«Շատերի համար մեծագույն արժեք կարող են լինել մեքենայի համարները, որոնց համար լուրջ գումարներ են վճարում, բայց ոչ գրքերը»" />

Ինչպե՞ս գրքերը մատչելի դարձնել: Արտահայտվում են Հայաստանի գրողները և հրատարակիչները

«Շատերի համար մեծագույն արժեք կարող են լինել մեքենայի համարները, որոնց համար լուրջ գումարներ են վճարում, բայց ոչ գրքերը»

Հայաստանում գիրքը որպես մշակութային արժեք շարունակում է դոմինանտ մնալ, չնայած սոցիալական խնդիրներին, փոփոխված արժեհամակարգին ու գրքերի բարձր գներին: Գրավաճառներն ու հրատարկիչները համոզված են. գիրք ավելի շատ կվաճառվի, եթե գրահրատարակչական ոլորտն ազատվի հարկերից և գրքի նկատմամբ հատուկ պետական քաղաքականություն տարվի:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ասում է, որ տարիներ առաջ շատ ավելի էին կարդում, գիրքն ավելի մատչելի էր՝ և յուրաքանչյուրի տանը սեփական գրադարան կար.

«Անցումային շրջանի այս վայրիվերումները, չլուծվող սոցիալական խնդիրների անվերջանալի թվացող շարքը, պատերազմի մահաբեր շունչը`մեր հայացքը փախցնում են գրքից, չնայած շատերի նման, ինքս էլ առանց ընթերցանության ապրել չեմ կարող»:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ ասում է, որ գրքերի գներն են շատերի վանում.

«Լավ գիտեմ ոլորտը, բայց հաճախ գներից ապշում եմ: Գուցե դրսի աշխարհի համեմատ Հայաստանում գրքերը մատչելի են, բայց նայենք, թե որքան է վաստակում մեր քաղաքացին: Հարյուր հազար դրամ վաստակողը ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ ամսվա մեջ մեկ կամ երկու գիրք ձեռք բերել»:

Նա համեմատում է գրքի տպագրական ինքնարժեքն ու գրախանութում սահմանված գները և նշում, որ գրեթե երեք անգամ գինն ավելանում է.

«Եթե հեղինակն ես`տպարանային վճարն ես վճարում նաև որոշակի եկամուտ ես ակնակալում, գրախանութում` գրավաճառի  գումարն է ավելանում, հետո` ԱԱՀ:  Ամենասովորական միջին ծավալի գիրքը` 7000-8000 դրամ ($15-16) արժե այսօր: Հրաշալի գրքեր կան, ուզում ես ունենալ, բայց գները տեսնելուց հետո նահանջում ես»:

• «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում

• Որտեղ և ինչպես ապրել մանկատնից հետո Հայաստանում

Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ սեփական և որդերգրված

ժամանակին հայտնի հայ գրող Եղիշե  Չարենցը, ով նաև հրատարկչական գործունեությամբ էր զբաղվում, Հայաստան ներմուծեց «էժանագին գրականություն»  հասկացությունը, բոլորի գրպանին հասանելի: Դրա համար գրողը հրատարակչական նոր ձևեր էր որոնում, փորձում պետության աջակցությունը ստանալ, որպեսզի գրքի գինը հասցներ նվազագույնի: Հիմա էլ հնարավոր է նույնն անել, գոնե ազատել ոլորտը հարկերից, կարծում են ժամանակակից գրողները:

Երևանում գործող «Բյուրոկրատ» գրախանութի մենեջեր Աննա Նաղաշյանն ասում է, որ եթե գրքերի արժեքը  մի քիչ
ավելի ցածր լիներ, ապա վաճառքը կավելանար.

«Միևնույն ժամանակ հասկանում ենք հրատարակչությունների վիճակը: Ոլորտին ներսից ենք ծանոթ: Վերցնենք, թարգմանությունները, որ հիմա շատ են կարդում. հեղինակային իրավունքի համար իրենք փող են վճարում, թարգմանչին են վճարում, հարկեր: Եթե հաշվի ենք առնում բոլոր ծախսերը, ստեղծվում է այն, ինչ ունենք այսօր: Բայց գիրք գնելով, մենք ապրանք չենք գնում, այլ մի ամբողջ արժեհամակարգ, մշակույթի մի մասնիկ: Ամեն դեպքում մենք փորձում ենք զեղջերով, ակցիաներով հարմարվել մեր գնորդների հետ»:

Այսօր շատ հրատարակչություններ, նոր գրքեր հրատարակելով, ակտիվորեն զբաղվում են գրքի գովազդով, հետաքրքիր ակցիաների միջոցով փորձելով գրավել ընթերցողներին:

Մասնավորապես, «Անտարես» հրատարակչությունը «Կարդում են հայտնիները», «Գիրք կարդալը սեքսուալ է», «Արգելված գրականություն», «Կողմնացույց», «Պարտադիր ընթերցանություն» ինքնատիպ  նախագծերով փորձում է գրքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Եվ «Անտարեսի»-ը հաճախ ներկայացնում է բարձրարժեք ու մինչ օրս Հայաստանում չհրատարակված գրականություն՝ տարեկան 150 գիրք:

Կան և բացօդյա տոնավաճառներ, այստեղ գրքերն ավելի էժան են, քան գրախանութներում, և հնարավոր է սակարկել: Այստեղ իրենց գրքերը  չնչին գումարով  հանձնում են սոցիալապես վատ պայմաններում ապրողները: Ի տարբերություն գրախանութների, տոնավաճառներում մարդիկ նաև կարողանում են, մի քանի դրամ ավելացնելով, փոխանակել արդեն կարդացած գիրքը մեկ ուրիշով:

Բացօդյա գրքի տոնավաճառի գրավաճառներից Էդգար Կարապետյանը նշում է, որ հետաքրքրությունը հատկապես մեծ է նախկինում արգելած հեղինակների և նոր թարգմանված համաշխարհային ժամանակակից գրողների նկատմամբ, դասական գրողները ստվերում են մնում:

Մեկ այլ գրքեր վաճառող՝ Վռամ Մարտիրոսյանն էլ ասում է. ամենաշատը վաճառվում է ուսումնական գրականությունը, շտեմարանները: Դժվարությամբ են վաճառվում 5000-ից մինչև 10000 դրամ ($10-20) արժողությամբ գրքերը: Վռամը կարծում է, որ գրքերն այդքան էլ թանկ չեն, մարդիկ քիչ են կարդում գաղափարախոսության բացակայության պատճառով.

«Դասականների հին տպագրությունը`1000 դրամ է ($2), եթե նորն են տպում՝ արդեն 4000 դրամ է: Բայց քիչ կարդալը սոցիալական խնդիրների հետ կապ չունի, կարևորն այն է, թե ինչ են սովորեցնում դպրոցում: Իջել է կրթության մակարդակը: Մարդ կա, լավ էլ փող ունի, կիլոգրամներով ավելորդ ուտելիք կառնի, բայց մի հատ գիրք չի առնի: Շատերի համար մեծագույն արժեք կարող են լինել մեքենայի համարները, որոնց համար լուրջ գումարներ են վճարում, բայց ոչ գրքերը»:

Էջմիածնում փոքրիկ գրախանութ աշխատեցնող Ջուլիետա Խաչատրյանն ասում է, ամեն օր գիրք է վաճառում, հիմնականում հեքիաթներ կամ առակներ, որոնց գները 1000 դրամի սահմաններում են.

«Փոքրիկ իշխանն» է շատ վաճառվում: Շատ են գնում Նարեկ, մանկական Աստվածաշունչ: Բայց մոտիկ չեն գնում 5000 դրամանոց գրքերին, բացառիկ դեպք պետք է լինի, որ գնեն»:

Այնուհանդերձ թե գրավաճառները, թե գրողները պնդում են. հինգ տարի առաջվա համեմատությամբ այսօր ընթերցողների թիվն աճել է:

«Բյուրոկրատ» գրախանութի գրքի խորհրդատու Արամ Ավետիսը ասում է.

«Դանդաղ, բայց առաջ ենք գնում, ովքեր կարդում էին, շարունակում են կարդալ»:

Ընթերցողներին բաժանում է խմբերի. մարդիկ, որոնք կարդում են միայն ժամանակակից գրականություն, մարդիկ,  որ ուզում են  կարդալ ժամանակի քննությունն անցած դասական հեղինակների, մարդիկ, որոնք ուզում են կարդալ այն, ինչ բոլորն են կարդում աշխարհում:

«Գրքի խորհրդատուն ճաշակ է  թելադրում: Ես առաջարկում եմ ճիշտ գրականություն, մարդը, որ իրեն համարում է կիրթ ու զարգացած, պետք է այդ գրականությունը կարդա: Երբ մենք գնում ենք ատամնաբույժի մոտ, չենք ասում, ինչպես բուժի մեր ատամը, թողնում ենք այդ գործը բժշկին, այստեղ էլ`ոչ մի տարբերություն»,- ասում է Արամը:

Ի դեպ, մեկ տարում Հայաստանում տպագրվում է 2000 անվանում գիրք, որտեղ գեղարվեստական գրականությունը կազմում է 30 տոկոսը: Երկրում  կա 145 գրանցված հրատարակչություն:

«Գործող և չգործող, սա էլ բացառիկ թիվ է, իսկ եթե ստեղծվում են հրատարկչություններ, ուրեմն կա տպագրման պահանջարկ: Ցավալի է, որ գրքի հետ կապված ամեն ինչ կենտրոնացված է  մայրաքաղաքում և մեկ-երկու մեծ քաղաքներում: Մարզերում մենք չունենք գրախանութներ: Խորհրդային տարիներին մեծ գյուղերում, շրջկենտրոններում կային գրախանութներ, ու գրքերն էլ շատ մատչելի էին»,– ասում է Չարխչյանը:

Հայաստանում շատերը գտնում են, որ ոլորտը պետք է վերանայել: Կա ռառջարկ նոր տիպի գրախանութներ ստեղծել, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոններ:


Կարդալ ավելին JAMnews-ում