Հարցի էվոլյուցիան" />

Ո՞ւր գնալ Բաքվում ընկերների հետ

Հարցի էվոլյուցիան

Խոսքը գնալու է այն մասին, թե որտեղ և ինչպես կարող եք ձեր հասակակիցների հետ զվարճանալ, եթե 17 տարեկան եք և ապրում եք Ադրբեջանում: Տարիքային սահմանափակումները պետք են հոդվածը դիսերտացիայի չվերածելու համար, նույն այդ պատճառով սպորտի մասին կխոսենք մի ուրիշ անգամ, չենք պատմի նաև արտագնա զվարճանքների մասին, կփորձենք քաղաքի սահմաններից դուրս չգալ և կսահմանափակվենք մայրաքաղաքի երիտասարդության հետաքրքրություններով: Ի՞նչ է նա անում ազատ ժամանակ: Ինչպե՞ս են էվոլյուցիա ապրել զվարճանքի այդ տեսակները:

Մաժորկա

Սկզբում հարգանքի տուրք մատուցենք երիտասարդության շրջանում հայտնի «Մաժորկային»:

Դա մի տեղ էր մեկ Նասիմիի, մեկ Նիզամիի արձանի մոտ, որտեղ հավաքվում էին կիթառներով երիտասարդները, երգեր էին երգում, գարեջուր խմում, փախչում ոստիկանությունից: Զվարճանում էին:

Իրականում այն հայտնվել է դեռևս 50-ականների վերջին, այնտեղ հավաքվում էին «բիթնիկները»: Հենց այդտեղից էլ հայտնվել է անվանումը: Խորհրդային խոսակցական ժարգոնում «մաժորը» նշանակում էր փող ունեցող նոմենկլատուրային աշխատակցի երեխա, որոնց համար հասանելի էր արգելված ջազը:

Մաժորկան վերապրեց խիստ խորհրդային տարիները, վերակառուցումը, նոր պարտոկրատներին, սակայն չդիմացավ սոցիալական ցանցերի ճնշմանը:

Ինտերնետ-ակումբներ

«А С, վերև, В А, ներքև В А — ներքև, ներքև». սեղմում ես և լրացուցիչ մենյու է հայտնվում, որում կարելի է կյանքերն ավելացնել մինչև 95-ը և արդեն հաստատ սպանել Շաոկանին: Ոմանք մինչև հիմա հիշում են՝ ինչպես հավաքել Mortal Combat-ի «ֆատալիթիները»:

Սեգա-սրահն ինտերնետ-ակումբի նախահայրն է: Փոքր սենյակ, հիմնականում՝ կիսանկուղային, որտեղ Sega խաղերին միացրած հեռուստացույցներ են տեղադրված:

Եթե մեկ կամ երկու «մամեդ» ունես [«մամեդը» հին փողով հազար մանաթն է (մինչև 2006թ-ը), նորերով՝ 20 կոպեկ: Թղթադրամների վրա առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի դիմանկարն է, և նրա անունը հասարակ անուն է դարձել] կարող է խաղալ Սեգա-սրահում, եթե ոչ՝ կանգնում ես խաղացողի կողքին և խորհուրդներ տալիս: Աղջիկներն այդպիսի տեղեր չէին գնում, ամոթ էր: Երևի պարզապես այն պատճառով, որ սրահը լիքն էր տղաներով:

«Մեր թաղում մի քանի այդպիսի Սեգա-սրահներ կային: Այնտեղ ժամանակ էին անցկացնում հիմնականում տղաները. դպրոցից հետո, մեկի մոտ հենց ավելորդ մամեդ էր հայտվում, անմիջապես վազում էինք այնտեղ ծախսելու:

Սակայն մի աղջիկ էլ կար, ես արդեն անունը չեմ հիշում, միայն հիշում եմ, որ նա «Մորտալ Կոմբատում» Սոնյայի կերպարն էր խաղում (խաղի կերպարներից մեկը): Իսկ մենք նրան «Սոնյա» էինք անվանում: Հայրը Սեգա-սրահ էր գալիս գոռում-գոչյուններով նրան այնտեղից տուն էր տանում:

Նա, կարծեմ, 12 տարեկան էր, փոքր եղբայր էլ ուներ տասը տարեկան: Նա եղբորը մուտքի մոտ էր կանգնեցնում մինչ խաղում էր, որ իմանա, հենց հայրը գա: Նա կես ժամ համբերատար սպասում էր դռների մոտ, և երբ հայրը գալիս էր, Սոնյան սեղանի տակ էր մտնում, իսկ մենք նրան աթոռներով ծածկում էինք, որ հայրը չտեսնի:՛

Ընդհանրապես նա լավ էր խաղում: Սոնյան ամենաուժեղ կերպարներից մեկն էր, պարզապես նրան դժվար էր խաղալ, սակայն այդ աղջիկը կարողանում էր»:

Ավելի ուշ՝ 90-ականների վերջին-2000-ականների սկզբին սկսեցին ինտերնետ-ակումբներ բացվել: Օրվա մեջ քանի՞ ժամ եք օգտվում ինտերնետից: Իսկ հիմա պատկերացրեք, որ տանը համակարգիչ չկա, և ձեր բոլոր ինտերնետային գործերի համար դուք ընդամենը օրական մի քանի ժամ ունեք: Ինտերնետ-ակումբներում էին գրվում կուրսայինները, առցանց սիրավեպեր էին սկսվում: Դա մի ժամանակ էր, երբ համակարգիչը ճոխությունից արդեն պետք է վերածվեր աշխատանքային գործիքի, իսկ տեքստ հավաքելն ու «համացանցից օգտվելը» CV-ներում նշում էին որպես ունակություն:

Դայլափի մոդեմների դարաշրջանում ինտերնետ-ակումբի մեկ ժամը բավականին թանկ էր. քաղաքի կենտրոնում՝ 5 մամեդ (հին փողով՝ 5000 մանաթ), ծայրամասերում՝ 3 մամեդ: Տնտեսելու նպատակով երկուսը մեկ համակարգիչ էին վերցնում:

Ինտերնետ-ակումբները նշանակալից երևույթ էին 90-ականների վերջին. դրանց փառքի գագաթնակետին նաև առաջադեմ երիտասարդության հավաքատեղի էին: Սակայն հենց հայտնվեց առանց մալուխի ինտերնետ, իսկ այնուհետև՝ ամենահնարավոր հասանելի ինտերնետ-սարքերը, ինտերնետ-ակումբները կորցրին իրենց նշանակությունը և մեծ մասամբ վերածվեցին խաղային հարթակների հասարակության ցածր շերտերի երիտասարդների համար: Հազվադեպ են այստեղ մտնում մեծեր, որոնք պետք է արագ փաստաթղթեր տպեն:

Զվարճանքի կենտրոններ

Դեռևս 2000-ականների սկզբին ատրակցիոններն ու զվարճանքների կենտրոնները քիչ չէին և բոլորը լավ հայտնի էին: Օրինակ, Ադրբեջան կինոթատրոնից ոչ հեռու գտնվող Magic World-ում կարելի էր խաղալ ավտոմատների վրա, «Մետկարտինգում» կարտինգ քշել, բոուլինգ խաղալ՝ Բաքվի զվարճանքների կենտրոնում:

«Մերկարտինգն» այն ժամանակ հսկայական գումարներ ծախսեց, որ բաքվեցիներին համոզի, որ ավտոմեքենաների մրցաշարերը ճոխ զվարճանք է, որն անպայման պետք է փորձել: Նրանք տեղական հեռուստաալիքներով գովազդում էին այն:

«Երբ լսում եմ «Մետկարտինգ» ավտոմատ կերպով շարժիչի ձայն եմ լսում: Դա հին գովազդից է: Այժմ դա դժվար է պատկերացնել, սակայն այն ժամանակ գովազդի գաղափարն ինքնին ինչ-որ նոր բան էր, և ամեն երկրորդ հոլովակ մեմ էր դառնում: Կամ գոնե առհավետ հիշվում էր»:

Այսօր Բաքվի կենտրոնում մոտ 20 զվարճանքների կենտրոն կա, դրանք բավականին ստանդարտ ծառայությունների շարք են առաջարկում՝ բոուլինգ, բիլիարդ, մետկարտինգ, խաղային ավտոմատներ: Եվ դրանցից ոչ մեկը առանձին վայրում չէ, այն կամ զվարճանքների կենտրոն է առևտրի կենտրոնին կից, կամ զվարճանքների կենտրոնում լայն ենթակառուցվածք է. սրճարաններ, ռեստորաններ, սպա-սրահներ, մարզասրահներ, խանութներ:

Բիզնես վարելու այդ ձևից կարելի է եզրակացություն անել. հենց զվարճանքների ինդուստրիան մեծ եկամուտ չի բերում: Բոուլինգն ակնհայտ զանգվածային պահանջարկ չունի, քանի որ գներն են չափազանց բարձր, օրինակ, ուսանողների խմբի համար: Մնում են հարուստ ծնողների երեխաները, որոնք հաճախ նախընտրում են ակումբներն ու ռեստորանները: Կամ աշխատող ընտանեկան մարդիկ, իսկ նրանց ազատ ժամանակը լրիվ այլ պատմություն է:

Դիսկոտեկներ

«Առաջին անգամ ես դիսկոտեկ եմ գնացել, երբ ինստիտուտ եմ ընդունվել, դա 2000-ականների կեսերին էր: Դա Բաքվում հայտնի Skylife ակումբն էր, ինձ նախկին համադասարանցիս այնտեղ տարավ: Հայտնի նշանակում է «ոչ այնքան լավ համբավ ունեցող», ինչպես մեզ մոտ այն ժամանակ համարվում էր: Այնտեղ շատ հեշտ սիրավեպեր էին սկսվում և ավարտվում, զուգարաններում ջահելները ծխում էին: Այնտեղ էլ երբեմն սեքսով էին զբաղվում: Բնականաբար, ծնողներս ինձ ոչ մի դեպքում թույլ չէին տա նման տեղ գնալ: Ես նրանց ասում էի, որ գրադարան եմ գնում պարապելու, այն հենց հարևանությամբ էր, իսկ ինքս գնում էի պարելու»:

Skylife-ից բացի քաղաքի կենտրոնում «Վաթան» կինոթատրոնի շենքում ևս մեկ հայտնի դիսկոտեկ կար՝ «Ութերորդ զգայարանը», այն մի քիչ հեռու էր, գրեթե ծայրամասում: Հիմնականում դրանք միջին դասի համար դիսկոտեկներ էին, աղջիկնեի մուտքն անվճար էր, իսկ տղաները 2-5 մամեդ էին վճարում»:

«Դրանք դիսկոտեկներ էին, ուր կարելի էր խմբով գնալ և պարզապես պարել: Սովորաբար ցերեկվա 3-5-ից մինչև երեկոյան 8-9-ը մենք՝ ջահելներս, էինք այնտեղ հավաքվում, 15-16 տարեկան էինք, իսկ հետո արդեն՝ բոլորովին այլ կոնտինգենտ»:

Այդ դիսկոտեկները հետևյալ տեսքն ունեին. ընդարձակ խոնավ տեղ, երբեմն՝ նկուղային, վատ օդափոխությամբ և պոպուլյար հիթերով:

Ավելի հարուստների համար ավելի ուշ էլիտար դիսկոտեկներ բացվեցին՝

10.33-ը, «Թունելը»:

Ընդհանրապես դիսկոտեկներն արխայիկ ադրբեջանական հասարակությունում այլասերության օջախ էին համարվում, և ծնողները, որպես կանոն, իրենց երեխաներին այնտեղ չէին թողնում: Առաջին հերթին՝ այդպիսի շատ հաստատություններում իրոք մարմնավաճառներ էին աշխատում, երկրորդ հերթին՝ բարդույթավորված երիտասարդությանը հաճախ պետք էր լինում հարկ եղած քանակով խմել պարելու համար: Այսպես թե այնպես «պարզապես դիսկոտեկները» դադարեցին գոյություն ունենալ որպես տեսակ (կարելի է ասել նաև, որ նրանք ակումբների վերածվեցին):

«Կարծում եմ՝ դիսկոտեկները տնտեսապես չապրեցին: Շահավետ չէ աշխատել, երբ քեզ մոտ գալիս են պարելու, այլ ոչ թե խմիչք պատվիրելու: Այդ պատճառով էլ փոխվեց ձևաչափը, ակումբը դարձավ նախևառաջ «նստողների» հանգստյան վայր. եկար/ինչ-որ բան պատվիրեցիր/ մուտքի համար վճարեցիր/ գնացիր պարելու: Նախկինում ավելի հեշտ էր ամեն ինչ: Բացի այդ, մենք ընտրություն չունեինք. դիսկոտեկներից և կինոյից բացի այլ զվարճանքներ չկային»:

Ակումբներ

Բաքվում բազմաթիվ ակումբներ կան՝ Enerji-ն, Old City Club-ը, Castle-ը: Զվարճանքներից՝ շաու-բիզնեսի աստղերի ելույթները, հիմնականում՝ ռուսական: Հրավիրվում են նաև «համաշխարհային» ճանաչում ունեցող դիջեյներ, դա ենթադրում է ռուս, ուկրաինացի, ղազախ դիջեյներ:

Այստեղ մուտքի համար մեծ գումարներ են վճարում, գները սկսվում են 30 դոլարից և հասնում մինչև 300 դոլար: Այնպես որ կրթաթոշակին ակումբ չես գնա, մնում են հարուստ ծնողներից ստացած գրպանի ծախսի համար գումարներն ու հարուստ ընկերոջ հովանավորչությունը:

Ակումբներում անպայման ֆեյս-կոնտրոլ կա. հատուկ վարժեցված անվտանգության աշխատակիցը հետևում է, որ թափթփված տեսքով կանայք կամ ոչ ներկայանալի տղամարդիկ ներս չմտնեն:

Երիտասարդ քլաբերները էլիտային պատկանելու սուր գիտակցում ունեն և վաղ են սովորում հիերարխիկ խաղեր խաղալ: Մշտական այցելու աղջիկները հստակ գիտեն, թե ում հանդիպելիս երկու այտը համբուրել, իսկ ում՝ պարզապես բարևել: Այդ պատճառով էլ պարող հանրությունը Բաքվի ակումբում հաճախ նման չէ ուրախացող երիտասարդության. հնարավոր չէ հոգու չափ ուրախանալ և պահպանել կարգավիճակը:

«Եղել եմ Opera Sky-ում և Pacifico-ում: Ձանձրալի էր, ոչ ոք չէր պարում, բոլորը նստած էին՝ հեռախոսի մեջ մտած: Զուգարան մտա՝ կանանց ամբոխ էր, մոդելը մոդելի ետևից, պարզ չէ միայն, թե ինչու պարահրապարակում չեն»:


Կարաոկե

2000-ականների սկզբին կարաոկեով շատ արճարաններ բացվեցին: Հաճախ փողոցում լսվում էր, թե ինչպես է հերթական սիրողական երգիչը Միխայիլ Կրուգի «Վլադիմիրյան ցենտրալը» երգում, կամ Լյուբով Ուսպենսկայայի երգացանկը կատարում: Գները տատանվում էին՝ կախված վայրից, սակայն, որպես կանոն, դա թանկ չէր:

Չնայած որ դա հիմա այնքան էլ տարածված չէ, սակայն ձայնով երգողներ կան: Պահպանվել են նաև այն առաջին վայրերը՝ «Նելսոնը» Սամեդ Վուրգունայի փողոցում, «Կարաոկե-ակումբը» Խագանիի փողոցում:

Հասանելի ինտերնետի հայտնվելու հետ մեկտեղ երգացանկը էվոլյուցիա է ապրել. ադրբեջաներենով և թուրքերենով երգեր հայտնվեցին: Դեռևս տարածված է ռուսական էստրադան, ինչպես նաև համաշխարհային էստրադայի նորաձև հիթերը և փոփ- ռոք-կլասիկան:

Կարաոկե գալ և երգել կարող է ով պատահի, ով մի-երկու կոկտեյլի փող ունի: Միայն երգելու ցանկություն լինի: Եվ իրավիճակն այստեղ շատ ավելի «տնական է», քան ակումբներում և ռեստորաններում:

«Այցելուները երկու տեսակի են բաժավում. առաջինները մի քիչ կարողանում են և սիրում են երգել, գալիս են իրենց «տաղանդը» ցույց տալու, կարող են սթափ երգել: Երկրորդները չեն կարողանում երգել, սակայն ի սրտե են դա անում, ոչինչ չափսոսելով, ալկոհոլային հարբածության վիճակում: Այլ ինչ-որ գնահատական կարաոկե-ակումբներին դժվար է տալ: Դե միգուցե աուդիոտեխնիկայի որակն է մի կարգ ավելի բարձր, երգացանկն էլ գրեթե անսահմանափակ է, ինչ չկա ծրագրում, կա ինտերնետում»:

Կինո և թատրոններ

Երբեմնի հայտնի «Արազ», «Վաթան» կինոթատրոնները հետխորհրդային շրջանում արդեն ըստ նշանակության չէին աշխատում. «Արազում» ռեստորան էր, «Վաթանում»՝ դիսկոտեկ, իսկ ավելի ուշ՝ խանութներ ու սրճարան: Կարելի է ասել միակ գործողը «Ադրնեջան» կինոթատրոնն է: 90-ականներին և 2000-ականների սկզբին բոլոր նորույթները կարելի էր միայն այնտեղ դիտել: Ֆիլմերը ժամանակակից Dolby Digital համակարգի հնչողությամբ էին:

Ի դեպ, հենց լքված կինոթատրոններն են նորաձև դարձած մինի-սինեմաների նախնիները:

««Նիզամի» կինոթատրոն, օրինակ, կարելի էր բերել սեփական DVD-ֆիլմը, ընկերներով հավաքվում էինք, մի քանի մանաթ հավաքում դահլիճի վարձակալության համար, հիշում եմ, որ այդպես նայել ենք Հարի Փոթերի մասին հինգերորդ ֆիլմը»:

Ավելի ուշ տարածվեցին մասնագիտացված մինի-սինեմաները. փոքր դահլիճները զինված էին ողջ պատի լայնությամբ էկրաններով, հարմարավետ բազմոցներով, կարելի էր ընպելիք և ուտելու բան պատվիրել:

Այժմ Բաքվում 18 կինոթատրոն կա, և դրանք հաջողություն են վայելում, հատկապես երիտասարդության շրջանում: «Տեսականին» հարուստ չէ. մի քանի 3D-նորույթներ, տեղական արտադրության մի քանի կատակերգություններ (հինգ տարի առաջ նման բան չկար), և որպես կանոն, մեկ մուլտֆիլմ երեխաների համար:

Թատրոն

Թատրոնի սիրահարները զգալիորեն ավելի քիչ են: Ռուսախոս հանրության համար կա Ռուսական դրամատիկական թատրոնը: Դրա ներկայացումները մեծ մասամբ հաշվարկված են միջին տարիքի հանդիսատեսի համար:

«2000-ականներին ծնողներիս հետ գնացել եմ աղմուկ հանած «Կհանդիպենք Առևտրային փողոցում» ներկայացմանը: Դա նոստալգիայով լի ներկայացում էր՝ պարզունակ հումորով: Տարեցներին դուր եկան էմիգրանտների մասին պատմությունները, երիտասարդությունն աշխուժորեն ծիծաղում էր «երկնագույնների» մասին կատակների վրա, սակայն իմ ծիծաղը չէր գալիս»:

Դասականի սիրահարների համար կա Օպերայի և բալետի թատրոնը և Երաժշտական կոմեդիայի թատրոնը, երեխաների համար՝ Տիկնիկային թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը: Որպես այլընտրանք, կան երիտասարդական թատրոններ, որոնք հաճախ լոկ ոգևորության հաշվին են գոյություն պահպանում, աշխատում են վարձակալած բնակարաններում, դերասանները սեփական ձեռքերով են դեկորացիաներ պատրաստում և առանց աշխատավարձի են խաղում:

Այդպիսի թատրոններ հաճախում է ադրբեջանական առաջադեմ երիտասարդության նոր սերունդը, այն նույն մարդիկ, ովքեր որպես երկրորդ լեզու սովորում են ոչ թե ռուսերենն, այլ անգլերենն ու թուրքերենը և որոնք արևմտամետ հայացքներ ունեն:

Սնունդը որպես հանգստի մշակույթի մաս

Բոլոր ժամանակներում Բաքվում հանրային սննդի հաստատություններ են եղել, որոնք արտահայտել են հասարակության մշակույթը պատմության յուրաքաչյուր պահի:

1999թ-ին նման կետ էր առաջին Մակդոնալդսը, որը բացվել էր Բաքվի Շատրվանների հրապարակում: Առաջին ժամանակներն այնտեղ քաղաքակիրթ երեկոներ էին անցկացնում երեկոյան հագուստով, «Մակդոնալդս գնալը» նշանակում էր «թրենդի մեջ լինել»: Հիմա այն բազմաթիվ ֆասթֆուդերից մեկն է, ուր մտնում են մի բան ուտելու, և գրեթե կորցրել է իր մշակութային տարրը:

Պարտոֆինո, Ռապսոդիա, Պիցա Ինն, Պիցա Հաթ. ահա այն վայրերը, որտեղ կարելի էր զվարճանալ և հաց ուտել 90-ականներին-2000-ականներին:

«Պիցա Հաթում» մեկ պիցան արժեր երեք «շիրվան» (30,000 հին մանաթ), իսկ կրթաթոշակը՝ ընդամենը մեկուկես «շիրվան»: Այնպես որ այնտեղ սեփական փողով գնալ հաճախ չէր ստացվում»:

2000-ականների սկզբին, երբ երկիրը ուշքի էր գալիս Խորհրդային Միության փլուզումից և դրան հետևած սոված 90-ականներից հետո, սրճարանի գները միջին բաքվեցու ծախսած գումարի վերին սահմանաչափում էին: Այդ պատճառով էլ «պիցա ուտելն» իրադարձություն էր: Պիցայի սարսափազդու արժեքը հաղթահարելի էր. 8 մարդ գումար էր դնում դրա համար, և յուրաքանչյուրը մեկ կտոր պիցա էր ստանում և քաղաքակրթության մաս կազմելու հնարավորություն:

Իսկ հետո նավթային փողերն ու մրցակցությունը հրաշքներ գործեցին հանրային սննդի ինդուստրիայում. գներն իջան, միջին վիճակագրական բաքվեցու եկամուտները բարձրացան, նույնիսկ կրթաթոշակները գերազանցեցին պիցայի արժեքը մի քանի անգամ: Սնունդը դադարեց «դեֆիցիտ» լինել, իսկ երիտասարդական շրջանակներում «գնանք հաց ուտենք» ասելու փոխարեն սկսեցին ասել «գնանք գարեջուր խմենք»: Շուկան բաժանվեց. երիտասարդական բարեր՝ ոչ թանկ ալկոհոլային խմիչքով, ֆասթֆուդ՝ ուտելու համար, սրճարաններ՝ հանդիպումների համար, փաբեր՝ գարեջրային երեկոների համար:

Այսինքն՝ ամեն ինչ դարձավ այնպես, ինչպես ողջ աշխարհում է, բացի մի բանից. 10 ադրբեջանցուց միայն մեկն ընկերներին կառաջարկի բոուլինգ խաղալու, թատրոն կամ կինո գնալ: Մնացածները կնախընտրեն խնջույքներ կամ շփման սովորական դարձած ձևը:

Ինտելեկտուալ խաղեր

ԽՍՀՄ-ում 1975թ-ին ստեղծված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի սպորտային անալոգը հայտնվեց 1989թ-ին: Այսինքն՝ ինտելեկտուալների թիմի փոխարեն, որոնք հեռուստադիտողի հարցերին էին պատասխանում հեռուստաշոուի շրջանակում, թիմեր հայտնվեցին, որոնք միմյանց հետ մրցում էին տրամաբանությամբ և էրուդիցիայով: Հենց այդ «սպորտը» բուռն զարգացում ապրեց Ադրբեջանում:

Սկզբում խաղում էին այգիներում, գրադարաններում, դատարկ դասասենյակներում, տեխնիկումներում: Երիտասարդներն ու ոչ այնքան երիտասարդներն այսօր հավաքվում են փաբերում, քովորքինգ կենտրոններում, երբեմն՝ այգու նստարանին, բարձրաձայն կարդում «Բեռնարդ Շոուի» մասին, իսկ դրան անծանոթները կողքով են անցնում՝ հետաքրքրությամբ նայելով տարօրինակ մարդկանց:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի տարածվածությունը չի պակասում գոնե միայն այն պատճառով, որ շարժումից քչերն են հեռանում: Նրանք, ովքեր այստեղ են եկել որպես ոչ բարեկազմ, պզուկոտ դեռահասներ, շարունակում են խաղալ՝ դառնալով փորով բեղավոր տղամարդ:

Դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ից բացի էլի տեսակներ կան. բրեյն-ռինգը և «Սեփական խաղը»: Դրանց ավելանում են տարածվածություն ձեռք բերող նորերը: Գոյություն ունի «Փաբ-քվիզ», որտեղ բարում՝ գարեջրի գավաթի շուրջ բոլոր ցանկացողները հանելուկներ են լուծում փոփ-մշակույթի թեմայով՝ կինո, երաժշտություն, գրականություն: 42 ակումբի գլուխկոտրուկները (քվիզերը), որտեղ ռեբուսներ և հետաքրքիր խնդիրներ ես լուծում: 2000-ականների կեսերից գոյություն ունի «Խամսա» հիանալի խաղն՝ իր ակումբներով և առաջնություններով, այն շատ տարածված է Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում:

«Հաճախ կարելի է լսել, որ հիմա խելացի երիտասարդությունը քիչ է, որ հասարակությունը դեգրադացվում է, քիչ են կարդացող և մտածող մարդիկ, սակայն ես դրա հետ համաձայն չեմ: Խելացի մարդիկ շատ են, սակայն երբ նրանք «ապրում են» համացանցի տարածքում, իսկ իրական կյանքում՝ առանձին-առանձին, նրանց դժվար է նկատել և առանձնացնել: Եվ նրանց բոլորին կրեատիվ հանգիստ է պետք և ընդհանրապես կրեատիվ»:

Քվեստ-սենյակներ

«Ինձ ու երեք ընկերներիս պատին էին կապել՝ ոտքներս շղթայով գամելով, բացատրեցին, որ պետք է հանելուկները լուծել, և միայն այդպես մեզ ազատ կարձակեն: Իսկ հետո մեզ փակեցին այդ սենյակում: Այդպես մենք եղանք «Սղոց» քվեստ-սենյակում: Բացի այդ, սցենարի համաձայն, նրանք պետք է սարսափելի դիմակներով դուրս գային և վախեցնեին խաղացողներին, սակայն ես այդ ժամանակ հղի էի և չմասնակցեցի դրան»:

Քվեստ-սենյակները վերջերս են հայտնվել, միանգամից և անընդհատ նորերն են հայտնվում՝ Portal Games. Questomania, EuroGuest, Exit, Tala Escape, Evden qacish (փախուստ տնից): Հաճախ դա մի քանի (երկու և ավելի) սենյակներով տարածք է սցենարային ատրիբուտներով և դեկորացիաներով: Մասնակիցներին, որոնց թիվը կարող է տատանվել 2-10 մարդ, առաջարկվում է խաղ ընտրել և անցնել այն: Ձեզ սպասվում են ինտելեկտուալ հանելուկներ, ոչ այնքան բարդ, ոչ այնքան պարզ, ուշադրություն, թիմի համակարգված խաղ պահանջող: Որոշ քվեստ-սենյակներ մակերեսով մեծ չեն, դեկորացիաների բազմազանությամբ աչքի չեն ընկնում, մյուսներն ավելի պերճաշուք են. դրանք բոլորը պետք է ինչ-որ խորհրդավոր վայրում գտնվելու պատրանք ստեղծեն և պահանջում են կենտրոնացում:

Այդ հաճույքի գինը 10-15 մանաթ է մեկ անձի համար՝ կախված քվեստի բարդությունից:

Անտիկաֆե. հանգիստ նորովի

Անտիկաֆեն ևս մեկ նորույթ է, որը շատ կարճ ժամանակում անասելի տարածում է գտել: Մայրաքաղաքում դրանք արդեն մի քանիսն են: Այստեղ պետք չէ ոչինչ պատվիրել, սիմվոլիկ գումար ես վճարում ժամանակի համար և որքան ուզում ես, կարող ես նստել բազմոցին և բլիթներով թեյ խմել:

Tik Talk անտիկաֆեն առաջինն էր քաղաքում և ամենատարածվածներից մեկը: Կա նաև Second home-ը («Երկրորդ տունը»), որտեղ փափկամազ կատու կա և երկու հարկ: Ներս մտնելիս պետք է կոշիկները հանել և հողաթափեր հագնել, և դա փաստացի իրոք տուն է. կռած կոր ոտքերով կահույք, թութակով վանդակ, տաք գորգ հատակին:

Հարմարավետ մթնոլորտի շնորհիվ այստեղ հարմար է պարապելը. ուսանողներ են գալիս, ծննդյան օրեր նշում, անակնկալներ և փոքր համերգներ անցկացնում:

Անդերգրաունդ

90-ականներին և 2000-ականներին վայր, որտեղ ոչ ֆորմալ միջավայրում կարելի էր խմել և լավ աղմկոտ երաժշտություն լսել, ռոք-համերգներն էին: Ավանդաբար դրանք անցկացվում էին մշակույթի տներում:

Սակայն 2000-ականների ընթացքում այդ ձևաչափը սկսեց անհետանալ, հնարավոր է, որովհետև հանդիսատեսը քչացավ: Եվ առանց սեղանների, բայց անհարմար նստարաններով հին մշակույթի տներին այլընտրանք դարձան ավելի հարմարավետ անդերգրաունդ փաբերը: Սովորական փաբերից դրանք տարբերվում են ոչ հարուստ, սակայն օրիգինալ ձևավորմամբ, մշտական «միացվածության» առկայությամբ (միշտ կա միքշեր, երբեմն էլ՝ հարվածային սարքավորում), տարածքի մի փոքր հատվածը տարանջատվում է բեմի համար, հանգստյան օրերին այդպիսի տեղերում միշտ երաժիշտներ են նվագում:

Այդպիսի վայրերի գլխավոր առավելությունն այն է, որ միշտ պետք է էժան գարեջուր լինի: Հաճախ դա ՆԶՍ է, իսկ վերջին 3 տարիներին՝ “Ժիգուլյովյանը”: Վերջինի ստանդարտ գինը մեկ մանաթ է: Այդ պահը հատկապես կարևոր է, քանի որ երիտասարդները շատ փող չունեն:

Նմանատիպ հաստատություններն ամենաշատը կենտրոնում են գտնվում՝ Բաշիր Սաֆարօղլուի և դրան զուգահեռ փողոցում: Դա Le Chateau-ն է, Old School-ը, 1984-ը, Yeralti-ն և այլն:

Le Chateau
Old School
Old School
Old School
Old School

Ընդհանրացնելու համար նշենք, որ վերջին տարիներին հանգստի վայրերի բազմազանությունը միայն աճել է, և անգամ տխրահռչակ ճգնաժամն այստեղ քիչ բան է փոխել: Մարդիկ սկսել են “կրեատիվը” գնահատել, որպեսզի միաժամանակ ոչ թանկ և հետաքրքիր սերվիս առաջարկեն:

Սակայն այնուամենայնիվ այսօրվա շփման առանցքային թեման սա է. «Ախ, այստեղ գնալու տեղ չկա»: Մասամբ դա կարող է բացատրվել կյանքի հանդեպ քրոնիկ դժգոհությամբ, որը բնորոշ է մայրաքաղաքի շատ բնակչների, իսկ մասամբ՝ զվարճանքների ինդուստրիայի հոգնեցնող միապաղաղությամբ: Ինչից կարելի է եզրակացություն անել, որ, չնայած որ հենց այդ ոլորտն է քաղաքում զարգանում, առաջարկը չի հասնում պահանջարկի ետևից. մարդիկ ավելի լավ սերվիս են ուզում, գների մեծ ընտրություն և մեծ բազմազանություն:


Կարդալ ավելին JAMnews-ում