Վայր, որտեղ ողջ Աբխազիան հավաքվում է գնումներ կատարելու: Գլխավոր մատակարարները Ռուսաստանն ու Վրաստանն են" />

Ո՞րտեղից է Գալի ապրանքը

Վայր, որտեղ ողջ Աբխազիան հավաքվում է գնումներ կատարելու: Գլխավոր մատակարարները Ռուսաստանն ու Վրաստանն են

Գալի շրջանի շուկան գրեթե այնպիսին է, ինչպես Սուխումում: Մեծ, աշխույժ, ֆակտուրային: Միակ բանը, որը թերևս տարբերվում է, գներն են. Գալում դրանք մի քիչ ցածր են: Եվ մարդիկ: Այստեղ նրանք ավելի հանդարտ են:

Մի քիչ պատմություն

Գալի շուկան հին պատմություն ունի: Ինչպես պատմում է դրա տնօրեն Դավիթ Բերաձեն, շուկան սկիզբ է առել փոքր առևտրային կետից, որը 1920թ-ին բացել է տեղացի մանր վաճառական Չոնչոր Մարգանիան (Մաան):

Նրա խանութն այն հատվածում էր գտնվում, որտեղ այժմ շրջանի Մշակույթի տունն է:

Մարգանիան հիմնականում եգիպտացորեն, ձավարեղեն, ձեռագործ գդալներ, երկաթե մեխեր և թուջե կաթսաներ էր վաճառում:

Շուտով նրա օրինակին հետևեցին նաև մնացածը: Աստիճանաբար սկսեցին նոր վաճառակետեր հայտնվել, շուկան սկսեց ընդլայնվել:

1925թ-ից հետո Գալում Առևտրի ոլորտի աշխատակիցների միություն հիմնվեց, որը գլխավորեց տեղի բնակիչ Երիմե Միլորավան: Հենց այդ ժամանակ Գալը քաղաքի և շրջկենտրոնի կարգավիճակ ստացավ, սկսվեց Մշակույթի տան շինարարությունը: Այդ պատճառով էլ 1930թ-ին որոշում կայացվեց տեղափոխել քաղաքի շուկան այդ նոր վայր:

Նոր շուկան ավելի մեծ էր, լավ պլանավորված և «Գալի շրջանի կենտրոնական շուկա» անվանումը ստացավ: Այդպես այդ ժամանակվանից էլ այն նշված վայրում է գտնվում:

Գալի ռեկետն ու Էյնշտեյնը

Ալյուրի ամբար: Կողքը տղամարդիկ են կանգնած և ինչ-որ բանի մասին աշխուժորեն զրուցում են: Նրանցից մեկն, ինձ տեսնելով, սկսում է ձեռքով անել՝ գրավելով ուշադրությունս:

– Լուսանկարիր մեզ, – դիմում է նա ինձ: – Մենք գալի ալյուրի ռեկետն ենք, ես աբխազ եմ, իսկ նա մեգրել է:

Ֆոտոխցիկի առջև դիրք ընդունելով՝ նրանք սկսում են հարցերի տարափ տեղալ՝ զուգահեռ գնորդների փնտրելով:

Նրանց բիզնեսն ալյուրի հետ է կապված: Պատմում են, որ նախկինում ապրանքի համար մեկնում էին Զուգդիդի, սակայն վերջին ժամանակներս դա շահեկան չէ, քանի որ դոլարն ու լարին աճել են: Այդ պատճառով էլ ալյուրն այժմ բերում են Ռուսաստանից:

Նախկինում 100 ռուբլու դիմաց 5 լարի էին տալիս, այժմ՝ երեքուկես, – ասում է նա, ով աբխազ ներկայացավ: – Պատվերը կբերեն հենց այստեղ: Իսկ Վրաստան դեռ հասնել է պետք, տրանսպորտ պատվիրել, ավելորդ գլխացավանք ու ծախս է:

– Իսկ դու տեսե՞լ ես մեր Էյնշտեյնին, – ընդհատում է նա, ով «մեգրել» է:

Ամբարից ալեհեր մի մարդ է դուրս գալիս: Նա իրոք նման է մեծ ֆիզիկոսին: Սայլակն է հրում, որում երկու պարկ ալյուր կա:

– Այո, սա մեր Գալի Էյնշտեյնն է, – ժպտում է վաճառողն ու շարունակում: – Զուգդիդին գալերի հաշվին է ապրում: Այն ամենն, ինչ այնտեղ վաճառում են, մենք ենք գնում: Սակայն եթե այսպես էլ շարունակվի, ստիպված կլինենք ապրանքը Ռուսաստանից ներկրել:

 Շուկան, հնդկահավերն ու «գալսկվիչները»

Գալի շուկայական կյանքը շաբաթը երեք օր է՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի: Աշխատանքային օրն սկսվում է առավոտյան ժամը վեցից, ավարտվում՝ ցերեկը ժամը 3-ին, իսկ երբեմն էլ ավելի շուտ, քանի որ որոշակի մթերք, օրինակ միսը, մեկ-մեկուկես ժամից ամբողջովին վաճառվում է:

Տեղացիներից մեկը պատմեց, որ մի անգամ մսի խանութ է եկել Առավոտյան 7:20, և հազիվ է հասցրել մի երկու կիլոգրամ խոզի լավ միս գնել:

Մնացած մթերքի դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է, սակայն իմացողներն ամեն դեպքում վաղ են գալիս շուկա:

Հետաքրքիր է, Գալի շուկայում այնքան էլ աղմկոտ չէ, ինչպես մայրաքաղաքի շուկայում: Պատճառներից մեկն այն է, որ խանութներում խլացնող երաժշտություն չի հնչում: Ինչպես նաև առևտրականները սովորություն չունեն իրենց ապրանքի հանդեպ ուշադրություն գրավել բարձր բացականչություններով: Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ աշխատողներն են սայլակներով այնպես տեղաշարժվում, որ շրջապատի մարդկանց քիչ անհանգստացնեն:

Գալի շուկան նաև ավելի մաքուր է, չնայած, որ այստեղ ավելի շատ մարդ կա, քան Սուխումում: Սակայն տեղացիները զգուշությամբ ու անվստահությամբ են վերաբերվում իրենց համար նոր մարդկանց:  Եթե ընդհանուր զանգվածից տարբերվում ես, կարող են մոտենալ ու հարցնել, թե ով եք, որտեղից և ինչ եք այդտեղ անում:

Տեղացիներից մեկը պատմեց, որ բառացիորեն 15 տարի առաջ, եթե շուկայի մոտ հանկարծ անհայտ մեքենա էր կանգնում, մարդիկ ընդհանրապես տարբեր կողմեր էին ցրվում: Վախենում էին, որ կկրակեն: Այժմ ամեն ինչ այլ է, ոչ ոք չի վախենում: Սակայն նոր դեմքերն այնուամենայնիվ ուշադրություն են գրավում:

Գալի վաճառողների խոսքով, այստեղ գնորդներ են գալիս ողջ Աբխազիայից՝ Պսոուից մինչև Ինգուր: Հիմնականում գալիս են հավ, հնդկահավ, խոճկոր, այծ ու ոչխար գնելու:

Հարսանիքին, ծննդյան օրերին, ցանկացած տոնին մարդիկ գնում են Գալ: Այստեղ ապրանքն ավելի էժան է: Օրինակ, հնդկահավն արժե 1500 ռուբլի [մոտ 25 դոլար]: Եվ եթե փոքր հնդկահավի ճուտ գնես պահել-մեծացնելու համար՝ 450 ռուբլի [մոտ 7 դոլար]:

Խոճկորներին այստեղ «գալսկվիչ» են անվանում և վաճառում 2-3 հազար ռուբլով [մոտ $35]՝ կախված քաշից: Այդ ամենը տեղական ապրանք է: Իսկ ահա գառներն այստեղ Վրաստանից են բերում, դրանք արժեն 6-8 հազար ռուբլի [մոտ $10].

Ամերիկյան ռազմական համազգեստն ու Զուգդիդիի գառը

Շուկայով անցնելիս հասկանում ես, որ աշխարհագրական բաղադրիչն այստեղ բավականին լայն է:

Օրինակ.

·       Ամերիկյան ու գերմանական ռազմական համազգեստը Բաթումիից է;

·       Ձմերուկն ու սեխը՝ Պրիմորսկից;

·       Համեմունքն ու աջիկան՝ Սվանեթիից;

·       Վարունգն ու լոլիկը՝ Օչամչիրիից:

Ընդհանրապես Գալ ապրանք են բերում Զուգդիդիից, Քութայիսիից և Բաթումիից:

Գնային սանդղակը երբեմն անհավանական է: Ձմեռային որսորդական կոստյումն այստեղ կարելի է 2500 ռուբլով գնել [մոտ $40], Սոչիում, օրինակ, այն շատ ավելի թանկ կլինի՝ 10 հազար ռուբլուց ոչ պակաս:

Սակայն Գալի շուկայում ոչ բոլոր ապրանքն է ցածր գնով վաճառվում: Դրանցից որոշները կարող են մրցակցել մայրաքաղաքի շուկայի ապրանքի հետ:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում