«Մենք գիտենք գինը ցեղասպանության և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել, որպեսզի արդարությունը վերականգնվի»․ Հայաստանի արտգործնախարար" />

Ողջ աշխարհի հայերն այսօր նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

«Մենք գիտենք գինը ցեղասպանության և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել, որպեսզի արդարությունը վերականգնվի»․ Հայաստանի արտգործնախարար

Հայաստանում ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիատակի օրը։ Հայկական ողջ սփյուռքը, որը հիմնականում կազմված է 1915թ-ի իրադարձությունների զոհերի սերունդներից, աշխարհի բոլոր երկրներում հիշատակի միջոցառումներ է կազմակերպում։

Երևանում յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ ծաղիկներով գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ մեկուկես միլիոն զոհերի։

Ապրիլի 24-ին Հայաստանում Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օրն է։ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում 1915թ-ին տեղի ունեցած զանգվածային ջարդն է։ Դրանից առաջ Օսմանյան կայսրության տարածքում մոտ երկուսուկես միլիոն հայ էր բնակվում։

 

Ջարդի և զանգվածային արտաքսման հետևանքով նրանց կեսից ավելին զոհվել է։ Հայաստանը, մի քանի արևմտյան երկրներ և կազմակերպություններ այդ իրադարձությունները պաշտոնապես ճանաչում են որպես ցեղասպանություն։ Թուրքիան նման ձևակերպումը կտրականապես չի ընդունում

։

Ինչպես է Հայաստանն անցել Հայոց ցեղասպանությունը հիշատակելու արգելքից դեպի հուշահամալիրի շինարարություն տանող ճանապարհը

Հայաստան-Թուրքիա։ Ավելի վատ չի լինում

«Անպատժելիությունն անթույլատրելի է»

Ցեղասպանության զոհերի հիշատակն է հարգել նաև կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, երկրի նախագահի և Հայաստանում ներկայացված դիվանագիտական կորպուսի մերկայացուցիչների ուղեկցությամբ։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հարցերին է պատասխանել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց անմիջապես հետո։ Նա հայտարարել է, որ Հայաստանը հնարավոր ջանքերն է գործադրում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ․

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն մեր հանդեպ արդարության վերականգնման քայլ է, այլև քայլ է, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը։ Մենք գիտենք ցեղասպանության գինը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել այն ուղղությամբ, որ արդարությունը վերականգնվի։ Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին և հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու հնարավորությանը, Մնացականյանն ասել է․

«Ցավոք, Անկարայից ստացվող ուղերձները հուսադրող չեն։ Սակայն մենք երբեք չենք ասել, որ Ցեղասպանության ճանաչումը նախապայման է [դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և այլ հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար – JAMnews]»։

Հայաստանի ԱԳՆ պատասխանը Թուրքիայի հայտարարությանը

Նախօրեին թուրքական կառավարությունը հայտարարարել էր, թե Հայաստանը վախենում է բացել 1915թ-ի իր արխիվները, որովհետև դրանից հետո աշխարհը կստանա այն բանի ապացույցները, որ 1915թ-ի իրադարձությունները «հայոց ցեղասպանությոն չեն, այլ Օսմանյան կայսրությունում հայկական բանդաների կողմից մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»։

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսպես է պատասխանել այդ հայտարարությանը․

«Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի: Ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։

Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, մեկ փորձել են հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում են դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես օրինակ մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են»։

ԱՄՆ դիրքորոշումը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ առաջընթաց կա։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը

«Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թ-ին XX դարի խոշորագույն վայրագություններից մեկն է, մեզ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունը»։

Հայոց ցեղասպանությունը դաշնային մակարդակով ԱՄՆ-ն դեռ չի ճանաչել, սակայն առանձին-առանձին այն ճանաչել են երկրի բոլոր նահանգները՝ բացի Միսիսիպիից։


Կարդալ ավելին JAMnews-ում