Ի՞նչ հաղորդում է, ինչո՞ւ է այն, ենթադրաբար ստեղծվել և ինչ նման փորձառություն կա աշխարհում " />

«Շատ մարդկային անձնավորություն է». ռուսական հեռուստատեսությունը Պուտինի մասին հաղորդում է ցուցադրել

Ի՞նչ հաղորդում է, ինչո՞ւ է այն, ենթադրաբար ստեղծվել և ինչ նման փորձառություն կա աշխարհում

Ռուսական պետական «Ռոսիա» հեռուստաալիքը սկսել է ցուցադրել «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարը, որն ամբողջությամբ նվիրված է Ռուսաստանի նախագահի աշխատանքին և ժամանցին, պատմում է Բի-Բի-Սին:

Բովանդակությունը

Նոր հեռուստահաղորդման մասին «Ռոսիան» հայտարարել է պրեմիերայի նախօրեին միայն: Ոչ մի տվյալ «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» ծրագրի բովանդակության, պարբերականության և անգամ հաղորդավարի մասին չի եղել առաջին թողարկումից առաջ:

Նոր ձևաչափը ենթադրում է, որ յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողին պատմելու են Վլադիմիր Պուտինի կյանքի մասին: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որն առաջին թողարկմանը ստուդիայում էր, ծրագիրը նկարագրել է որպես պետության ղեկավարի անցկացրած շաբաթը ցուցադրելու փորձ:

Առաջին թողարկումը նվիրված էր 4 թեմաների.

Պուտինի աշխատանքային այցը Սիբիր,

կենսաթոշակային բարեփոխման մեղմացման մասին հայտարարություն,

• մանկական կենտրոնի այցելություն,

հանգիստ Սիբիրում:

Հաղորդման մեջ նախագահի հասցեին միայն գովասանք էր հնչում, մասնավորապես.

նրա լավ ֆիզիկական տեսքի,

աշխատանքային լարված գրաֆիկի,

երեխաների հանդեպ սիրո,

կենսաթոշակային բարեփոխման մեղմացման համար:

Ոճը

Ահա մի քանի մեջբերում ծրագրի հյուրերի արտահայտություններից.

«Ռուսաստանի նախագահը առաջին տարին չէ, որ նախագահ է, միգուցե կարելի էր և շունչ քաշել, բայց ոչ. յուրաքանյուր շաբաթ նա լարված աշխատում է»:

«Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես է նա դիմանում նման գրաֆիկի, նման մարաթոնի»:

«Թե որքանով է հանքափորի աշխատանքը վտանգավոր և ծանր, Պուտինը սեփական փորձից գիտի»:

«Նա միշտ շփվում է մարդկանց հետ՝ ավելի լավ զգալու և հասկանալու, թե ինչն է մարդկանց հուզում»:

«Նախագահը կես ժամում բացատրեց հարցի էությունը»:

«Երևում է, թե ինչպես է Պուտինը սիրում երեխաներին»:

«Նա սիրում է երեխաներին: Նա շատ մարդկային անձնավորություն է»:

Ի՞նչ նպատակ ունի հաղորդաշարը. Բի-Բի-Սիի ենթադրությունները

Բի-Բի-Սին ենթադրում է, որ նման հաղորդման հայտնվելու պատճառը Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկումն է կենսաթոշակային տարիքի բարձրացման պլանների մասին իշխանությունների հայտարարությունից հետո:

Ռուսաստանում բարձրացվել է կենսաթոշակային տարիքն ու աճել են հարկերը: Որո՞նք են իշխանության փաստարկները, և ի՞նչ է հիմա լինելու

2018թ-ի հունիսից նախագահի ընտրական վարկանիշն անկում է ապրել 15 տոկոսով (հունիսի 10-ին նրա օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիները 62 տոկոս էին, օգոստոսի 30-ին՝ 47 տոկոս, «Հասարակական կարծիք» հիմնադրամի տվյալներ):

Սա նախագահին աջակցելու պատրաստակամության առավել մեծ անկումն է և ամենացածր մակարդակը 2011թ-ից ի վեր, երբ երկրում զանգվածային ցույցեր էին խորհրդարանական ընտրություններից հետո:

Ընդօրինակման ենթակա անձինք

Նախագահի ձեռքբերումների մասին կամ նրա մասնակցությամբ հեռուստահաղորդումներ հաճախ են հանդիպում այն պետություններում, որտեղ մեկ մարդը կառավարում է երկիրն արդեն երկար տարիներ:

Օրինակ, Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը, որն իշխանության ղեկին էր ընդհանուր առմամբ 14 տարի, 1999-2012թթ-ին յուրաքանչյուր կիրակի առավոտյան եթեր էր մտնում Alo Presidente («Ալո, նախագահ») ծրագրի շրջանակում:

Թուրքմենստանի պետական հեռուստատեսությունը պարբերաբար  սյուժեներ է ցուցադրում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ (երկիրը գլխավորում է 2006թ-ից), որոնցում նրան պատկերում են որպես ժամանակակից և էներգիայով լի առաջնորդի:

61-ամյա Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում, մարզասրահ գնում, ձիավարում, կրակում ինքնաձիգով և BMW M3-ով դրիֆթեր անում:

Իսկ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի մասին (երկիրը կառավարում է 1990թ-ից) վավերագրական ֆիլմերի շարք էր նկարահանվել, որոնք ցուցադրում էին մի ամբողջ շաբաթ: Դա տեղի էր ունենում «Առաջին նախագահի օրը» «Նազարբաև-կենտրոնում», որը նվիրված էր Նազարբաևին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում