«Թբիլիսի-փրայդի» անցկացման հարցը լուծվում է սպառնալիքների ֆոնին " />

Ո՞ւմ իրավունքներն են պաշտպանվում Վրաստանում

«Թբիլիսի-փրայդի» անցկացման հարցը լուծվում է սպառնալիքների ֆոնին

Հոդվածն արդեն հրապարակվել էր, երբ հայտնի է դարձել, որ «Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչները, չնայած գոյություն ունեցող ռիսկերին, որոշել են այնուամենայնիվ անցկացնել իրենց միջոցառումները ողջ ծավալով՝ ներառյալ այսպես կոչված «Արժանապատվության երթը»։

«Թբիլիսի-փրայդի» անցկացման մասին որոշումը կայացվում էր սպառնալիքների ֆոնին։ Պետական կառույցներն ԼԳԲՏ ակտիվիստներին զգուշացրել են, որ չեն կարող նրանց անվտանգությունն ապահովել, իսկ արմատական խմբավորումները սպառնացել են կազմակերպիչներին և ակցիայի կողմնակիցներին հաշվեհարդար տեսնել։

ԼԳԲՏ համայնքի շուրջ իրարանցումը հերթական անգամ ցուցադրեց պատրիարքարանի և պոպուլիստական խմբերի ազդեցության բարձր մակարդակն իշխանությունների վրա, ինչպես նաև այն, որ մարդիկ Վրաստանում հնարավորություն չունեն սահմանադրությամբ ամրագրված իրավունքներից օգտվելու, ասում են իրավապաշտպաններն ու ընդդիմության ներկայացուցիչները։

JAMnews-ն առաջարկում է «Թբիլիսի-փրայդի» շուրջ կատարվող իրադարձությունների տեսություն։

«Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչներն ու կողմնակիցները կանցելյարիայի մոտ։ Լուսանկարը՝ «Թբիլիսի-փրայդի» ֆեյսբուքյան էջից

Լարվածություն՝ փրայդի շուրջ և «իսկական տղամարդկանց» սպառնալիքները

Հունիսի 18-23-ը «Թբիլիսի-փրայդի» անցկացան մասին կազմակերպիչները հայտարարել են դեռ փետրվարին։ Ակցիայի նպատակն է տարբեր միջոցառումների օգնությամբ ցույց տալ հասարակությանն այն խնդիրները, որոնց բախվում են սեռական փոքրամասնություններն առօրյա կյանքում։

«Մենք լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանգենդերներ, քվիրներ ենք։ Մենք բռնության ենք ենթարկվում ընտանիքներում, դպրոցներում, փողոցներում, աշխատանքում։ Մեր տուն ներխուժում են, վռնդում ընտանիքներից։ Մեզ սպանում են», – ասել են նրանք՝ միաժամանակ ընդգծելով, որ «չեն պատրաստվում թաքնվել կյանքի անտանելի պայմանների պատճառով»։

«Թբիլիսի-փրայդի» մեկշաբաթյա ծրագիրը կազմված է մի քանի միջոցառումներից, որոնց մեծ մասը պետք է անցկացվեր ոչ մարդաշատ պայմաններում, և միայն մեկի անցկացումն էր պլանավորվում փողոցում՝ երթը։

Երթի մասին հայտարարելուց անմիջապես հետո հետևեց պատրիարքարանի հայտարարությունը, որն իշխանություններից պահանջեց արգելել այն։ Հենց դրանից հետո ՆԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ հաղորդելով, որ չի կարող ապահովել ակցիայի անվտանգությունը։

Իրավիճակն էլ ավելի սրվեց հունիսի 14-ին, երբ ուղղափառ ակտիվիստները հակաակցիա կազմակերպեցին պետկանցելյարիայի մոտ, որտեղ արդեն հավաքվել էին «Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչներն ու դրա անցկացման կողմնակիցները։

Երկու ակցիա կանցելյարիայի մոտ․ ԼԳԲՏ-փրայդի կողմնակիցներն ու հակառակորդները բախվել են

Երբեք չգիտես, թե արդյոք կենդանի տուն կվերադառնաս

Ինքնաարտահայտման, խաղաղ միջոցառումների և հավաքների իրավունքը Վրաստանում երաշխավորված է սահմանադրությամբ, այս պատճառով էլ ՆԳՆ հայտարարությունը քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության մի մասը գնահատեց որպես պետության գործերին եկեղեցու միջամտության արդյունք, ինչը հանգեցրեց պետության իր գործառույթներից շեղմանը։

Լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Լևան Վասաձեն և «տղամարդկանց հավաքը»

Կրեմլյան գաղափարախոս Ալեքսանդր Դուգինին մոտ վրացի գործարար Լևան Վասաձեն, որը Վրաստանում համարվում է ռուսական շահերն արտահայտող և որը վաղուց է հայտնի իր հոմոֆոբ և շովինիստական արտահայտություններով, հատուկ հանդիպում է նշանակել «միայն տղամարդկանց համար» «Թբիլիսի-փրայդի» հարցը լուծելու համար։

«Իսկական տղամարդկանց» հանդիպումը կայացել է հունիսի 16-ին։ Եվ դրա ժամանակ Վասաձեն հայտարարել է հատուկ կազմավորումների ստեղծման մասին և նշել, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ խմբավորումները պարեկություն են անելու թբիլիսյան փողոցներում և թաղամասերում և բռնելու են «կասկածելի անձանց»։

ՆԳՆ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է կազմավորումների ստեղծման և դրանց մասնակցելու անթույալտրելիություն։ Թեև Վասաձեն դեռ հարցաքննության չի կանչվել։

Միաժամանակ ներքին գործերի նախարարությունը «Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչներին խորհուրդ է տվել իրենց իսկ անվտանգության համար հրաժարվել միջոցառման անցկացումից։ Լևան Վասաձեն դա գնահատել է որպես սեփական հաջողություն և հայտարարությամբ հանդես եկել, որով հրաժարվել է մայրաքաղաքի թաղամասերում պարեկություն կազմակերպելուց։ Սակայն արդեն հունիսի 18-ին նա նոր սպառնալիքներ է հնչեցրել՝ տեսագրություն տարածելով, որում հայտարարել է, որ եթե այնուամենայնիվ երթը մեկնարկի, նա «իսկական տղամարդկանց հավաքի ժամանակ» մշակված պլանը կգործարկի։

Արդյո՞ք կանցկացվի «Թբիլիսի-փրայդը»

ՆԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո «Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտնեն լրացուցիչ խորհրդատվությունից հետո։

«Մենք ֆիզիկապես ժամանակ չենք ունեցել արձագանքելու այն ամենին, ինչ մեզ ասել են ՆԳՆ հանդիպմանը», – հայտարարել է «Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչ Գիորգի Տաբագարին։

Ակցիայի կազմակերպիչներն ասում են, որ խորհրդատվությունից հետո հատուկ մեկնաբանությամբ հանդես կգան։

Գնահատականներ և սահմանադրական իրավունքների չպաշտպանվածություն

«Թբիլիսի-փրայդի» կազմամկերպիչներից մեկի՝ Նինո Բոլկբաձեի խոսքով՝ ակնհայտ է իշխանությունների և Լևան Վասաձեի շահերի համընկնումը։

«Փակ դռների ետևում այնպիսի գործընթացներ են գնում, որոնք իրավական ժողովրդավարական պետությունում անհնար է պատկերացնել։ Մարդու կատարած հանցագործությունը ներվում է միայն այն պատճառով, որ այն իշխող թիմի համար քաղաքական խնդիր չի ստեղծում և նրա հետ հարմարավետ է համագոյակցությունը»։

«[Վասաձեի և իշխանության] շահերը կարծես համընկել են։ Իշխանության շահերից է բխում, որ «Թբիլիսի-փրայդի» շաբաթը չկայանա։ Դա էլ հենց Վասաձեի շահն է՝ միավորներ հավաքել միջոցառման ձախողումից»։

Ընդդիմությունն, իր հերթին, ուշադրություն է դարձնում նրան, որ իշխանությունը չի կատարում իր պարտականությունները, և պահանջում է Լևան Վասաձեի գործունեության իրավական և անաչառ գնահատական։

«Այն հայտարարությունը, թե մարդկանց ինչ-որ խմբեր իրեն դուր չեն գալիս, արդեն իրավախախտում է; այն մարդկանց հանդեպ, ովքեր իրեն դուր չեն գալիս, հաշվեհարդար տեսնելու համար խմբավորումներ ստեղծելը; հայտարարություններն այն մասին, թե ինչպես են ինքն ու իր ջոկատները դիմակայելու ոստիկանությանն՝ արդեն Քրեական օրենսգրքի խախտում է, և դրան արդեն պետք է հաստատ արձագանքել, այլ ոչ միայն քրեական գործ հարուցել», – հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Սերգեյ Կապանաձեն։

Արմատական հոմոֆոբ խմբավորումները վրացական իշխանության մի մաս են դարձել, հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն

«Այդ մարդիկ, որոնք երկար տարիներ իրավախախտումներ են կատարել, կառավարության դաշնակիցներն են։ Փաստացի նրանք միշտ են պետք կառավարությանը, այն օգտագործել է նրանց ընդդիմության դեմ, երբ վերջինս ցույցեր է անցկացրել։ Այդ մարդիկ իշխանության բաղկացուցիչ մասն են, դրա մութ կողմը»։

Իսկ իշխանությունն իր հերթին պնդում է, որ պաշտպանում է բնակչության անվտանգությունը, իսկ ԼԳԲՏ-համայնքի շուրջ այս ողջ իրարանցումն արհեստական բնույթ է կրում։

«Վրաստանում պաշտպանված են բոլոր քաղաքացիների իրավունքներն, այդ թվում՝ ինքնաարտահայտման իրավունքը։ Դա երաշխավորված է սահմանադրությամբ և օրենսդրությամբ։ Միաժամանակ մենք պարտավորություններ ունենք յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության առումով։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, քանի որ նրանք կարողացել են ապահովել այդ կարևոր հավասարակշռությունը», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ – Թեև հենց այստեղ որպես շարքային քաղաքացի ցանկանում եմ իմ տպավորություններով կիսվել։ Կարծում եմ, որ տվյալ հարցը [փրայդը] արհեստականորեն պարտադրվել է վրացական հասարակությանն ու նպատակաուղղված է Վրաստանում ագրեսիվ քաղաքական օրակարգի հաստատմանը։ Չեմ կարծում, որ տվյալ հարցը Վրաստանում այսօր խնդրահարույց է»։

Օմբուդսսմեն․ այսօր ԼԳԲՏ համայնքը զրկված է ազատության իրավունքից

Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան պնդում է, որ ԼԳԲՏ համայնքն այսօր հավաքների ազատության իրավունք չունի, և «դա փաստ է»․

«ՆԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ [«Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչների հետ հանդիպմանը] խոսվել է, թե, քանի որ փրայդի մասնակիցների անվտանգությունը հարցականի տակ է, ոչ մի ակցիա չարժե անցկացնել, քանի որ դա լուրջ ռիսկերի հետ է կապված»։

Լոմջարիան ասում է, որ ԼԳԲՏ ակտիվիստները ստացել են ՆԳՆ-ից խոստումներ, որ Լևան Վասաձեի հայտարարություններն ու սպառնալիքները լրջորեն կհետաքննվեն։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում