Գործարարները Սումգայիթ քաղաքի իշխանություններից պահանջում են վերադարձնել իրենց պարտքերը " />

Ոստիկանությունը բռնի ուժով դադարեցրել է ադրբեջանցի գործարարների հացադուլը

Գործարարները Սումգայիթ քաղաքի իշխանություններից պահանջում են վերադարձնել իրենց պարտքերը

Ոստիկանությունը բռնի ուժով դադարեցրել է գործարարների հացադուլը, որոնք Սումգայիթ քաղաքի իշխանություններից պահանջում էին վերադարձնել իրենց փողերը, որոնք պարտքով էին վերցվել Սումգայիթի քաղաքային բուլվարի բարեկարգման համար:

Հացադուլի բոլոր 11 մասնակիցները տարվել են Բաքվի Բինագադինի շրջանի ոստիկանության վարչություն: Որոշ ժամանակ անց գործարարներն ազատ են արձաակվել, սական նրանց կալանքի սպառնալիքով արգելել են հացադուլ անցկացնել:

Գործարարները պնդում են, որ քաղաքային բուլվարի կառուցման նախօրեին Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանությունն իրենցից վարկ է վերցրել բուլվարի բարեկարգման աշխատանքների համար: Ընդ որում, պայմանագիրը ձևակերպվել է ոչ թե քաղաքապետարանի, այլ կապալառու մասնավոր ընկերության հետ: Բուլվարի բացումից հետո փողերի մի մասը նրանց վճարել են, իսկ մնացած մասը՝ մոտ 4 մլն մանաթը (մոտ 2 մլն եվրո), խոստացել են հետո վերադարձնել: Սակայն գործարարներն այդպես էլ չեն ստացել այդ գումարը, քանի որ կապալառու ընկերության ղեկավար Մուգայիս Վերդիևն իրեն սնանկ է հայտարարել և դատապարտվել խարդախության համար: Գործարարներն այժմ կարծում են, որ մնացած գումարն իրենց պետք է վերադարձնի Սումգայիթի քաղաքային իշխանությունը: Սակայն վերջինս հրաժարվում է դա անել և խորհուրդ է տալիս դատարան դիմել:

«Սումգայիթի գործադիր իշխանությունն իրենց պարտքը պահանջող անձանց հետ միասին պայմանագրի կողմ չէ: Այդ պարտքերի համար պատասխանատու մարդը կալանավորված է», – ասել է Սումգայիթի գործադիր իշխանության մամուլի ծառայության ղեկավար Էյվազ Օրուջևը «Թուրան» գործակալությանը:

Գործարարների փաստաբան Էլչին Սադիղովը հացադուլը ցրելու ոստիկանության գործողություններն ապօրինի է համարում:

«Ոչ ոք իրավունք չունի քաղաքացու տուն մտնել առանց դատական որոշման: Հացադուլի մասնակիցների վրա ճնշում գործադրելն ու նրանց վախեցնելը ոստիկանության կողմից պետք է դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Մենք այս միջադեպի կապակցությամբ կդիմենք Գլխավոր դատախազություն, ինչպես նաև իշխանության համապատասխան մարմիններին», – ասել է Սադիղովը xeberman.com կայքին:

 

Սումգայիթի ծովամերձ բուլվարի բացումը կայացել է 2016թ-ի սեպտեմբերի 27-ին: Բացման արարողությանը մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևը:


Կարդալ ավելին JAMnews-ում