստանում են 36 մանաթ ($21) և պետք է իրենք վճարեն կոմունալ ծախսերը:

Ջեբրաիլցիների մոտ այժմ միշտ լույս կա: Իսկ օրենքի վերջին ուղղումներն ամբողջությամբ լուծել են հարցը, քանի որ այստեղ գազ չկա (նոր են սկսել գազի հոսքագիծ քաշել), ոչ ոք պարտավոր չէ վճարել էլեկտրաէներգիայի համար:

«Եթե բոլոր խնդիները լուծվել են, ինչո՞ւ այդ երիտասարդներին բանտ նստեցրին: Մեր երեխաներն «անմեղ մեղավոր» դարձան»,-ասում է Թեբրիզ Գաջիևը:


Կարդալ ավելին JAMnews-ում