Հիմա ստացվում է, որ գրեթե բոլորը " />

Ո՞վ Աբխազիայում զենքի իրավունք ունի և ինչպես է դա կապված հանցագործությունների աճի հետ

Հիմա ստացվում է, որ գրեթե բոլորը

Photo: Ibragim Chkadua

Աբխազիայում հանցագործությունների մեծ մասը կատարվում է հրազենի կիրառմամբ: Ընդ որում, Աբխազիայում հրազենի շրջանառության մասին օրենք չկա: Միակ կարգավորումը հրազենի շրջանառության մասին որոշումն է, որը Գերագույն խորհուրդն ընդունել է 1994թ-ի մայիսի 4-ին վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո:

Բազում չգրանցված զենք

Խնդիրը լուծելու փորձ է արվել 2017թ-ի մարտին: Այն ժամանակ օրինագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ: Սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց:

Իսկ մինչ այդ Աբխազիայի տների և բնակարանների մեծ մասում չգրանցված զենք կա: Եվ եթե, օրինակ, ատրճանակը կամ հրացանը պատկանում են հորը, ապա այն հասանելի է նաև որդուն, փեսային և այլ ազգականներին:

«Մեզ մոտ հաճախ [հոգապես] անառողջ մարդիկ էլ են զենք կրում», – վերջերս լրագրողներին վրդովված ասել էր Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան:

Նա կարծում է, որ զենքի պահպանման կանոններ պետք է ընդունվեն, և դրանք պետք է խիստ լինեն:

«Եթե մարդը պարտավոր լինի պաշտոնապես գրանցել զենքն ու դրա համար պահանջվող անալիզներ հանձնել, դրանից բոլորը կշահեն: Եվ պետք է այնպես անել, որ այդ զենքը հասանելի լինի միայն նրանց, ում անունով այն կգրանցվի»,ասել էր Կիլբան:

Աբխազիայում տարեցտարի հանցավորության աճ է գրանցվում, իսկ 2017թ-ին ցուցնիշներն առավել վտանգավոր դարձան. մեկ տարվա ընթացքում 910 հանցագործություն էր կատարվել, մեծ մասը՝ հրազենի կիրառմամբ: 2016թ-ին 772 դեպք էր գրանցվել:

 

«Հաճախակի են դարձել հրազենի կիրառմամբ և բնակարաններ ներխխուժելու միջոցով անձանց խմբերի կողմից հանցագործություն կատարելու դեպքերը», – ասել է Աբխազիայի գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Արշբան.

Հանձնե՞լ, թե՞ չհանձնել

Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան վստահ է, որ զենքը պետք է հաշվառել, իսկ չհաշվառված զենքն՝ առգրավել:

Աբխազիայի պաշտպանության նախարարության պահուստային սպա Եվգենի Սինյավսկին JAMnews-ին պատմել է, որ երբ աշխատանքից ազատվել է, առաջին հերթին, հանձնել է զենքն ու զինամթերքը:

«Ես հնարավորություն ունեի և մեկը, և մյուսը տանը թողնելու, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Նախ, խաղաղ ժամանակ դա նպատակահարմար չէ անել, երկրորդ հերթին, դա շատ մեծ պատասխանատվություն է: Հրազեն կրելն ու պահելը շատ բան է պարտավորեցնում մարդուն»,ասում է նա:

Եվգենին կարծում է, որ տանը զենք պահելն անվտանգություն չի ստեղծում:

«Որքան դեպքեր են եղել, երբ մարդկանց կողոպտել և առևանգել են, չնայած որ նրանց տանը զենք է եղել: Իսկ եթե կիրառես, նույնիսկ ինքնապաշտպանության համար, պատասխանատվությունից չես ազատվում: Իսկ կողոպտիչին կարելի է վռնդել նաև խոհանոցային դանակով, ամեն ինչ քեզնից է կախված», – ասում է նա:

Վրաց-աբխազական պատերազմի վետերան Դաուր Լաթարիան կարծում է, որ մարդն, ում տանը հրազեն կա, պարտավոր է զինվորական հավաքների մասնակցել և հաստատել իր որակավորումը: Իսկ զենքը պետք է գրանցված լինի և պահվի միայն այն անձանց տանն, ովքեր դրա իրավունքն ունեն: Նրանց շարքերին Դաուրը դասում է ոչ միայն ուժային կառույցների աշխատակիցներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր բանակային ծառայություն են անցել և պատերազմի վետերան են:

«Աշխարհում այսպիսի անկայուն իրավիճակի կապակցությամբ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ագրեսիայի Վրաստանի, Թուրքիայի, Ամերիկայի կողմից: Բոլորից զենք խլել պետք չէ: Մեր բանակը սակավաթիվ է: Այո, կան ռուսական զորքեր, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու ապագայում, թե ինչպես նա իրեն կպահի, եթե փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը: Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեզ», – JAMnews-ին ասել է Լաթարիան:

Նրա համոզմամբ՝ չարժե զենքը պահպանության հանձնել նաև ուժային կառույցներ, քանի որ վստահություն չկա, թե «այն այնտեղ անձեռնմխելի կլինի»:

«Պրիմորսկոյե գյուղում [2017թ-ի ամռանն այդտեղ զինամթերքի պահեստ պայթեց – JAMnews] ես զենքը պահպանության հանձնելու հատուկ ցանկություն չունեմ: Չկան երաշխիքներ, որ դրա հետ ոչինչ չի պատահի: Բացի այդ, եթե հանարծ մի բան սկսվեց, կարող ես չհասցնել հասնել պահպանման վայր»,ասում է Դաուր Լաթարիան:

Վեճեր սոցցանցերում

«Ոչ ոք իրավունք չունի գրանցված զենքը ժառանգություն ստանալ: Յուրաքանչյուրը պետք է ուսուցման համապատասխան ընթացակարգ անցնի և զենք  ունենալու իրավունք ստանալ»:

Պահուստային զինվորների մասին օրենքի 16-րդ հոդվածն ասում է, որ զենքը ցմահ նրանց է պատկանում և կարող է ժառանգաբար փոխանցվել:

«Մարդը պետք է ինքնապաշտպանության իրավունք ունենա: Պետք է  թույլ տալ զենք կրել և պահպանել այն բոլոր մարդկանց, ովքեր ուղիղ հակացուցումներ չունեն»:

«Բնակչությունից զենքն առգրավելու միակ օրինական և բավականին արդյունավետ ուղին փողն է: Բնակչությունը հանձնում է զենքն ու զինամթերքը, իսկ մարդկանց իրական գումար են վճարում: Այսօրվա փողային ճգնաժամի պայմաններում դա այնպիսի պահանջարկ կունենա, ինչպես տաք կարկանդակները»:

Իսկ խորհրդարանն ի՞նչ է ասում

Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան կարծում է, որ Աբխազիայում չգրանցված զենքի առգրավում պետք չէ:

«Բավական է կանոնակարգել պահպանումն ու կրելը», – ասել է նա լրագրողներին:

Կվարչիան ասում է, որ խորհրդարանում հարցի ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում:

«Հավանաբար մոտ ապագայում թեման կքննարկվի շահագրգռված անձանց լայն շրջանակի հրավիրմամբ: Սակայն հարցը շատ բարդ է»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում