Թե ինչպես 16-ամյա դպրոցականը կարողացավ ստիպել ողջ աշխարհին մտածել բնապահպանական խնդիրների մասին" />

Ո՞վ է Գրետա Թունբերգը, և ինչո՞ւ են հարյուր հազարավոր մարդիկ ողջ աշխարհում միանում նրան

Թե ինչպես 16-ամյա դպրոցականը կարողացավ ստիպել ողջ աշխարհին մտածել բնապահպանական խնդիրների մասին

Կանադայում ավելի քան 500 հազար մարդ է երթերի ու ցույցերի դուրս եկել՝ ի աջակցություն Գրետա Թունբերգի պահանջների, հաղորդում է Բի-Բի-Սին։

Ինչո՞ւ հենց Կանադան

Ի աջակցություն բնապահպանական պահանջների երթեր ու ցույցեր են անցկացվել ողջ Կանադայում։ Ամենախոշորը կայացել է Մոնրեալում, դրան մասնակցել է մոտ 400 հազար մարդ։

Վարժարանները, համալսարաններն ու դպրոցներն այդ օրը մասնակիորեն կամ ամբողջությամբ չեղարկել են դասերը։ Գործատուները զանգվածաբար առաջարկել են իրենց անձնակազմներին վճարովի արձակուրդ։ Երթի անցկացման վայր տեղափոխող հանրային տրանսպորտն անվճար էր։

Կանադայում այժմ նախընտրական խորհրդարանական արշավ է անցկացվում, ընտրողների հետաքրքրվածությունը բնապահպանական խնդիրներով այստեղ ավանդաբար բարձր է, այդ պատճառով էլ ոչ մի քաղաքական գործչի մտքով ՝ վարչապետից մինչև քաղաքապետ, չի անցել չմասնակցել այդ ակցիաներին։

Գլոբալ տաքացման փաստը հերքող քաղաքական գործիչների շանսերը Կանադայում զրոյի են ձգտում։ Վեճ է գնում այն մասին, թե որքանով կառավարությունը մինչև 2030թ-ը պետք է կրճատի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը 2005թ-ի համեմատ՝ 70 տոկոսո՞վ (ինչպես պահանջում են ամենաարմատական ցուցարարները), թե՞ 30 տոկոսով (ինչպես այժմ նշված է կառավարության պլաններում)։

Ո՞վ է Գրետա Թունբերգը և ի՞նչ է անում նա ուրբաթ օրերին

Այս անունը հայտնի է դարձել մոտ մեկ տարի առաջ։ 16-ամյա շվեյցարացի Գրետա Թունբերգը հայտարարել է, որ հրաժարվում է ուրբաթ օրերին դպրոց գնալ այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր երկրների կառավարությունները  լուրջ ուշադրություն չեն դարձրել գլոբալ բնապահպանական սպառնալիքին։ Գրետա Թունբերգի ծնողները սատարել են դստերը։

«Դասադուլ ենք անում ուրբաթ օրերին» նախաձեռնության պոպուլյարությունը սկսել է տարածվել ողջ աշխարհում անտառային հրդեհի պես։ Դրան սկսել են միանալ տասնյակ հազարավոր դպրոցականներ տարբեր երկրներից։

Կազմակերպվածության և սոցիալական պատասխանատվության օրինակ, բնականաբար, ծառայել է Գերմանիան։ Այդ երկրում, որտեղ միջնակարգ կրթությունը պարտադիր է, դպրոցականների բացակայությունների համար նրանց ծնողները տուգանվում են 150 եվրոյով։ Անմիջապես ամենուր կազմակերպվել են փոխօգնության դրամարկղեր, դպրոցականները հերթով չեն գնում դասի ուրբաթ օրերին, ծնողները ճշտապահորեն վճարում են տուգանքները, բոլորը գոհ են։

Փառքի գագաթնակետին․ Թունբերգն ընդդդեմ Թրամփի 

Գրետա Թունբերգը հետևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում լրագրողների հետ Նյու Յորքի ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում։ 2019թ-ի սեպտեմբերի 23։ REUTERS/Andrew Hofstetter

 Այն բանից հետո, երբ «Դասադուլ ենք անում ուրբաթ օրերին» արշավն իրապես զանգվածային է դարձել, դրան սկսել են ուշադրություն դարձնել ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը թիրախավորում են որպես էկոլոգիական։ Նրանց թվում են այնպիսի հսկաներ, ինչպես BMW-ն և Ericsson-ը։

Նրանց աջակցությամբ Գրետա Թունբերգին անցյալ շաբաթ հրավիրել են ելույթ ունենալու ՄԱԿ-ի կլիմայական խնդիրներին նվիրված գագաթաժողովին։ Նրա ելույթի ամենահնչեղ հատվածը համաշխարհային առաջնորդներին ուղղված «Դուք դավաճանել եք մեզ» արտահայտությունն էր։ Այս խոսքերը մեջբերել են համաշխարհային բոլոր լրատվամիջոցները։

Կրակի վրա յուղ է լցրել ԱՄՆ նախագահ Թրամփը, որն իր Թվիթերում ծաղրել է Թունբերգի ելույթը։ Այդ թվիթը դիսլայքների ռեկորդային քանակ է հավաքել և ողջ աշխարհի երիտասարդների ֆեյսբուքյան էջերում բացասական արձագանքներ առաջացրել (այն դեպքում, երբ երիտասարդ օգտատերերի համակրանքը Թրամփի նկատմամբ մեծ չէիր անվանի)։

Լայքերի ռեկորդակիր է դարձել նորվեգացի 10-ամյա օգտատիրոջ արած գրառումը, որը տեղյակ է բնապահպանական խնդիրներից, սակայն համաշխարհային քաղաքականությունից այդքան էլ տեղեկացված չէ։ Նա թախանձագին խնդրել էր․

«Բոլորը գրում են, որ ինչ-որ տղամարդ Գրետային նեղացրել է։ Բացատրեք, խնդրում եմ, ո՞վ է նա»։


Կարդալ ավելին JAMnews-ում